Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղաբաշխումը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման, ուրվագծեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության նոր միջավայրը։
Այստեղ ամենակարևորը Երևանի վրա Մոսկվայի ու Բաքվի կողմից ճնշում գործադրելու համակարգված գործողությունների համար դաշտի նեղացումն է։ Սա կարելի է գրանցել հայկական դիվանագիտության ակտիվում, սա նաև կարևոր քայլ է Բրյուսելի համար՝ տարածաշրջանում ներկայության ընդլայնման առումով, միաժամանակ՝ սա այն է, ինչը դուր չի գալիս Ռուսաստանին։ Մոսկվան, առաջին հերթին, կորցնում է Հայաստանի դեմ Ադրբեջանն օգտագործելու հնարավորությունն այն նույն չափով, որքան կարող էր իրեն թույլ տալ ՝ օգտվելով «գետնի վրա» իր մենաշնորհային ներկայությունից։ Բաքուն նույնպես աստիճանաբար կորցնում է հայկական ուղղությամբ իր քաղաքականության մեջ Մոսկվայի «նավարկուղում» մնալու իմաստը, առավել ևս՝ Հաագայի դատարանի որոշումից հետո, ըստ որի Բաքուն շրջափակման մեղավորն է, և Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Դրանով իսկ ալիևյան վարչակարգն իրեն չի թողել իրավիճակից դուրս գալու արժանապատիվ, «առանց դեմքը կորցնելու» ելք, իրավիճակ, որ հենց ինքն էլ ստեղծել է։ Իսկ դա վտանգավոր է ավտորիտար ցանկացած ռեժիմի համար, առավել ևս այնպիսի վարչակարգի համար, որպիսին Ադրբեջանում է։ Ուստի այն փորձելու է վերջին ճիգերը գործադրել ու ի վիճակի է ամեն ինչի։ Դրա վկայությունն է Արցախում մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիան (մեր թողարկումն արդեն պատրաստ էր, երբ կատարվեց այդ հանցագործությունը, ուստի առավել հանգամանորեն դրան կանդրադառնանք մեր հետագա թողարկումներում)։
Դեպքերի զարգացման տրամաբանությունը հուշում է, որ Երևանը պետք է արագացնի Եվրամիության հետ մերձեցումն ու Մոսկվայի հետ պատշաճ և հնարավորինս անվտանգ հեռավորության ապահովումը՝ հաշվի առնելով նաև անխուսափելի ռիսկերը։
Ակնհայտ է մի բան՝ տարածաշրջանում անվտանգության միջավայրը և «ուժային բնագծերը» փոփոխվում են Ուկրաինայում պատերազմի ընթացքին զուգահեռ, պատերազմ, որում Ռուսաստանը խրվել է՝ առանց արժանապատիվ ելքի հնարավորության։ Տարածաշրջանում նոր իրավիճակի ուշագրավ հանգամանքների ու դեպքերի զարգացման տրամաբանության վերլուծությանը կարող եք ծանոթանալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն