2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում, Իրպենում, Սլավյանսկում, Կրամատորսկում։ Ուղևորվել էի Ուկրաինա անձնական նախաձեռնությամբ, նկարահանեցի հեռուստատեսային երկու հաղորդում և երեք ֆիլմ, որոնք մի քանի անգամ ցուցադրել է «Ազատությունը»։ Ես ռազմական կամ քաղաքական փորձագետ չեմ և այդպիսի վերլուծություններ չեմ անելու, այլ գրողի իմ դիտարկումները կամփոփեմ։
Ինչպիսի՞ն էր Ուկրաինան, որը ես տեսա 2023-ի ձմռանը
Նախկին սովետական հանրապետությունը թոթափել էր սովետական ցնցոտիները՝ սա ամենաուժեղ տպավորությունն էր, որ ունեցա։ Ես միայն Կիևում էի եղել, 2008 թվականին, որպես զբոսաշրջիկ, և, չնայած խաղաղությանն ու մեղմ ամառային եղանակին, զգացողությունս այն էր, որ ուշ սովետական ճահիճը նահանջել, բայց չէր անհետացել, իսկ ուկրաինացիներն իրենց զգալիորեն ռուսացած ինքնությունը թեթևակի հարմարեցրել էին անկախ երկրի դրոշին։ Մինչդեռ 2022-ի լույս 2023-ի ձմռանը տեսա միասնաբար պայքարող ազգի։ Հարյուրավոր մարդիկ, ում հետ շփվեցի, տասնյակները, ում տեսագրեցի, կամ տեղահան էին եղել, հետո տուն վերադարձել, կամ զոհ ունեին, կամ ընտանիքներն էին կիսված, կամ հայրենի բնակավայրերն էին օկուպացված ռուսական զորքի կողմից։ Բայց։ Ոչ մեկից տրտունջ չլսեցի՝ տեսախցիկը միացրած լիներ, թե ոչ։ Նրանք, շունչները պահած, հետաձգել էին սուգը, հուսահատությունը, մեղադրանքները իշխանության հանդեպ՝ թույլ տրված ինչ-ինչ սխալների համար, մինչև պատերազմը վերջանա։ Նույնիսկ ամենաթանկ մարդու կորուստը հայտնում էին առանց զգացմունքների, կարծես վիճակագրության, ավելի ստույգ… ապագայում կայանալիք միջազգային դատավարության, նոր «Նյուրնբերգի» թղթապանակների համար։
Նույնքան համատարած էր ափսոսանքը, որ 2014-ի «Մայդանից» հետո իրենք պատրանքներ են ունեցել, թե կարելի է Ռուսաստանի հետ բանակցել և արդյունքների հասնել։ Եվ՝ որ շարունակել էին ռուսական մշակույթը սպառել՝ համարելով Մոսկվայի գերազանցությունը ակնհայտ, շատերը ռուսերենից ուկրաիներենի չէին անցել՝ իրենք իրենց արդարացնելով, թե դպրոցի ու բուհի կրթությունն է պատճառը։ Մի խոսքով, չէին ձերբազատվել գաղութացվածի հոգեբանությունից։
Ուկրաինական մեդիա դաշտում արագորեն զտում էր կատարվել։ Առաջին շաբաթների շփոթությունից հետո ծախու, Կրեմլի պատվերով աշխատող ԶԼՄ-ները կա՛մ փակվել, կա՛մ կորցրել էին լսարանը։ Երկդիմի հանրային գործիչները ստիպված էին եղել կողմնորոշվել։ Պաշտոնյաները դադարել էին թուղթ ստորագրող «անհասանելի» անձինք լինելուց։ Ես գնացել էի մարդկային պատմություններ նկարելու, և միակ բացառությունը պետք է լիներ Կիևի փոխքաղաքապետը՝ իմ պրոդյուսերի հորդորով, բայց հանդիպումը չկայացավ. Վոլոդիմիր Բոնդարենկոն գնացել էր մեծ քանակի մարդասիրական օգնությունը բեռնաթափելու, անձամբ, բանվորական արտահագուստով, իր գործընկերների հետ։
Խոշոր գործարարների մեծ մասը կամավորական կազմակերպությունններ էին ստեղծել, բայց ոչ թե փողի մի մասը փոխանցելով – մի կողմ քաշվելով, ինչպես Հայաստանում կպատահեր, այլ նույնպես բեռնաթափում, բարձում էին ապրանքները, հասցնում մինչև առաջին գիծ։
«Սպիտակ օձիքները» ներգրավված էին պատերազմում՝ կա՛մ ռազմական անհրաժեշտ արտադրություններ կազմակերպելով ու կառավարելով, կա՛մ դրոններով առաջին գծում կրակը համակարգելով՝ զուգահեռաբար ավտոմատները ձեռքներին կռվելով։ Հենց նրանք էին, որ կարողացան հարձակումներ կազմակերպել արդեն բուն Ռուսաստանի Դաշնությունում 2023-ի գարնանից։ Եվ ես նկատեցի ինձ հանդիպած ինտելեկտուալների ձեռագիրը. դրոնները, ռուսական տարածք հասնելով, ռումբերը գիշերն էին գցում շինությունների վրա, երբ դրանք դատարկ էին՝ թիրախները միշտ պետք է լինեն զինամթերքը, ռեսուրսները, ոչ թե՝ մարդիկ։
«Վոլոնտյորները» բազմահազար էին՝ երջանիկ, եթե կարողանում էին ներգրավվել, իսկ ում չէր հաջողվում, ջանում էր լիարժեք դարձնել մարդկանց կյանքը՝ համերգներով, ակումբային հանդիպումներով… ընթերցումներով. դա ուժեղ է պահում զինվորների թիկունքը՝ հենց նրանք են պնդում։ Իսկ «վոլոնտյորական» կազմակերպություններից մեկում ինձ ցույց տվեցին Зона коррупции ներկակաղապարը, որը նախատեսված էր այն պետական հաստատությունները «նախշելու» համար, որոնց ղեկավարները կհրապուրվեին շրջանառող մեծ գումարներով՝ պատերազմը միայն կոռուպցիայի դեմ պայքարն է, որ չի հետաձգել։
Ինչպիսի՞ն էր Հայաստանի հանդեպ ուկրաինացիների վերաբերմունքը
Շատերը պարզապես ապշում էին՝ իմանալով, որ նկարահանող խումբը Հայաստանից է, հետո՝ ջերմ երախտագիտություն հայտնում, չնայած ուշադրության պակաս չունեին՝ ամբողջ աշխարհի լրատվության կիզակետում էին։ Լինելով խիստ քաղաքականացված՝ բոլորը տեղյակ էին, որ մեզանում շատերը մեղադրում են Ուկրաինային՝ Ադրբեջանին ֆոսֆորային զենք վաճառելու համար։ Բայց պնդում էին՝ իրենք չունեն, Ռուսաստանն է իրենց դեմ կիրառել, ինչպե՞ս պետք է Ադրբեջանին վաճառեին։ Իսկ թե ինչու է Հայաստանը ժամանակին Ուկրաինայի դեմ քվեարկել ՄԱԿ-ում, ինչու են Ստեփանակերտում տոնախմբություն արել, երբ Ղրիմը անեքսիայի ենթարկվեց՝ չէին հարցնում, բարեկրթորեն կամ հասկանալով, որ իշխանությունն ու հասարակությունը ճիշտ չէ նույնացնել… թեև հաճախ ակնարկում էին, որ մենք դեռ ռուսական ճամբարի պետություն ենք։
Մյուս կողմից, քչերը կային, որ ուշադրություն էին դարձրել՝ Պուտինն ու Ալիևը 2022-ի փետրվարի 24-ի ագրեսիայից ճիշտ երկու օր առաջ Մոսկվայում ստորագրեցին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագիրը։ Ես անձնական շփումներում հիշեցնում էի այդ փաստի և Ալիևի՝ որպես Ուկրաինայի բարեկամի ընկալման հակադրությունը, և առարկության չէի հանդիպում, բայց դա կաթիլ է ծովում՝ դիվանագիտական ու քարոզչական լուրջ աշխատանք է պետք արմատացած պատկերացումները փոխելու համար։
Ուկրաինայի հայ քաղաքացիները
Նրանք բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունները։ Ծանոթացա ամուր մարդկանց՝ զինվորական ու բժշկական առաջին օգնության կամավորների հետ, ոմանք՝ 2014-ից սկսած։ Խոշոր բիզնեսը եղել է ռուսամետ և շատ կապեր է ունեցել ՌԴ-ի հետ, բայց հիմա համայնքը միասնականորեն պաշտպանում է Ուկրաինան։ Փոխադարձաբար ուկրաինացիները հայկական համայնքին միանգամայն դրական են վերաբերվում՝ թե՛ հազարամյա պատմության շնորհիվ, թե՛ կրոնական կամ ազգային որևէ խտրականության բացակայության։ Անսահման ատելություն կար միայն ռուսների հանդեպ, հատկապես՝ անցյալ տարվա մարտին օկուպացված, ապա ազատագրված Իրպեն, Բուչա ռուսախոս քաղաքներում կատարված սպանդի բացահայտումից հետո։
Այսինքն, «դենացիֆիկացիան», որին ուզում էր հասնել Պուտինը երեք օրում կամ երեք շաբաթում… իրագործվեց։ Եթե մինչև 2022-ի փետրվարի 24-ը Ուկրաինայում կային մարդիկ՝ 5, 10, 15 տոկոս, որոնք Ռուսաստանի կողմից էին կամ համարում էին, որ երկու կողմն էլ մեղքեր ունի, ապա հիմա բոլորը համոզված էին՝ նացիզմ Ուկրաինայում չկա, այն Ռուսաստանում է արմատավորվել այն պահից, երբ այդ երկրի անփոփոխ ղեկավար դարձավ աշխարհի մասին ստալինյան պատկերացումներով առաջնորդվող նախկին չեկիստը։
Ինչու՞ գնացի Ուկրաինա
2022-ի օգոստոսին, նույնպես ինքնակամ, մի շաբաթ անցկացրել էի Մարտունու շրջանի սահմանամերձ Սոս գյուղում, որպեսզի փորձեմ «ներսից» տեսնել իրավիճակը, ինձ արցախցիների մաշկի մեջ զգամ։ Ես ուրախ էի հայկական փոքրիկ հանրապետության… նյութականությամբ՝ իր մեծ գյուղերով և կոկիկ-արժանապատիվ մայրաքաղաքով։ Տխուր էի, քանի որ անկեղծանալիս արցախցիներն ինձ համոզում էին, որ Հայաստանում պետք է Քոչարյանը գլխավորի իշխանությունը… կամ ուրիշ մեկը, որը «Պուտինի ընկերը» կլինի։ Կարծես «44-օրյայի» ժամանակ բոլոր խաղաքարտերը չէին բացվել, և ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմից հետո համարյա ցուցադրական չէր դարձել։
«Սահմանամերձ երկիր» հոդվածաշար հրապարակեցի «Ալիքմեդիա»-ի կայքում, որտեղ Քոչարյան-Պուտին թեման շրջանցել էի՝ մտածելով, որ կարող եմ «արցախցի-հայաստանցի» հակադրության ավելորդ առիթ տալ։ Նաև՝ որպեսզի Հայաստանում հոդվածաշարի գլխավոր ուղերձից ոչինչ չշեղի՝ Արցախը մանրադրամ չէ, որ թեկուզ մտովի հրաժարվենք պատասխանատվությունից. մարդիկ կա՛ն, հողը կա՛, կա նրանց աներևույթ զոդումը. պետք է դիմագրավել ճնշումներին, որպեսզի պայքարի ծանրությունը պայքարի վերջը չդառնա։ Ճի՞շտ վարվեցի, թե՞ սխալ։ Ավելի հավանական է, որ սխալ։ Քանի որ հետագայում շատերը չնկատեցին, եզրակացություններ չարեցին փաստերի զուգադիպումից. Արցախում պետնախարար նշանակվեց Ռուբեն Վարդանյանը՝ «Պուտինի ընկերը», և մեկ ամիս անց Բերձորի միջանցքը փակվեց։ Պատճառներից մեկը հենց ուղիղ խոսակցության բացակայությունն է, ինչպես նաև՝ հայկական փորձագիտական մտքի կտրվածությունը միջազգային գլոբալ իրադրությունից, մեդիա և սոցցանցային հարթակների «հերմետիկությունը», ինքնակենտրոնացումը, սեփական լրատվության պակասը, այսօր, համաշխարհային հակամարտության թեժ ռազմադաշտից՝ ռուս-ուկրաինական պատերազմից, միայն մեկ կողմի՝ ՌԴ-ի քարոզչական ալիքների ազատ սփռման պայմաններում, որը ես փորձեցի լրացնել։
