Ընդդեմ Ուկրաինայի ռուսաստանյան ագրեսիան նշանակալի կերպով արագացրեց ժամանակը, բաց հարցերը դարձան թույլ տեղեր։ Եկել է լուրջ աշխարհաքաղաքական-ռազմավարական վերակառուցման ժամանակը։ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամակցելու շեմին են։ Նման գործարքով ՆԱՏՕ-ն, որպես պաշտպանական միավորում, փակում է հյուսիսեվրոպական թևը։ Եվրոպական հարթավայրի հյուսիսային մասը, ինչպես և Եվրոպայի արևելյան հատվածը դեռ երկու տասնամյակ առաջ հաստատակամ ընտրել էր եվրատլանտյան ինտեգրման ուղին և իրենից կայուն արևելյան թև է ներկայացնում։ Հարավ-արևելյան Եվրոպան նույնպես վերջնականապես հաստատել է քաղաքական և անվտանգության հարցերի լուծման առումով իր պատկանելությունը եվրատլանտյան հանրույթին։ Արևմուտքի և «Արևմուտքի» միջև տարածքային գոտում «Արևմտյան Բալկաններ» տարածաշրջանը մնացել է Եվրոպայի ոչ ամբողջությամբ ինտեգրված մասը։ «Արևմտյան Բալկանների» մեջ ներառվում են նախկին Հարավսլավիայի բոլոր երկրները, գումարած Ալբանիան։ Հետհակամարտային ուժեղ ժառանգությունը գերակշռող էր 30 տարի շարունակ՝ ազդելով տարածաշրջանային քաղաքականության ձևավորման, ինչպես նաև այդ տարածաշրջանի երկրների արտաքին-քաղաքական նախապատվությունների վրա։
Իր մեջ ուժեղ հակամարտային և ճգնաժամային ներուժ կրող ու ցավալի ընկալվող պահ է Կոսովոյի ինքնահռչակ անկախությունը։ Ճգնաժամի բուն էությունը կարելի է դիտարկել երկու կողմից։ Հարաբերությունների նորմալացումը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևին համապատասխան, կարող էր զարգանալ աստիճանաբար՝ մի քանի փուլով։ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների համընդգրկուն բարելավման տեսլականի բացակայությունը որպես հետևանք հանգեցնում է երկարատև լարված հարաբերությունների և իրավիճակի սրման կարճատև բռնկումների։ Դրա պատճառով էլ տեխնիկական հարցերին ավելի է նախապատվություն տրվում, քան թե քաղաքական և անվտանգային բովանդակությանը։ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին զուգահեռ իրականացվում է «Բաց Բալկաններ» նախաձեռնությունը։ Դա տնտեսական զարգացմանը միտված տարածաշրջանային հարթակ է, որին քաղաքական աջակցություն են ցուցաբերում Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան։ Ցավոք, անվտանգության միասնական ձևաչափի բացակայության և տեղային հակասությունների պատճառով նախաձեռնությունը չի ներառում Չեռնոգորիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն։
Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման բացակայությունը մեծապես խոչընդոտում է տարածաշրջանի ամբողջական եվրատլանտյան ինտեգրմանը։ Կոսովոն կրում է սառեցված հակամարտության բոլոր բնութագրիչները։ Այդ հակամարտության լուծմամբ շահագրգռված են բոլորն Արևմուտքում և Սերբիայի առաջատար ղեկավարները։ Միևնույն ժամանակ, խնդիրների լուծմանը դեմ են հանդես գալիս Սերբիայի և Կոսովոյի որոշ ներկայացուցիչներ և բոլորը՝ Մոսկվայում։
Ռուսաստանի արտաքին-քաղաքական նպատակները Բալկաններում հասանելի են, քանի դեռ առկա է Կոսովոյի կարգավիճակի չլուծված խնդիրը։ Քանի դեռ այդ չկարգավորվածությունը խոչընդոտում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Սերբիայի անդամակցմանը, քանի դեռ Կոսովոյի այդ չլուծված կարգավիճակը Սերբիային պարտադրում է բազմավեկտոր արտաքին-քաղաքական գործողություններ՝ Ռուսաստանը հնարավորություն ունի պահպանելու իր ներկայությունը Եվրոպայի այդ հատվածում։ Դրա շնորհիվ է Ռուսաստանն իրացնում Եվրոպայում առկա իրադարձություններում իր ներկայությունն ու ներգրավվածությունը։ Կոսովոյի չլուծված կարգավիճակը բարենպաստ է «Բալկաններում չեզոք երկրների գոտի» ստեղծելու ռուսական տեսլականի իրականացման համար։ Կոսովոն Ռուսաստանի համար հնարավորություն է հետևողականորեն առաջ մղելու «ոչ հետևողական» Արևմուտքի, ԵՄ-ի հովանու ներքո բանակցային գործընթացի անարդյունավետության մասին գաղափարախոսական հայեցակարգերը՝ մշտական այնպիսի գործողություններով, որոնք նպաստում են իրավիճակի հետագա սրմանը։ Ռուսաստանը Կոսովոյի խնդիրն օգտագործում է, որպեսզի վարկաբեկի եվրոպական ինտեգրացիան և խառնաշփոթ մտցնի Սերբիայի ու ԵՄ-ի գործընկերության հեռանկարներում։
2022 թվականին մեզ մոտ եղան մի քանի ճգնաժամային իրավիճակներ, որոնք ինչ-որ պահի սպառնում էին ընդմիշտ քայքայել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Քաղաքական ճգնաժամերի շղթան սպառնում էր վերածվելու անվտանգության ճգնաժամի և, որ ավելի վատ է, անվտանգության՝ իրար փոխկապակցված համակարգերի ճգնաժամի։ Վերջին սերիական ճգնաժամերի պատճառը 2013 թվականի Բրյուսելյան համաձայնագրի չկատարումն է։ Պրիշտինայի կողմից սերբական մեծամասնությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիայի ձևավորման հիմնական սկզբունքները չիրացնելը հանգեցրեց երկխոսության մասնակի դադարեցման։ Տասը տարում որևէ նշանակալի իրադարձություն տեղի չունեցավ։
2022 թվականի առաջին ճգնաժամային իրավիճակը ծագեց անձը հաստատող փաստաթղթերը (ներքին անձնագրերը) ճանաչելու պատճառով։ Պրիշտինան կոչ արեց կիրառել փոխադարձ ճանաչման սկզբունքը։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուժեղ դիվանագիտական ճնշմամբ օգոստոսի 27-ին հայտարարվեց անձնական փաստաթղթերի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։ Դրան հաջորդեց նոր ճգնաժամ՝ մեքենաների համարանիշերի հետ կապված։ Պրիշտինայի իշխանությունները միակողմանի որոշեցին Կոսովոյի տարածքում գտնվող քաղաքների սերբական համարանիշերով ավտոմեքենաների վերագրանցում իրականացնել։ Դրա հետևանքով 9000 մեքենա առգրավման սպառնալիքի տակ հայտնվեց, իսկ նրանց սերբ տերերը պատժվեցին։ Ամերիկյան մաքոքային դիվանագիտությանը հաջողվեց թուլացնել իրավիճակի հետագա լավածության ծավալումն այնպես, որ Պրիշտինան հետաձգեց համարանիշերը փոխելու մասին որոշումը, իսկ մյուս կողմից էլ՝ Սերբիան դադարեցրեց Կոսովոյի տրանսպորտային միջոցներին նոր համարանիշերի տրամադրումը։ Ազգամիջյան ուժեղ լարվածությունը, ընկալումը, որ միակողմանի գործողությունները սպառնալիք են Կոսովոյի սերբ բնակչության համար, Բրյուսելյան համաձայնությունների չկատարումը, ազգությամբ սերբերի ձերբակալությունները հանգեցրին երրորդ իրադարձությանը և 2011 թվականից հետո ամենից վտանգավոր իրավիճակին։ Սերբերը հեռացան Կոսովոյի հաստատություններից, իսկ դրանից շատ չանցած բարիկադներ կառուցվեցին դեպի առավելապես սերբերով բնակեցված հյուսիսային շրջաններ տանող ճանապարհներին։ Իրադարձություների նման զարգացումը ծայրահեղ անբարենպաստ ազդեցություն ունեցավ ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։
Կոսովոն այն կետն է, որը կարող է առնվազն երկու այլ երկրների անվտանգության համար լուրջ հետևանքներ առաջացնել։ Քննարկենք, թե կարո՞ղ էր, արդյոք, այդ ճգնաժամը հանգեցնել զինված հակամարտության։ Հակամարտության ծավալմանը զուգահեռ սկսվեցին ազդեցության ռուսական գործողությունները։ Օգտագործվեցին Ռուսաստանի հասարակական-դիվանագիտության վեկտորները, իրենց շահերը պաշտպանող գործակալները, ԶԼՄ-ները և, առաջին անգամ, քիչ հայտնի տելեգրամյան ալիքները։ Որոշ դեպքերում տեղեկատվական աղբ էր նետվում, ինչը սպառնում էր բևեռացնել հասարակության նշանակալի մասին։ Ի հեճուկս Բելգրադի իշխանությունների ռազմավարական հաղորդակցության՝ կեղծ բովանդակության տարածումը, որոշակի հանգամանքների դեպքում, ստեղծում էր սեփական զուգահեռ զարգացումներ և սպառնում էր պառակտել հասարակությունը։
Առավել ակնառու էր ռուսական և ռուսամետ տելեգրամյան ալիքների օգտագործումը։ Վերջիններս բարիկադներ ստեղծելու հատուկ շահագրգռվածություն էին ցուցաբերում։ Հուզական վերնագրերի և համապատասխան բովանդակության միջոցով նրանք տեղեկություններ սպառողներին վստահություն էին ներշնչում՝ տպավորություն ստեղծելով, թե առջևում ՆԱՏՕ-ի և Կոսովոյի անվտանգության ուժերի հետ անխուսափելի բախումն է։ Բնականաբար, ՆԱՏՕ-ի ներկայությունը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թ.1244 բանաձևից բխող խնդիր ձևակերպելու փոխարեն, անվանվեց ՆԱՏՕ-ի երկրների «օկուպացիա»։ Ընդսմին, ռուսական դիվանագիտությունը փորձեց վարկաբեկել երկխոսության միջնորդին՝ Եվրամիությանը, իսկ ԱՄՆ-ի դերը նկարագրել իբրև կործանարար հետևանքներով հղի։ Սերբիային էլ առաջարկվեց հրաժարվել հարաբերությունները բարելավելու բանակցություններից։ Նման սցենարով կպաշտպանվեին միայն Ռուսաստանի, բայց ոչ երբեք Սերբիայի շահերը։
Չնայած իրենց մարդու կոլեկտիվ իրավունքները բարիկադների միջոցով պաշտպանող սերբերի մեջ չկային ոչ ռուսներ, ոչ էլ «վագներյան» ահաբեկչական բջիջների անդամներ, քարոզչամեքենան փորձում էր նրանց կապել ռուսական ահաբեկչական մասնավոր ռազմականացված «Վագներ» խմբի հետ։ Իբր մեզ մոտ եղել են ռուսական վստահելի կազմակերպություններ, որոնք վարչական սահմանի սերբական հատվածում, այսինքն՝ Սերբիայում, բարիկադներ են կառուցել ՌԴ-ի և «Վագների» տարբերանշաններով։ Դրանով իսկ փորձում էին սերբերի գործունեությունը ներկայացնել իբրև հակաարևմտյան և՝ Ռուսաստանի հետ կապված։ Այդպիսով, Ռուսաստանը տեղերում իր ակտիվիստների միջոցով ակտիվորեն նսեմացնում էր միջազգային գործունակությունը Սերբիայի, որն այդ նրբին պահին մի կողմից պայքարում էր իր ժողովրդի իրավուքների համար՝ նախկինում Պրիշտինայի հետ կնքված համաձայնություններին համապատասխան, մյուս կողմից՝ պետք է արդարանար միջազգային հանրության առջև՝ ապացուցելով, որ Կոսովոյի սերբերի և պաշտոնական Բելգրադի գործողությունները թելադրված չեն Մոսկվայից։
Երբ բանը հասնում է Կոսովոյի կարգավիճակի չլուծված խնդրին, ազդեցության գործողությունները շատ վառ արտահայտվում են, իսկ տեղեկատվական գործողություններն ամենատարածվածն են դառնում։ Դրանք կարելի է բնութագրել որպես հետևյալ նպատակներին միտված. առաջին նպատակ՝ ստեղծել սերբական հասարակական կարծիքի անիրական սպասումներ, երկրորդ՝ վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր փորձում են հասնել հարաբերությունների բարելավման համակողմանի համաձայնության, երրորդ՝ տարածել կեղծ համոզմունքներ, թե Ռուսաստանի Դաշնությունը, իսկ երբեմն էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը սերբերի միակ պաշտպաններն են, և իբր՝ երբ Ռուսաստանը կփոխի աշխարհը, Կոսովոն էլ կվերադարձնի Սերբիային։ Այսինքն՝ մենք ոչինչ չպետք է անենք, միայն պիտի սպասենք լավ ժամանակներին։ Առավել բարենպաստ պահի սպասումը օգուտ չի տալիս ոչ սերբերին, ոչ էլ ալբանացիներին, որովհետև նրանք երկուսն էլ բաց են թողնում եվրատլանտյան ապագայի առաջարկվող հնարավորությունները։ Հարաբերությունների կարգավորման համաձայնության ձգձգումը բացի Ռուսաստանից ուրիշ որևէ մեկի նպատակներին չի համապատասխանում։ Համաձայնության բացակայությունը Ռուսաստանին հնարավորություն է տալիս խաղալու Սերբիայի ապագայի հետ և բավարարելու սեփական նկրտումները։ Նրանց շահը հասկանալի է։ Դա «Արևմտյան Բալկանները» ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս տեսնելն է։ Կոսովոյի խնդիրը խաղաքարտ է, որ խիստ կարևոր է այդ տարածքում ռուսական ողջ գործունեության և ռազմավարության համար, ինչպես նաև՝ երաշխիք է, որ ազգամիջյան լարվածությունը կշարունակվի անկանխատեսելի հետևանքներով։
Հակամարտության ներուժի տեսակետից գնահատելով՝ իրավիճակը տեղում երկարատև և կործանարար բախման հնարավորություն չի տալիս։ Հակամարտության նյութական, տարածքային, մարդկային և ժամանակային գործոնները բավարար չեն ռազմական բախման ծայրահեղ սցենարի համար։ ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների ներկայության շնորհիվ Կոսովոյում ուղիղ ռազմական բախումները սերբերի և ալբանացիների, առավել ևս՝ Սերբիայի և Կոսովոյի միջև բացառվում են։ Այն, ինչ կարող է կատարվել, միայն լարվածության սրումն է, ինչն էլ անբարենպաստ ազդեցություն կունենա բացառապես Սերբիայի վրա՝ միջազգային դրության և տնտեսական հեռանկարների տեսակետից։ Այս պատճառով էլ Սերբիայի ղեկավարությունը փոխզիջումներ է փնտրում։ Ավելի ու ավելի հաճախ են լսվում ամերիկամետ խոսույթներ, որոնք, երկար ժամանակ անց, ամերիկացիներին ընդունում են իբրև գործոն, որ կանխեցին 2022 թվականի չորս լարված իրավիճակների զարգացումը։
