Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած արդեն երրորդ հանդիպման արդյունքներն ամփոփվել են տարածված հայտարարության մեջ։
Դատելով հայտարարությունից՝ հանդիպման ժամանակ արծարծվել են ղարաբաղյան հիմնախնդրի գործնականում բոլոր գլխավոր հայեցակետերը, և կողմերը դրանց մեծ մասի առնչությամբ հանգել են ինչ-որ ընդհանուր պատկերացումների առ այն, թե ինչպես կարելի է այդ ամենը կարգավորել, իմա՝ հումանիտար հարցերը, հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներն ու սահմանազատումը, հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը, խաղաղ պայմանագրի հեռանկարը և այլ։ Ընդգծվել են «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» ապահովման անհրաժեշտությունն ու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման պլանները։ Շառլ Միշելն իր անունից նաև ընդգծել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտությունը և ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու դրան։
Դիվանագիտական խիստ շրջանակներ «խցկված» տեքստը հրապարակային բանավեճերի տեղիք է տվել Հայաստանի մամուլում և փորձագիտական հանրույթում, հայաստանյան քաղաքական միջավայրում։ Գնահատականները հակասական են և երբեմն էլ իրարամերժ՝ ամենալավատեսականից մինչև հոռետեսական-ալարմիստական, ինչն էլ ստիպում է որոշակի պարզություն մտցնել կատարվածում, փորձել հանդիպման հրապարակված արդյունքները, ինչպես ասում են, դիվանագիտական լեզվից «թարգմանել» հանրամատչելիի։ Այս մասին՝ մեր նոր թողարկման նյութերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն