2022 թվականն սկսվեց Ղազախստանում ժողովրդական ցասման բռնկումով՝ ընդդեմ երկրում անփոփոխաբար իշխող, նախկին միութենական հանրապետության կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, իսկ ապա նաև՝ մինչև 2020 թվականը երկրի միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարած քաղաքականության։ Երկու տարի առաջ նա իշխանությունը փոխանցեց Կասիմ-Ժոմար Տոկաևին, որը խորհրդային կոփվածությամբ նախկին դիվանագետ էր, ով նաև հասցրել է աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պատվավոր պաշտոնում։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Նազարբաևն այդպես էլ չհեռացավ իշխանական լծակներից և իր կարգավիճակով առնվազն իշխանության «երկրորդ բևեռն» էր հանդիսանում, եթե ոչ առաջինը։
ՀԱՊԿ-ն, որում ներկայումս նախագահում է Հայաստանը, շտապեց փրկել Տոկաևի իշխանությունը՝ իր իսկ խնդրանքով, և հայաստանյան 100 հոգանոց անձնակազմը նույնպես ներգրավվեց՝ Մոսկվայում կայծակնային արագությամբ ընդունված որոշումից հետո։ Ի տարբերություն այն «ընդհանուր մտահոգության», որին արժանացել էր «դաշնակից» Հայաստանը նախորդ տարվա մայիս ամսից ի վեր, երբ ՌԴ ԱԳՆ ղեկավարի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք և առայսօր շարունակում են վերահսկել մեր ինքնիշխան տարածքի շուրջ 50 քառակուսի կիլոմետր։
Ղազախստանյան իրադարձությունները համաշխարհային լրատվամիջոցների լրահոսերի ուշադրության կենտրոնում էին, դրանք չստվերվեցին անգամ Ռուսաստանի ու կոլեկտիվ, առավել քան երբևէ միասնական Արևմուտքի՝ տարբեր ձևաչափերով Ժնևում, Բրյուսելում ու Վիեննայում կայացած դարակազմիկ բանակցություններով։ Այդ իրադարձություններն անմիջականորեն առնչվեցին նաև մեր տարածաշրջանին, դառնալով «սև կարապի» պես մի բան՝ Փաշինյանի կառավարության համար, որը հայտնվել էր շատ տհաճ երկընտրանքի, նույնիսկ՝ ցուգցվանգի առաջ։
Ղազախական դրամայի ու դրա հայաստանյան արձագանքների մասին կարող եք կարդալ մեր հանդեսի հերթական թողարկման բացառիկ հոդվածներում, ինչպես նաև արտատպություններում։