Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նկատվող ակտիվացումը, թերևս, հասել է իր գագաթնակետին։ Մայիսի 25-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև արդեն երկու հանդիպում է կայացել։
Մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև առաջին հանդիպմանը նախորդեց «Կոմերսանտ» թերթի ասպարեզ նետած լուրը՝ դրա արդյունքներով պատրաստվող երկու փաստաթղթերի՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և առաջնորդների հինգերորդ եռակողմ հայտարարության ստորագրման մասին։
Սակայն Մոսկվայի հանդիպումից հետո որևէ հայտարարություն, առավել ևս փաստաթղթերի ստորագրում չեղավ։ Իսկ այդ հանդիպման ամենանշանակալից իրադարձությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյան-Ալիև հրապարակային լեզվակռիվն էր։ Դրա սկիզբը դրեց Ալիևը՝ իր ելույթում հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»։ Փաշինյանն անմիջապես դա որակեց որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի շրջանակներում ասվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, «…որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվել է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից, ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները տարածաշրջանում, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մենք այն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, որոնց միջով դրանք անցնում են», – ընդգծեց Փաշինյանը։ Ի պատասխան, Ալիևը հայտարարեց Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին, նշելով, թե «միջանցք» բառը որևէ մեկի տարածքի հանդեպ ոտնձգություն չի հանդիսանում։ «Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, ինչը խաղաղ պայմանագրի հնարավորություն է բացում», – նշեց նա։ Ինչին ի պատասխան, Փաշինյանը, նորից հղում կատարելով եռակողմ հայտարարությանը, ընդգծեց. «Եվ այս համատեքստում այս բառը հատուկ նշանակություն ունի, և դա Լաչինի միջանցքն է, որը, կրկնում եմ, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո և կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,– հերթական անգամ Մոսկվայի վրա շեշտադրելով ասաց Հայաստանի վարչապետը։
«Ադրբեջանը ոչ մի միջանցք չի փակել, իսկ ինչ վերաբերում է Լաչին-Խանքենդի ճանապարհին, ապա այն բաց է։ Ոչ մի խոչընդոտ չկա։ Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը։ Դա Ադրբեջանի իրավունքն է՝ նախաձեռնել այն, ինչ համարում է օրինական, ճիշտ, որին աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու գործընթացում ներգրավված այլ երկրներ»,- պատասխանեց Ալիևը։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, թե «Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին»։ Դրանից հետո նա դարձյալ ընդգծեց, որ Լաչինի միջանցքը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է լինի ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, և այդ միջանցքում ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա։ «Իսկ այն, ինչ կատարվում է այնտեղ, եռակողմ հայտարարության ուղղակի խախտում է։ Ուստի մենք կարևոր ենք համարում, որ այնտեղ՝ և՛ Լաչինի միջանցք, և՛ Լեռնային Ղարաբաղ, ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։ Եվ պետք է ասեմ, որ, ցավոք, դեկտեմբերից այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք», – հայտարարեց նա։
Բանավեճին, նախագահողի իրավունքով, վերջ տվեց Պուտինը՝ առաջարկելով թեմայի հետագա քննարկումը շարունակել եռակողմ հանդիպման ժամանակ։ Նա նաև հույս հայտնեց՝ «հասնել պայմանավորվածությունների, որոնք իրավիճակը դուրս կբերեն կառուցողական լուծման ճանապարհ»։
Սակայն Մոսկվայում ձեռք բերված միակ պայմանավորվածությունը վերաբերում էր հունիսի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը։ Նպատակը, Պուտինի ձևակերպմամբ, հղկելու «չհղկված հարցերը»։ Թե ինչքան հաջողվեց Մհեր Գրիգորյանին, Ալեքսեյ Օվերչուկին և Շահին Մուստաֆաևին «հղկել հարցերը» հունիսի 2-ին, անհասկանալի մնաց։ Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման արդյունքների մասին Հայաստանի կառավարության հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»:
Պուտինը նաև լավատեսորեն էր տրամադրված գործընթացի հեռանկարի վերաբերյալ՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, չնայած բարդություններին և խնդիրներին, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։ Եզրափակելով՝ նշենք, որ բուն Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը տևեց աննախադեպ … 20 րոպե։ Եվ հենց միայն սա խոսում է պուտինյան լավատեսության անհեռանկարայնության մասին։
Տարօրինակ է, բայց լավատեսական տեղեկության ասպարեզ նետելով հատկանշվեց նաև Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 1-ին Փաշինյանի, Ալիևի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպումը։ Reuters-ը, վկայակոչելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային, տեղեկություն հրապարակեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի պատրաստման մասին, որը պետք է ստորագրվեր հունիսի 1-ին Քիշնևում։
Ցավոք կամ բարեբախտաբար, Քիշնևից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում դա տեղի չունեցավ, թեև, ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, հնգակողմ հանդիպումը տևեց մոտ մեկուկես ժամ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։
Ինքը՝ Շառլ Միշելը քիշնևյան գագաթնաժողովը բնութագրեց իբրև «շատ լավ հանդիպում»։ «Մենք հնարավորություն ունեցանք շոշափելու բոլոր այն թեմաները, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ հաղորդակցություն, անվտանգություն և իրավունքներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր։ Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։ Սա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք և մտադիր ենք աջակցել բոլոր դրական ջանքերին՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին նորից հրավիրել հանդիպման Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում։ Սա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից կանենք ամեն ինչ՝ օգնելու, աջակցելու, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց գրանցելու համար»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահը։
Քիշնևյան գագաթնաժողվի մասին տեղեկության ևս մի աղբյուր դարձավ նաև Ելիսեյան պալատի հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված հանձնառությունը սահմանների ճանաչման վերաբերյալ Ալմա-Աթայի հռչակագրին: Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Վերջում կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։ Իսկ Ֆրանսիայի նախագահն ընդգծել էր ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ ողջ տարածաշրջանի։
Ինքը՝ վարչապետ Փաշինյանը, Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Քիշնևի բանակցություններն ընդհանուր առմամբ օգտակար որակեց։ Այս լույսի ներքո վարչապետն առանձնացրեց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ բանակցությունների կետը՝ նշելով, որ այդպիսով Խորհրդային Միության վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների։
Ըստ վարչապետի, Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերի վերաբերյալ այն է, որ դրանք քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության ձևաչափում՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում կամ միջազգային ներգրավմամբ։ Փաշինյանը մեկ այլ «մոլդովական» ձեռքբերում համարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ հետագա աշխատանքի համար կողմերը փաստացի համաձայնեցին հիմք ընդունել 1975 թվականի քարտեզները։
Ի պատասխան Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն Ադրբեջանին հանձնելու դեպքում հարավային ուղղությամբ կապի հետ կապված անխուսափելի խնդիրների առնչությամբ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի մտահոգությանը, Փաշինյանը հայտարարեց, թե այնպիսի անկլավ չկա, որը երկրի համար առաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։
«Ենթադրենք՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, և փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի և Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ… Վերջերս ոչ պաշտոնապես գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որևէ կոնկրետ որոշում չկա,բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Այսպիսով, բանակցային գործընթացի այս փուլում, ելնելով Մոսկվայում և Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպումներից, հնարավոր է նշել երեք միտում. 1. Մոսկվան կորցնում է հակամարտության կարգավորման հիմնական մոդերատորի իր դերը։ 2. Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, այժմ արդեն նաև Ֆրանսիայի և Գերմանիայի, դանդաղ, բայց անշեղորեն մեծացնում է իր դերն ու նշանակությունը։ 3. Մոսկվան և Քիշնևը ցույց տվեցին նաև Ռուսաստանի Դաշնության կողմից կարգավորման հասնելու իրական առաջարկների բացակայությունը՝ Վաշինգտոնի, Բրյուսելի, Փարիզի և այժմ նաև Բեռլինի անընդհատ թարմացվող առաջարկների ֆոնին։
Խաղաղության ճանապարհն, անկասկած, շատ դժվար է լինելու։ Եվ ամենևին էլ փաստ չէ, որ նույն Ալիևը ինչ-որ մի պահի նորից չի նետվի Պուտինի գիրկը՝ խաչ քաշելով կարգավորման գործընթացում առկա, թեկուզ և թույլ առաջընթացի վրա։ Այդուհանդերձ, Մոսկվան և Քիշնևը, յուրաքանչյուրը յուրովի, ցույց տվեցին ևս մեկ փաստ՝ խաղաղության հասնելու հեռանկարի թեկուզ և աղոտ լույսը երկարատև և արյունալի հակամարտության թունելի վերջում:
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան