Եվգեն ՄԱԳԴԱ
Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն
Կիեւ
Ուկրաինայի շուրջ միջազգային մեծածավալ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այդ ընթացքում կարելի էր տեսնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների քաղաքականության մի շարք հետաքրքիր միտումներ, նրանց դիրքորոշումների փոխակերպումներ եւ իրական նպատակների քողարկման փորձեր։
Ուկրաինայի սահմանների մոտ առաջին մեծածավալ ռազմական տագնապը նկատվեց 2021 թվականի գարնանը։ Բայդենի վարչակազմը դեռ չէր հասցրել տոնել իր առաջնորդի պաշտոնավարման 100 օրը, երբ հարկ եղավ արձագանքել ուկրաինական սահմանների մոտ Կրեմլի «մկանների խաղին»։ Իհարկե, մտածող մարդիկ չեն մոռացել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվեց 2014 թվականին՝ Ղրիմի բռնազավթմամբ եւ շարունակվեց Դոնբասի «հրդեհով»։ Սակայն ռուսական զորքերի թվաքանակը եւ կրեմլյան պրոպագանդայով ուկրաինացիների մեծամասշտաբ ապահումանիզացիան (ինչը հնարավոր ներխուժման իրական նախանշան է), պահանջում էին Արեւմուտքի արձագանքը։ Հենց դրանք, ի վերջո, Վաշինգտոնին մղեցին Կրեմլի հետ երկխոսության, որը կայացավ Ժնեւում։ Վլադիմիր Պուտինը գոհ էր Ջոզեֆ Բայդենի հետ շփվելու հնարավորության համար, թեպետ Ղրիմի բռնազավթումից հետո կորսված ազդեցության վերականգնման մասին խոսք չեղավ։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների նոր սրացումն սկսվեց անցյալ տարվա նոյեմբերին՝ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից ռազմավարական գործընկերության նորացված խարտիայի ստորագրումից հետո։ Փաստաթուղթն ավելի շուտ դեկլարատիվ բնույթի էր, սակայն ՌԴ-ի համար չափազանց վիրավորական՝ «Ռուսական օկուպացիային հակազդելը» գլուխ էր պարունակում։ Ռուսաստանը դարձյալ տասնյակ հազարավոր զինվորականներ կենտրոնացրեց ուկրաինական սահմանից ոչ հեռու գտնվող իր ճամբարներում՝ ստեղծելով տեղեկատվական առիթներ եւ հրաժարվելով թուլացնել լարվածությունը։ Սակայն, դա, ավելի շուտ, Արեւմուտքի հետ վերջնագրային տոնով խոսելու Կրեմլի փորձերի նախաբանն էր։ «Անվտանգության միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները», որ Մոսկվան փոխանցեց Վաշինգտոնին եւ անհապաղ հանրայնացրեց, փաստորեն հենց Արեւմուտքին ներկայացված վերջնագրի տպավորություն էին թողնում։ Այդ առաջարկությունների ցանկի թեկուզ մեկ կետի ընդունումը կնշանակեր քաղաքակիրթ աշխարհի լուրջ պարտություն։ Պուտինը լավ է հասկանում, որ երկրի հսկայական տարածքի, միջուկային սպառազինության առկայության եւ ընտրությունների իմիտացիայից Ռուսաստանի բացարձակ անկախության եռամիասնությունն արձակում է իր ձեռքերը։ Ըստ էության, նա վա-բանկ գնաց՝ ձգտելով վերադառնալ մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ակումբ։
Սակայն ԱՄՆ-ի (եւ Արեւմուտքի այլ սուբյեկտների) արձագանքն անսպասելի էր Ռուսաստանի համար։ Վերջնագրային «առաջարկությունները» լրատվամիջոցներ նետվեցին Սուրբ Ծննդյան նախօրյակին՝ բորբոքելով իրարանցումը, սակայն Վաշինգտոնը հմտորեն չեզոքացրեց լարվածությունը եւ տոնական շաբաթներն օգտագործեց դաշնակիցներին համախմբելու համար։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, իր երդմնակալության ճառում, Ջոզեֆ Բայդենը խոսեց միավորումներն ու միությունները վերականգնելու մասին։ Ինչպես պարզվեց, խոսքը միայն «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում Գերմանիային զիջելու մասին չէր։ Ամերիկյան պատվիրակությունը, փորձառու դիվանագետ Վենդի Շերմանի գլխավորությամբ, Ժնեւում հունվարի 10-ին կայացած բանակցությունների ժամանակ հասկացրեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին զիջումներ անելու մտադրություն չունի։ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Ռյաբկովի կոպտությունը չսասանեց ամերիկյան դիրքորոշումը։ Ավելին, այն կարծես ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության համար կամերտոն դարձավ։
