Հետխորհրդային տարածքի որ կողմը նայում ես՝ ամենուր իրավունքների մասին վեճ է…
«Ժողովուրդների առաջնորդները» սեփական հայեցողությամբ էին գծում Խորհրդային Միության վարչական սահմանները։ Սակայն անգամ այդ երկրում Երկրորդ աշխարհամարտից հետո բոլորը գիտեին, որ տեղաբնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Խորհրդային Միության ժողովուրդները պարբերաբար հայտարարում էին իրենց այդ իրավունքի մասին։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը, որը Լեռնային Ղարաբաղն իր կազմի մեջ որպես ինքնավար տարածք է ստացել, պետք է զրկեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տեղաբնիկ համարվելու իրավունքից։ Այդ նպատակով խորհրդային շրջանում գործի է դրվել «Կովկասյան Աղվանքի» կեղծ հայեցակարգը, որը հավակնում էր զրկել հայերին իրենց պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրավունքից։ Հայոց պատմությունն ու մշակույթն Ադրբեջանի տարածքում օրենքից դուրս էին դրվել։
Դրան զուգահեռ՝ 1960-ական թվականներից սկսած խորհրդային վարչահրամայական կառավարման համակարգի կիրառմամբ գործի են դրվել մարզի ժողովրդագրական պատկերի փոփոխման տնտեսական եղանակներ։ Արհեստական անհամաչափություններ ստեղծելով՝ ամայացվում էին հայկական բնակչությամբ գյուղերը և զուգահեռաբար ստեղծվում և դրսից բերվող նորեկներով էին բնակեցվում ադրբեջանաբնակ գյուղերը։ Այսպիսով, իրականացվում էր տեղաբնիկներին ինքնորոշման իրավունքից զրկելու քաղաքականություն։ Մարզի ադրբեջանական բնակչությունը 1923 թ. եղած 4 տոկոսից 1989 թ. արդեն հասել էր 20 տոկոսի։
Խորհրդային Միության ողջ գոյության ընթացքում ԼՂԻՄ-ը պարբերաբար բարձրաձայնում էր Ադրբեջանի վարած էթնիկական բնույթի ճնշումների հարցը և պահանջում էր մարզը Հայաստանին միավորել։ Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունները մերժում էին այդ խնդրանքները։
Այս քաղաքականությունը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանուն ինքնորոշման պայքարի։ 1989 թ. ձևավորվել է միացյալ Հայաստանի Հանրապետությունը, բայց 1991 թ. երկիրը երկու մասի է բաժանվել՝ ձևավորվել է առանձին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (ԼՂՀ)։
Այս վեճի շուրջ երեսնամյա միջազգային թոհուբոհը նախ հանգեցրել է Ադրբեջանի ռազմական պարտությանը և նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու պետական միավորների՝ ԼՂՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության ձևավորմանը, ապա 2020 թ. նոր պատերազմին և ռուսական զորքերի վերահսկողության ներքո նոր ստատուս քվոյի ստեղծմանը։ Ադրբեջանն արգելափակել է այն տարածքը, ինչ մնացել է ԼՂԻՄ-ից, իսկ 2020 թ. հետպատերազմական պայմանավորվածության համաձայն Հայաստանի հետ կապն ապահովելու համար նախատեսված Լաչինի միջանցքը 2022 թ. դեկտեմբերին նույնպես արգելափակվել է արցախցի հայերի երթևեկության համար։
Պատերազմի արդյունքներով և ուկրաինական պատերազմի բերմամբ բարդ իրավիճակում հայտնված Ռուսաստանի դրությամբ ոգևորված Ադրբեջանն ամենայն լրջությամբ սկսել է Լեռնային Ղարաբաղից հայերին վերջնականապես արտամղելու գործընթացը։ Ներկայումս հայերի արտամղման քաղաքականությունը ձեռք է բերել բացահայտ բնույթ.Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու իրավունքը պայմանավորում է Ադրբեջանի քաղաքացիության ընդունմամբ՝ չցանկացողներին առաջարկելով բնակության այլ վայր որոնել։
Իր նպատակների լրջությունը ցուցադրելու համար Ադրբեջանը 2023 թ. ապրիլի 23-ին հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին հսկիչ անցակետ տեղադրելու մտադրություն ունի։ Հայաստանի հետ սահմանին տեղադրվել են անհրաժեշտ շինություններ և զինված պահակախմբի ծառայություն է հաստատվել։ Այսպիսով, Ադրբեջանն աշխարհին փորձում է ցույց տալ, որ լիովին վերահսկում է Լեռնային Ղարաբաղը։ Սակայն Ադրբեջանի այս քայլի նկատմամբ արձագանքը միանշանակ չի եղել։ Ռուսաստանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները Լաչինի միջանցքի ռեժիմը միակողմանիորեն փոփոխելու Ադրբեջանի որոշումն անընդունելի են որակել՝ անտեսելով հանդերձ հսկիչ անցակետի տեղադրման բուն փաստը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ և Ֆրանսիան Ադրբեջանին կոչ են արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է Ադրբեջանի ջանքերին հակադրել խաղաղ անհնազանդությունը։
Միաժամանակ՝ միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, և որ կայուն խաղաղություն կարելի է հաստատել միայն նրա կարգավիճակի որոշման միջոցով։ Ադրբեջանը հայտարարում է, որ աշխարհում ոչ ոք չի կարող խոչընդոտել իր նպատակների իրականացմանը։ Բայց, քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին տիրելու իրավունքը բխեցնում է բացառապես Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու միջազգային ճանաչվածությունից, ապա իր նպատակների իրականացման միակ տարբերակը Բաքուն համարում է նախկին ԼՂԻՄ-ի ժողովրդի կողմից Ադրբեջանի քաղաքացիությունն ընդունելու կամավոր համաձայնությունը։ Ադրբեջանին անհրաժեշտ է քարտ-բլանշ՝ միջազգային հանրության քննադատությունից խուսափելու համար։
