Տարածաշրջանային պետություններն անցնող 2021-ը դիմավորեցին հետպատերազմյան մթնոլորտում․ գրեթե հիսնօրյա հարաբերական խաղաղություն, և 2021-ի հունվար։ Ի՞նչ իրավիճակ էր տարեսկզբին տարածաշրջանում, և ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը։ 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո թեպետ դադարել էին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, սակայն տեղի էին ունենում մի շարք հետպատերազմյան ցնցումներ թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական հարթակներում։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Հայաստան-Իրան հարաբերությունները, ըստ իրենց բնույթի, կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝
- Տարածաշրջանային համագործակցությանը միտված համատեղ հարթակների ստեղծման վերաբերյալ քայլեր,
- Հայաստան-Իրան հարաբերությունները «Զանգեզուրի միջանցք»-ի օրակարգում,
- Հայաստան-Իրան հարաբերությունները իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին։
2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության համար կենսական անհրաժեշտություն էր հետ չմնալը տարածաշրջանային զարգացումներից և հետ բերել իր՝ կարծես ստվերված ներկայությունը։ Ինչպես պատերազմական օրերին այս երկիրը ներկայացրեց խաղաղության իր ծրագիրը, որի համաձայն՝ տարածաշրջանային պետություններն իրենք պետք է լուծեին իրենց միջև ծագած խնդիրները՝ առանց արտաքին ուժերի միջամտության, այնպես էլ այս թեզն այն առաջ քաշեց 2021-ին։
Հունվարի երկրորդ տասնօրյակից մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր ԻԻՀ այդ ժամանակվա ԱԳ նախարար Մ․Ջավադ Զարիֆի՝ տարածաշրջանային մոտալուտ այցելության մասին։ Զարիֆը հունվարի 24-25-ը եղավ Բաքվում՝ հանդիպելով նախագահ Ալիևի, արտգործնախարար Բայրամովի և փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ Հենց այստեղ է, որ պաշտոնական Թեհրանը շնորհավորում է Ադրբեջանին «իր տարածքներն ազատագրելու համար»[1]։
Հունվարի 26-ին Մոսկվայում ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավար Լավրովի հետ հանդիպման ժամանակ Զարիֆը նշել է․ «Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»[2]։
Հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, Զարիֆը եղավ Հայաստանում, որտեղ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արձագանքեց․ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք: Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը:»[3]:
Զարիֆը, հանդիպելով հայաստանցի իր պաշտոնակից Այվազյանի հետ, նշել է․ «Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»[4]:
Նշենք նաև, որ, ինչպես փոխանցում է «Ազատություն ռադիոկայանը», ի պատասխան իրենց հարցին, թե արդյո՞ք Իրանը իրական հեռանկար է տեսնում Հայաստանն ու Իրանը իրար կապող Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղու գործարկման համար, Զարիֆն ասել է.- «Իհարկե, դա բխում է Իրանի, Հայաստանի ու ողջ տարածաշրջանի կարիքներից։ Մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։ Նախիջևանով երկաթուղային կապը հնարավորություններից մեկն է՝ երկաթուղային մի հին ուղի, որը կապում է հյուսիսն ու հարավը»[5]։
Հաջորդիվ Զարիֆը նաև այցելեց Վրաստան, Թուրքիա, իսկ տարածաշրջանային այցելության վերջնակետը եղավ Նախիջևանը։
Մայիսի վերջերին Զարիֆը ևս մեկ անգամ է այցելում Ադրբեջան և Հայաստան։ Ամսի 25-ին լինում է Բաքվում, իսկ հաջորդ օրը՝ Երևանում, որտեղ ԱԳՆ ԺՊ Այվազյանի հետ հանդիպման ժամանակ նշում է. «Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարևոր հարցերի մասին զրույց եմ ունեցել ձեզ հետ, դրանից հետո կհանդիպեմ նաև վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ կկարողանանք վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»։
Նա հույս է հայտնում, որ տարածաշրջանը կայունության, համագործակցության և ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ կընթանա: Զարիֆն ընդգծում է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար։ «Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ ջանքեր են գործադրվել, և այս վերջին երկու օրվա ընթացքում նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր գտնվում Հայաստանում, և այդ շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել: Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և մեր ազգային անվտանգությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է: Իրանի քաղաքականությունը եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Մենք այս քաղաքականությունը շարունակում ենք և հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա[6]:
Տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ կարևոր դիտարկումներից էր սեպտեմբերի 22-ին Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի ելույթը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, որտեղ նա հայտարարում է, որ սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևան երկրների հետ։ «Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության և փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևան երկրների հետ. ջերմորեն և բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել է նոր դարաշրջանի սկիզբը»[7]։
Տարածաշրջանային երկրների միջև բոլոր խնդիրները ներսում լուծելու գաղափարն էլ որպես նպատակ ընդունելով՝ Իրանը 2021-ին ակտիվ ներգրավվածություն ունեցավ դեռ 2020-ի վերջերից քաղաքական խոսույթում հայտնված «3+3» հարթակում։ Ձևաչափի առաջին նիստը, որ Վրաստանի՝ անդամակցությունից հրաժարվելուց հետո դարձավ «3+2», տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այստեղ Իրանը ևս, ի թիվս անդամ մյուս պետությունների, ողջունեց այդ հարթակը[8]։ Այս ձևաչափի հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2022-ի հունվարին Թուրքիայում։
2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո Իրանն ուշի ուշով հետևում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ քննարկումներին, որին 2021-ի ընթացքում քանիցս անդրադարձել է։ Օրինակ, մայիսի 17-ին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է, աներկբա և որոշիչ՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի. «Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանի տարածքի մի մասը վերցնեն, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան: Գոյություն ունեցող սահմանները պետք է լիովին պաշտպանվեն, և Իսլամական Հանրապետության սահմանը Հայաստանի հետ պետք է պահպանվի»:
Զոլնուրին, որ մինչ խորհրդարան գալը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցիչն էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, հարցազրույցում նաև ընդգծում է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանից դուրս` այլ երկրների զինված ուժերի ներկայությունը Իրանի սահմանին մոտ ընկած տարածքներում: «Հիմք ընդունելով անցյալում առկա հանգամանքները՝ երկու երկրներն էլ դիտարկում ենք որպես հարևաններ։ Պահպանելով այս սահմանագծերը և չընդունելով տարածաշրջանում որևէ փոփոխություն՝ աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- հավելել է նա [9]։
Մինչև այս էլ, երբ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մուտք գործեցին Սև լճի տարածք՝ էլ ավելի սրելով իրավիճակը տարածաշրջանում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն երկու կողմերին զսպման կոչ արեց, հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու երկու երկրների միջև վեճը խաղաղ ճանապարհով լուծելու, և հույս հայտնեց, որ վեճը հնարավորինս արագ ու խաղաղ միջոցներով կլուծվի[10]։ Հետագայում էլ Իրանը իր մի շարք քայլերով փորձեց ցույց տալ ՀՀ տարածքային ամբողջականության կարմիր գիծ լինելը իր համար[11]։ Այդ օրակարգում օգոստոսի 3-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելում են Գեղարքունիքի մարզ։ Հայաստանում Իրանի դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ, ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին. «Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել ԻԻՀ պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին»[12]։
Օգոստոսի 25-ին Ադրբեջանը փակում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը, որով խոչընդոտում է իրանական բեռների ազատ տեղաշարժը, ինչն էլ ավելի է սրում իրանա-ադրբեջանական՝ վերջին շրջանում սրված հարաբերությունները։ Իսկ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրում Գորիս-Կապան ավտոճանապարհին և սկսում ստուգել իրանական բեռնատարներն ու մաքսատուրքեր գանձել։
Սեպտեմբերը նշանավորվում է իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարմամբ, որն ուղեկցվեց մի շարք զորավարժություններով, Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանցի երկու վարորդների ձերբակալմամբ, փոխադարձ սպառնալիքներով։ Միայն հոկտեմբերի 20-ից հետո, երբ Իրանն իր բեռնափոխադրող ընկերություններին հորդորում է հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ, ինչպես նաև խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց, Ադրբեջանը հաջորդ օրն ազատ է արձակում իրանցի վարորդներին, որից հետո էլ աստիճանաբար սկսվում է հալվել երկու երկրների միջև գոյացած սառույցը[13]։
2021-ը թե՛ Հայաստանում և թե՛ Իրանում ընտրական էր։ Հունիսի 18-ին ԻԻՀ նախագահական հերթական ընտրություններն էին, իսկ 20-ին՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Իրանի նորընտիր նախագահ Ռաիսիին հաղթանակի կապակցությամբ ուղղված շնորհավորանքի՝ Ռաիսին հուլիսի 15-ին ուղերձ է հղում ՀՀ վարչապետին՝ խիստ կարևորելով միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները[14]։ Իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Թեհրան՝ նաև մասնակցելու նորընտիր նախագահ Ռաիսիի երդմնակալության արարողությանը։ Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ «Ռաիսին նշել է փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը հատկապես տնտեսության, առևտրի, տեխնոլոգիայի և գիտության ոլորտներում՝ հավելելով, որ Իրանը վճռական է արագացնել համատեղ նախագծերի ավարտը։ Հայաստանի և Իրանի երկու կառավարությունները պատրաստ են զարգացնել համագործակցությունը երկկողմ և տարածաշրջանային հարցերում՝ հավելելով, որ լարվածությունն ու հակամարտությունը ոչ մի կողմի օգտին չեն լինի։ Այսպիսով, Իսլամական Հանրապետությունը կօգնի ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանի երկրների միջև»[15]:
Տարեվերջին հայ-իրանական հարաբերություններում տեղի ունեցած զարգացումների մեջ հատկանշական էր դեկտեմբերի 29-ի հայտարարությունը, որ Իրանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հյուպատոսություն կբացի։ Իրանի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտգործնախարարության առաջարկին[16]: Ինչպես փորձագետներն են նշում՝ այս քայլով Իրանը էլ ավելի կամրապնդի իր ներկայությունը տարածաշրջանում, և այս քայլը կխթանի հայ-իրանական հարաբերությունները։
_____________
[1] بازتاب سفر ظریف به باکو در رسانه های جمهوری آذربایجان
[2] Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը https://armenpress.am/arm/news/1041419.html
[3] Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/27/Nikol-Pashinyan-Minister-of-Foreign-Affairs-of-Iran/
[4] Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար https://armenpress.am/arm/news/1041595.html
[5] Զարիֆ. Իրական հեռանկար կա Նախիջևանով կապելու Հայաստանի ու Իրանի երկաթգծերը https://www.azatutyun.am/a/31071527.html
[6] Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ https://armenpress.am/arm/news/1053483.html
[7] متن کامل نطق ابراهیم رئیسی در سازمان ملل
[8] «3+2» ձևաչափի առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում https://www.azatutyun.am/a/31604689.html
[9] ذوالنوری: ایران اجازه ی تغییر مرز های شمالی را نمی دهد
[10] خطیب زاده ارمنستان و آذربایجان را به خویشتنداری دعوت کرد
[11] Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ին առավել մանրամասն կարող եք կարդալ https://theanalyticon.com/?p=17280 հղումով։
[12] بازدید سفیر جمهوری اسلامی ایران از مناطق مرزی جمهوری ارمنستان در استان گغارکونیک
[13] Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ https://theanalyticon.com/?p=16869 հղումով։
[14] پیامهای تشکر رئیسجمهور منتخب ایران به نخست وزیر و رئیس جمهور ارمنستان
[15] رییسی: برای تعمیق صلح و ثبات در منطقه از هیچ تلاشی دریغ نمیکنیم