Արթուր ԱՍԱՖԵՎ
Լրագրող Ուֆայից
Երևան
Փետրվարի վերջից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի առաջին իսկ օրերից ի վեր և՛ Հայաստան, և՛ այլ երկրներ ուղղվել է արտագաղթյալների մեծ հոսք։ Մոտավոր գնահատականներով՝ միայն մարտ ամսին Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի արտագաղթյալ։ Ապրիլին, որոշ կանխատեսումների համաձայն, այդ թիվը պետք է ավելանար առնվազն մեկ ու կես անգամ։
Ռուս արտագաղթյալներին Հայաստանը գրավել է մի շարք առավելություններով։ Նախ և առաջ նկատի ունենք տրանսպորտային մատչելիությունը․ Երևանում ամեն օր Ռուսաստանից ավելի քան 20 օդանավ է վայրէջք կատարում (ընդ որում՝ ռուսական ավիաընկերությունները շարունակում են ավելացնել դեպի Հայաստան կատարվող թռիչքների քանակը)։ Կարևոր է և այն, որ ռուսաստանցիները Հայաստան կարող են մտնել առանց վիզայի, անգամ՝ ՌԴ ներքին անձնագրով։ Հայաստան ժամանած ռուսաստանցին երկրում իրավունք ունի գտնվել մինչև 180 օր։ Նպաստավոր է նաև այն, որ Հայաստանում բնակչության մեծամասնությունը գիտի ռուսերեն և ռուսաստանցիներին բավականին բարյացակամ է վերաբերվում։ Ուշագրավ է, որ Հայաստանի վճարային ենթակառուցվածքներն ընդունում են ռուսաստանյան բանկերի թողարկած «Միր» քարտերը։ Ի վերջո, անկարևոր չէ և այն, որ Հայաստանում առկա սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները համադրելի են միջին ռուսաստանյան գներին։ Սա էական նշանակություն ունի քաղաքական շատ ակտիվիստների համար, որոնք Ռուսաստանից հրատապ կարգով են հեռացել՝ իրենց հետ վերցնելով սակավ դրամական միջոցներ՝ առանց մոտ ապագայում Հայաստանում գործի ընդունվելու հեռանկարի։
Արտագաղթյալներին աջակցություն ցուցաբերելու համար ստեղծված «Ковчег» նախագծի հեղինակները նշում են, որ դեռևս դժվար է կազմել ներկայիս ռուսաստանցի տեղափոխվածի ընդհանուր պատկերը, քանի որ արտագաղթյալները շատ տարբեր մարդիկ են՝ ծրագրավորողներ, բժիշկներ, ինժեներներ, ֆինանսիստներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ և այլք։ Նրանցից համարյա բոլորը մինչև 55 տարեկան են։
Արտագաղթյալները հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի։ Առաջինը՝ քաղաքական ակտիվիստներ, որոնք դեմ էին Ուկրայինայում Ռուսաստանի սկսած պատերազմին ու պուտինյան վարչակարգին և երկրից հեռացել են քաղաքական հետապնդումների սպառնալիքի պատճառով։ Երկրորդը՝ այսպես կոչված «տնտեսական» փախստականներն են, որոնք երկրից դուրս են եկել սոցիալ-տնտեսական դրության շարունակական վատթարացման, անձնական կարիերայի փլուզման և նախկին կենսամակարդակի նվազման վտանգի պատճառով։ Այս վերջին խումբը նախկինում գերազանցապես ապաքաղաքական էր ու զերծ էր մնում պատերազմի և կրեմլյան ներկայիս վարչակարգի դեմ հրապարակային անհամաձայնության դրսևորումներից, թեև նրա ներկայացուցիչները նույնպես խոստովանում են, որ երկրից դուրս գալու կարևոր դրդապատճառներից էր «Ռուսաստանում անընդհատ խտացող գաղափարախոսական ու քաղաքական հեղձուցիչ մթնոլորտը»։ Այս խմբին պատկանող շատ անձինք IT-ոլորտի աշխատակիցներն են, որոնք սովորաբար հեռավար են աշխատում․ տվյալ հանգամանքը նրանց տվել է նոր տեղում աշխատանքը շարունակելու համարյա անխոչընդոտ հնարավորություն։
Երկու ամիսների ընթացքում ի մի բերած դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ ռուս արտագաղթյալների ինտեգրումը հայ հասարակության մեջ, նրանց նոր երկրում նոր կյանքին հարմարվելն ընդհանուր առմամբ բավարար չափով է ընթանում, թեպետև կան խնդիրներ ու խոչընդոտող հանգամանքներ։ Հիմնականում դժվարությունների է բախվում քաղաքական ակտիվիստների խումբը՝ վարձակալական բարձր գների և կայուն եկամուտի բացակայության պատճառով։ Այսուհանդերձ, ակտիվիստներին օգնում են հայրենիքում իրենց իսկ ձեռք բերած ինքնակազմակերպման և փոխօգնության հմտությունները։ Սոցիալական ցանցերում և մեսենջերներում այժմ ստեղծված են մեկ տասնյակից ավել խմբեր ու ալիքներ, որոնցում ռուս արտագաղթյալները միասնաբար քննարկում են Հայաստանում իրենց առջև ծառացող խնդիրները, սեփական փորձառությամբ են կիսվում և միմյանց տարաբնույթ օգնություն առաջարկում։
Հրատապ տեղափոխությանն ուղեկցող բազմաթիվ խնդիրների լուծման համար դեռևս մարտ ամսին ռուսաստանցի արտագաղթյալները գործարկել են «Ковчег» նախագիծը։ Այս նախագիծը Հայաստան եկած արտագաղթյալներին (սովորաբար՝ երկու շաբաթ տևողությամբ) ժամանակավոր կացարանով է ապահովում և որոշակի իրավաբանական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերում։ Հետագայում կացարան որոնելու, ինչպես նաև կենցաղային և այլ խնդիրներ լուծելու հարցում արտագաղթյալներին նաև օգնում են նրանց աջակցել ցանկացող հայ ակտիվիստները։
Միաժամանակ, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանցիների համար հրապարակել է նոր ընկերություն բացելու, բնակարան գնելու կամ վարձակալելու, տնային կենդանիներ տեղափոխելու վերաբերյալ հատուկ ուղեցույց․ ստեղծվել է նաև արտագաղթյալների հարցերին պատասխանող հատուկ աշխատանքային խումբ։
Նշենք նաև, որ Հայաստան եկած ռուսաստանցի արտագաղթյալներից շատերը, որպես կանոն, իրենց երկրում քաղաքացիական առումով նախաձեռնող մարդիկ էին՝ քաղաքական կամ բնապահպանական ակտիվիստ, իրավապաշտպան, լրագրող և այլն։ Պատերազմի դեմ քաղաքացիական ակտիվ կեցվածքի պատճառով քաղաքական հետապնդումների վտանգի ներքո հայտնված, երկիրը հարկադրաբար լքած և Հայաստանում ապաստանած այս անձինք այստեղ ևս էներգիայով լի և վճռական են պուտինյան վարչակարգի և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարը շարունակելու։ Այսպիսի ակտիվիստները մասնակցում են Ուկրաինային սատարող ցույցերին և այլ միջոցառումներին, օգնում են ուկրաինացի փախստականների համար մարդասիրական օգնություն ցուցաբերելուն։
Պետք է նշել, որ ռուսաստանցի ակտիվիստներից շատերը բավականին հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով։ Նրանք կարեկցում են արցախցի փախստականներին, ցավում են Ադրբեջանի հետ վերջին պատերազմում հայերի ունեցած զոհերի համար։ Արտագաղթյալներից շատերը ապրիլի 23-24-ը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։ Որոշ ռուսաստանցի ակտիվիստներ սկսել են սերտորեն համագործակցել Հայաստանի Եվրոպական կուսակցության և եվրոպամետ այլ քաղաքական ուժերի հետ։
Ռուսաստանցի արտագաղթյալների մեծամասնությունը հասկանալի պատճառներով փորձում է չեզոք դիրք բռնել ներհայաստանյան վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմության կազմակերպած փողոցային գործողությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, մասնավոր զրույցներում քաղաքական արտագաղթյալները համոզվածություն են հայտնում, որ բողոքի հիշյալ գործողությունները խրախուսվում կամ ուղղակիորեն համակարգվում են Մոսկվայի կողմից՝ ՌԴ դեսպանատան և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի երևանյան մասնաճյուղի միոցով։
Արժե հիշատակել և այն, որ հատկապես բնապահպանական կազմակերպությունների մաս կազմած ռուսաստանցի շատ ակտիվիստներ արդեն իսկ հասցրել են Երևանում և Դիլիջանում աղբահավաքության մի քանի շաբաթօրյակ կազմակերպել։ Այս նախաձեռնությանը մասնակցած ռուսաստանցիները հայտարարել են, որ սա նրանց հյուրընկալած երկրի հանդեպ երախտագիտության նշան է։ Աղբահավաքության նախաձեռնությունը տեղացիների բարյացակամ վերաբերմունքին է արժանացել․ հայ ակտիվիստները ևս դրան պատրաստակամորեն միացել են։
Ի վերջո, ռուսաստանցի արտագաղթյալներն ակտիվորեն հետաքրքրվում են Հայաստանի պատմությամբ և հարուստ մշակույթով։ Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ հայոց լեզվի ուսուցման դասընթացներին մասնակցելու երևույթը ռուսաստանցիների շրջանում զանգվածային բնույթ է ստացել։ Տեղացի ակտիվիստների հետ համագործակցության շնորհիվ կազմակերպվում են բազմաթիվ մշակութային և կրթական միջոցառումներ, տարաբնույթ թեմատիկ հանդիպումներ և հայաստանյան կեցության այլևայլ առանձնահատկություններին նվիրված քննարկումներ, որոնք ներգաղթյալներին թույլ են տալիս ավելի լավ և ի մոտո ճանաչել Հայաստանը։
Մարտ-ապրիլ ամիսներին մեր կատարած որոշ դիտարկումներ արդեն թույլ են տալիս արձանագրել, որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները զգալի ազդեցություն են ունեցել երկրի զբոսաշրջության, սպասարկման և առևտրի ոլորտների վրա։ Տեղափոխվածները, նախ և առաջ, ձևավորել են վարձակալությամբ տրվող բնակարանների բարձր պահանջարկ՝ առաջնահերթորեն Երևանում, ապա և մի քանի այլ խոշոր քաղաքներում։ Տեղի խանութներում և սուպերմարկետներում նկատվում է սննդամթերքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների նկատմամբ պահանջարկի աճ։ Որոշ դիտորդների կարծիքով՝ ընդհանուր առմամբ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների թիվն արդեն նպաստում է առևտրի ոլորտում մրցակցության աճին և, որպես հետևանք, առաջարկվող սպասարկման որակի բարձրացմանը։
Առայժմ դժվար է կանխագուշակել Հայաստանում ապաստանած բազմահազար ռուս արտագաղթյալների հետագա ճակատագիրը, քանի որ այն մեծապես կախված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի ելքից և Ռուսաստանի ներսում ծավալվող ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական գործընթացների հանգուցալուծումից։ Այս պահին կարող ենք սոսկ մի քանի միտում առանձնացնել։
Քաղաքական արտագաղթյալներից շատերն իրենց ճակատագիրը կապում են այն բանի հետ, թե Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի վարչակարգը կմնա՞, թե՞ ոչ։ Այդպիսի ակտիվիստները հայտարարում էին, որ անպայման կվերադառնան Ռուսաստան և կշարունակեն իրենց գործունեությունը պուտինյան վարչակարգի տապալումից հետո, երբ երկրում կստեղծվեն ժողովրդավարական բարեփոխումների համար նպաստավոր պայմաններ։ Մյուս՝ այսպես կոչված «տնտեսական» արտագաղթյալները նշում էին, որ կվերադառնան հայրենիք տնտեսական իրավիճակի ընդհանուր բարելավումից և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։ Սակայն վերջին շաբաթներում Ուկրաինայում պատերազմական գործողությունների ոչ բարենպաստ ընթացքի և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խորացող համապարփակ հակամարտության պայմաններում արտագաղթյալների այս երկու խմբերի շրջանում նկատվում է լավատեսության կտրուկ անկում։
Այս պայմաններում ռուսաստանցի արտագաղթյալների մոտ առաջանում է հետագա ռազմավարություն ընտրելու անհրաժեշտություն։ Նրանց զգալի մասը քննարկում է այլ երկրներ, մասնավորապես՝ Վրաստան կամ Եվրոպա տեղափոխվելու պատեհությունը։ Մյուս ակտիվիստները մտադիր են Հայաստանում անորոշաբար երկար մնալ, թերևս կեցության իրավունքի, ապա նաև քաղաքացիության ձեռքբերման հեռանկարով։
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ իրավիճակը որոշակիորեն բարդացնում է քաղաքական արտագաղթյալների շրջանում առկա այն մտահոգությունը, որ «Ռուսաստանի ու Հայաստանի կապերը չափազանց սերտ են»։ Ինձ հետ զրույցներում նրանցից ոմանք խոստովանում էին, որ այս երկրում իրենց լիովին անվտանգ չեն զգում․ այս հանգամանքը նույնպես կարող է ազդել Հայաստանում նրանց մնալու որոշման վրա։