Հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես` դրա արցախյան թնջուկի կարգավորման շուրջ իրավիճակը հնարավոր չէ առաջվա նման բնութագրել իբրև ստատիկ։ Եվ փետրվարյան վերջին իրադարձությունները՝ Մյունխենի անվտանգության համաժողովը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Բաքու և այնտեղ նրա հնչեցրած ուղերձները մեր պնդման լրացուցիչ հաստատումներն են։ Փետրվարը դարձավ Մյունխենում, Հաագայում և Բաքվում հանդիպումների ու հայտարարությունների ամիս։
Այդ բոլոր իրադարձությունների արդյունքներով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցին, ստիպված ենք արձանագրել այլ գործոնների թվում նաև «ուկրաինական» երանգի դրոշմը հայ-ադրբեջանական դիմակայություն վրա։ Ուզենք, թե չուզենք, սակայն մեր հակամարտությունը գնալով ավելի ու ավելի է դառնում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մաս։ Իսկ վերջինն էլ, իր հերթին, ԱՄՆ-ի և Չինաստանի գլխավոր և գլոբալ հակամարտության մաս է։ Հարկ է նաև փաստել, որ հենց ղարաբաղյան հակամարտության «ուկրաինացումն» է ծնում ինչպես նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ, այնպես էլ նոր հնարավորություններ՝ և՜ Երևանի, և՜ Բաքվի համար։
Մյունխեն
Եվ այսպես, հերթով։ Մյունխենի Անվտանգության 59-րդ համաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար նշանավորվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ակտիվ միջնորդությամբ ու մասնակցությամբ։ Վերջինս առիթը բաց չթողեց հերթական անգամ Ադրբեջանին կոչ անելու՝ բացել Լաչինի միջանցքը և դադարեցնել Արցախի շրջափակումը։ Ալիևն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և երկու երկրների սահմանների դելիմիտացիայի հարցերը։
Բանակցությունների ժամանակ վարչապետ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Ալիևն իր հերթին նշեց, թե «միջպետական խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց», անմիջապես էլ վերապահում անելով՝ «բայց դա բավարար չէ»։ Դրանից հետո էլ հայտարարեց, թե դեկտեմբերի 12-ից (Արցախի շրջափակման օրվանից) հետո միջանցքով «ապահովվել է ավելի քան 2500 բեռնատարների և Միջազգային կարմիր խաչի մեքենաների անցում»։ «Եթե ճանապարհը փակ է, ապա ինչպե՞ս են այդ մեքենաները գնացել այնտեղով։ Դրանք անհիմն մեղադրանքներ են Ադրբեջանի հասցեին։ Մենք արդարացիորեն պահանջում ենք դադարեցնել մեր հանքերի անօրինական շահագործումը։ Վստահ եմ, մեր էկոակտիվիստները կշարունակեն կատարել իրենց պատվավոր առաքելությունը, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել»,- հերթական վերջնագիրը հնչեցրեց Ալիևը։
Ալիևը նաև հերթական անգամ առաջարկեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան գործող Լաչինի միջանցքի կարգավիճակը հավասարեցնել միայն իր երևակայությունում առկա Նախիջևանի հետ կապ ապահովելուն կոչված Սյունիքի մարզով անցնող «միջանցքի» կարգավիճակին. «Եթե մենք խոսում ենք սահմանների դելիմիտացիայի մասին, ապա առանց հսկիչ անցագրային կետի դա անհնար կլինի։ Եթե մենք խոսում ենք հաղորդուղիների բացման մասին, ապա և՜ Զանգեզուրի միջանցքում, և՜ Հայաստանի հետ Լաչինի շրջանի սահմանին պետք է ստեղծվեն հսկիչ անցագրային կետեր»։ Այսպիսով, մասնակիցների տեսանելի ակտիվում կարելի է գրանցել թերևս միայն հանդիպման փաստը, և այն, որ պետքարտուղար Բլինքենը նստել էր հենց հայկական եռագույնի առջև։ Դիվանագիտական արարողակարգի նրբություններին ծանոթ որոշ մարդիկ սա շտապեցին գրանցել Հայաստանի օգտին։
Մյունխենի երկրորդ հարավկովկասյան կետը «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկումն էր։ Հետաքրքիր է, որ նախապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ սարեր շարժել չէր ցանկացել։ Սակայն հետո, այդպես էլ անհասկանալի մնացած պատճառներով, մտափոխվեց։ Ընդսմին, երկու առաջնորդների բանավեճը հանգեց բարի ցանկությունների բարձրաձայնման ու, թեկուզ և ոչ այնքան կոպիտ, բայց խոսքակռվի։ Այսպիսով, Մյունխենի համաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար դարձավ ձգձգված հակամարտության կարգավորման ընդհանուր հայտարարի հանգելու ևս մի բաց թողնված հնարավորություն։
Հաագա
Փետրվարի 22-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը բավարարեց «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ընդսմին, անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ իբր նոր ի հայտ եկած փաստերով կրկնակի պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժեց դրանք:
«Հաագայի դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման»,- արդեն փետրվարի 25-ին Բաքվին հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտարեշը, իր հայտարարությունում շեշտելով, որ ի գիտություն է ընդունել Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը։
Հարկ է նշել, որ Բաքվում Հաագայի դատարանի նման վճռին ի սկզբանե պատրաստ էին։ Եվ մինչ դրա հրապարակումը Ստեփանակերտի հետ վարվող ուղիղ բանակցություններում բարձրաձայնել էին միջանցքը ապաշրջափակելու պատրաստակամությունը։ Նշվում էր նույնիսկ «բնապաշտպանների» դուրս գալու ենթադրյալ ժամկետը՝ փետրվարի 25-26-ը։ Սակայն ամսվա վերջին մոտ Ալիևը անհասկանալի պատճառներով որոշեց Արցախի ապաշրջափակման հարցով դեռ չշտապել։ Վարկածներից մեկը՝ Ալիևը չցանկացավ Ռուբեն Վարդանյանի անձին առավել մեծ կշիռ վերագրել՝ նման կերպ բացառելով Արցախի պետնախարարի պաշտոնից Վարդանյանի հեռացման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջև զուգահեռներ տեսնելու հավանականությունը։
Այսուհանդերձ, Լաչինի միջանցքի իրավիճակը առաջվա պես փակուղային է մնում։ Եվ այն փակուղի է մտցրել անձամբ «լաչինյան բնապահպանական շարժման առաջնորդ» Ալիևը։ Փակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը չհասավ իր իսկ կողմից «բնապահպանների» առջև դրված խնդիրներից որևէ մեկի լուծմանը։ Իր երազանքների «Զանգեզուրի միջանցքի» հարցով Հայաստանի վրա ճնշում բանեցնելու գործիք այն չդարձավ։ Հայաստանը պարզապես հրաժարվեց Ալիևի հետ այդ հարցով բանակցություններ վարել։ Եվ Երևանի նման դիրքորոշումը Բաքվի և Մոսկվայի կողմից ստեղծված ընթացիկ իրավիճակում միակ ճիշտն էր։ «Բնապահպանները» այդպես էլ չհայտնվեցին Կաշենի հանքում, իսկ Լաչինի միջանցքում էլ, համենայն դեպս առայժմ, չկան ադրբեջանական հսկիչ անցագրային կետեր։
Բաքու
Ենթադրվում է, որ հենց լաչինյան փակուղուց ելքի որոնումն առնվազն մեկն էր այն պատճառներից, որոնք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովին ստիպեցին մեկնել Բաքու՝ Ալիևի և Բայրամովի հետ բանակցությունների։ Թե փակ դռների հետևում ինչի մասին խոսեցին և ինչպես որոշեցին դուրս գալ լաչինյան փակուղուց Լավրովն ու Ալիևը, բնականաբար, անհայտ մնաց։ Իսկ «մարդամեջ դուրս գալով»՝ Լավրովը շտապեց հայտարարել, թե Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է ամբողջությամբ համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը։
«Դա բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովում է ենթադրում։ Մեր շփումներում մենք փորձում ենք հասնել դրան՝ նախևառաջ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Որևէ հսկիչ անցագրային կետի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է ըստ նշանակության, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի»,- նշեց Լավրովը։
«Միջանցքն ըստ նշանակության օգտագործվելու կասկածների» հարցը թողնելով նախարարի և այդ նույն միջանցքը վերահսկող ռուսական խաղաղապահների խղճին՝ մեջբերենք նրա ևս մի ուղերձ. Լավրովի մոտ, ոչ ավել, ոչ պակաս, «շատ հարցեր են առաջացել Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական առաքելության լեգիտիմության» վերաբերյալ։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես ԵՄ-ն բացահայտորեն չարաշահում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում՝ առաջ մղելով նախևառաջ լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ հարուցող այս առաքելությունը Հայաստանի տարածքում։ Այդ առաքելությունն ընդհանրապես շատ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության և այն հավելյալ արժեքի տեսանկյունից, որ կարող է ապահովել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում։ Բայց դա կողմերի ինքնիշխան իրավունքն է՝ ում հետ համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ», – ողորմածաբար ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Եզրափակելով՝ Լավրովն արդեն ավանդաբար պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը. «Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ստեղծել նման հանդիպումները շարունակելու համար։ Ադրբեջանական կողմը դրան պատրաստ է։ Հայկական կողմը ևս հայտարարել է, որ դեմ չէ, սակայն առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս։ Մենք մեր ծառայությունները շատ համառորեն չենք առաջարկի, թեև կողմերին դրանց մասին քաջ հայտնի է»։
Մարտահրավերներ և հնարավորություններ
Գլխավոր արձանագրումը, որ հնարավոր է անել, ելնելով փետրվարի արդյունքներից, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ստատիկության բացակայությունն է։ Ինչպես նաև՝ բացառումը ՌԴ-ի կողմից հակամարտությունը միայնակ մոդերացնելու, ինչը նկատվում էր Հայաստանի և Արցախի դեմ 44-օրյա աշխարհաքաղաքական դավադրությունից հետո առնվազն երկու տարվա ընթացքում։ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի ոչնչացումից հետո Արևմուտքը վերադարձավ ոչ միայն Հայաստան, այլև Արցախ և Ադրբեջան։ Եվ իրավիճակային դաշնակիցները՝ ի դեմս Մոսկվայի ևն Բաքվի, ստիպված են դա հաշվի առնել։
Այդ վերադարձը մարտահրավերներից և սպառնալիքներից զատ, իհարկե, նաև հնարավորություններ է պարունակում։ Հայաստանի համար, որն արդեն փորձում է ԵՄ միջոցով ապահովել թեպետ և հարաբերական անվտանգություն։ Եվ Արցախի համար, որին Երևանը բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերով նույնպես փորձում է միջազգային դիտորդներով ապահովել։ Անվտանգությունը, դրա ապահովումը Հայաստանի և Արցախի գլխավոր մարտահրավերն ու խնդիրն են։ Եվ հենց Արևմուտքի վերադարձը տարածաշրջան մեզ տվյալ խնդրի լուծման նոր հնարավորություններ է տալիս։ Ուժի խոշորագույն կենտրոնների գլոբալ աշխարհաքաղաքական հավասարակշռման շրջանակներում։ Այդ հավասարակշռման քննարկումն ու վերլուծությունն այլ հետազոտության թեմա է…
Հ. Գ. Ի դեպ, արդեն մարտի 2-ին Գերմանիայում տեղի ունեցավ, մեր կարծիքով, նշանակալի իրադարձություն։ Բեռլինում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ վարչապետ Օլաֆ Շոլցի հետ։ Դեմ առ դեմ բանակցություններից հետո երկու պետությունների ղեկավարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Մեջբերենք Գերմանիայի վարչապետի ելույթի ու պաշտոնական տեղեկատվության այն հատվածները, որոնք այս հոդվածի ընդհանուր համատեքստի իմաստով առավել նշանակալի են։
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց:
Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։
«Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան»:
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան