Սույն թվականի մարտին տեղի ունեցան դեպքեր, որոնք շատերի կողմից ընկալվեցին որպես անակնկալ և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև բանակցային գործընթացի սկիզբ։ Եվ, իրոք, նախ՝ նախագահ Իլհամ Ալիևը խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովին նշանակեց պատասխանատու անձ՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններում, այնուհետև մարտի 1-ին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի շտաբում տեղի ունեցավ կողմերի հանդիպումը, իսկ մարտի 13-ին էլ Ադրբեջանն առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Թվում էր, կարելի է խոսել արդեն սկսված երկխոսության ու անգամ որոշակի առաջընթացի մասին։
Մինչդեռ իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ։ Սկսեմ նրանից, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև բանակցություններ գործնականում եղել են հակամարտության բոլոր երեք տասնամյակների ընթացքում։ Դրանք մեծամասամբ գաղտնապահական էին և կապված էին այս կամ այն կոնկրետ խնդրի լուծման հետ։ Բայց, այսպես թե այնպես, եղել են բանակցություններ։ Եվ անգամ 2020 թվականի պատերազմից հետո, ի հեճուկս Իլհամ Ալիևի այն աղմկահարույց հայտարարության, թե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է և փակված՝ քննարկումների համար, կողմերը ոչ հրապարակային փոխկապերի մեջ էին և քննարկում էին հումանիտար տարբեր հարցեր՝ կապված ենթակառուցվածքների ու այլ օրախնդիր հարցերի հետ։ Հենց նման բանակցությունների արդյունքում անցած տարվա ամռանը լուծվեց ժամկետից շուտ Լաչին քաղաքն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու հարցը։ Եվ նույնիսկ ընթացիկ տարում կողմերի առաջին հանդիպումն իրականում ավելի վաղ էր՝ փետրվարի 24-ին, որի ժամանակ էլ ձեռք բերվեց մարտի 1-ի հանդիպման մասին պայմանավորվածությունը։ Ուստի պետք չէ ներկայիս բանակցություններն ու հանդիպումները ներկայացնել որպես անակնկալ։
Մյուս կողմից էլ՝ ինքնին բանակցությունների փաստի մասին կողմերի պատկերացումները տարբեր են։ Մարտի 1-ի հանդիպման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահների ներկայությամբ կողմերը քննարկել են կոնկրետ հարցերի լուծումները՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման ու գազամատակարարման վերականգնում, հանքերի ապագան և, իհարկե, Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Սակայն հանդիպման ժամանակ Ադրբեջանը ղարաբաղյան կողմին վերջնագիր է ներկայացրել՝ դուք համաձայնվում եք ընդունել պաշտոնական Բաքվի առաջարկած ինտեգրման քաղաքականությունը և այդ դեպքում ձեր բոլոր տնտեսական ու սոցիալ-քաղաքական խնդիրները կլուծվեն, կամ էլ, հակառակ դեպքում, ադրբեջանական կողմի դիրքորոշումը ավելի կկոշտանա, իսկ նշված խնդիրներն էլ չեն լուծվի։ Ու չսպասելով Ստեփանակերտի պատասխանին՝ Ադրբեջանի իշխանությունները շտապեցին մարտի 1-ի բանակցությունները ներկայացնել որպես Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրման բանակցային գործընթացի սկիզբ։
Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայերը մերժեցին նման մոտեցումը և ոչ պակաս կոշտ հայտարարություն արեցին անկախությանը միտված իրենց քաղաքականության շարունակման մասին։
Լարվածությունն ավելի աճեց այն բանից հետո, երբ Ադրբեջանն առաջարկեց նոր հանդիպումն անցկացնել Բաքվում։ Իսկ դա տեղի ունեցավ այն ցավալի միջադեպից հետո, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբը մարտի 5-ին հարձակվեց ղարաբաղյան ոստիկանների վրա, և Իլհամ Ալիևի այն հայտարարություների համապատկերում, ըստ որոնց ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է, և որ Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային օրակարգից դուրս է թողնված։ Իսկ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ազգաբնակչության իրավունքների ու անվտանգության հարցն էլ բացառապես Բաքվի ներքին գործն է և լուծվելու է Ադրբեջանի սահմանադրության ու օրենքներին համապատասխան՝ առանց առանձնակի արտոնությունների։ Նաև Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության քննարկման միտված միջազգային որևէ մեխանիզմի ստեղծման առաջարկը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը։ Իսկ վերջում էլ՝ արդեն ավանդական դարձած մեղադրանքներ Հայաստանին, որը, ըստ Բաքվի, պետք է հրաժարվի տարածքային նկրտումներից, իր զորքերը դուրս բերի և ընդունի խաղաղ պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները, հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով։
Նման մոտեցումն ակնկալվող բացասական արձագանքի արժանացավ Լեռնային Ղարաբաղում, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն հայտարարեց բանակցային գործընթացում ստեղծված փակուղու մասին։
Անշուշտ, հոռետեսության համար հիմքերն անհամեմատ շատ են։ Միակ դրական հանգամանքն այն է, որ բանակցությունները՝ թող որ մեծ դժվարությամբ, փոխադարձ մեղադրանքներով ու անվստահությամբ, բայց շարունակվում են։ Քանի որ այլընտրանքը նոր պատերազմն ու նոր զոհերն են։
Կա՞, արդյոք, բանակցություններում ավելի լավատեսական հեռանկարի հույս։ Առայժմ առանձնակի հույսեր չկան այս ուղղությամբ։ Հակամարտությունը երկու մակարդակ ունի։ Առաջինը հենց բուն հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որում կողմերն առաջվա պես չափազանց բարձրացրել են իրենց պահանջների նշաձողը և բացահայտ կերպով չեն վստահում միմյանց։ Ընդսմին, Ադրբեջանը խոսում է հաղթողի դիրքերից և ճկունություն չի դրսևորում բանակցություններում։ Բաքվում կարծում են, որ կարևորը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելն է, որում պաշտոնական Երևանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կհրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայերի շահերի պաշտպանության գաղափարից։ Իսկ վերջիններիս պահով Ադրբեջանում հստակ գիտակցում չկա, թե ինչպես կընթանա 120 հազար մարդկանց ինտեգրման գործընթացը, մարդիկ, որոնք վերջին 30 տարին ապրել են ադրբեջանական իրավասությունից դուրս, նաև՝ թե ի՞նչ ասել է ինտեգրում, ինչպիսի՞ն է լինելու այդ մարդկանց կարգավիճակը։ Մինչ այսօր պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայերին առաջարկում է այնպիսի կյանք, որպիսին հիմա ունեն Ադրբեջանի քաղաքացիները։ Սակայն, իմանալով, թե իրականում ադրբեջանցիներն ինչպես են ապրում ներկայիս վարչակարգի օրոք և թե ինչ խնդիրների հետ են առնչվում, կհամաձայնվե՞ն Լեռնային Ղարաբաղի հայերը կամովին ապրել նույն ձևով։ Ինչպե՞ս է լուծվելու նրանց անվտանգության հարցը և ո՞վ է զբաղվելու այդ հարցերով՝ ադրբեջանակա՞ն, թե՞ ղարաբաղյան իրավապահ մարմինները։ Ինչպե՞ս և ի՞նչ լեզվով են լուծվելու կրթական և շատուշատ այլ հարցեր։ Հարցերի ցանկը մեծ է, իսկ դրանց պատասխանները պաշտոնական Բաքուն չի տալիս, այլ սոսկ պահանջում է ենթարկվել իրեն՝ սպառնալով ուժ կիրառել չենթարկվելու դեպքում։
Լեռնային Ղարաբաղի հայերը նույնպես ճկունություն և այս կամ այն քայլը հաշվարկելու հմտություն չեն դրսևորում։ Օրինակի համար, սխալ էր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պատասխանը Բաքվում նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Ղարաբաղյան ղեկավարությունն իր կամքից անկախ «խաղակցել» է Ադրբեջանի իշխանություններին, որոնք ակնհայտորեն ելնում էին նրանից, որ իրենց քարոզչական առաջարկն անհապաղորեն կմերժվի, և Լեռնային Ղարաբաղից ոչ ոք Բաքու չի մեկնի։ Ու այդ դեպքում Ադրբեջանի իշխանություններն այդ հանգամանքը կօգտագործեն իրենց քարոզչության համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, Լեռնային Ղարաբաղի հայերի գործողությունները գնահատելով որպես անզիջումություն և բանակցություններ վարելուց խուսափում։ Հարկ է օգտագործել բանակցությունները շարունակելու յուրաքանչյուր հնարավորություն, գիտակցելով, որ բանակցությունը չափազանց երկար գործընթաց է և միայն դրա միջոցով կարելի կլինի փոխել մյուս կողմի դիրքորոշումը։
Բայց մի կարևոր հանգամանք էլ կա, որն ազդում է ղարաբաղյան հակամարտության վրա և նրա երկրորդ մակարդակն է. դա, մի կողմից, Եվրամիության ու ԱՄՆ-ի և, մյուս կողմից, Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատումն է։ Ըստ էության, կրկնվում է Արևմուտքի ու ԽՍՀՄ-ի միջև աշխարհաքաղաքական դիմակայությունը, և կարելի է ասել, որ այսօր «սառը պատերազմի» նոր փուլն է, ինչն էլ անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության վրա, որը մի յուրատեսակ նոր Վիետնամ է դարձել։ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների երկայնքով տեղաբաշխվել է Եվրամիության առաքելությունը, իսկ, մյուս կողմից էլ, Լեռնային Ղարաբաղում գտնվում են ռուսաստանյան խաղաղապահները, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար, բայց ակնհայտորեն չեն կարողանում այդ խնդիրը լուծել, իսկ մեկ-մեկ էլ «նվագակցում» են Ադրբեջանին։ Այո, Ռուսաստանն այսօր ավելի շատ զբաղված է Ուկրաինայում պատերազմով և թուլացել է, բայց հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրավիճակի զարգացման վրա ազդելու լուրջ հնարավորություններ դեռ ունի։
Ամփոփելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ներկայումս առկա իրավիճակն ու Ռուսաստանի հետ Արևմուտքի առճակատման նոր ալիքը՝ կարող ենք ասել, որ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց չարժե ակնկալել։
Միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ իրավիճակը չի դոփում տեղում։ Պետք է առաջվա պես շարունակել բանակցությունները, լինել ավելի ճկուն և ելնել այն բանից, որ Ռուսաստանի հետ Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայությունը կարող է մոտակա մեկ-երկու տարում ավարտվել, ուստի դրան պիտի պատրաստ լինել արդեն այսօր։
Արիֆ ՅՈՒՆՈՒՍՈՎ
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար
Ադրբեջան/Նիդեռլանդներ