Սոցիալական բռնության դասակարգումն ու ենթաբաժինները, ընդհանուր առմամբ, տարբերվում են և որպես հետազոտությունների ոլորտներ իրարից խիստ տարանջատված են։ Պատերազմական (ռազմական) բռնությունն իրականացվում է որոշակի գաղափարական համատեքստով։ Պատերազմական բռնության տարբեր տեսակների շարքում ցուցադրական և տեսախցիկով նկարահանված, «հեռուստայնացված» քաղաքական բռնությունն ու նրա ոչ մահացու, մահացու, հետմահու և այսպես կոչված՝ ծայրահեղացված մահացու դրսևորումները հատուկ տեղ են գրավում՝ իրենց աննախադեպ քարոզչական հնարավորությունների շնորհիվ։ Ի՞նչ է հեռուստայնացված բռնությունը, այսինքն՝ բռնության բեմադրված գործողությունները, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, որոնք «ապրանքային» տեսք են ստացել լայն լսարանում սպառելու համար։
Այս հոդվածի ելակետերը և հեռուստաբռնության տրամաբանությունը հետևյալներն են։
Պատերազմի համամարդկային խնդիրն այն է, որ ստեղծում է սոցիալական ենթատեքստ և գործոններ, որոնք փոխում են մարդկանց:
Այն անպատժելիության հատուկ իրավիճակի ձգան (տրիգեր) է ստեղծում և ազատություն է տալիս մեր մեջ գտնվող «մութ ուժերին», ինչպես կասեր բռնության դինամիկայի հետազոտող Սթիվեն Փինքերը:
Պատերազմական իրավիճակում ձևավորվում է հատուկ իրականություն, որը ծնում է ծայրահեղ հուզական վիճակներ. զգացմունքների սրացում՝ դաժանության և բռնության ծայրահեղ հակումից (ընդհուպ՝ մարդկային դեմքի կորստից) մինչև բարոյականության բարձրագույն աստիճան։
Նման համատեքստում չի գործում պատիժը, այսինքն այն, ինչի հեռանկարը պետք է զսպի բռնությունն ու սպանությունները։
Տասնամյակներով ձգձգվող հակամարտության դեպքում հակառակորդին տմարդի ներկայացնելու շահարկվող գաղափարախոսությունը (ճիշտ այնպես, ինչպես Ալիևի ռեժիմի դեպքում) կանխում է սանձազերծված բռնության զսպումը և առաջացնում անպատժելիություն և նույնիսկ բռնության խրախուսում:
Քաղաքական բռնությունը, մասնավորապես՝ դրա «հեռուստայնացված» և լուսաբանված տարատեսակը, ուղիղ նմանություն ունի ահաբեկչական գործողության հետ, որի նպատակն այնքան տուժողին վնասելը չէ (մահացու ելքով բռնության դեպքում վերջինս դրա վրա թքած ունի), որքան ակցիային առավելագույն հրապարակայնություն տալու ձգտումը։ Նման վարքագծային դրսևորումը քաղաքական բռնությունը հավասարեցնում է ահաբեկչական գործողության տիպաբանությանը ։ Ահաբեկչությունը քաղաքական գործունեություն է, որի նպատակն ու էությունը հրապարակայնությունն է։
«Հեռուստայնացված» կամ «մեդիայնացված» բռնությունը, որը զգալիորեն մեծացնում է լսարանի և ունկնդիրների ընդգրկման ծավալը, գործում է որպես ծածկագրված ազդանշան, հաղորդակցության ձև, հաղորդագրություններ՝ ոչ միայն ուղղված թշնամուն, այլև ներքին սպառմանը: Ցուցադրական կամ հեռուստաբռնությունը նաև գերիշխանության գործիք է, այսինքն՝ միահյուսվում է իշխանական հարաբերությունների հետ՝ կոնկրետ նպատակ ունենալով վերաշարադրել այդ հարաբերությունները՝ հաստատելով գերիշխանությունը թշնամու նկատմամբ։
Հեռուստաբռնության իրականացման ժամանակ գործում է նաև անձնական սնափառության և ինքնահաստատման գործոնը, քանի որ համարվում է, թե բռնության նյութականացումը թուլամորթների գործը չէ (Ռանդալ Քոլինզը, ուսումնասիրելով բռնության միկրոտեսությունը, պնդում է, թե բռնությունը հեշտ չի տրվում, իմա՝ որպեսզի բռնության հետ երես առ երես բախումը հաջող լինի, հարկ է հաղթահարել խուճապն ու վախը և մյուսի նկատմամբ գերիշխող դիրք գրավել)։ Ավելին, հեռուստաբռնությունը կարող է գործել որպես սոցիալական կապիտալ, և բռնություն գործադրողներին հնարավորություն է տալիս ստանալու ադրբեջանական ժողովրդի ներկայացուցչի հատուկ կարգավիճակ:
Բռնությունը կարող է կիրառվել նաև որպես սովորություն։ Առօրյականացված բռնության օրինակներ կան ինչպես միջազգային, այնպես էլ Ղարաբաղյան վերջին պատերազմի պատմության մեջ։ Միջազգային դատական գործերն առնչվում են բրիտանական բանտում նացիստ սպաների խոսակցությունների ձայնագրության գաղտնազերծմանը։ Նրանք, ի թիվս այլ բաների, պարբերաբար պատմում էին իրենց կատարած բռնությունների մասին. «Առավոտյան արթնացա, լոգանք ընդունեցի, նախաճաշեցի, թշնամի կնոջը բռնաբարեցի, մեկին խոշտանգեցի, ճաշեցի…»։ Եվ ամեն բառը արտաբերվում էր նույն հուզական նոտայով։ Մարդաբան Վինա Դասը գրել է հնդկական փորձի մասին, թե ինչպես է բռնությունը ինտեգրվում առօրյա կյանքում։ Նա ուսումնասիրել է 1947 թվականին Հնդկաստանի բաժանման ժամանակ ծայրահեղ բռնությունները և 1984 թվականին՝ Ինդիրա Գանդիի սպանությունից հետո, սիկխերի ջարդերը։ Վերը հիշատակված սոցիոլոգ Ռանդալ Քոլինզը նույնպես խոսում է բռնության դինամիկայի մասին՝ իբրև ժամանցի և զվարճանքի։
Եզրույթների և հասկացությունների մասին. Հեռուստատեսությամբ հեռարձակվող բռնությունը կամ մեդիաբռնությունը թատրոնից (ներկայացում) և պերֆորմանսից (շոու) փոխառնված հասկացությունների նմանակումն է։ Հեռուստատեսային բռնությունը սահմանվում է որպես պատերազմի ընթացքում և դրանից հետո «թշնամու» (զինվորների, քաղաքացիական անձանց կամ ռազմագերիների) անհատական կամ խմբակային սպանության բեմադրություն, տեսաձայնագրում և տարածում սոցիալական ցանցերի միջոցով: Բռնության տեսագրությունը հաճախ սեքսուալացվում է և պարունակում է, այսպես կոչված, ծայրահեղացված մահացու բռնության այնպիսի տարրեր, ինչպիսին են անձի նկատմամբ ծաղրուծանակը, գերեվարված զոհերին որոշակի գաղափարական բառեր և կարգախոսներ կրկնել պարտադրելը, սպանությունից առաջ երգել և պարել ստիպելը, վիրավորներին կամ դիակներին մեդիայի համար նախատեսված կեցվածքով նկարելը, զոհերի (թե՛ մահացած, թե՛ ողջ) մարմինները ասֆալտի վրայով քարշ տալը, զոհին ողջ-ողջ այրելը կամ մորթազերծելը: Այս ամենի կազմակերպումը ոչ միայն լրացուցիչ ջանքեր է պահանջում, այլև մեծապես վնասում է հեղինակությանը։
Պարզ ասած՝ զոհի ողջակիզումը և գլխատումը վայրագություն են։ «Ոչ մահաբեր բռնություն» տերմինը մտցվել է ակադեմիական լեզվի մեջ, որպեսզի չօգտագործվի չափազանց լայն «վայրագություն» բառը, այն փոխարինվի ավելի գործունակով և ավելի հստակ սահմանվածով: Նման գործողությունների ըմբռնման հստակություն մտցնելու համար կանադացի հետազոտող Լի Էն Ֆուջին առաջարկել է «ծայրահեղացված մահացու բռնություն» տերմինը, որը մեկնաբանվում է իբրև՝ «դեմ առ դեմ բռնության գործողություններ, որոնք խախտում են մարդկանց և նրանց մարմնի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի համընդհանուր ընդունված նորմերը»: «Ծայրահեղացված մահացու բռնության» հիմնական առեղծվածն այն է, թե ինչու է դա ընդհանրապես տեղի ունենում: «Ինչո՞ւ են անտեսվում ապագա հետևանքները՝ քրեական հետապնդումը, բանտարկությունը կամ հանրային դժգոհությունը՝ օգտագործելով «ծայրահեղացված մահացու բռնությունը», երբ կարելի է պարզապես իրականացնել սովորական սպանություններ, որոնք այդքան ցինիկաբար չեն խախտում ընդունված նորմերը»,- տարակուսանքով հարցնում են պատերազմի հետազոտողները։
Քաղաքական բռնության համատեքստերը։ Հայերի և ադրբեջանցիների միջև էթնոքաղաքական բռնությունը հին պատմություն ունի։ Սակայն ես առաջարկում եմ կենտրոնանալ բռնության այն օրինակների վրա, որոնք տեղ են գտել Խորհրդային Միության մայրամուտին՝ Ղարաբաղյան հակամարտության սկզբում (Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժումից մինչև Առաջին ղարաբաղյան պատերազմ՝ 1988 -1994 թթ.)։ Պետության հովանավորությամբ բռնությունն սկսվեց Ղարաբաղի հյուսիսում, հատկապես հայերով բնակեցված Շահումյանի շրջանում՝ ղարաբաղյան հակամարտության մինչպատերազմական փուլում։ Դա տեղի ունեցավ «Կոլցո» գործողության ընթացքում, որը համատեղ իրականացրեցին ԽՍՀՄ ՆԳՆ ուժերը և ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը (ОМОН)՝ 1991 թվականի ապրիլ-մայիսին։ Մինչպատերազմական փուլում (1988-1991 թթ.) Լեռնային Ղարաբաղում ոչ պետական հաստատությունները կամ սուբյեկտները նույնպես բեմադրում էին հայ գյուղացիների (այսինքն՝ հովիվների, անասնապահների, ֆերմաների աշխատողների) ցուցադրական և ահաբեկող սպանություններ։ Զոհերի անդամահատված մարմիններն ու մասունքները նետվում էին նրանց հայրենի գյուղեր։ Բռնության ցուցադրական գործողությունները, այդ թվում՝ սպանությունները, հստակ գործառույթ ունեին՝ սարսափեցնելու ազդանշան էին։
Էթնոքաղաքական դրդապատճառով բռնությունն իր գագաթնակետին հասավ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այդ տարիներին սովորական լրագրողները չէին կարող փաստաթղթավորել պատերազմը՝ տեխնիկական միջոցների պակասի պատճառով։ Դա կարող էին անել միայն հատուկ ֆոտոթղթակիցները կամ ռազմական լրագրողները, որոնք ունեին ֆոտո-տեսախցիկներ։ Այսուհանդերձ, առաջին պատերազմի ընթացքում արդեն կարելի էր արձանագրել, պայմանական ասած, բռնության ավանդույթն ու ավանդույթների բռնաբարումը։ Դաժան գործողություններն ուղղված էին ընդդեմ Խորհրդային Ղարաբաղի ողջ էթնիկ հայ բնակչության՝ լինեին նրանք զինվորականներ, թե քաղաքացիական անձինք, մեծեր, թե երեխաներ։
Մյուս դրվագը 2016 թվականի ապրիլին զինված բախումն է՝ այսպես կոչված ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում։ Այն տևեց չորս օր։ Սակայն, չնայած պատերազմի կարճատևությանը, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինակոչիկների (18 հոգի) նկատմամբ կիրառվեցին քաղաքական բռնության ամենատարբեր մոդելներ։ Բռնարարական վարքի լայն սպեկտրում առանձնանում էին ծիսական սպանությունները՝ ուղեկցված հատուկ դաժանությամբ խոշտանգումներով։ Ենթադրվում է, որ դատաբժշկական փորձագետները կարող են պարզել՝ արդյո՞ք խոշտանգումներն ու մարմնի անդամահատումները եղել են ողջ մարդու նկատմամբ, թե՞ նրա մահվանից հետո (երկուսն էլ կիրառվել են)։ 2016 թվականի ադրբեջանական