Հավանաբար, արժե նաև պատմել, որ մեծ դժվարությունների հանդիպեցի գործընկերների որոնելիս Ուկրաինա գնալուց առաջ՝ մի-երկու հեռուստատեսության օպերատորները չցանկացան պատերազմող երկիր գնալ, երրորդը պատրաստվում էր դրամաշնորհի համար դիմել… այդպես էլ չդիմեց… Ի վերջո, հաջողվեց ուղևորությունը իրականացնել հանրային նախաձեռնության՝ «Սովորական ապաֆաշիստացում» կազմակերպության օժանդակությամբ (հիմնադիր՝ Գարս Խաչատրյան, կազմակերպության անունը Միխայիլ Ռոմի «Սովորական ֆաշիզմ» վավերագրական ֆիլմի անվանման վերախաղարկումն է)։
Պատմությունը շարունակվում է…
Ֆրենսիս Ֆուկույաման 1992 թվականին հռչակեց «Պատմության ավարտը»՝ որպես ժողովրդավարության հաղթարշավի ժամանակաշրջան, բայց Ուկրաինայի դեմ ագրեսիան, Արցախի կատարյալ շրջափակումը երկու օրինակ են, որ այն հեռու է։ Ուրեմն, դեռ ավելի հրատապ են մեկ ուրիշ փիլիսոփայի՝ Հաննա Արենդտի խոսքերը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո հայտարարեց. «Պատմության մեջ առաջին անգամ երկրագնդի բոլոր մարդիկ ունեն ընդհանուր ներկա», և ոչ մի երկրի կարևոր իրադարձություն չպետք է աննշան պատահար լինի որևէ այլ երկրի համար:
Պատերազմը սկսելուց ուղիղ մեկ տարի չորս ամիս անց՝ 2023-ի հունիսի 24-ին, Պուտինը դիմեց իր երկրի բնակչությանը, թե Ռուսաստանի հանդեպ… Արևմուտքը ագրեսիա է իրականացնում։ Օգտագործեց… Իվան Ահեղի, կայսերական ժամանակների «ուրացություն» (отступничество), «երկպառակություն» (смута) բառերը։ Իսկ առիթը… Եվգենի Պրիգոժինի խռովությունն էր (мятеж)։ Որին վերագրվում է բազմաթիվ քաղաքական սպանությունների, այլ պետություններում հեղաշրջումների, «Վագներ» իբր մասնավոր ռազմական ընկերության և աշխարհում առաջին «թրոլների ֆաբրիկայի» կազմակերպումը, բնականաբար՝ Պուտինի հավանությամբ։ Բայց 2023-ի հունիսի 23-24-ին «Վագների» Z նշանով տանկերը գրավել էին ոչ թե Կիևը, այլ… Դոնի Ռոստովը։ Տանկերից մեկը խրվել-մնացել էր քաղաքային կրկեսի մուտքի սյուների միջև։ Շատ զավեշտական կլիներ, եթե ռազմական հեղաշրջման այս փորձին չնախորդեր Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց, ռուս և ուկրաինացի հարյուր հազարից ավելի զինվորների մահը։ Այդ պատճառով կրկես չի լինի, այլ՝ անողոք իրականություն, որ Կիևի արվարձանները հասնելուց և ընտրված զոհին հոշոտել չկարողանալուց հետո կայսրության սրված մագիլները պարբերաբար խրվեն իր իսկ մարմինը։
Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արձակագիր, լրագրող, հրապարակախոս
Երևան