2022 թվականը հայ–ադրբեջանական հարաբերությունների և/կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով ամփոփվեց Արցախն աշխարհին, առաջին հերթին՝ Հայաստանին կապող կենսական ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանի կողմից: Արցախում ապրող մոտ 120,000 հայ հարկադրված էր Ամանորը դիմավորել պատանդի կարգավիճակով՝ առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, շատերն էլ՝ ընտանիքներից ու իրենց հարազատներից բաժանված: Այս փակուղային իրավիճակը խորհրդանշական է ու շատ տիպական՝ անցած տարին բնութագրելու առումով: Թեև ամբողջ տարվա կտրվածքով Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվում էին և անգամ մրցակցության մեջ էին դրվում մի քանի բանակցային ձևաչափեր, անգամ խոսք էր գնում մինչև տարեվերջ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին, բայց իրականությունն ամբողջությամբ այլ է: Ամեն դեպքում, փորձենք ամփոփել տարվա կտրվածքով իրադարձությունների ընթացքը և հասկանալ, թե ինչու է իրավիճակը կրկին փակուղային:
Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան
2022 թ. փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր լարված իրավիճակ է ստեղծվել նաև Հարավային Կովկասում: Ադրբեջանը 2022 թ. մեկնարկից ի վեր շարունակում է տարբեր միջոցներով ճնշումներ գործադրել Արցախի հայության նկատմամբ՝ ցանկանալով հասնել տեղում վերահսկողության հաստատմանը, ինչի միջոցով հետագայում կկարողանա ազատվել այնտեղ ապրող հայերից և այդպիսով «լուծել» Արցախի հարցը:
2022 թվականի մարտի 8-ից Ադրբեջանը խափանեց Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող միակ գազատարի աշխատանքը, որի հետևանքով Արցախի ամբողջ բնակչությունը ցուրտ պայմաններում քսան օր շարունակ զրկվեց գազամատակարարումից։ Փաստացի, գազատարը դիտավորյալ պայթեցվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հետագայում ադրբեջանական կողմը հայտարարեց, թե ինքը կվերանորոգի գազատարը, որի հետևանքով էլ սկսեց լիակատար վերահսկողություն սահմանել Հայաստանից դեպի Արցախ մտնող գազատարի նկատմամբ՝ դա օգտագործելով որպես ճնշման գործիք Արցախի բնակիչների դեմ: Պատահական չէ, որ դեկտեմբերին Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ադրբեջանը նաև մի քանի օրով զրկեց Արցախը գազամատակարարումից: Բայց Բաքվի քաղաքականությունը չի սահմանափակվում Արցախի դեմ գազի «փականի» օգտագործմամբ: Ադրբեջանը պարբերաբար դիմում է նաև զենքի ուժին:
Այս տարվա մարտին, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի ստորագրումից հետո առաջին անգամ, Ադրբեջանը ականանետեր կիրառեց և գնդակոծեց ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը, որի հետևանքով վիրավորվեց խաղաղ բնակիչ: Մարտի 24-ից հետո Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ կիրառեց «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքեր: Արցախի ՊԲ-ն մարտի 25–ին հայտնեց, որ Փառուխն ու հարակից դիրքերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ–ն ունեցավ 14 վիրավոր և 3 զոհ՝ կիրառված ԱԹՍ-ների հարվածից: ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ կրակը դադարեցվեց, բայց ադրբեջանցիները այդպես էլ չվերադարձան ելման դիրքեր: Այս ամենը նաև ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարության անփութության հետևանք էր, քանի որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտել էր նախապես ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց որևէ պատասխանատվություն դրա համար չկրեց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն էլ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հանդես եկան հասցեական հայտարարություններով։ ԱՄՆ–ն մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժի կապակցությամբ և որակել այն որպես «անպատասխանատու և սադրիչ»։ Ֆրանսիան մտահոգություն էր հայտնել ադրբեջանական զորքերի առաջխաղացման կապակցությամբ և կոչ արել Բաքվին վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դիրքեր: Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որում Բաքվին մեղադրել էր նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանները խախտելու մեջ և կոչ արել ադրբեջանական զորքերին վերադառնալ ելման դիրքեր: Կարևոր էր, իհարկե, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև աննախադեպ առճակատման համատեքստում Մինսկի խմբի համանախագահ երկրները նմանատիպ դիրքորոշումներ հնչեցրին ղարաբաղյան հարցում։ Այնուամենայնիվ, նման հայտարարությունները բավարար չեղան Ադրբեջանի հետագա ռազմական ոտնձգությունները կասեցնելու համար։
Չնվազող լարվածության պայմաններում ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ «նշաձող իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում», որի դիմաց միջազգային հանրությունը, իր խոսքերով, խոստանում էր «աննախադեպ կոնսոլիդացիա» Արցախի և ՀՀ–ի շուրջ: Այս հայտարարությունը բացասաբար ընդունվեց Արցախում և ընկալվեց որպես հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից՝ անորոշ «իրավունքներ և անվտանգություն» թեզի դիմաց: Սա սխալ հաշվարկ էր, քանի որ փաստացի ստացվում է, որ Երևանն ընդունում է Բաքվի՝ ռազմական ճանապարհով հարցեր լուծելու գործելաոճը՝ հրաժարվելով երեսուն տարվա բանակցային ժառանգությունից, որտեղ, բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ, ամրագրված երեք հիմնարար սկզբունքներից մեկն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է եղել, ինչպես նաև դրա ճանաչումը միջազգային հանրության ու Ադրբեջանի կողմից: Այս իրավունքից հրաժարումը ոչ միայն չնվազեցրեց լարվածությունն Արցախի շուրջ, այլև մեծացրեց ՀՀ-ի դեմ ագրեսիայի կիրառման շանսերը: Բաքուն հասկացավ, որ ռազմական ճանապարհով կարող է գնալ ամեն անգամ, երբ բանակցային իրավիճակը չարտահայտի իր ծավալապաշտական նկրտումները:
Արցախի դեմ Ադրբեջանը նոր ոտնձգությունների գնաց օգոստոսի սկզբին, որի հետևանքով Արցախի ՊԲ–ն ունեցավ երկու զոհ: Ի հակադրություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Ադրբեջանը զենքի ուժով փոխեց Լաչինի միջանցքի երթուղին նախատեսվածից շատ ավելի վաղ, որի հետևանքով հաշված օրերի ընթացքում դատարկվեցին Լաչինի շրջանի Սոս և Աղավնո գյուղերը: Ալիևն այնտեղ ապրող հայերին անվանեց «ռազմական հանցագործներ»՝ կոչ անելով արագորեն դուրս գալ իրենց բնակավայրերից: Սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպիսի իրավունքներ և անվտանգություն կարող է «ապահովել» Ադրբեջանը Արցախի հայերի համար:
Հայաստան և Ադրբեջան
2022 թվականը նշանավորվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև արևմտյան միջնորդական ձևաչափերի ակտիվացմամբ: Թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը ջանքեր էին գործադրում երկու երկրների ղեկավարների, ԱԳՆ նախարարների և այլ պաշտոնյաների միջև հանդիպումների կազմակերպման և արդյունքների ձեռքբերման ուղղությամբ: Տարեսկզբից Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց «Խաղաղության պայմանագրի» կնքման «հինգ սկզբունքների» թեզը, ինչը հայկական կողմը համարեց «ընդունելի, բայց ոչ լիարժեք»: Չնայած հանդիպումների հաճախականությանը՝ Ադրբեջանը, ցավոք, սեպտեմբերին գնաց ՀՀ–ի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ և՛ տարածքային, և՛ մարդկային մեծ կորուստներ: Սեպտեմբերի 13-ից մինչև 15-ը տևած ինտենսիվ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ 200-ից ավել զոհ: Ադրբեջանական կողմը թաքցրեց իր զոհերի իրական թիվը: Այս ագրեսիան աչքի ընկավ նաև նոր դաժանություններով, ընդհուպ մինչև ադրբեջանցիների կողմից հայ զինծառայող կանանց անդամահատման կադրերի հրապարակմամբ և հայ գերիների գնդակահարության նոր տեսանյութերով:
Սա նոր սեպ խրեց Հայաստան–Ադրբեջան ընթացող՝ առանց այն էլ խրթին բանակցություններում: Կողմերն արդեն հոկտեմբերի սկզբին հանդիպեցին Պրահայում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»,– նշված էր պաշտոնական հաղորդագրությունում:
Այս հանդիպման կարևոր ձեռքբերումներից էր ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումը ՀՀ–Ադրբեջան սահմաններին մոնիթորինգ անցկացնելու նպատակով: Սա թեև ոչ հիմնավոր, բայց գոնե ժամանակավոր զսպան գործիք էր Ադրբեջանի դեմ: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման դրույթին, ապա Բաքուն սկսեց դա օգտագործել խիստ միակողմանի, ինչը պաշտոնական Երևանի կողմից անհրաժեշտ պատասխանի մինչ օրս չի արժանացել: Հետագայում Բաքուն արդեն հրաժարվեց այս ձևաչափով նոր հանդիպումից՝ մեղադրելով Ֆրանսիային կողմնակալ լինելու մեջ: Դեկտեմբերի վերջին էլ Երևանը ԱԳՆ նախարար Միրզոյանի մակարդակով հրաժարվեց Մոսկվայի միջնորդությամբ հանդիպումից և բանակցություններից «Խաղաղության պայմանագրի» շուրջ՝ նշելով, որ հրատապ է Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդիրը:
Ադրբեջանի ղեկավար Ալիևը տարին ամփոփեց Հայաստանի դեմ նոր տարածքային հավակնություններ ներկայացնող ելույթներով: Նոր թափով շրջանառության մեջ դրվեց «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որով Ադրբեջանը «իր պատմական հողն է համարում» ներկայիս ՀՀ տարածքն ամբողջությամբ: Ալիևը հանձնարարականներ տվեց՝ մշակել և նոր քարոզչական հարձակման անցնել «Արևմտյան Ադրբեջան մեծ վերադարձի» հայեցակարգով: Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Ադրբեջանի քայլերը առաջիկայում միտված են լինելու մեծացնել ռազմական էսկալացիայի վտանգը: Այդ համատեքստում պատահական չէ նաև, որ Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) հետազոտական կազմակերպությունը հունվարի 1-ին հրապարակած զեկույցում առանձնացրել է տաս հակամարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2023-ին։ Տասը հակամարտությունների մեջ Ուկրաինայից հետո երկրորդ տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանն է: Նման բացասական կանխատեսման պատճառները մի քանիսն են՝
- Բաքվի առավելապաշտական նկրտումները;
- ՀՀ իշխանությունների կողմից ժամանակի սխալ և ոչ նպատակային օգտագործումը, պետության համար կենսական հարցերում (օրինակ՝ Արցախի հիմնահարցը) դիրքորոշումների ոչ հստակ և փոփոխական բնույթը;
- Միջազգային դերակատարների շրջանում «Խաղաղության պայմանագիր» անվանումը կրող փաստաթղթի ստորագրման դեպքում երաշխավորների բացակայությունը: Այսօր որևէ գերտերություն հանձն չի առնում երաշխավորելու, որ կարող է զսպել և կանխել Բաքվի ագրեսիան, անգամ ՀՀ–ի կողմից նոր զիջումների դեպքում: Դա իրավիճակը դարձնում է փակուղային:
Այս պայմաններում ՀՀ–ի և Արցախի իշխանություններին ոչինչ չի մնում, քան սկսել համառորեն աշխատել և նախապատրաստել հանրություններին դիմադրության, դադարեցնել ստերի և պատրանքների քարոզը, հստակ և ազնիվ խոսակցություն ունենալ ՀՀ–ում ու Արցախում ապրող հայերի հետ՝ տալով նրանց անհրաժեշտ գործիքակազմ և միջոցներ սեփական անվտանգության, ինքնիշխանության պաշտպանության համար: Ադրբեջանին կարող է զսպել միայն մի բան՝ երբ հասկանա, որ ՀՀ–ի դեմ պատերազմը չի մարսելու, քանի որ ՀՀ–ում բոլորը միահամուռ են սեփական ինքնիշխանության պաշտպանության հարցում: Կազմակերպված աշխատանքը միջազգային, ռազմական, տեղեկատվական, հոգեբանական և այլ հարթակներում չի կարող մնալ անարդյունք: Դա, թերևս, միակ իրական գործիքն է Բաքվին զսպելու և բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:
Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ
Երևան