Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Անպատիժ հանցանքը նոր հանցանք է ծնում. Բաքվի ջարդեր

hayk
January 2023
Անպատիժ հանցանքը նոր հանցանք է ծնում. Բաքվի ջարդեր
Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախապատմություն

1980-ական թթ. կեսերին Խորհրդային Միությունում իրագործվող վերակառուցման և հրապարակայնության քաղաքականության դրսևորումներից մեկն ազգային քաղաքականության ոլորտում դարձավ արցախյան հիմնահարցի վերաբացումը։ 1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ այդ հարցի դրական լուծման համար։ Տասնամյակներ շարունակ խորհրդային իշխանությունների կողմից իրագործվող ազգային քաղաքականությունը` ի դեմս ժողովուրդների բարեկամության, եղբայրության, միասնական խորհրդային ազգության գաղափարախոսության, կանգնեց լուրջ մարտահրավերների առջև։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների աճող լարվածությունն ու հակահայկական տրամադրություններն Ադրբեջանում իրենց գագաթնակետին հասան ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումից մի քանի օր անց` 1988 թ. փետրվարի 27-ից 29–ը Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող Սումգայիթ քաղաքում։ Կենտրոնական իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական գնահատական չտվեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերին` դրանք ներկայացնելով որպես հասարակության «խուլիգանական տարրերի» կողմից իրագործված գործողություններ, զանգվածային անկարգություններ: Պաշտոնական նման խոսույթն արտացոլվեց նաև սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացում, որի հետևանքով ջարդերի կազմակերպիչները չբացահայտվեցին և չպատժվեցին: Հայ-ադրբեջանական միջէթնիկ բռնության նկատմամբ նման դիրքորոշումը և անպատժելության այդ մթնոլորտը կարևոր նշանակություն ունեցան Ադրբեջանում հակահայկական բռնությունների հետագա ծավալման ու շարունակականության համար։

Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանում հակահայկական բռնության հաջորդ «օջախը» դարձան Կիրովաբադ քաղաքը և դրան հարակից բնակավայրերը` 1988 թ. նոյեմբերին-դեկտեմբեր ամիսներին: Ինչպես Սումգայիթում, Կիրովաբադում նույնպես հայ բնակչության ջարդերին նախորդեցին հակահայկական ցույցերն ու հայատյացության հրահրումը, իրականացվեցին ջարդերի կազմակերպական և նախապատրաստական աշխատանքներ: Կիրովաբադի ջարդերը հանգեցրին քաղաքի և շրջակա բնակավայրերի հայ բնակչության ամբողջական բռնագաղթի:

Բաքվի ջարդերի կազմակերպումն ու իրականացումը

            Արցախյան հիմնահարցի վերաբացումից անմիջապես հետո` 1988 թ. փետրվարից Բաքվի հայ բնակչության նկատմամբ էթնիկ հիմքով իրագործվել են հետապնդումներ, բռնություններ, հարձակումներ և սպանություններ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բաքվում կազմակերպվել են առաջին հակահայկական զանգվածային ցույցերը` կապված ԼՂԻՄ-ում ստեղծված իրավիճակի հետ: Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը  քաղաքում տարածվեց 1989 թ. հուլիս-օգոստոս, ապա` նույն թվականի նոյեմբեր ամիսներին:

1990 թ. հունվարի 11-ից Բաքվում սկսվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված ցույցերը, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները:  Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ կրեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին: Ջարդերի ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնելու հետևյալ առանցքային դրույթները.

  • Ինչպես Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում, այնպես էլ Բաքվում հայ բնակչության ջարդերն ունեցել են նախապես կազմակերպված բնույթ: Մասնավորապես, ջարդերին նախորդել են հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրումը, զանգվածային ցույցերի կազմակերպումը, քաղաքի հայ բնակչության հասցեների և հայաբնակ շրջանների քարտեզի կազմումը, անհրաժեշտ գործիքների և զենքերի պատրաստումը և մատակարարումը, ջարդարար խմբերի ձևավորումը:
  • Ջարդերի ամբողջ ընթացքում իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն (ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն): ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զինվորականներն իրականացնում էին միայն քաղաքի կուսակցական և կառավարական շինությունների պաշտպանությունը` չարձագանքելով հայերի դեմ իրագործված հանցագործությունների մասին հաղորդումներին:
  • Ջարդերի իրագործման եղանակաձևերն աչքի էին ընկնում անմարդկային դաժանությամբ: Կատարվել են հայազգի բնակիչների սպանություններ, պատճառվել են ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ:

Բաքվում հայ բնակչության ջարդերի կազմակերպումը չի հետապնդել միայն էթնիկ զտման նպատակ: Մի շարք վկայություններ փաստում են, որ Ժողճակատի զինված խմբավորումները նպատակ ունեին թույլ չտալ հայերին հեռանալ քաղաքից և ֆիզիկապես ոչնչացնել վերջիններիս, իսկ նավահանգստում, ինչպես նաև լաստանավերի վրա իրականացվել են արդեն իսկ հեռացող հայերի սպանություններ, իրագործվել են այլ բռնություններ: Բաքվի ջարդերի ուսումնասիրության առումով հատկանշական է ցեղասպանագետ Վ. Դադրյանի «պատժիչ ցեղասպանության» (Retributive Genocide) հայեցակարգը։ Նրա կարծիքով, ցեղասպանության այս տեսակը սահմանափակվում է տեղայնացված վայրագություններով՝ «որպես փոքրամասնության մի հատվածի պատժի ձև, որը մարտահրավերներ է նետել կամ սպառնացել է գերակա խմբին»[1]։ Հետազոտողը համարում է, որ այն ունի փոքրամասնական խմբին նախազգուշացնող և (կամ) ահաբեկող, ինչպես նաև փոքրամասնության կողմից առաջացրած խնդիրների կրկնությունները կանխելու զուգահեռ գործառույթներ[2]։ Հիշյալ հայեցակարգը լավագույնս է արտահայտում Բաքվի (նաև Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների) հայ բնակչության ջարդերի ծագումնաբանությունը։ 1988 թ․ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պայքար սկսեց ինքնորոշվելու և իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին միավորվելու համար։ Այդպիսով, Ադրբեջանի ամբողջ տարածքի հայ բնակչությունը, որպես փոքրամասնություն, դարձավ թիրախային խումբ՝ ադրբեջանական կողմի էթնիկ բռնությունների քաղաքականության համար։

ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն և խորհրդային զինուժ մտցրեց միայն հունվարի 19-ին` քաղաքի հայ բնակչության մի մասի փաստացի ոչնչացումից հետո: Մի շարք հետազոտողների կարծիքով՝ խորհրդային բանակի մուտքը Բաքու պայմանավորված էր այնտեղ խորհրդային վարչակարգին սպառնացող վտանգով:

Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվում իրագործված ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և  պատժում: Մարդկային կորուստներից բացի, Բաքվի ջարդերի հետևանքով հայ բնակչությունը զգալի նյութական վնասներ կրեց, քանի որ թիրախավորված հարձակումների ընթացքում ոչնչացվում, վնասվում կամ թալանվում էր հայերի բնակարանների գույքը: Ջարդերի մյուս հետևանքը հանդիսացավ ինչպես Բաքվի (տարբեր տվյալներով ջարդերի նախօրեին Բաքվում բնակվում էր 35-40 հազար հայ), այնպես էլ Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում դեռևս բնակվող հայերի բռնագաղթը:

Պատմության դասերը

Բաքվի ջարդերը վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու և հայության՝ նրա կազմում ապրելու անհնարինությունը: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանը հաճախ է հիշատակում տեղի հայության իրավունքների պաշտպանության իր «պատրաստակամությունը»: Մասնավորապես, այդ երկրի նախագահ Իլ. Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներն են, խոստանալով, որ «նրանք կունենան բոլոր իրավունքները, և նրանց անվտանգությունը պաշտպանված կլինի»[3]: Անհնար է պատկերացնել, թե ինչպես է արցախահայության իրավունքները պաշտպանելու մի պետություն, որը տասնամյակներ շարունակ հետևողականորեն իրականացնում է հայատյացության սերմանում և քարոզում, ինչի ապակառուցողական և ապամարդկային հետևանքներն ամբողջապես դրսևորվեցին 2020 թ. Արցախյան պատերազմում, ինչպես նաև դրանից հետո ծավալված գործընթացներում: Մասնավորապես, արցախահայության իրավունքների պաշպանությունը ստանձնելուն «պատրաստակամ» երկիրը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել է Լաչինի միջանցքը` փաստացի 120 հազար հայերի կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Ադրբեջանական իշխանությունների հրամանով պարբերաբար անջատվում է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, խափանվում են Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի և ինտերնետ կապի աշխատանքները: 1990 թ. Բաքվի հայերի, 1988-1990 թթ. Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններում հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումները, ունեզրկումը և բռնագաղթը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները փաստում են ադրբեջանական պետության կողմից հետևողականորեն և շարունակաբար իրականացվող հակահայ պետական քաղաքականության և արցախահայության նկատմամբ առկա ցեղասպանական վտանգի մասին:

Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ, «Հայոց-Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Երևան

_______________________

[1] Vahakn Dadrian, “A Typology of Genocide,” International Review of Modern Sociology, N 5 (1975), էջ 207։

[2] Նույն տեղում։

[3]https://artsakhpress.am/arm/news/162960/alievy-hayerin-mexadrum-e-barbarosutyan-mej-khaxaxutyun-hastatelu-masin-khoselis-harut-sasunyan.html

Թեգեր ՀոդվածներՀունվար երկրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Կոսովոյի հիմնախնդիրը և Ռուսաստանի կովկասյան քաղաքականության բալկանյան զուգահեռները

January 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր Բալկաններից նույնպես սկսեցինք տագնապալից լուրեր պարբերաբար ստանալ։ Իհարկե,  տվյալ դեպքում խոսքը չի գնում...

Կարդալ ավելին
Արդյո՞ք Ռուսաստանը վստահելի գործընկեր է․ Սերբիայի և Հայաստանի դեպքը

Արդյո՞ք Ռուսաստանը վստահելի գործընկեր է․ Սերբիայի և Հայաստանի դեպքը

January 2023

Բիլյանա ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ-ՕԲՐԱԴՈՎԻՉ Կոսովոն և Արցախը միմյանցից աշխարհագրորեն հեռու գտնվող, բայց ըստ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների էության՝ իրար շատ մոտիկ, վտանգավոր...

Կարդալ ավելին
Կոսովոն՝ Արևմտյան Բալկանների անվտանգության նոր ճարտարապետության շրջադարձային կետ

Կոսովոն՝ Արևմտյան Բալկանների անվտանգության նոր ճարտարապետության շրջադարձային կետ

January 2023

Դարկո ՕԲՐԱԴՈՎԻՉ Ընդդեմ Ուկրաինայի ռուսաստանյան ագրեսիան նշանակալի կերպով արագացրեց ժամանակը, բաց հարցերը դարձան թույլ տեղեր։ Եկել է լուրջ աշխարհաքաղաքական-ռազմավարական վերակառուցման...

Կարդալ ավելին
Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը

Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը

January 2023

Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը Կոսովոյի հետ սահմանին, զինված ուժերը հասցնում «մարտական պատրաստության լիարժեք վիճակի»՝ անտեսելով լարվածությունը թուլացնելու Արևմուտքի կոչերը։...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.