Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի 2022 թ. արդյունքներով զեկույցի՝ Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում։ Դա տեղի է ունեցել Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018-2020 թթ. այդ ցուցանիշի բարելավումից հետո՝ ընդհուպ մինչև 49 կետ, այնուհետև այս դինամիկան կանգ է առել 2021-ին, իսկ կառավարության կողմից այդ ցուցանիշը բարելավելու և մինչև 55 կետի հասցնելու առաջադրանքից հետո հակառակ գործընթացն է առկա՝ նահանջ ևս 3 կետով, այսինքն՝ ցուցանիշը դարձել է 46։ Եվ սա վատ նորություն է հայաստանյան ժողովրդավարության ու դրա հազարավոր կողմնակիցների համար։
Սա ահազանգ է առ այն, որ ներքին ու արտաքին որոշակի պատճառների բերումով Հայաստանում բարեփոխումների գործընթացը լճացման փուլում է հայտնվել, ինչը համակարգային վերաիմաստավորում է պահանջում, առավել ևս աշխարհակարգի փոփոխման պայմաններում, որը տեղի է ունենում կոռումպացված ավտոկրատիաների դեմ Ազատ աշխարհի հռչակած պայքարի համապատկերում։
Ինչ խոսք, արտաքին համապատկերն ու Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրը, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ չեն այն բարեփոխումների իրականացման համար, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարին։ Բայց «տնային աշխատանքը», որը պետք է կատարվի հռչակված քաղաքական ուղեգծին համահունչ, ակնհայտորեն դժվարությամբ է առաջ գնում՝ դրվագացված, առանց ռազմավարական տեսլականի, «զիգզագներով», և սա հետագայում չի կարող չարտացոլվել միջազգային տարբեր վարկանիշներում։ Հայաստանի նման երկրի համար կոռուպցիան անմիջական սպառնալիք է ազգային անվտանգությանը, ու դրա դեմ պայքարը պետք է դիտարկվի նաև այս տեսանկյունից։
Ո՞րն է հետընթացի պատճառը, ի՞նչը պետք է անհապաղ փոխել՝ այս մասին կարող եք կարդալ մեր հերթական թողարկման նյութերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն