Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ են ընթանում։ Մայիսի 22-ին Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու առաջնորդների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը հանգեցրեց մի շարք հարցերում զգալի առաջընթացի վերաբերյալ հայտարարության, թեև շատ հարցեր էլ անպատասխան մնացին։
2020 թվականի պատերազմին հաջորդած անգործության երկարատև ժամանակաշրջանն ավարտված է։ «Սառույցը կոտրվեց» 2022 թվականի սկզբներին, երբ ԵՄ-ն հայ-ադրբեջանական բանակցություններում նոր առանցքային միջնորդ դարձավ։ Պատերազմն Ուկրաինայում կատալիզատորի ազդեցություն ունեցավ՝ պայմանավորված Ռուսաստանի ուշադրության շեղմամբ և միջազգային մակարդակում նրա մեկուսացմամբ։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը ԵՄ-ին համարում են Մոսկվայից ավելի «ազնիվ միջնորդ»՝ առանց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների կամ յուրաքանչյուր կողմի հետ նրա բարդ հարաբերությունների, որոնք կարող են բացասաբար ազդել բանակցությունների վրա։ Երևանի համար ԵՄ միջնորդությունը յուրատեսակ կամուրջ է դեպի Եվրոպա, որն օգնում է Հայաստանին հետամուտ լինել հավասարակշռված, առանց բացառապես Ռուսաստանից կախվածության արտաքին քաղաքականության իր ավանդական ձգտումներին: Բաքվի համար ԵՄ-ն միջնորդ է, որը չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի «ուղեբեռը» և չի ասոցացվում վերջինիս հետ։
Ի տարբերություն ռուսների, ԵՄ-ն ուրախ է երկու առաջնորդներին հնարավորություն տալ հանդիպելու առանց կողմնակի անձանց ներկայության։ Այն նաև աջակցել է խորհրդականների ՝ Արմեն Գրիգորյանի (ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի.- խմբ.) և Հիքմեթ Հաջիևի միջև կարևոր հաղորդակցական կապուղու ձևավորմանը։ Եվ, վերջապես, ԵՄ-ն աշխարհում ամենամեծ երկկողմանի դոնորն է, ուստի հույս կա, որ նա կարող է ցանկացած քաղաքական համաձայնություն ամրապնդել նշանակալի ֆինանսավորմամբ։
Նոր գործընթացի վերաբերյալ երեք հարց, բոլորն էլ՝ փոխկապակցված, առայժմ անպատասխան է. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի սեպարատ բանակցությունների համար, ինչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և՝ ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
«Ռուսաստան» բառը չկա բանակցությունների վերաբերյալ ԵՄ հայտարարություններից որևէ մեկում, թեև դրանք, ըստ էության, Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի անպատասխան հարցերը լուծելու փորձ են: Ռուսաստանը մնում է միջնորդ և, իհարկե, 2020 թվականից տարածաշրջանում նոր և միակ խաղաղապահն է։
Ապրիլի 28-ին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անամոթ» անվանեց . «Բրյուսելի փորձերը՝ յուրացնելու ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման» ։
Այսուհանդերձ, և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում լռելյայն ընդունում են մի քանի լայն նպատակների բաշխումն իրար միջև: Բրյուսելը հասկանում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղում կարևոր կայունացնող գործոնն է, և չպետք է ակնկալել, թե ԵՄ-ն (կամ որևէ այլ միջազգային կազմակերպություն) մտադիր է ռուսներին փոխարինելու համար խաղաղապահներ ուղարկել տարածաշրջան:
Բանակցությունների մյուս երկու հիմնական տարրերի՝ սահմանազատման ու սահմանագծման և տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերում առկա է Բրյուսելի և Մոսկվայի միջեւ մրցակցության ռիսկ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես են աշխատելու սահմանային հարցերի վերջերս ձևավորված հանձնաժողովները, և ով է լինելու արբիտրը՝ Եվրամիությո՞ւնը, թե՞ Մոսկվան։ Եվ եթե Բաքուն ու Երևանը, ԵՄ խրախուսմամբ, շարունակեն հայկական տարածքով դեպի Նախիջևան խճուղային և երկաթուղային կապ ապահովելու ուղղությամբ առաջընթացը, կպահպանե՞ն, արդյոք, 2020 թվականի նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետը, որը նախատեսում է ճանապարհների պաշտպանությունը հանձնել անվտանգության ռուսական ուժերին։ Ինչ-որ պահի, հավանաբար, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կբանակցեն ոչ միայն միմյանց հետ, այլև՝ կապահովեն Բրյուսելի և Մոսկվայի միջև բանակցությունները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը սառեցված է և հազիվ թե առաջիկայում վերականգնվի՝ նկատի ունենալով պատերազմն Ուկրաինայում, մի կողմից Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի և մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև համագործակցության ծայրահեղ փոքր հավանականությունը, ինչպես նաև ձևաչափի փոփոխության վերաբերյալ արևմտյան գործընկերների հասցեին Սերգեյ Լավրովի մեղադրանքը։ Վերջինս հայտարարել է. «…մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով»։
Ադրբեջանը ձգտում է դադարեցնել Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որպեսզի հայտարարի, թե հակամարտությունն ավարտված է, և թե՝ «Լեռնային Ղարաբաղ», որպես կազմավորում, այլևս գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ աշխատած և որպես լուծում «Հիմնական սկզբունքներ» առաջարկած միջնորդները նրա համար արդեն վատ հիշողություն են համարվում։
Այսուհանդերձ, դեռևս հնարավոր է, ու Մինսկի խումբը կամ ծայրահեղ դեպքում դրա համանախագահ երեք երկրները ապագայում դերակատարում ունենան։ Հայկական կողմը, անշուշտ, ցանկանում է պահպանել միակ միջազգային մեխանիզմը, որն ունի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության» լուծման կոնկրետ մանդատ։ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն ունեն իրենց միջնորդական ֆորմալ իրավունք տվող այդ մեխանիզմը պահպանելու սեփական շահերը։ Այդ պետություններից յուրաքանչյուրը պահպանել է իր ներկայացուցչին՝ Մինսկի խմբի սեփական համանախագահին, նոր՝ «հատուկ բանագնաց» կամ սրա նման ինչ-որ անվանումով։ Վաշինգտոնը դեռ չի անվանել նրան, ով կփոխարինի հունիսին իր պաշտոնը թողած Էնդրյու Շոֆերին։ Սակայն Մինսկի խմբի ֆորմալ գոյությունը հնարավորություն է տալիս նրան պնդելու, թե ինքը շարունակում է դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում։
Ռուսաստանի համար նույնպես կարևոր է ձևաչափը փլուզված չհամարել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների 2020 թվականի դեկտեմբերի 3-ի Տիրանայի հայտարարությունը միակ փաստաթուղթն է, որը միջազգային «օրհնություն» է տալիս հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերյան հայտարարությանը (Ռուսաստանը փորձեց, բայց չկարողացավ հասնել նոյեմբերյան հայտարարության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի)։ Եվ խոհեմ չի լինի քանդել այն գործընթացը, որով կոնսենսուս է ձեռք բերվել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ։ Մասնավորապես, դրանք առկա են նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից 2009թ. հուլիսին Լ’Ակվիլայում ստորագրված հռչակագրում, ըստ որի. հակամարտությունը պետք է լուծվի «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասարության և ժողովուրդների ինքնորոշման մասին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա տարածքային անկախության հարցը, թվում է, հանված է քննարկումից։ Ապրիլի 13-ին խորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց դա ընդունելու մասին՝ ասելով. «Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է»։ Շառլ Միշելն արձագանքել է այս մտքին՝ հայտարարելով. «Անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։
ԵՄ ղեկավարի արտասանած «անվտանգություն» բառը կարևոր նշանակություն ունի։ Չափազանց դժվար է մշակել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ համաձայնություն։ Եվ, իրավամբ, ո՛չ Բաքուն, ո՛չ Ստեփանակերտը, ինչպես երևում է, առայժմ շահագրգռված չեն այդ թեմայով բանակցություններ սկսել։ Նկատելի է կոնսենսուս (որին համաձայն են ԵՄ-ն և Ռուսաստանը) այն սկզբունքի շուրջ, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հայությանը պետք է տեսանելի ապագայում միջազգային պաշտպանություն տրվի, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց հայրենիքում։ Իսկ այն հարցը, թե ինչպես դրան հասնել, ավելի կարևոր տարր կդառնա միջազգային բանակցություններում (լինեն դրանք Բրյուսելում, թե Մոսկվայում), քան կարգավիճակի կամ ինքնավարության հարցերը, որոնք անլուծելի են ինչպես նախկինում, և որոնց լուծման համար շատ տարիներ կպահանջվեն։