Անցած 2022 թվականը Հայաստանի համար ևս մեկ հետպատերազմյան տարի էր, որն այդպես էլ չմոտեցրեց տարածաշրջանում երկարաժամկետ և համապարփակ խաղաղություն կնքելը։ Սակայն դա աշխարհը փոխած, անճանաչելիորեն փոխած տարի էր, և դրա գլխավոր իրադարձությունը եղավ և առայսօր մնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած և վարվող լայնամասշտաբ պատերազմը։
Ռուսաստանի ագրեսիան, որ սկսվեց 2022 թվականի փետրվարի 24-ին, դարձավ Պուտինի ռեժիմի քաղաքականության օրինաչափ փուլ։ Այդ քաղաքականության մեկնարկը տրվել էր 2007 թվականի փետրվարի 10-ի՝ նրա մյունխենյան ճառով։ Դրանից մեկուկես տարի հետո Վրաստան ներխուժումը չհանգեցրեց Արևմուտքի որևէ բացասական հետևանքի, նույնիսկ ծնունդ տվեց «հասկանալ Պուտինին» ինքնաոչնչացնող փորձին, սակայն 2022 թվականի իրադարձություններին արձագանքը դրա ուղիղ հակադարձն էր։
Թվում է, թե պատմությունը սովորեցնում է, որ… ոչ մեկին ոչինչ չի սովորեցնում։ Սակայն Ազատ աշխարհն իրեն պահեց բոլորովին այլ կերպ, քան 2008-ին, 2014-ին, անգամ՝ անցյալ դարի 30-ական թվականներին։ Եվ 2022 թվականի քաղաքական գործիչների ելույթներում հարևանների նկատմամբ հիտլերյան Գերմանիայի և պուտինյան Ռուսաստանի վարքերի զուգահեռներ էին ընդգծվում։ Միևնույն ժամանակ, կրեմլաբնակների նման վարքի հենց միայն հնարավորությամբ քաղաքակիրթ աշխարհը հատուցում է իր պատրանքների և մոլորությունների, ծուլության և կարճատեսության, սեփական արժեքների անտեսման և պարզապես ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում թույլ տված սխալների համար:
2022-ը դարձավ հին, հետխորհրդային աշխարհակարգի փլուզման և նորի՝ հետռուսաստանյանի ձևավորման սկզբնավորման տարի։ Եվ պարզ դարձավ, որ 1945-ից հետո ստեղծված և Եվրոպայում ու աշխարհում նոր պատերազմները կանխելու համար կոչված միջազգային հաստատությունները՝ ՄԱԿ-ը և նրա կառույցները, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի Խորհուրդը և այլն, չեն կարողանում համարժեք արձագանքել ծագող մարտահրավերներին։ Ի տարբերություն նրանց, թեպետ շատ ուշացումով, համարժեք արձագանքեցին Ազատ աշխարհի առաջնորդ երկրները, որոնք իրենց վրա վերցրին նոր աշխարհակարգի կերտման լոկոմոտիվի դերը՝ դեռևս Ուկրաինայում պատերազմը սկսելուց առաջ ձեռնարկելով մի շարք կարևոր քայլեր։ 2021 թվականին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 80 տարի հետո ստորագրեցին Ատլանտյան նորացված խարտիան։ Բրիտանական վարչապետի գրասենյակն այդ ժամանակ՝ 2021 թվականի հունիսին, նշեց, որ առաջին խմբագրմամբ խարտիան, որը գծագրում էր Հիտլերի դեմ հաղթանակից հետո նոր աշխարհակարգի վերաբերյալ Վաշինգտոնի և Լոնդոնի նպատակները, «Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մեծագույն հաղթություններից մեկն էր, որը ցանկացած այլ համաձայնագրից ավելին արեց նոր աշխարհակարգի ձևավորման համար, ինչը անմիջականորեն տանում էր ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ստեղծման»։ Ամիսներ անց տեղի ունեցած իրադարձությունները, 2022-ի փետրվարից սկսած, ցույց տվեցին նման մոտեցումների արդիականությունը։
Անդրատլանտյան միության նորացումը, Մեծ յոթնյակի ձևաչափի ամբողջությամբ «քաղաքականացումը», նորագույն տեխնոլոգիական մշակումներ օգտագործելով ՆԱՏՕ-ի բանակի լայնածավալ վերազինման սկիզբը, սրանք բոլոր կարևորագույն արձագանքներն են այն վտանգին, որ իրենցից ներկայացնում են Պուտինի Ռուսաստանն ու պուտինիզմը՝ որպես ամենաագրեսիվ, ռևիզիոնիստական ձևի և աստիճանի կուռումպացված ավտորիտարիզմ, որը հանկարծ զգացել է իր ուժն ու անպատժելիությունը միաժամանակ։
Այդ պատասխանն էլ ստեղծել է 2023-ի նախաշեմի աշխարհի պատկերը, որի կարևորագույն տարրերը հետևյալներն են.