Կոսովոյի բնակչության շրջանում իշխող տրամադրությունները հեռու են բարենպաստ լինելուց՝ երբ խոսք է գնում փոխզիջումային լուծման մասին։ Պարզապես վարչապետ Ալբին Կուրտիի քաղաքականությունն այնպիսին է, որ նա Սերբիայի հետ հարաբերությունները գերակա չի համարում և հաճախ է միակողմանի գործողություններով ճգնաժամեր առաջացնում ու խնդիրներ հարուցում։ Այս տարվա հունվարի 6-ին ուղղափառների Սուրբծննդյան արարողության ժամանակ սերբ երեխաներ վիրավորվեցին։ Կոսովոյի անվտանգության ուժերի աշխատակիցն այդ օրը 5 անգամ կրակեց ատրճանակից՝ զայրանալով մեքենաների խցանման պատճառով, իսկ հետո՝ կրակեց ևս 2 անգամ՝ վիրավորելով սերբ երեխաներին։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, թե Կոսովոյի անվտանգության ուժերի ներկայացուցիչը զայրացել էր հենց Սուրբծննդյան տոնակատարության պատճառով։ Սա խոսում է այն մասին, որ Կոսովոյի անվտանգության ուժերը արմատականության և ծայրահեղականության խնդիրներ ունեն, ինչը չի կարելի անտեսել։
«Հնգյակի» («Կվինտա») երկրների և ԱՄՆ-ի անմիջական դիվանագիտական միջամտությունը վկայում է, որ այդ երկրները Կոսովոյի խնդրի լուծումը դիտարկում են ավելի ընդարձակ համատեքստում։ Դա նշանակում է, որ նրանց համար լուծումն ինքնանպատակ չէ, այլ հիմնված է տարածաշրջանի հաջող եվրատլանտյան ինտեգրման, ինչպես նաեւ ռուսական գազից կախվածությունը կրճատելու միջոցով էներգետիկայի դիվերսիֆիկացման վերաբերյալ կայուն համոզմունքի վրա։
Սերբիայի արտաքին-քաղաքական դիրքորոշումը մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը հիմնվում էր այսպես կոչված «չորս սյուների քաղաքականության» (ԵՄ, ԱՄՆ, ՉԺՀ, Ռուսաստան) վրա։ Փետրվարի 24-ից հետո ռուսաստանյան սյունն այլևս չի գործում։ ՄԱԿ-ում Սերբիային Ռուսաստանի աջակցությունն այլեւս բացարձակապես անիմաստ է, և Ռուսաստանի պաշտպանած ցանկացած որոշում դատապարտված է ձախողման։ Ռուսաստանն ինքը ձախողման է դատապարտված։ Մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ավանդաբար չի միջամտում նման գործերին և ի վիճակի չէ երաշխավորելու Սերբիային՝ հասնելու իր առավելապաշտական նպատակներին։ Սերբիայի դիրքորոշումը հիմա անցումային փուլում է, երբ անհրաժեշտ է ցուցաբերել աշխարհաքաղաքական հարմարվողականություն։ Եվրոպական ինտեգրում նախատեսող որոշումը միակ կայունն է։ ԵՄ-ն մի նպատակ է, որը երաշխավորում է տնտեսական և ազգային բարգավաճում՝ խաղաղության և կայունության պայմաններում։ Միևնույն ժամանակ, Կոսովոյի և Սերբիայի հասարակությունները փոխզիջման մեջ արժեքավոր ոչինչ չեն տեսնում և այն չեն համարում գոյաբանական առումով կարևոր։
Սերբիայի քաղաքական հեռանկարը պետք է կենտրոնանա արտաքին քաղաքականության և անվտանգության ձևաչափի արմատական փոփոխության վրա։ Դա նշանակում է բաց բանավեճեր վարել ոչ միայն Եվրոպայում, այլև ՆԱՏՕ-ում՝ Սերբիայի կողմից դիվանագիտական լուծման և անվտանգության ուղիներ գտնելու հարցում, ինչը վերջնականապես կվերացնի տարածաշրջանում անվտանգության երկընտրանքները և մեծապես կընդլայնի Կոսովոյի շուրջ բանակցություններում մանևրելու հնարավորությունը։
Դարկո ՕԲՐԱԴՈՎԻՉ
Ռազմավարական վերլուծության կենտրոնի ծրագրերի տնօրեն
Բելգրադ, Սերբիա