Մարտի 10-ին Պեկինում Իրանի, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի ներկայացուցիչները եռակողմ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Հայտարարությունը ստորագրել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մուսաադ բին Մոհամմադ ալ Աիբանը և Չինաստանի պետական խորհրդի անդամ Վան Ին:
Այս համաձայնությունը կյանքի կոչելու համար կողմերը նախատեսում են երկու ամսվա ընթացքում վերաբացել դեսպանությունները Թեհրանում և Էր Ռիադում, ինչպես նաև հյուպատոսությունները Մաշհադում և Ջիդդայում։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Իրանի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար: Մինչև այդ նախարարները հասցրել են հեռախոսազրույց ունենալ։ Հարաբերությունները դեռ վերջնական չկարգավորած՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին արդեն պաշտոնական այցով իր երկիր է հրավիրել:
Նախապատմությունը
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2016 թվականին, այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին շիա հոգևորականի, իսկ ի նշան բողոքի՝ Թեհրանում և Մաշհադում մի խումբ ցուցարարներ հարձակվեցին Էր Ռիադի դեսպանատան ու հյուպատոսարանի վրա: Այս իրադարձություններն իրականում գումարվեցին երկու երկրների միջև արդեն իսկ կուտակված լարվածությանը, որը սրվել էր Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հակամարտային տարբեր օջախներում կողմերի հակադիր դիրքավորումների պատճառով, մասնավորապես․
- Եմենում Իրանն աջակցում է(ր) ապստամբ հութիներին, Սաուդյան Արաբիան ու նրա գլխավորած կոալիցիան՝ կենտրոնական կառավարությանը: Կոալիցիան հարվածներ էր հասցնում հութիներին, վերջիններս էլ թիրախավորում էին Սաուդյան Արաբիայի տարածքն ու, մասնավորապես, ռազմավարական ենթակառուցվածքները:
- Սիրիայում Թեհրանն աջակցում է(ր) Բաշար Ասադի իշխանությանը, Սաուդյան Արաբիան աջակցում էր ընդդիմադիր զինված խմբավորումներին, որոնց Սիրիայում ու Իրանում ահաբեկչական են համարում:
- Լիբանանում Սաուդյան Արաբիան աջակցում էր Իրանի հովանավորյալ «Հեզբոլլահի» հակադիր ուժերին։
Հարաբերությունների խզմանը հաջորդած տարիները ուղեկցվեցին լարվածության ուժգնացմամբ, որը հատկապես արտահայտվում էր Եմենում պատերազմի թեժացմամբ: Էր Ռիադը Իրանին մեղադրում էր հութիներին զինելու, հրթիռներ ու ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ։ Դրանցով հութիները հարձակվում էին Սաուդյան Արաբիայի վրա: Սաուդյան Արաբիան այդ հարցն անգամ ՄԱԿ-ում էր բարձրացնում ու մեծ աջակցություն ստանում գործընկեր ԱՄՆ-ից, այդ թվում՝ քարոզչական դաշտում:
Գլոբալ առումով Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունն ունի ավելի խորը պատմական արմատներ։ Երկրները մրցակցում են իսլամական աշխարհում առաջնորդության դերի համար: Մրցակցային մյուս ոլորտներից է նաև նավթի արտահանումը:
Սաուդյան Արաբիան նաև Իրանում անջատողականություն հրահրող հիմնական երկրներից է: Էր Ռիադը հատկապես առաջատար է Իրանի Խուզիսթան (հիմնականում բնակեցված է արաբներով) և Սիսթան ու Բելուջիստան նահանգներում անջատողականության ֆինանսավորմամբ: Թեհրանի պնդմամբ՝ հենց Սաուդյան Արաբիան է ֆինանսավորում Iran International պարսկալեզու լրատվամիջոցը, որը գործում է ընդդեմ Իրանի իշխանությունների:
Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ հարաբերությունների խզումից հետո Իրանն ու Սաուդյան Արաբիան նաև հայտարարել են այդ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարությունները հատկապես ակտիվացել են 2019 թվականից: Իսկ արդեն 2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Բաղդադի միջնորդությամբ կողմերը սկսել են բանակցել:
Շուրջ երկու տարվա ընթացքում բանակցություններն ընթանում էին որոշակի դադարներով՝ պայմանավորված հիմնականում Իրանում նախագահական ընտրություններով, խոշորամասշտաբ ցույցերով: Ընդհանուր առմամբ, 2021-ի ապրիլից մինչև 2023-ի մարտ բանակցային 5 փուլ անցկացվեց Իրաքում, 3 փուլ՝ Օմանում: Չինաստանի միջնորդությամբ բանակցությունները սկսվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ փետրվարի կեսին Չինաստան կատարած այցից հետո: Մինչև այդ Սաուդյան Արաբիա էր այցելել Չինաստանի նախագահը: Երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ էլ համաձայնացվել էր նաև չինական միջնորդությունը:
Համաձայնության մեկնաբանումն Իրանում
Իրանում համաձայնությունը խիստ դրական է ընդունվել։ Այն որակվել է որպես պատմական և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված կարևոր քայլ: Թեհրանում հատկապես ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը որևէ ազդեցություն չի ունեցել այս գործընթացի վրա, և միջնորդությունը կայացել է բացառապես ասիական երկրների կողմից:
«Արևմտյան Ասիայի անվտանգությունն ու տնտեսությունը կառուցում են Արևմտյան Ասիայի երկրներն ու ժողովուրդները՝ առանց արտաքին միջամտության»,- համաձայնությունը մեկնաբանելիս հայտարարել էր Իրանի կառավարության խոսնակը:
Միաժամանակ, քանի որ Սաուդյան Արաբիան արաբական այն երկրներից է, որը դեռ չի կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները, Իրանում այդ հանգամանքն ընկալում են որպես Իսրայելի դեմ դաշնակցելու հնարավորություն:
Ընդհանուր առմամբ, իրանցի պաշտոնյաների ու փորձագետների գնահատականներում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը ներկայացվել է որպես․
- Երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացման մեկնակետ,
- Տարածաշրջանում և առհասարակ իսլամական աշխարհում խաղաղության ու կայունության ամրապնդում,
- Իրանին մեկուսացնելու «արևմտյան-իսրայելական ծրագրի» ձախողում և տարածաշրջանում Իրանի դիվանագիտական մանևրի հնարավորության աճ,
- Տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի դիրքերի թուլացում, և Իսրայելի դեմ համատեղ պայքարի հնարավորություն,
- Նպաստ՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։
Որպես հարաբերությունների կարգավորման արդյունք՝ իրանական կողմը ընդհուպ մատնանշում է նաև նավթի ոլորտում համագործակցության հնարավորությունը:
«Իրանն ու Սաուդյան Արաբիան ՌԴ-ի հետ միասին կարող են համագործակցել OPEK+-ում նավթի գների կարգավորման, գնումների ու վաճառքի շուրջ»,- համոզմունք էր հայտնել իրանցի նախկին դիվանագետ Մոհսեն Փաքայինը։ OPEK+-ում երկու երկրների սերտ համագործակցության մասին հայտնել է նաև Իրանի նավթի նախարարը, որը նաև նշել է որ արդեն առաջարկներ են արվել հանքավայրերի համատեղ շահագործման հարցի շուրջ։
Որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավոր արդյունք ներկայացվում է նաև Եմենում պատերազմի դադարեցումը։ Ակնհայտ է, որ Թեհրանն էլ, Էր Ռիադն էլ շահագրգռված են դրանում, ընդ որում՝ եթե անգամ պատերազմը չդադարի, ապա այն կարող է ավելի տեղային բնույթ ստանալ՝ ավելի քիչ դերակատարների մասնակցությամբ։
Համաձայնության նշանակությունն ու հետևանքները
Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերականգնումը հարկ է ուշադրության առնել տարածաշրջանային այլ գործընթացների համատեքստում ևս՝ նկատելով, որ Թեհրան-Էր Ռիադ կարգավորումը տարածաշրջանում թե՛ հարաբերությունների կարգավորման արդեն իսկ սկսված գործընթացների շարունակություն էր, և թե՛ նոր մեկնակետ։ Դեռևս նախորդ տարի Իրանի հետ հարաբերությունների ջերմացման ուղղությամբ էին շարժվել նաև ԱՄԷ-ն ու Քուվեյթը, որոնք 6 տարվա ընդմիջումից հետո դեսպան էին նշանակել Թեհրանում։ Այս երկրները ևս Իրանի հետ հարաբերությունների մակարդակը նվազեցրել էին 2016-ին։ Այժմ լուրեր են շրջանառվում նաև, որ Բահրեյնն ու Սուդանը ևս փորձում են վերականգնել Իրանի հետ հարաբերությունները, որոնք ևս խզվել էին 2016-ին։
Զուգահեռաբար տեղի է ունենում Իրանի դաշնակից Սիրիայի և արաբական երկրների սառը հարաբերությունների «հալոցք»։ Հարաբերությունների կարգավորման ու դեսպանատների բացման մասին են արդեն հայտնել Սաուդյան Արաբիան ու Սիրիան։ ԱՄԷ-Սիրիա կարգավորման գործընթացն արդեն ավելի մեծ արդյունքներ է գրանցել․ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է ԱՄԷ։ Թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ ԱՄԷ-ն արաբական այն երկրներից էին, որոնք սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում Ասադի իշխանության դեմ են գործել։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ տարածաշրջանում տեղի են ունենում վերադասավորումներ, և երբեմնի երդվյալ թշնամիները շարժվում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ըստ էության, Իրանը հարաբերություններ է կարգավորել տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր գործընկերներից մեկի հետ, որը Վաշինգտոնի կողմից դիտարկվում էր նաև որպես հակաիրանական դաշինքի անդամ։ Իրանի համար սա նաև պատժամիջոցների պայմաններում իր գործընկերների շրջանակն ընդլայնելու և պատժամիջոցների հետևանքները նվազեցնելու հարցում մանևրելու հնարավորություն է։
Հատկապես միջուկային բանակցությունների սառեցված լինելու և Իրանի դեմ ռազմական գործողությունների վտանգի պայմաններում Թեհրանի համար կարևոր է տարածաշրջանային երկրների միջև անվտանգային ու գործընկերային մթնոլորտի հաստատումն ու սպառնալիքների նվազեցումը։ Սա նաև նպաստում է տարածաշրջանում Իրանի կշռի ու դերակատարման մեծացմանը, քանի որ, մեծ հաշվով, ավելի շուտ արաբական երկրներն են փոխել իրենց դիրքորոշումը, ոչ թե Իրանը։ Այս կերպ տարածաշրջանում իր հարևան երկրներից Իրանի համար այս պահին խնդրահարույց են միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Բաքուն այս պահին վերածվել է լիարժեք հակաիրանական հարթակի։
Իսկ Հայաստանի համար տարածաշրջանում Թեհրանի դերակատարման ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանին ու Թուրքիային հակազդելու հարցում։ Տարածաշրջանում ուժեղ դիրքեր ունեցող Իրանը կարող է աջակից լինել Հայաստանին, հատկապես այն պայմաններում, երբ կան համընկնող շահեր։ Սա են վկայում նաև վերջին օրերին սահմանին էսկալացիայի հավանականության բարձր լինելու լուրերի ֆոնին Իրանից ամենատարբեր մակարդակներով հնչող նախազգուշացումները ու կարմիր գծերի մասին հիշեցումները։ Իրանն արդեն կարող է նաև դարպաս լինել արաբական աշխարհի հետ Հայաստանի «ցամաքային» հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան