Վերջին ամիսներին Սերբիայում ռուսական մասնավոր ռազմական ‘’Վագներ’’ անվանումը կրող կառույցի վարձկանների հնարավոր ներկայությունը կրկին ակտիվորեն քննարկվել է սերբական որոշ լրատվամիջոցներում: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլեն Բալկաններ կատարած իր շրջագայության ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ կռվելու համար Սերբիայում զինվորներ հավաքագրելու ենթադրյալ փորձերի վերաբերյալ:
Ավելին, երկուշաբթի օրը՝ հունվարի 16-ին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սերբական TV Happy հեռուստաալիքին տված հարցազրույցում պահանջել է դադարեցնել ‘’Վագներ’’-ի համար երկրի քաղաքացիների հավաքագրումը։
«Ինչու՞ է ‘’Վագներ’’-ը Սերբիայից փորձում հավաքագրել վարձկաններ, երբ լավ գիտի, որ դա հակասում է մեր օրենքներին», ասել է Վուչիչը: Մենք մեծ թվով մարդիկ ենք կորցրել տարբեր պատերազմներում, և հիմա հպարտ ենք, որ ունենք ազատ և անկախ երկիր»,- ասել է նա:
Հատկանշական է, որ հենց 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և պատերազմ սանձազերծեց Դոնբասում, Սերբիայի օրենսդրությանը ավելացվեց երկու նոր կետ այն մասին, որ «օտար պետությունում պատերազմի մասնակցությունը» համարվում է քրեական հանցագործություն:
Վուչիչի այս հայտարարությանը նախորդել են Կրեմլի մի շարք քայլեր։ Կրեմլի կողմից վերահսկվող RT քարոզչական ալիքը գործարկեց սերբերենով առցանց հեռարձակման և լրատվական կայք՝ RT Balkan:
Կայքի գլխավոր խմբագիր Ելենա Միլինչիչը հայտարարել է, որ նոր նախագիծը «կներառի տարածաշրջանային և համաշխարհային ամենաարդիական իրադարձությունները այլընտրանքային տեսանկյունից», հաղորդում է Mediasat.info-ն:
Որոշ լրատվամիջոցներ նաև անդրադարձել են Կոսովոյի հյուսիսում ռուս վարձկանների հնարավոր ներկայությանը։ Հաղորդվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին սերբերի կողմից այնտեղ կանգնեցված բարիկադների մոտ ռուսական «Վագներ» զորախմբի վարձկաններ են եղել։
Այս մասին է ասել նաև Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, չնայած նրան, որ վարձկանների ներկայությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ըստ Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ռուսլան Թրադի, «Սերբիան երբեք չի շահել ո՛չ Բոսնիայում, ո՛չ Կոսովոյում անցած էսկալացիաներից: Եվ այսօր Բելգրադին ձեռնտու է ստեղծել «տպավորություն, թե այստեղ կա նման իրադարձությունների զարգացում»։ Վուչիչի այս խաղը պարզապես նպատակ ունի խորացնել Արևմուտքի հետ իր հարաբերությունները, ասում է նա:
RT Balkan-ն իր կայքում տեղադրել է հրապարակումներ այն մասին, որ վագներականներն Ուկրաինայում հավաքագրում են վարձկաններ ու նրանց ներկայացնում ‘’շատ հրապուրիչ պայմաններ’’:
‘’Վագներ’’ կազմակերպությունը միշտ եղել է ոչ միայն ռազմական կազմավորում, այլ նաև «խուճապ տարածելու քարոզչական արշավների ապրանքանիշ»՝ իրենց տխրահռչակ համբավով’’, ասում է վերլուծաբանը:
Ըստ Հարավային Կալիֆոռնիայի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Սեիբի, Մոսկվան 2022 թվականի վերջին ամիսներից հանդես է գալիս ավանդական «սովետական հորինվածքով այն մասին, որ ‘’հավաքական Արեւմուտքը կանգնել է ընդդեմ Ռուսաստանի’’:
Սակայն Բալկաններում իշխանությունները միշտ գերադասել են սպասել՝ հասկանալով, որ գտնվում են շահերի խաչմերուկում և ազդեցության գոտիների միջև։ Այսպիսով, Սերբիան, ներկայանալով որպես Ռուսաստանի «եղբայրական» ժողովուրդ, միշտ զարգացրել է համագործակցությունը թե՛ Չինաստանի, թե՛ արևմտյան երկրների հետ։
Ատլանտյան խորհրդից Ռուսլան Թրադը կասկածի տակ է դնում Կրեմլի քարոզչական արշավի արդյունավետությունը Բալկաններում և ողջ Հարավարևելյան Եվրոպայում:
Ռուսլան Թրադը համոզված է, որ «Կրեմլը կարող է փորձել ազդել ավելի ծայրահեղական խմբերի վրա Սերբիայի և հարևան երկրների իշխող վերնախավում, որպեսզի փորձի սլաքներն ուղղել դեպի քաղաքական էսկալացիա»:
Եվ ըստ Politico-ի՝ ‘’Վագներ’’-ը սկսել է «գործողություններ Սերբիայում՝ ընդդեմ ռուսալեզու այն միջոցների, որոնք քարոզչություն են տանում ընդդեմ Պուտինի:
Սերբիայում եվրոպական ուղղվածության հատվածը պնդում է, որ ‘’Վագներ’’-ի գործունեությունն ուղղված է «Սերբիայի սահմանադրական կարգի և օրենքների դեմ», գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Բելգրադի Անվտանգության և ժողովրդավարության ֆորումը կոչ է արել իշխանություններին «որքան հնարավոր է շուտ արգելել այս կառույցի գործունեությունը Սերբիայում, չեղյալ հայտարարել այն գովազդող բոլոր լրատվամիջոցների արտոնագրերը և քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրանց Սերբիայում»:
Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և այստեղ ‘’Վագներ’’ խմբավորման դերը, շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել Ռուսաստանի չարամիտ ներկայությանը աշխարհի նաև այլ մասերում: Ինչպես վերլուծաբաններն են ասում, ‘’Ռուսական ռազմական մոբիլիզացիայի հաջորդ հնարավոր ալիքի լույսի ներքո կարևոր է դիտարկել և հասկանալ, թե ինչպես է հարկավոր վերացնել այդ սպառնալիքը’’: Այսօր, ասում են նրանք, այս զարգացող իրադարձությունները ևս մեկ հնարավորություն են՝ ազդարարելու Ալեքսանդր Վուչիչին, որ եկել է կողմերի միջև ճիշտ ընտրություն կատարելու ժամանակը:
‘’Վագների և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև լարվածությունն աճում է. Վագները դառնում է ռուսական ռազմական և ռուսական այլ նախարարությունների մրցակից ուժային կենտրոնը, որի զինյալները քննադատում են ռուս գեներալներին և պաշտպանության պաշտոնյաներին մարտի դաշտում նրանց գործունեության համար’’: Այս մասին է ասում է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քըրբին: Նրա խոսքերով, Վագները ներկայում ունի մոտավորապես 50,000-անոց անձնակազմ, որոնք տեղակայված են Ուկրաինայում: ‘’Սրանցից 10,000-ը պայմանագրային հիմունքներով զինյալներ են, 40,000-ը` դատապարտյալներ: Հավանական է, որ Վագները կշարունակի հավաքագրել հենց ռուսական բանտերից դուրս’’, -ասում է նա:
Նյութը պատրաստվել է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի սերբական ծառայության մասնակցությամբ