– Արևմուտքը նպատակների, շահերի և արժեքների հիման վրա վերահամախմբվեց, սպառնալիքի առջև դարձավ իրական «կոլեկտիվ Արևմուտք» և ստեղծեց պուտինյան Ռուսաստանի ռազմական, քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, բարոյական պարտությանը միտված Ռամշթայնյան կոալիցիա։
– Մեծ յոթնյակը 2022 թվականի հոկտեմբերի 12-ի պատմական հռչակագրով սահմանեց Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պաշտպանողական/ազատագրական պատերազմի ընդհանուր նպատակները. Ուկրաինայի հաղթանակը՝ նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի ազատագրման ձևով, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը, այդ թվում այն ռազմատուգանքների հաշվին, որ կվճարի Ռուսաստանը, Պուտինի գլխավորած Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարությունը՝ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար։
– Ռուսաստանը հայտնվեց պատմականորեն աննախադեպ միջազգային մեկուսացման մեջ՝ նմանատիպ պատմական աննախադեպ միջազգային պատժամիջոցների ուղեկցությամբ՝ անհուսորեն դատապարտված լինելով սպառելու այն, ինչ կուտակել էր 2001-ից հետո եղած «պարարտ» տարիներին։ Ռուսաստանը և նրա ղեկավարությունը վտարյալ են և բարոյա – քաղաքական սնանկ։
– Տեղի է ունենում ածխաջրածնային էներգետիկայի նշանակության անկման, գլոբալ էներգետիկ հեղափոխության կտրուկ արագացում (այդ թվում՝ նաև իբրև կլիմայական օրակարգի կարևորագույն մաս), ինչն օբյեկտիվորեն նվազեցնում է ավտորիտարիզմի, մարդու իրավունքների զանգվածային խախտումների և համակարգային հակաժողովրդավարականության պատվար «նավթապետությունների» քաղաքական կշիռը։
– Մեկնարկել է հետխորհրդային տարածքի անշրջելի ձևափոխության գործընթացը՝ կապված Ռուսաստանի քաղաքական կշռի կտրուկ անկման հետ, ինչը անխուսափելիորեն հանգեցրել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի նման կազմակերպությունների թուլացման և անիմաստ դառնալուն։ Եվ դա չէր կարող չանդրադառնալ նաև մեր տարածաշրջանի, Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։
Ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի՝ «ավանդական» դարձած անդրադարձային քաղաքականությունը վերածվում է և՛ պետության, և՛ քաղաքացիների համար գոյութենական բնույթի սպառնալիքների ակունքի և միաժամանակ ֆոնի, այն դեպքում, երբ փոփոխվող աշխարհը թելադրում է «սպիտակներով խաղալու» անհրաժեշտությունը, որի հիմքում կարող են լինել բացառապես հայկական ժողովրդավարության շահերը։ Հայաստանը, նրա քաղաքական դասը կանգնած են քաղաքականության նպատակների և դրանց հասնելու գործիքների, այդ ճանապարհին բարեկամներին/հակառակորդներին վերաբերող հաշվարկների ողջ փիլիսոփայության և չափանիշների արագ վերաիմաստավորման պարտադրանքի առջև։ Քանզի բոլոր նախկին հայեցակետերը, սկսած 44-օրյա պատերազմից, արդեն փլատակների տակ են, և այդ աշխատանքը Հայաստանի փոխարեն ոչ մեկը չի անելու։
Ձևավորված իրավիճակը Հայաստանին կանգնեցրել է որպես պետություն գոյություն ունենալու ուղիղ սպառնալիքի առջև, և 2023 թվականն արդեն իսկ դարձել է հանուն պետականության և ինքնիշխանության պայքարի և դրանց կտրուկ պաշտպանության տարի։ Իսկ պայքարի ելքը կախված կլինի երկրի ղեկավարության քայլերից և հասարակության դիրքորոշումից։ Ուկրաինայի պատերազմի բոցերում ծնվող նոր՝ հետռուսաստանյան աշխարհակարգը փոխում է նաև մեր տարածաշրջանը, այն տանելով դեպի հետռուսաստանյան կառուցակարգ։ Պատրա՞ստ է Հայաստանը նման փոփոխությունների։ Ներկա պահի «ստոպ-կադրում», իշխող թիմի, փորձագիտական հանրության գնահատականների առումով, ակնհայտ է ըմբռնումն այն բանի, որ փոփոխություններ են տեղի ունենում, ընդ որում՝ օրինաչափորեն և անվերադարձ, և Հայաստանը պետք է գործի այդ փոփոխություններին համարժեք։
Հայաստանը, ըստ երևույթին, առաջիկա ժամանակաշրջանում (շաբաթներին) պետք է անի երեք հիմնական և մի քանի զուգահեռ քայլեր.
– Առաջին քայլը` ամերիկյան հարթակում, Ազատ աշխարհի առաջնորդ երկրում խաղաղ համաձայնագրի ստորագրում Ադրբեջանի հետ (մի տեսակ «հարավկովկասյան Քեմպ-Դևիդ»)՝ այն դրույթների հիման վրա, որոնց մասին արդեն հայտարարել է վարչապետը. 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիր, ՄԱԿ-ի կանոնադրություն, տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչում, հավելելով ամերիկյան երաշխիքները՝ ողջ տարածաշրջանի ընդգրկմամբ։ Իսկ Արցախի հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցը փոխադրել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի՝ միջազգային, առաջին հերթին ԱՄՆ-ի հովանու ներքո, ներգրավելով միջազգային ձևաչափեր։
– Երկրորդ քայլը, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից առավելագույն հեռարկվելու նշանակալի քայլերի համալիրը. առաջին հերթին՝ հայտարարել ՀԱՊԿ-ի, պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների սառեցման մասին, ցամաքային զորքերի և ՀՕՊ-ի՝ երբեք չգործած, այսպես կոչվող, «համատեղ խմբավորման» դե յուրե կազմացրում, Սիրիայից հումանիտար զորակազմի դուրս բերում, Ուկրաինայի հետ հարաբերությունների ռեստարտ, Բրյուսելի հետ բանակցությունների վերսկսում՝ ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, որից Հայաստանը ՌԴ-ի ուղղակի ճնշմամբ հրաժարվել է 2013 թվականին և այլն։
– Երրորդ քայլը՝ Հայաստանում ռուսաստանամետ «հինգերորդ շարասյան», առաջին հերթին՝ դրա ֆինանսական և մեդիառեսուրսների կառուցվածքային-օրենսդրական չեզոքացում։ Դրա համար կարիք չկա «հեծանիվ հորինել», կա ուկրաինական նախադեպը՝ Մեդվեդչուկի «գործը», որը հարկ է հարմարեցնել Հայաստանի խնդիրներին և իրողություններին։ Ինչպես և Ուկրաինայում՝ Հայաստանի պետականության պաշտպանությանն ուղղված օրենքները չեն արժանանա Վենետիկի հանձնաժողովի առարկությանը, քանի որ ցանկացած ժողովրդավարության առաջնահերթ խնդիրը ինքնին պաշտպանությունն է հակառակորդներից։
Ուղեկցող քայլերից, որոնք հարկ է անել երեք հիմնականներին զուգահեռ՝ Վաշինգտոնի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Դելիի և այլ երկրների ու ՆԱՏՕ-ի (որոնց հետ արդեն իսկ արձանագրված են նպատակների, շահերի և արժեքների ընդհանրություններ) հետ խորհրդատվությունների արդյունավետացում՝ հանգելով տնտեսական, տեխնոլոգիական, պաշտպանական և ռազմատեխնիկական, ներդրումային և անվտանգության ոլորտների համագործակցության շուրջ համաձայնության։ Միաժամանակ, վաղվա դաշնակցի՝ ժողովրդավարական Վրաստանի հետ քննարկելով եռակողմ ձևաչափերի հնարավորությունը։
Սա քաղաքական ճաշակի, նախասիրությունների կամ կանխակալությունների հարց չէ։ Սա հայկական պետականության և հայ ազգի կենաց ու մահվան հարց է, և սա չափազանցություն չէ։ Մենք կա՛մ անում ենք այդ քայլերը, կա՛մ էլ շուտով կստանանք նոր պատերազմ, որում մենք չունենք և չենք ունենալու դաշնակիցներ, բայց կունենանք հակառակորդներ, և դա միայն Ադրբեջանը չէ։ Իսկ երրորդ տարբերակ չկա և չի լինի։
Շնորհավոր 2023 թվական, տարի, որը, հնարավոր է, կնախանշի մեր պատմության հետագա ընթացքը։ Խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր է, և դա «ռուսական աշխարհը» չէ։ Խաղաղությունը հնարավոր է ոչ թե Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանի շնորհիվ, կամ Ռուսաստանի միջնորդությամբ, այլ ընդհակառակը՝ առանց Ռուսաստանի, ի հեճուկս Ռուսաստանի և քաղաքականապես Ռուսաստանի շահերի հաշվին։ Այն շահերի, որոնք մշակվում են կրեմլյան կաբինետներում։ Եվ Հայաստանը հաստատ կընտրի հնարավորություններով հագեցած ռիսկերը, որոնց այլընտրանքը դանդաղ մահն է՝ հանցագործությունների մեջ թաղված, դեգրադացվող պուտինյան Ռուսաստանի հետ։ Աստված մեզ օգնական։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքագետ
Երևան