Սակայն Արցախի ժողովրդի խաղաղ անհնազանդությունն Ադրբեջանի համար անլուծելի իրավիճակ է ստեղծում։ Նախագահ Ալիևն ստեղծված իրավիճակը բացատրում է ինչ-որ մարդկանց մեքենայություններով, որոնք իբր թույլ չեն տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ադրբեջանական քաղաքացիություն ընդունել։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը պատրաստ է ընդունել այն։
Այնուամենայնիվ, ստեղծվել է մի իրավիճակ, որում Ադրբեջանը ստիպված է Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչել։ Լեռնային Ղարաբաղի հարցն աշխարհում որևիցե մեկի հետ քննարկելու Ադրբեջանի մերժումը, ինչպես նաև կարգավորումից և անգամ Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդրի շուրջ բանակցելուց Հայաստանի հրաժարումը Բաքվին ստիպում են Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսություն ծավալելու ուղիներ որոնել։ Ավելին՝ Ադրբեջանը ստիպված է Հայաստանի հետ բանակցային գործընթացի բանաձևի մեջ ևս շտկումներ կատարել։ Եվ սա պաշտոնական մակարդակի վրա է արվում։
2023 թ. ապրիլի 12-ին Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը ներկայումս երկու ուղղություններով է իրականացվում… Այս կապակցությամբ Ադրբեջանը հանդես է եկել Բաքվում Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի հայ բնակիչների հետ ուղիղ շփումներ և հանդիպումներ կազմակերպելու առաջարկությամբ։ Նրանք Բաքու են հրավիրված թե՛ վերինտեգրումը և թե՛ տարբեր ենթակառուցվածքային նախագծեր քննարկելու համար։ Միաժամանակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի հիմքով բանակցություններ են տարվում խաղաղ պայմանագրի և հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ»։
Եզրակացությունը պարզ է.
Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ընդունել է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի խնդրի գոյությունը և նրան բանակցային կողմ է ճանաչել։
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ավելի քան երկու տարի շարունակ Ադրբեջանը ժխտում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի գոյությունը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը պայմանավորում էր առանց Լեռնային Ղարաբաղի հարցը հիշատակելու խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը «վերինտեգրմամբ» սահմանափակելը նպատակ ունի այն ներկայացնել զուտ որպես Ադրբեջանի բացառապես ներքին գործ։
Բայց այստեղ ևս բարդություններ են ծագել․ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի կարգավիճակի որոշված չլինելու խնդրի առկայությունը (վերինտեգրման անհրաժեշտությունը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բացակայում է որևիցե կապ)։ Այսինքն, Բաքուն ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ադրբեջանական հասարակության մաս չեն։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հայտարարում է, թե «երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի տարածքը բռնազավթված էր», Բաքուն ճանաչում է և այն, որ Ադրբեջանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերն ադրբեջանական հասարակության մաս չեն եղել, իսկ ադրբեջանական պետությունը հայերի ենթակայության տակ գտնվող տարածքի վրա երբեք վերահսկողություն չի ունեցել։
Այս խորապատկերին Լեռնային Ղարաբաղի հայերին «վերինտեգրելու» ադրբեջանական ներկայիս հավակնություններն անտեղի են այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի Հանրապետության ձևավորմանը ոչ մի մասնակցություն չեն ունեցել։ Հետևաբար՝ նրանք չեն կարող լինել Ադրբեջանի քաղաքացի։ Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման ճանապարհով ձևավորել է սեփական պետությունը։
Ոչ ոք չի մոռացել և այն, որ Ադրբեջանը 1992-ին՝ իր ինքնիշխանության միջազգային ճանաչման պահին ԵԱՀԽ շրջանակում ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարակարծությունների առկայության փաստը և համաձայնվել է մասնակցել Մինսկի միջազգային համաժողովին՝ այդ կարգավիճակը որոշելու համար։
Այդ ժամանակվանից ի վեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ոչինչ չի փոխվել՝ բացի այն հանգամանքից, որ Ադրբեջանը բազմիցս խախտում էր գոյություն ունեցող հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր միջազգայնորեն տված խոստումները։ Մինսկի խմբի առանցքային մասնակից երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը շարունակում են հաստատել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, որ առանց այն որոշելու չի կարող լինել հակամարտության մնայուն կարգավորում։ Ադրբեջանի մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղն աշխարհից մեկուսացնելու միջոցով օրակարգից հանել նրա կարգավիճակի որոշման խնդիրը, սոսկ միջազգային ահաբեկչության դրսևորում է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի շրջանում այս ամենն Ադրբեջանի՝ որպես չկայացած պետության հանդեպ հարուցում է նողկանք և նիհիլիզմ։
Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանն իր հանդեպ հարգանքի մնացորդը պահպանելու համար հավատարիմ մնար նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։ Այդ փաստաթղթում Ադրբեջանի հետ ոչ ոք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չէր քննարկում։
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան