Հաճախ Արցախյան հակամարտությունը ներկայացվում է իբրև հիմնախնդիր, որը առաջացել է 1988 թ.-ին՝ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ, ինչը խորապես խեղաթյուրում է հակամարտության էությունը և բնույթը։ Նշված խեղաթյուրված տեսանկյունից խնդրի մեկնաբանումն իր հերթին հանգեցնում է նույնքան սխալ եզրակացությունների: Մասնավորապես, փորձ է արվում 1988 թ.-ից սկսած՝ նախկին ԼՂԻՄ տարածքում և Խորհրդային Ադրբեջանի այլ հատվածներում բնակվող հայերի նկատմամբ իրականացված բռնի քաղաքականության պատճառները փնտրել բացառապես տվյալ ժամանակահատվածի իրադարձությունhերի համատեքստում՝ դրանք դիտարկելով իբրև 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշմանը ի պատասխան եղած զարգացումներ։ Նշվածին լրացնելու է գալիս նույնքան անհիմն և սխալ փաստարկված թեզ խորհրդային տարիների «70-ամյա բարեկամության» վերաբերյալ, ըստ որի նշված ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկինում եղած հակամարտությունը սպառված է եղել։
Խնդրի էությունը առավել լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է Արցախյան հակամարտությունը դիտարկել որպես հայ-ադրբեջանական էթնոքաղաքական հակամարտության առավել վառ դրսևորումներից մեկը, և բնավ ոչ հակառակը՝ իբրև հայ-ադրբեջանական հակամարտության աղբյուր։
Ինչ վերաբերում է հակամարտության սրման հերթական փուլի՝ 1988-1990-ական թթ. Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ բռնություններին, մասնավորապես՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերին, ապա, ինչպես նշում է ռուս ժողովրդագետ և մարդաբան Ա.Ն. Յամսկովն Անդրկովկասի էթնիկ հակամարտությունների վերաբերյալ իր աշխատությունում, մենք չպետք է շփոթենք հակամարտությունը դրա ընթացքում եղած ողբերգական դեպքերի հետ, որոնք բերում են հակամարտության խորացմանը, ինչպես, օրինակ, էթնիկ բախումները, ուժի գործադրումը և մարդկային զոհերը։ Հակամարտության առաջացմանը նպաստող գործոնները՝ ներառյալ նրանք, որոնք տանում են էթնիկ բախումների, պետք է ավելի խորը մակարդակում վերլուծել [A. N. Yamskov, Theory and Society , Oct., 1991, Vol. 20, No. 5, Ethnic conflicts in the Transcaucasus: The case of Nagorno-Karabakh, p. 634]:
Հայ-ադրբեջանական հակամարտության ձևավորման հարցում կարևորագույն տեղ են զբաղեցնում, մասնավորապես, 20-րդ դարի սկզբից սկսված գործընթացները, որոնց հետահայաց կերպով կարող ենք անվանել մինչ օրս շարունակվող «ադրբեջանցիների»՝ որպես միասնական էթնիկ հանրույթի ձևավորման, մոբիլիզացիայի և քաղաքականացման գործընթաց։ Ինչպես նշում է ամերիկացի պատմաբան, քաղաքագետ Ջ.Ռոտշիլդը, միայն պրիմորդիալ (բառացի՝ «նախաստեղծ»)` «արյամբ» փոխանցվող հատկանիշները, ատրիբուտները բավական չեն էթնիկ խմբի համախմբման համար։ Ռոտշիլդը, մասնավորապես, ի թիվս այլ անհրաժեշտ հանգամանքների նաև նշում է բարիքների ու արժեքների համար մրցակցությունը, օտար արժեքների դեմ պայքարը և այլն [J. Rothshciled, Ethnopolitics: A conceptual framework, Columbia University Press 1981, pp. 30-31]։
Հայ-ադրբեջանական էթնոքաղաքական հակամարտության նոր փուլի առաջին ցուցիչներից կամ սրացումներից մեկը 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումներն էին Հարավային Կովկասի գրեթե ողջ տարածքում, այդ թվում՝ Բաքվում, Շուշիում, Նախիջևանում, Ելիզավետպոլում և այլն։ Նշված ժամանակահատվածի յուրահատկությունն այն է, որ հայերն ու այդ ժամանակ կովկասյան թաթարներ անվանվող ժողովուրդները, որոնք իրենց առավելապես նույնականացնում էին կրոնական բաղադրիչով՝ որպես մուսուլմաններ, բնակվում էին մեկ պետության՝ Ռուսական կայսրության սահմաններում։ Հետևաբար, խոսք չէր կարող լինել պետությունների միջև դասական տարածքային հակամարտության մասին։ Մյուս առանձնահատկությունն այն էր, որ հետագայում «ադրբեջանցիներ» անվանումը վերցրած ժողովրդի՝ որպես միասնական էթնոսի ձևավորման, քաղաքականացման գործընթացը դեռևս վաղ փուլում էր։ Սակայն, շահերի բախումը, «սեփական»-ի և «օտար»-ի հակամարտությունը, բարիքների (Բաքվի նավթային ռեսուրսներ, բարենպաստ տարածքներ, հողեր) համար պայքարն արդեն ծավալվում էր։
Հետագայում հակամարտությունը տրանսֆորմացիայի մի քանի փուլ է ապրել ու շարունակում է տրանսֆորմացվել։ 1911 թ. ստեղծվեց կովկասյան թաթարների առաջին կուսակցությունը՝ ազդված երիտթուրքերի գաղափարախոսությունից։ 1918 թ. Օսմանյան Թուրքիայի կովկասյան հարձակմանը զուգահեռ՝ Թուրքիայի օգնությամբ, ձևավորվեց «Ադրբեջան» անվանումը ստացած նոր պետություն։
Այսպիսով, հետագայում՝ խորհրդային տարիներին «ադրբեջանցի» անվանումը ստացած էթնոսի ձևավորման գործընթացն արդեն տեղի էր ունենում պանթյուրքականության, թյուրքիզմի գաղափարախոսությունը կրող երիտթուրքերի ազդեցությամբ, ինչը նույնպես ազդում է հայ-թաթարական/ադրբեջանական հակամարտության խորացման վրա։ Դրա վառ ապացույցն են 1918 թ. սեպտեմբերին Բաքուն գրավելուց հետո կովկասյան թաթարների և Թուրքիայի կողմից տեղի հայերի ջարդերը, որոնց, ըստ Բաքվի Հայոց ազգային խորհրդի անկետային հանձնաժողովի ղեկավար Բախշի Իշխանյանի վիճակագրական տվյալների, զոհ գնաց ավելի քան 23․000 հայ [Բ. Իշխանյան, Բագուի մեծ սարսափները, Թիֆլիս, 1920]։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ վայրերում ևս նշյալ քաղաքականությունը շարունակվում էր։ 1920 թ. մարտին կազմակերպվում է Շուշիի հայերի կոտորած, որին, ըստ տարբեր տվյալների, զոհ է գնում նվազագույնը 6-8 հազար հայ, գրեթե նույնքան էլ գաղթում է։ Եթե նշված ջարդերից առաջ Շուշիի բնակչության կեսից ավելին հայեր էին, ապա ջարդերից հետո, այդ թվում նաև խորհրդային տարիներին՝ ավելի քան 90 տոկոսն արդեն ադրբեջանցիներ էին։
Այս փուլի առանձնահատկությունն այն էր, որ արդեն իսկ գոյություն ունեցող և խորացող միջէթնիկ հակամարտությունը ներազդում է միջպետական հարաբերությունների վրա, ինչպես նաև որդեգրվում է, մասնավորապես, Ադրբեջանի կողմից՝ օգտագործվելով որպես ազգային գաղափարախոսության հիմք։ Հետևաբար, ոչ թե պետությունների միջև տարածքային վեճերն են դառնում էթնոքաղաքական հակամարտության հիմք, այլ ընդհակառակը։ Թեև Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացվելուց, իսկ այնուհետև նաև ԽՍՀՄ կազմում ներառվելուց հետո՝ ընդհուպ մինչև 1988 թ. , խոշոր զինված բախումներ չեն արձանագրվում, սակայն սա չի նշանակում, որ հակամարտությունը դադարում է գոյություն ունենալ։ Խորհրդային տարիներին նշված հակամարտության շարունակման վառ օրինակներ են 1920-ականներին վերջին երկու խորհրդային պետությունների միջև վարչական սահմանների որոշման գործընթացները, որոնց ընթացքում Խորհրդային Հայաստանի մի շարք տարածքներ տրվում են Ադրբեջանին, ԼՂԻՄ հարցում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, որի շրջանակներում նախապես որոշված ավելի մեծ տարածքը կրճատվում է մինչև 4400 կմ2։ Հայերի նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի քաղաքականության կարևոր ցուցիչ է նաև Նախիջևանի գրեթե ամբողջական հայաթափումը՝ ճնշումների, անարդար սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում։ Նույն քաղաքականությունը, մասնավորապես Հ. Ալիևի՝ ԱդրԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար դառնալուց հետո իրականացվում էր նաև ԼՂԻՄ հայերի նկատմամբ։ Փորձ էր կատարվում արհեստականորեն ավելացնել ադրբեջանցիների թվաքանակը, կենտրոնական բյուջեից ֆինանսական միջոցներն առավելապես ուղղվում էին ադրբեջանաբնակ վայրերին և այլն։
Այսպիսով, հակամարտությունը շարունակում էր գոյություն ունենալ նաև ԽՍՀՄ տարիներին, իսկ 1988 թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը նշված հակամարտության հանգուցային փուլերից մեկն էր, որը հնարավոր դարձավ ԽՍՀՄ փլուզման սկսված գործընթացին զուգահեռ, ոչ թե առաջացավ այդ պատճառով։ Հետևաբար, դրան հաջորդած Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի և այլ տեղերում հայերի կոտորածները միանշանակ սխալ է համարել որպես «պատասխան» գործողություն Ադրբեջանի կողմից։ Դրանք հակամարտության սրման հերթական փուլի ցուցիչներից և հայերի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դրսևորումներից մեկն են։
Պատահական չէ, որ 1990 թ. հունվարի 18-ին ընդունած բանաձևում Եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող ջարդերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, ինչի հետևանքով, «նախնական հաշվարկներով, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ, որոշ հայեր մահացել են դաժան պայմաններում»: Բանաձևում նաև դատապարտվում են ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների վրա հարձակումները: 1990 թ.-ից հետո ևս հայերի հանդեպ բռնությունները և ճնշումները շարունակվեցին՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի գրեթե ամբողջական հայաթափում, բացառությամբ այն տարածքների, որոնք հետագայում մնացին Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներում։
Կարևոր է նաև ընդգծել, որ Բավքի հայերի ջարդերը ամենևին էլ չէին սկսվել 1990 թ. հունվարին. հունվարյան գործողությունները ջարդերի վերջին փուլն էին փաստացի։ Եթե մինչև 1987 թ. Բաքվում և շրջակա ավաններում ավելի քան 200 հազար հայ էր բնակվում, ապա 1990 թ. հունվարին մնացել էր առավելագույնը 35-40 հազար։ Ջարդերի զոհերի վերջնական քանակը հայտնի չէ, քանի որ Բաքվի հայերի մեծ մասը նշված հատվածում գաղթել է Թուրքմենստան, այնուհետև Մոսկվա, իսկ Մոսկվայից զգալի մասը տեղափոխվել է ԱՄՆ։ Ի տարբերություն Սումգայիթում հայերի ջարդի, ԽՍՀՄ-ը այս փաստով որևէ հետաքննություն չի սկսել, շատ քիչ փաստաթղթեր են հանրայնացվել՝ մի քանի տասնյակ մահվան վկայականներ այն զոհերի, որոնց ընտանիքների անդամները հիմնականում Հայաստան են տեղափոխվել։ Ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. միայն Բավքում զոհերի թիվը կազմել է մինչև 500 մարդ։
Սույն քաղաքականությունը շարունակվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո, որոնց դրսևորման օրինակները բազմաթիվ են և քաջ հայտնի։
2020 թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ևս ականատես ենք լինում սույն հակամարտության հետագա ծավալմանը, որն արդեն դրսևորվում է ինչպես Արցախի տարածքում, այնպես էլ՝ նաև ՀՀ-ի դեմ Ադրբեջանի տարածքային պահանջներով։ 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող Արցախի շրջափակումը, 2021-2022 թթ. ընթացքում Արցախի և ՀՀ-ի նոր տարածքների զավթումը Ադրբեջանի կողմից, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի ստեղծումը և այլ քայլերը հայերի նկատմամբ Ադրբեջանի պետական և ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասերից են և չեն կարող դիտարկվել որպես իրարից անջատ կամ տարբեր երևույթներ։ Իլ. Ալիևի այն պնդումը, որ «Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է, և այժմ Ադրբեջանը կարող է ռեսուրսներն ուղղել Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի խնդրին», պարզ կերպով ի ցույց է դնում, որ մենք գործ ունենք հակամարտության հետզհետե խորացման հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերի՝ որպես «օտարի» նկատմամբ թշնամությունը ադրբեջանական պետական և ազգային գաղափարախոսության, այդ թվում՝ նաև պետականակերտման և ազգակերտման գործընթացների հիմնական բաղկացուցիչ մասերից մեկն է, կարող ենք եզրակացնել, որ հայերի նկատմամբ նշված քաղաքականությունը դեռ երկար ժամանակ կտրուկ փոփոխությունների չի ենթարկվելու և համապատասխան գործոնների առկայության պարագայում շարունակվելու է դրսևորվել նոր սրացումների, ագրեսիայի կիրառման, բախումների և հակահայկական քարոզչության տեսքով։ Հետևաբար, սխալ է այն ընկալումը, որ հակամարտության դրսևորման կամ սրացման հանգամանքներից մեկի վերացումը կհանգեցնի հակամարտության կարգավորման։ Այն շարունակելու է դրսևորվել նոր կերպով (տես՝ Հայաստանի նկատմամբ տարածքային և այլ պահանջներ, հակահայկական քարոզչության շարունակում և այլն)։
Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Փորձագետ
Երևան