Ս.թ. հունվարի 20-ին Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմական բազայում կայացած արդեն թվով ութերորդ Ռամշթայնյան համաժողովը որոշում է ընդունել լիակատար հաղթանակի համար (այն է՝ միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքի ազատագրում, Ղրիմն ու Դոնբասը ներառյալ) Ուկրաինային հատկացնել թվով ու որակական հատկանիշներով աննախադեպ ռազմական օգնություն։ Բաց աղբյուրներից ստացած տեղեկությունները, բնականաբար, ոչ լիովին են երևակում պայմանավորվածությունների ծավալն ու էությունը, ավելին՝ ժամանակ է պետք դրանք իմաստավորելու համար։
Սակայն, ծանոթանալով «Ռամշթայնյան կոալիցիայի» գլխավոր ռազմական տերությունների հայտարարություններին և հատկացվող ռազմական տեխնիկայի ցուցակին՝ դժվար չէ եզրակացնել, որ խոսքը գնում է փետրվար-մարտին ուկրաինական զինված ուժերի հարվածային-գրոհային բռունցքի ձևավորման մասին, որն ունակ կլինի հիմնովին «փոխել խաղը» ռազմաճակատում, քանի որ տրամադրվելու է շուրջ հազար տարատեսակ զրահատեխնիկա (և դա առայժմ առանց խոստացված «Լեոպարդ» և «Աբրամս» տանկերի) և միլիոնի չափ զինամթերք։ Մյուս կողմից, ռուսաստանյան խմբավորման հրամանատարի պաշտոնում ՌԴ գլխավոր շտաբի պետի նշանակումն ապրիորի բարձրացնում է «պատերազմի կարգավիճակն» արդեն բուն ռուսաստանյան տերությունում, ու նման նշանակումն առանց հավակնոտ նպատակների անիմաստ կլիներ։ Հետևաբար, երկու կողմերն էլ ձմեռային-գարնանային արշավ են նախապատրաստում, ինչն էլ կարող է վճռորոշ փուլ դառնալ այս պատերազմում։
Ինչու՞ մեզնից բավականին հեռավորության վրա գտնվող այս զարգացումների մասին պետք է իմանա հայ ընթերցողը։ Որովհետև Ուկրաինան ներկայումս միջազգային քաղաքականության էպիկենտրոնում է, որտեղի զարգացումները կանխորոշելու են ապագա աշխարհակարգը։ Այսպիսով, այնտեղի զարգացումները մեծապես կանխորոշելու են իրավիճակը նաև հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ իներցիայով շատ բան դեռևս խարսխված է ռուսատանյան գործոնին։
Մեր նոր թողարկումը նվիրել ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շուրջ զարգացումներին, Երևանից և Կիևից մեկական փորձագետի հնարավորություն տալով ներկայացնել առկա զարգացումների իրենց վերլուծությունն ու տեսլականը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն