Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը մայիսի 12-ին հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորվել են 2 հայ զինծառայողներ։
Հայաստանյան փորձագետների կարծիքով՝ Բաքուն փորձում է այս կերպ բանակցություններից առաջ ճնշում գործադրել Երևանի վրա, նպատակը նոր զիջումներ կորզելն է։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ կարևոր է հասկանալ ադրբեջանական կողմի տրամաբանությունը։
«Իրենք ասում են՝ մենք գնում ենք բանակցությունների, հետո փոխում ենք իրողությունները և հետո, ըստ այդմ, փոխում ենք բանակցությունների բնույթը, էությունն ու բովանդակությունը»,- ասում է Հայրապետյանը։
Մարտի 11-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմը հաղորդել էր չորս վիրավորի, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:Կեսօրից հետո իրադրությունը՝ հարաբերականորեն կայունացել էր։ Սակայն երեկոյան ադրբեջանական կողմից ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր էին արձանագրվել ինչպես Սոթքի, այնպես էլ Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով։ Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չէին գրանցվել։
Մայիսի 12-ին ՊՆ հաղորդեց, որ ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների մեկնաբանությունները էսկալացիայի վերաբերյալ
«Ավելի լայնամասշտաբ գործողությունների ռիսկերը մեծ են»
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ Բաքուն փորձում է իրողություններ փոխել հողի վրա, ըստ այդմ՝ փոխել նաև բանակցային բովանդակությունը․
«Երբ Ադրբեջանը հասկանում է, որ, օրինակ՝ Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, և Հայաստանի իշխանությունները պարզ տեքստով դրա մասին հայտարարում են, Ադրբեջանը մտածում է՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանից ավելին պոկել»,- նշել է նա։
Չի բացառում, որ եթե միջնորդներից որևէ մեկը չկանխի, կարող են լինել նաև նոր գործողություններ․
«Ռիսկերը շատ մեծ են, որ Թուրքիայում ընտրություններից հետո՝ Էրդողանի հնարավոր վերընտրվելու դեպքում Ադրբեջանն ավելի լայնամասշտաբ գործողությունների կարող է գնալ»։
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Հունիսի 1-ին նախատեսված են հնգակողմ բանակցություններ՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։
Այս ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցելու են նաև ռուսական կողմի միջնորդությամբ։ Մայիսի 19-ին Մոսկվայում հանդիպելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
«Սոթքի հանքի նկատմամբ հավակնություն ունի»
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքն է։ Հիշեցնում է՝ Բաքուն դեռևս 1-1,5 ամիս առաջ էր սկսել հանքի աշխատանքները խոչընդոտել։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը փորձում է՝
- հասնել հանքի աշխատանքների դադարեցման,
- հանքի նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերել։
Ըստ նրա՝ նման վերահսկողության պարագայում Ադրբեջանը կփորձի հանքն օգտագործել ինչպես սեփական տնտեսության կարիքների ապահովման, այնպես էլ «ռազմական առումով ծանր իրավիճակ ստեղծելու» համար․
«Այդ բարձունքները բավականին կարևոր նշանակություն ունեն, դրանց նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կարող է շատ ավելի ծանր իրավիճակ ստեղծել նշյալ ուղղությունում»։
Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմի համար խնդրահարույց է նաև այն, որ Ադրբեջանը փորձում է Վարդենիսն ու մի շարք այլ բնակավայրեր ներկայացնել որպես, այսպես կոչված, պատմական Ադրբեջան։
«Կարծում եմ՝ դա արվում է ոչ զուտ քարոզչության համար, դրանով հիմք է նախապատրաստվում որևէ փուլում այդ ուղղությամբ ագրեսիայի դիմելու համար»,- նկատել է Աբրահամյանը։
«Ադրբեջանի հայտարարությունները չեն համոզում միջնորդ երկրներին»
Ադրբեջանական մամուլը պնդում է, թե, իբր, հայկական կողմն է սադրանքի դիմել ու գնդակոծել իրենց դիրքերը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ նման հայտարարություններին նույնիսկ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում։ Ըստ նրա՝ դրանք չեն համոզում նաև միջնորդ երկրներին, իսկ իր գործողությունները լեգիտիմացնելու Բաքվի փորձերը ձախողվում են․
«Պարզ է, որ առկա ռազմաքաղաքական բալանսի պայմաններում Հայաստանը որևէ տրամաբանությամբ չի կարող գնալ նմանատիպ քայլերի․ Հայաստանը նմանատիպ կարողություններ չունի, որպեսզի սրի իրավիճակը կամ գետնի վրա իրավիճակն էսկալացնելով փորձի ինչ–որ դիվիդենտներ շահել»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ բանակցություններից առաջ նախաձեռնված էսկալացիայի նպատակը Երևանի վրա ճնշում գործադրելն է։ Նկատում է՝ Ալիևը փորձում է ստիպել Հայաստանին զիջումների գնալ հիմնական օրակարգային հարցերի վերաբերյալ։
«Չէին կարող որևէ արձագանք տալ»․ ԵՄ դիտորդների մասին
Անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու Հայաստանում ԵՄ առաքելության արձագանքին՝ նման հայտարարություն է արել փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Նրա դիտարկմամբ՝ քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, այն է՝ պարբերաբար այցելել սահմանային հատվածներ և զեկույցներ պատրաստել․
«Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում»։
Նրա գնահատմամբ՝ բանակցություններից առաջ ագրեսիա իրականացնելն Ադրբեջանի կողմից «նոր գործելաոճ չէ»։
«1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,- նկատել է նա։