Նշեմ, որ հունվարի սկզբին Ուկրաինա այցելեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, որը եղավ Դոնբասում եւ բանակցություններ վարեց Կիեւում։ Այդ այցելության արդյունքը դարձան Ռուսաստանի (որին Բորելն անվանեց Դոնբասի հակամարտության կողմ) նկատմամբ Եվրամիության դիրքորոշման կոշտացումն ու Եվրոպայի անվտանգության հարցերով բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնելը։ Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը նույնպես առաջընթաց չգրանցեց։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարեց, որ «բաց դռների» սկզբունքից հրաժարում չի լինելու։ Ռուսաստանը, հիշեցնեմ, բարձրագոչ պահանջում էր չեղարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի ապագա անդամակցության համաձայնությունը։ Հասկանալի պատճառներով առաջընթաց չեղավ նաեւ ԵԱՀԿ հարթակում։
Կասկածում եմ, թե Մոսկվան բացառում էր իրադարձությունների նման զարգացումը, դրա համար էլ հունվարի 15-ին Սերգեյ Լավրովն իրեն հատուկ հանդուգն տոնով հայտարարեց, թե «Անվտանգության միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները» փաթեթային բնույթ ունեն, եւ Ռուսաստանն ընդամենը մեկ շաբաթ կսպասի իր արեւմտյան գործընկերների պատասխաններին։ Լավրովի հայտարարության տոնը վկայում է, որ դա Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հստակ դիրքորոշումն է։
Նշեմ, որ դեկտեմբեր և հունվար ամիսների ընթացքում ռուսական պաշտոնյաների շուրթերով Ուկրաինայի հասցեին հնչեցին մի շարք բարձագոչ մեղադրանքներ, որոնք փաստական հիմք չունեին։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ուկրաինան Վլադիմիր Լենինն է ստեղծել ռուսական պատմական հողերի վրա։ Սերգեյ Շոյգուն Դոնբասում ուկրաինական զինվորականների կողմից քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքներ կանխատեսեց։ Նաեւ, Լավրովին կրկնելով, խոսեց ուկրաինական զորքերի առաջնագծում օտարերկրյա ռազմական հրահանգիչների առկայության մասին։ Ընդհանուր առմամբ, Կրեմլի քաղաքականությունը հանգում էր Ուկրաինային Ռուսաստանի դեմ ագրեսիա նախապատրաստելու մեջ մեղադրելուն։ Եվս մի գաղափարախոսական գիծ էր Դոնբասի բնակչության ցեղասպանություն իրականացնելուն ձգտելու մեղադրանքը։ Ընդսմին, Դոնբասի մոտ 600 հազար բնակիչներ վերջին տարիներին ստացել են ռուսաստանյան անձնագրեր։ «Հայրենակիցների պաշտպանությունը» ՌԴ արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է, Կրեմլի համար՝ ունիվերսալ casus belli (պատերազմի առիթ.- խմբ.)։
Արեւմուտքի արձագանքն ասիմետրիկ էր եւ փուլային։ Այսպես, արդեն կառուցված եւ անգամ ռուսական գազով լցված «Հյուսիսային հոսք 2»- ը դեռ շարունակում է սերտիֆիկացման գործընթացը։ Արեւմտյան լրատվամիջոցներն ակտիվորեն գրում են Ուկրաինայի նկատմամբ ռուսական ռազմական սպառնալիքի մասին։ Արեւմուտքի բարձրաստիճան ներկայացուցիչները մշտապես այցելում են Կիեւ։ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ցուցադրաբար ուկրաինական զինվորականներին տրամադրեցին հակատանկային սպառազինության նշանակալի քանակություն՝ ընդգծելով, որ ռուսական ներխուժման դեպքում օգնությունն ավելի ծավալուն կլինի։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հայտարարեցին, թե Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ հզոր պատժամիջոցների փաթեթն արդեն պատրաստ է եւ կգործարկվի անհապաղ։
Հիշեցնեմ, որ 2022 թվականի հուլիսին կլրանա Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հատուկ գործընկերության խարտիայի ստորագրման 25-ամյակը, իսկ եվրատլանտյան ինտեգրումը ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրության մեջ։ Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի ներսում Ուկրաինայի (ու Վրաստանի) անդամակցության ժամկետների հարցում 100 տոկոսանոց փոխըմբռնում չկա։ Հունգարիան ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ամենաընդգծված հակառակորդն է։ Ահա թե ինչու 2022 թվականի ապրիլին այդ երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին Ուկրաինայում հատուկ հետաքրքրությամբ են սպասում։ Սակայն անգամ Հունգարիայի դիրքորոշման փոփոխությունը չի նշանակի Ուկրաինայի արագընթաց եվրատլանտյան ինտեգրացում. Ռուսաստանին նման մարտահրավեր նետելուն ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են պատրաստ։
Այսօրվա դրությամբ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ընդլայնված գործընկերության ծրագրի անդամ է, սակայն այդպես էլ չի ստանում Դաշինքի շարքերը համալրելու հստակ հրավեր։ Ուկրաինայի գործող իշխանությունը մինչեւ վերջ չի հասկանում, որ եվրատլանտյան ինտեգրացիան նշանակում է ոչ միայն փոփոխություններ բանակում, այլեւ քաղաքական բարեփոխումներ։ Կոռուպցիան, ընտրովի արդարադատությունը, քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները արգելակում են Ուկրաինայի ընթացքը դեպի ՆԱՏՕ։ Պարզագույն օրինակ. լարվածության սրացման ֆոնին Գերագույն Ռադան մեկնեց արձակուրդ, որը շարունակվում է արդեն ամսից ավելի։ Բացակայում է նաեւ եվրատլանտյան ինտեգրման հարցում հետեւողական տեղեկատվական քաղաքականությունը։ Թեպետ այսօր ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցում է Ուկրաինայի բնակչության կեսից ավելին, դա բավարար չէ արդյունավետ ինտեգրման համար։ Աջակցությունը պետք է ավելի ծանրակշիռ լինի։
Ուկրաինան, որպես Եվրոպայի խոշորագույն պետություններից մեկը, հենց այնպես չի դարձել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «գայթակղության քար»։ Ռուսաստանում հասկանում են, թե հաջողությամբ ժողովրդավարական Ուկրաինա կերտելու օրինակն ինչքան վտանգավոր կլինի Պուտինի ռեժիմի համար։ Այդ պատճառով էլ փորձում են իրավիճակը շրջել այնպես, որ հենց Արեւմուտքը ստիպի Ուկրաինային կատարելու Մինսկի համաձայնությունները՝ ռուսական սցենարով։ Կրեմլը չի թաքցնում նախկին ԽՍՀՄ սահմաններում իր ազդեցությունը վերականգնելու (թեկուզ եւ հիբրիդային եղանակով) ձգտումը։ Դա նվեր կլինի ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակին։ Բելառուսին դեպի իրեն ձգելը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, Ղազախստանում ՀԱՊԿ դրոշով գործողությունները Ռուսաստանի պլանի մի մասն են։ Ուկրաինայի ենթարկումը այս տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի, այդ պատճառով էլ Կրեմլը ձգտում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ Ուկրաինան չկայացած պետություն է։ Ընդգծեմ, որ Ուկրաինայի ենթադրյալ ենթարկումը Ռուսաստանին լայն հնարավորություններ կտա ճնշումներ գործադրելու Կենտրոնական Եվրոպայի երկրների վրա։ Վերջիններիս անդամակցումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին նկատելիորեն զայրացնում է Մոսկվային։
Հունվարի 19-ին Կիեւում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ լիակատար աջակցություն հայտնելով Ուկրաինայի ղեկավարությանը։ Ըստ նրա, Վաշինգտոնը պատրաստ է հետագայում էլ տնտեսապես եւ քաղաքական առումով աջակցել Ուկրաինային։ Հունվարի 20-ին, իր պաշտոնակալության տարեդարձի օրը, Բայդենը հայտարարեց, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը չափազանց բարձր գին կվճարի, եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներն աննախադեպ կլինեն։ Այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Լավրովի եւ Բլինքենի՝ Ժնեւում կայանալիք հանդիպման նախօրյակին։ Այն նախատեսված է հունվարի 21-ին, սակայն դժվար թե լիցքաթափի իրավիճակը։
Ռուսաստանում դեմքը պահպանելու միջոցներ են փնտրում։ Պետական Դումայում կոմունիստների ներկայացուցիչներն առաջարկեցին ճանաչել այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը։ Նման որոշումը Կրեմլին միայն հնարավորություն կտա իր ժողովրդին պատմելու նոր հաղթանակների մասին եւ փնտրելու ուժի ու պատվախնդրության ցուցադրության նոր հնարավորություններ։ Ուկրաինայի եւ Եվրոպայի համար մենամարտը շարունակվում է։