հարձակողական գործողության առաջին օրը սահմանային Թալիշ գյուղում սեփական տանը սպանվեց տարեց ամուսնական զույգը, որը տարիքի պատճառով չէր ցանկացել լքել տունը։ Ցուցադրական բռնությունն իրականացվել էր նաև ծաղրի տարրերով. հանել էին աչքերը, կտրել ականջները և մարմնի այլ մասեր։ Հեռախոսի տեսախցիկները և սոցիալական ցանցերն այն ժամանակ դեռևս տարածված չէին հասարակ մարդկանց շրջանում։ Սակայն ժամկետային զինծառայողների դիակների կամ նրանց մասունքների վերադարձը թույլ տվեց վերապատկերել սպանությունները։ Մարտակերտի հոսպիտալի տեղամասային բժշկուհի Լիդա Ա.-ն, որի հետ զրուցել ենք 2016 թվականի հոկտեմբերին, զինվորների աճյունները ստացել էր պոլիէթիլենային տոպրակների մեջ. դրանց (մասունքների) մի մասը տեղավորվում էր ձեռքի ափի մեջ։
Ղարաբաղում քաղաքացիական և զինվորական էթնիկ հայերի նկատմամբ մեծածավալ բռնությունները կրկնվեցին 2020 թվականի աշնանը՝ Երրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Սկզբունքորեն կարելի է ենթադրել, որ հայերի սպանություններն ու խոշտանգումները շատ չէին տարբերվում նախորդներից, բացառությամբ մեկ տեխնոլոգիական փաստի. դրանք խնամքով բեմադրվում և տեսագրվում էին, որից հետո անմիջապես կրկնօրինակվում և հրապարակվում էին տարբեր սոցիալական ցանցերում և հանրային հարթակներում: Լայնորեն տարածված տեսանյութերում մարդասպանները չէին թաքցնում իրենց դեմքերը և չէին աղավաղում իրենց ձայնը։ Ընդհակառակը, երբեմն նրանք կանգնում էին տեսախցիկի առջև՝ հպարտորեն ցուցադրելով իրենց «հերոսությունը»։ Նման վարքագիծը վկայում էր այս տեսակի անմարդկային բռնության անպատժելիության մշակույթի մասին, ինչպես նաև այն մասին, որ նման վարքագիծը միտված էր ինչ-որ խորհրդանշական կապիտալի ձեռքբերմանը կամ կուտակմանը։
44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորներն իրենց մարտական դիրքերից սոցիալական ցանցերում էթնիկ հայերին (այդ թվում՝ ինձ և իմ մերձավորներին) գրում էին՝ պարծենալով իրենց բռնություններով և հաղթանակներով։ Ես մի քանի ադրբեջանցիներից իմացա նաև, որ սպանություններից մեկի տեսագրությունը բազմիցս ցուցադրվել է իրենց պետական հեռուստատեսությամբ։ Հեռուստադիտողների բացասական արձագանքների ազդեցությամբ այն, ի վերջո, մի քանի օր անց ստիպված եղան հեռացնել եթերից: Տեսագրությունը 18-ամյա հայ ժամկետային զինծառայողի «պաշտոնական» մահապատիժն էր՝ խոշոր պլանով։ Ինչպես ինձ գրեց այդ տեսանյութը հեռուստատեսությամբ դիտած ադրբեջանցին, «հայ զոհերի աչքերն ավելի խորն էին թափանցում հեռուստադիտողների սրտերի մեջ, քան նրանց տանջողների հաղթական «հերոսությունը»։ Առնվազն երկու չափահաս տղամարդիկ՝ ադրբեջանցի և թուրք, ֆեյսբուքյան մեսինջերում ինձ գրեցին, որ այդ տեսանյութը դիտելուց հետո իրենք լաց են եղել և չեն կարողացել քնել ամբողջ գիշեր։ Հետաքրքիր է, որ այս տեսակի թատերականացված և փաստագրված բռնությունը թեև ոգևորությամբ ընդունվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից, այնուամենայնիվ, հակաարդյունավետ ազդեցություն ունեցավ ոչ միայն արտաքին՝ ոչ ադրբեջանական, այլև նրա ներքին լսարանի վրա:
Մարգարիտա ԻԶՄԱՅԼՈՎԱ
Սոցիոլոգ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի (ВШЭ) շրջանավարտ
Սանկտ Պետերբուրգ