Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
Առկա մարտահրավերների պայմաններում արտաքին հարաբերությունների զարգացման առումով զգուշավոր կեցվածքը միանգամայն տեղին է։ Այդ ոլորտում կտրուկ քայլերն, ըստ էության, անհնար են՝ հարևան պետություններից երկուսի հետ չկարգավորված հարաբերությունների, նոմինալ դաշնակիցների առնվազն երկիմաստ կեցվածքի և պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունների ոչ բավարար մակարդակի պատճառով։
Սակայն, առկա ռիսկերը և որոշակի «կարմիր գծերը» հաշվի առնելով հանդերձ, անհրաժեշտ է դիտարկել տարբեր սցենարներ՝ թեկուզ դեռ քիչ հավանական թվացող, և համապատասխանաբար պլանավորել հնարավոր գործողությունները։ Իսկ նոր աշխարհակարգի ի հայտ գալու սցենարն առավել հավանականներից է։
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պարտվելու կամ թեկուզ հակամարտության սառեցման պարագայում թուլանալու դեպքում Հարավային Կովկասում անվտանգային վակուումի վտանգավորության մասին Հայաստանում առկա մտահոգությունը տեղին է։ Ակնհայտ է, սակայն, որ նման մտահոգություն հայտնելով, ոմանց կողմից էլ «անգլոսաքսերի դավադրության», «սլավոնական եղբայրության», «Ռուսաստանի անպարտելիության» մասին ռուսական քարոզչության թեզերը կրկնելով իրավիճակը չի փոխվելու, և Ռուսաստանի հաղթելու հավանականությունը, ըստ այդմ էլ՝ համապատասխան անվտանգային ռիսկերից Հայաստանի զերծ մնալու հնարավորությունը չի ավելանալու։
Բացի այդ, չնայած «կոմպլեմենտարիզմի» կամ «բազմավեկտոր արտաքին քաղաքականության» մասին ամպագոռգոռ հայտարարություններին, հնարավոր չէ շարունակել զբաղվել ինքնախաբեությամբ՝ իբր թե չնկատելով, որ արդեն տասնամյակներ շարունակ ձևավորվել էր արտաքին հարաբերությունների համակարգ՝ հիմնված որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշման և դրանից բխող շահերի միակողմանի սպասարկման վրա։ Հայաստանը սահմանափակում էր տարբեր գործընկերների հետ համագործակցության աստիճանը և իբր թե հոժարակամ կերպով հայտնվել էր միակողմանի քաղաքական ու տնտեսական կախվածության պայմաններում՝ համապատասխան հետևանքներով։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ պետական շահերը և քաղաքացիների իրավունքները ստորադասվել էին ոչ միայն վարչակարգի վերարտադրության գերնպատակին, այլև «Գազպրոմի», ռուսահայ օլիգարխների և այլ մասնավոր շահերին՝ մեկտեղված նեոկայսերական պատյանում։
Ի վերջո, չափազանց թանկ գնով պարզվեց այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել էինք․ տասնամյակներ տևած այդ լճացումը և ինքնամեկուսացումը միայն մաշեցրել են երկրի ռեսուրսները՝ բնավ չապահովելով անվտանգության երաշխիքներ, որոնցով դրա անհրաժեշտությունը պայմանավորում էին։
Եվ չնայած տասնամյակներ շարունակ Հայաստանի պսևդոկոմպլեմենտար քաղաքականությունն ամբողջությամբ պայմանավորված էր Ռուսաստանի հնարավոր զայրույթն առաջացնելու հետ կապված իշխող վարչակարգին սպառնացող ռիսկերից խուսափելով, իսկ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը նպատակաուղղված քայլերն անգամ վերջին շրջանում չափազանց զգուշավոր էին, հենց Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պատճառով վերջին շաբաթներին ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորի համար (բացառությամբ նրանց, ովքեր անձնական շահերից ելնելով Հայաստանը միութենական պետության կազմ մտցնելու և կատարյալ միջազգային մեկուսացման մեջ հայտնվելու կողմնակիցներ են) ակնհայտ դարձավ, որ ուղղակի անհնար է հաշվի չառնել հենց միակողմանի կախվածությամբ պայմանավորված ռիսկերը և այլոց «կարմիր գծերը» ևս։
Այսպիսով, չնայած Ռուսաստանի դժգոհությունն առաջացնելու որոշակի հավանականությանը, Հայաստանն անհրաժեշտաբար որդեգրեց չեզոք դիրքորոշում ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում՝ խախտելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և այլ միջազգային հարթակներում Ռուսաստանի հետ միակողմանի համերաշխության տխուր ավանդույթը։ Մինչև այդ էլ՝ 2020 թ․ պատերազմը և այլ իրադարձություններ արդեն իսկ պարտադրում էին ձեռնամուխ լինել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը՝ աշխատելով տարբեր պոտենցիալ գործընկերների հետ, սակայն նոր աշխարհակարգի առաջացումն արագացրած ռուսական ագրեսիան առավե՛լ կենսական է դարձրել դիվերսիֆիկացման խնդիրը։
Մայիսի սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում կողմերը վերահաստատեցին հարաբերությունները բոլոր ուղղություններում ամրապնդելու հանձնառությունը, դեռևս շատ հեռու է բեկումնային համարվելուց։ Սակայն անգամ առկա բովանդակությամբ այն կարող է դրական գնահատվել՝ հաշվի առնելով արտաքին կապերի երկարաժամկետ դիսբալանսը, դրանից բխող հայ-ամերիկյան հարաբերությունների ոչ բավարար մակարդակը և իրավիճակն ուղղելու ընդհանուր բարդությունը՝ կտրուկ քայլերի գործնական անհնարինությամբ։
Ողջունելի է թե՛ արժեքների ընդհանրության վրա հիմնված ընդհանուր շահերի առկայության արձանագրումն առհասարակ, թե՛ մասնավորապես համատեղ գործողությունների ծրագրերի ստորագրումը՝ հակակոռուպցիոն և իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ (մինչ այդ, ռազմավարական երկխոսության շրջանակներում մարտի 31-ին կայացած առցանց նիստում արդեն իսկ քննարկվել էին այդ ոլորտների բարեփոխումները)։ Դատական և առհասարակ իրավապահ համակարգի բարեփոխումները, որոնք առաջնայիններից են հետագա ժողովրդավարացման տեսանկյունից, բավականաչափ ուշացել են․ այժմ առավել կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը և ԱԺ-ն հստակ գործնական քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ։
Պետք է խթանվի նաև քննարկված այլ խնդիրների առնչությամբ հետագա համագործակցությունը․ սահմանային անվտանգության հետ կապված հարցերը, փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական և խաղաղապահության ասպարեզներում, ինչպես նաև տնտեսական ոլորտում, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում և երկկողմ առևտրի ու ներդրումների խորացման հնարավորությունը։
Կարևոր է, որ Հայաստանը ոչ միայն հետևողական գտնվի բարեփոխումների իրականացման առումով, այլև հանդես գա նախաձեռնողի, պրոակտիվ դիրքից՝ ապագա համագործակցության օրակարգի ձևակերպման և համագործակցության շրջանակի ընդլայնման հետ կապված։ Պետք է հաշվի առնել այն, թե որքան արագ է այժմ փոփոխվում աշխարհը՝ թե՛ նոր մարտահրավերների, թե՛ նոր հնարավորությունների առումով․ մոդեռնիզացման ճանապարհին հապաղելը, երեկվա՝ արդեն իսկ ոչ ակտուալ պատկերացումներով առաջնորդվելը հղի են գործընկերների հետաքրքրվածության թուլացմամբ ու հնարավորությունների կորստով։
Վերը նշվածը վերաբերվում է ոչ միայն ԱՄՆ-ի հետ համագործակցությանը։ Որոշ փորձագետներ վերջերս ուշադրություն են հրավիրել առ այն, որ Եվրամիության հետ համագործակցության հետ կապված նկատելի է պրոակտիվ գործելաոճի պակաս, որը սահմանափակում է Արևելյան գործընկերության, մասնավորապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության արդյունավետությունը, ինչն անգամ կարող է հանգեցնել ֆինանսական օժանդակության առկախմանը՝ բարեփոխումների իրականացման ոչ բավարար մակարդակի պատճառով։
Ամփոփելով՝ կարելի է ենթադրել, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը նպատակաուղղված անգամ զգուշավոր քայլերի վարկաբեկման փորձերը կշարունակվեն։ Դրա վկայություններից էին Երևանում տեղի ունեցող փոքրածավալ, սակայն ամպագոռգոռ հայտարարություններով ուղեկցվող խորհրդարանական ընդդիմության ցույցերը, իսկ դրանց զուգահեռ՝ Ա․ Միրզոյանի ամերիկյան այցը վարկաբեկելու, Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բնականոն գործունեությանը խոչընդոտելու փորձերը։ Այսօրինակ իրադարձությունները պետք է դիտարկվեն արդեն երկարատև գործընթացի շրջանակներում, որը չի սահմանափակվում «ազգային համաձայնության կառավարություն» կազմելու պատրվակով իշխանազավթման և սեփական վերահսկողությամբ ընտրությունների կազմակերպման ձգտմամբ։
Հետևողականորեն շարունակելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացը, պետք է միաժամանակ մտապահել այն, որ Հայաստանում առկա ներքին մարտահրավերներն ուղղակիորեն բխում են արտաքիններից, և որ դիվերսիֆիկացումը դրանց դիմակայելու կարևոր գործիքներից է։ Այդ գիտակցմամբ և համապատասխան գործելաոճով է հնարավոր հաջողությամբ դիմակայել մարտահրավերներին, որոնց շահառուների բարի կամքի վրա հույս դնելը միայն կուժեղացնի նրանց ախորժակը՝ մաշեցնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու մանևրելու կարողությունները, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ։