«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- մարտի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից հետո նրա հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որի խոսքը մեջբերել է «Արմենպրեսը»: 44-օրյա պատերազմից հետո անցնող արդեն ավելի քան երկու տարի ժամանակահատվածում սա, թերևս, ամենաբարձրաստիճան պաշտոնական խոսքն է, որ հնչել է միջազգային խոշոր դերակատար երկրներից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Գերմանիայի կանցլերի հայտարարությունը գործնականում այն մասին է, որ Արցախի ինքնորոշման, և ավելին՝ ընդհանրապես արցախյան խնդրի «էջը փակելու» ուղղությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի գործադրած ջանքերը մեղմ ասած չունեն «լուսավոր» հեռանկար: Միևնույն ժամանակ, դեռ հնարավոր չէ ասել հակառակի՝ ինքնորոշման խնդրի միջազգային արձանագրման և օրակարգ ներառման մասին, չնայած Գերմանիայի կանցլերի մակարդակով հնչող հայտարարությանը:
Ընդհանրապես, հայ-ադրբեջանական հակամարտությունն իր բոլոր ասպեկտներով հանդերձ՝ անկախ դրանց տրամաչափից և առանցքայնությունից, մեծ հաշվով հայտնվել է «ազատ անկման» մի շրջափուլում, այն իմաստով, որ իր վրա կրում է համաշխարհային մեծ դիմակայության, աշխարհակարգի փլուզման, շատ փորձագետների գնահատմամբ՝ ընդհուպ երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի բերած անորոշության ու անկանխատեսելիության ազդեցության տակ: Դա բոլորովին չի նվազեցնում այնպիսի հայտարարությունների և դիրքորոշումների կարևորությունը, ինչպիսին են, օրինակ, կանցլեր Շոլցի խոսքերը, կամ ինչպիսին է, օրինակ, Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ վճիռը:
Սակայն, իրենց կարևորությամբ հանդերձ, դրանք, և դրանցից առաջ եղած նաև այլ հայտարարություններն ու ընդունված բանաձևերը, ինչպիսին, օրինակ, Ֆրանսիայի խորհրդարանի նախաձեռնություններն էին, ենթակա են «համաշխարհային պատերազմին», որն առայժմ դեռ ծավալման փուլում է, և ոչ միայն պարզ չէ, թե այն երբ «կհատի հասարակածն» ու կսկսի մոտենալ դադարի, բացելով պայմանավորվածությունների՝ առավել կանխատեսելիություն ենթադրող հեռանկարներ, այլ պարզ չէ անգամ, թե որտեղ է այդ «հասարակածը», դեռ որքան ճանապարհ կա գոնե դրան հասնելու համար:
Առայժմ հնարավոր է արձանագրել, որ առավել աշխույժ խաղի մեջ է մտնում Չինաստանը, որի արտաքին գործերի նախարարը Մեծ Քսանյակի ձևաչափի արտգործնախարարների՝ Դելիում տեղի ունեցած հավաքի շրջանակում հայտարարեց, որ Չինաստանի կոմկուսի Քաղբյուրոյի արտաքին հարաբերությունների պատասխանատու, Չինաստանի նախագահ Ցզինպինի խորհրդական, նախկին արտգործնախարար Վան Իի օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում Մոսկվան ու Պեկինը ձեռք են բերել «լայն համաձայնություններ»: Թե ինչ ասել է «լայն համաձայնություններ», մանրամասներ հայտնի չեն, սակայն դրան զուգահեռ բավականին ինտենսիվ է դարձել Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մտահոգությունների արտահայտումն այն առնչությամբ, որ Չինաստանը կարող է սպառազինություն մատակարարել Ռուսաստան:
Իսկ դրանից առաջ Չինաստանը հրապարակել էր ուկրաինական պատերազմ-հակամարտության խաղաղ կարգավորման իր պլանը, որի հանդեպ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հայտնեցին իրենց անվստահությունը, կարծես թե այդ կերպ Չինաստանին էլ «տալով» պատերազմի մեջ մտնելու «առիթ», ինչպես, ի դեպ, նախորդ տարի նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի պարագայում, երբ մերժվեց ԱՄՆ-ի հետ միջազգային անվտանգության նոր պայմանավորվածությունների գալու ՌԴ ներկայացրած առաջարկը: Մյուս կողմից, գուցե այդ առաջարկներն են կազմվում այնպիսի բովանդակությամբ, որ չեն կարող դիմացինի համար լինել ընդունելի, ու այդպիսով կառուցված լինելով «չընդունվելու» հաշվարկի վրա՝ դրանք կազմում են պատերազմելու հաշվարկի մաս: Շատ բարդ է ասել, սակայն կասկած չկա, որ ուկրաինական պատերազմի էպիկենտրոնով համաշխարհային դիմակայության լարվածության աճն իր անխուսափելի հետքն է թողնելու նաև հայ-ադրբեջանական հակամարտության վրա:
Նույն Գերմանիայի կանցլեր Շոլցի վերը մեջբերածս հայտարարությունն, անկասկած, «միջազգային իրավունքի» և «մարդասիրության» հանդեպ հավատարմության կամ նվիրվածության դրսևորում չէր, այլ Գերմանիայի պետական-ռազմավարական շահի արտացոլում, որը Բեռլինին մղում է նոր աշխարհակարգում իր դերի համար պայքարի, հատկապես, երբ ակնառու է, որ գոյություն ունեցող զարգացումները լրջագույն մարտահրավերներ են պարունակում հենց Գերմանիայի հանդեպ: Դրա պարզ վկայությունն է այն, որ Լեհաստանը, որն ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին սերտ ռազմաքաղաքական դաշնակցային ձևաչափ կազմելու մասին համաձայնություն կնքեց Բրիտանիայի և Ուկրաինայի հետ, այդ պատերազմին զուգահեռ պարբերաբար բարձրացրել է երկրորդ համաշխարհային պատերազմում իր կրած վնասների համար Գերմանիայի փոխհատուցման հարցը, այդ առնչությամբ Բեռլինի հասցեին արտահայտվելով շատ կոշտ:
Կովկասը թվում է այդ ամենից հեռու, սակայն միայն առերևույթ, քանի որ մեր ռեգիոնում ծավալվում են շահեր, որոնք կարող են դառնալ այդօրինակ խորքային գործընթացներին Գերմանիայի պատասխանի «ուղղություն»: Ինչպես, ըստ էության, նաև Ֆրանսիայի համար, որը ևս Կովկասի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության և արցախյան հարցի ուղղությամբ իր բավականին կտրուկ հռետորաբանությունն ու քայլերը գործնականում դիտարկում է այլ ուղղություններում ստացած մարտահրավերների պատասխանի տրամաբանությամբ: Այդ ամենն, անշուշտ, հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի համար տալիս են որոշակի հնարավորություններ, առնվազն թույլ են տալիս ձևավորել որոշակի «թղթապանակ»՝ դիվանագիտական աշխատանքի նյութական բազայի ձևավորման համար:
Միաժամանակ, սակայն, դրանք առաջացնում են նաև նոր ռիսկեր, քանի որ, ի վերջո, Կովկասում կարող են ձևավորվել նաև այդօրինակ «պատասխաններին» տրվող ոչ պակաս հատու և կոշտ պատասխաններ: Հենց այստեղ է, որ այսօր ձևավորվում են Կովկասի կայունության գլխավոր ռիսկերը, որոնց հանդեպ առավել զգայուն իրողությունը հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Առավել ևս, որ այդ ամենով հանդերձ բացարձակապես նորություն չէ այն, որ Կովկասը համաշխարհային դիմակայության պայմաններում դիտարկվում է Ռուսաստանի և Իրանի դեմ «հարվածային հարթակ», իսկ Չինաստանի աշխուժացման պայմաններում այն կարող է դառնալ առավել պահանջված, այն իմաստով, որ Պեկինն էլ իր հերթին որպես աշխույժ քաղաքականության առաջնագծային ուղղություններից մեկը դիտարկելու է Կովկասը՝ թերևս, խաղալով գերակա առումով Ռուսաստանի և Իրանի ձևաչափով:
Այս իրավիճակը սրում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջվածությունը, որ առանց այդ էլ բարձր էր ուկրաինական պատերազմի բռնկումով, սրում է դա թե՛ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռյակի, թե՛ Վաշինգտոնի և Բրյուսելի համար: Ինչ խոսք, դրա հետ մեկտեղ, այդ հանգամանքը ռիսկային է նաև Անկարայի ու Բաքվի համար, քանի որ խաղի նշանակությունը և խաղադրույքի գինը բարձրանալով՝ գործնականում մի կողմից սեղմում է մանևրի ժամանակն ու տարածությունը, մյուս կողմից՝ գերթանկ դարձնում որևէ կողմի մերժման գինը, ընդհուպ տարածաշրջանի գլոբալ ապակայունացում, ինչը, այդուհանդերձ, պետք չէ ոչ միայն Ռուսաստանին, Իրանին, Հայաստանին ու Վրաստանին, այլ, թերևս, նաև Թուրքիային ու Ադրբեջանին: Այդ իմաստով, ողջախոհության կանխավարկածը հուշում է, որ Բաքուն և Անկարան կխաղան տարածաշրջանային կայունության պահպանման տրամաբանության օգտին, փորձելով գտնել բանակցային ժամանակն ու տարածությունն առնվազն ձգող ռեժիմում:
Գործնականում, ինչպես ցույց է տալիս վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ աշխուժորեն պտտվող «մաքոքը», թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի և Իրանի նկատելի աշխույժ աշխատանքով, մրցակցությամբ և դիրքային պայքարով, նկատվում է բանակցային «ռետինը ձգելու» համընդհանուր միտում և տրամադրվածություն: Գլխավոր հարցն այն է, սակայն, թե ինչպիսի՞ն է հաշվարկների տարբերությունը, ո՞վ է ձգում՝ ռետինի կտրվելու ակնկալիքով, և ո՞վ է, որ ձգում է՝ ակնկալելով պահել իրավիճակը մինչ առավել կպարզաջրվի համաշխարհային իրավիճակն, ու կցրվի հետագա մշուշը, առնվազն բացելով միջնաժամկետ տեսանելիություն: Դրանով հանդերձ, սակայն, այդ ընթացքում Բաքուն փորձում է «կուտակել» առավելագույնը, իսկ Երևանն ու Ստեփանակերտը՝ պահել ու պահպանել առավելագույնը, այդ կերպ ձգտելով ստեղծել նշաձող բարձրացնելու նախադրյալ:
Այդ առումով նկատելի է, որ չնայած ռիսկերին ու մարտահրավերներին, պայթյունավտանգության պահպանվող բարձր աստիճանին, այդուհանդերձ՝ հայկական կողմին շոշափելիորեն հաջողվում է բազմազանեցնել շահերի միջավայրն ու չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսի էական տարբերությանը, ցավոք՝ ոչ հօգուտ հայկական կողմի, այդուհանդերձ՝ իրավիճակի կառավարելիության հարցում ճկունություն ստանալ տարածաշրջանի շուրջ շահերի բազմազանություն ապահովելով: Հաշվի առնելով միջազգային իրադրության մեծ անկանխատեսելիությունն ու անորոշությունը, սա, անկասկած, շարունակում է լինել հեղհեղուկ վիճակ, որը, սակայն, տալիս է ժամանակ և տարածություն՝ առավել երկարաժամկետ դիվանագիտության ներքին առավել ամուր բազա ձևավորելու համար:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան