Կոսովոն և Արցախը միմյանցից աշխարհագրորեն հեռու գտնվող, բայց ըստ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների էության՝ իրար շատ մոտիկ, վտանգավոր և ցավոտ կետեր են։ Առաջինը գտնվում է Բալկաններում, երկրորդը՝ Կովկասում։ Երկու խնդիրներն էլ մեկ դարից ավելի գոյություն ունեն։ Տպավորություն է ստեղծվում, որ այս երկու խնդիրների համար չկա պարզ և փոխադարձաբար ընդունելի լուծում․ թվում է, որ ընդունելի լուծումների հնարավոր չէ հանգել։ Թե՛ Սերբիային, թե՛ Հայաստանին կարելի է համարել աշխարհաքաղաքական ընտրության, պատմության, աշխարհագրության և քաղաքականության զոհեր։ Կոսովոն և Լեռնային Ղարաբաղը ցույց են տալիս, որ «սառեցված հակամարտությունները շրջելի են» և խիստ տևական։ Արդյո՞ք Խորհրդային Հայաստանը կարողացել է հաղթահարել խնդիրը ԽՍՀՄ գոյության ընթացքում։ Ո՛չ։ Արդյո՞ք Դաշնային Հարավսլավիայի Սերբիա Հանրապետությունը կարողացել է Կոսովոյի խնդիրը լուծել այդ երկրի գոյության տարիներին։ Ո՛չ։ Արդյո՞ք այս երկրները կարողացել են համբերել մինչև առավել «նպաստավոր ժամանակները»՝ խնդիրը միակողմանիորեն իրենց օգտին լուծելու համար։ Ո՛չ։ Առանցքային և ամենագլխավոր հարց է ծագում․ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը Կոսովոն սերբերին, իսկ Արցախը հայերին է վերադարձրել։ Պատասխանը հայտնի է՝ ո՛չ։
Երկու դեպքերի համար բնութագրական է այն, որ տվյալ ազգային ողբերգությունները փաստորեն Ռուսաստանի արտաքին-քաղաքական ռազմավարության մաս են․ մեկը՝ Կովկասում, մյուսը՝ Բալկաններում։ Երկու ժողովուրդների կողմից Ռուսաստանը դիտվում էր որպես իրենց ազգային շահերի մեծագույն պաշտպանն ու ավագ եղբայրը։ Այս ընթացքում թե՛ Սերբիան, թե՛ Հայաստանը բաց են թողել շատ հնարավորություններ։ Իհարկե, չի կարելի պնդել, որ առանց Ռուսաստանի այս հարցերը հայերի և սերբերի համար հաստատապես դրական լուծում կստանային։ Սակայն կարելի է համոզվածությամբ պնդել, որ կորդեգրվեին կայուն որոշումներ՝ ապագայում դրանց լուծման հստակ հնարավորություններով հանդերձ։
Կարևոր է նշել, որ Արցախի հայերը բախվել են անմիջական գոյաբանական սպառնալիքի և գտնվում են վերջնական բնաջնջման սպասման մեջ։ Կոսովոյի պարագայում, ընդհակառակը, սերբերը բավականաչափ ինտեգրված են համատեղ կազմակերպություններում և հենվում են սերբական պետության վրա։ 2004 թ․ սերբերի ջարդից հետո Կոսովոյում նոր զանգվածային միջադեպեր չեն եղել։ Առկա են առանձին հարձակումներ, որոնք սովորաբար էթնիկական բնույթ են կրում, բայց հայերի նկատմամբ ահագնացած սպառնալիքի հետ համեմատած մահացու վտանգավոր չեն։ Ընդհանուրն այն է, որ 2003 թ․ ռուս խաղաղապահները լքել են Կոսովոն այն պատրվակով, որ պաշտոնական Բելգրադը բավարար կամք չի դրսևորել այնտեղ իրենց ներկայությունը պահպանելու ուղղությամբ։ Նմանատիպ երանգն առկա է նաև Հայաստանի հարցում, որին մեղադրում են հենց Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ ցուցաբերվող անհետևողականության և կեղծավորության մեջ։ Կարելի է անվերջ զուգահեռներ անցկացնել։ Բուն խնդիրն այն է, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից և անկեղծ գործընկեր չէ։ Հիշյալ հակամարտությունների նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության հիմքում ընկած է դրանք երկարաձգելու, նոր քաղաքական գործընկերությունները կանխելու, Սերբիայի և Հայաստանի ներքին գործերի մեջ կոպտորեն խառնվելու և այդ երկրները Մոսկվայի հանդեպ երախտամոռության համար մեղադրելու վարքագիծը։
«Պաշտպանության» ծառայությունների դիմաց Ռուսաստանին երախտագիտություն հայտնելու վճռականության բացակայությունը Բելգրադին և Երևանին թույլ չի տալիս ակտիվորեն օգտագործել ի հայտ եկող նոր հնարավորությունները։ Այսօր Բելգրադն ու Երևանը նոր հնարավորություններ ու լուծումներ որոնելու եզակի հնարավորություն ունեն, քանի դեռ դրանցում Արևմուտքն է շահագրգռված։ Վաղեմի հակամարտություններն ու հակասությունները կարճաժամկետ կտրվածքում չեն կարող բոլորին ամբողջապես բավարարելով հանգուցալուծվել։ Առանց արմատական լայնածավալ ռազմական գործողությունների դա ոչ մեկին չի հաջողվել։ Հայաստանը Սերբիայի համար կարող է լավ օրինակ ծառայել, թե ռուսական պաշտպանական դաշինքին մաս կազմելու հանգամանքը կարող է միայն մի վստահություն ներշնչել, որ Ռուսաստանը ձեզ հաստատ չի օգնելու։ Սիրիայից մինչև Աֆրիկա չկա մի հակամարտություն, որը Ռուսաստանի մասնակցությամբ բարեհաջող հանգուցալուծում ստացած լինի։ Իսկ քաղաքացիական պատերազմով կործանված Սիրիայի օրինակը Բելգրադին և Երևանին հաստատ մաղթելի լուծում չէ։
Քաղաքական ղեկավարության առջև ծառացած մարտահրավերները երբեմն ժողովրդականություն չվայելող ծանր որոշումներ են պահանջում։ Իսկ Ռուսաստանը գեթ մի հարցում դեռ արդյունավետ է․ նա Սերբիայում և Հայաստանում դեռ կարողանում է կեղծ պատրանքներ ու հույսեր սերմանել։ Սա անմիջականորեն բացասաբար է ազդում և խոչընդոտում է այս երկրների շահերից բխող որոշումներ ընդունելուն։
2022 թ․ իրադարձությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնումը կայուն ապագայի միակ երաշխիքն է՝ թե՛ անվտանգության, և թե՛ տնտեսության զարգացման տեսանկյունից։
Ռուսաստանը, բախվելով մեկուսացված քաղաքակրթության երևույթին, հետզհետե ավելի անկանխատեսելի և կործանարար կլինի նրա հետ հատկապես անվտանգության ոլորտում գործընկերություն շարունակող երկրների համար։ Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը բացահայտել է իր սնանկությունը, իսկ մատակարարումների հարցը միանգամայն տարակուսելի է։ ՌԴ միջազգային ասպարեզում կրած քաղաքական կորուստները շատ մեծ են։ Ռուսաստանը, որն ուրիշին պատկանողն է խլում, մերը պաշտպանել չի կարող։
Սերբիան և Հայաստանը գտնվում են նոր ռազմավարական ընտրության և իրական դաշնակիցների որոնման իրավիճակում։ Այս ուղղությամբ կատարվող հաշվարկները պետք է կատարվեն նաև տնտեսական հայեցակետերի ներառմամբ։
Ոչ ոք չի կարող վստահորեն կանխատեսել դարերի ընթացքում բաց մնացած հարցերի լուծման հնարավորությունը․ այնուամենայնիվ՝ մենք կարող ենք ներազդել մեզ շրջապատող անվտանգության միջավայրի վրա, որի մեջ այդ հարցերն, ի վերջո, պետք է իրենց լուծումն ստանան։
Այս երկու՝ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող սառեցված հակամարտությունների համեմատական վերլուծության միջոցով համադրությունը մեզ հնարավորություն է տվել քննել դրանց ակտորներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության գործողությունները։ Ռուսաստանի Դաշնության անհետևողականությունն ակնհայտ է երկու երկրների դեպքում էլ․ այդ իսկ պատճառով մեր կատարած քննությունը պետք է ըստ էության առարկայական լինի։
Բիլյանա ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ-ՕԲՐԱԴՈՎԻՉ
Ռազմավարական վերլուծության կենտրոնի գիտաշխատող
Բելգրադ, Սերբիա