Այսօր Բելառուսում տիրող իրավիճակն ամենից շատ նման է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի արբանյակ երկրների դրությանը։ Երկիրը դեռ բռնազավթված տարածքի կարգավիճակում չէ, բայց ագրեսիվ արևելյան հարևանից քաղաքական, տնտեսական և ռազմական խորին կախվածությունը շատ մեծ է։ Բելառուսն իր տարածքը տրամադրում է Ուկրաինային ավիացիոն և հրթիռային հարվածներ հասցնելու համար, ապահովում է ռուսական զորքերի տեղակայման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, նախապատրաստում է մոբիլիզացված ռուս զինվորականներին, այսինքն՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին առավելագույն հնարավոր աջակցություն է ցուցաբերում՝ բացառությամբ Ուկրաինայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին բելառուսական բանակի ուղիղ մասնակցությունից։
Բելառուսում իշխող քաղաքական ռեժիմը բազմաթիվ աղերսներ ունի 20-րդ դարի 30-40-ական թվականների ավտորիտար ռեժիմների հետ։ Երկրում հասարակական կյանքի բոլոր դրսևորումների նկատմամբ հաստատված է խստագույն ոստիկանական վերահսկողություն, քաղաքական անհնազանդության որևէ դրսևորում պատժվում է վարչական և քրեական հետապնդմամբ, պետությունից անկախ որևէ հասարակական գործունեություն կարող է բռնաճնշումների պատճառ դառնալ։ Անգամ այս տեքստի ընթերցումը Բելառուսում կարող է ձերբակալության սպառնալիքով ուղեկցվել, քանի որ դրա հեղինակը պետության կողմից հայտարարված է ծայրահեղական կազմակերպության անդամ, իսկ անկախ ԶԼՄ-ներին, տելեգրամյան ալիքներին կամ քաղաքական բլոգներին բաժանորդագրվելը հավասարեցված է ծայրահեղականության հետ։ Լուկաշենկոյի քաղաքական ռեժիմը շարունակում է ամենօրյա բռնաճնշումները, թեև վերջին փողոցային հակապատերազմական և քաղաքական բողոքի գործողությունները եղել էին 2022 թ. փետրվարին։ Բանտերում են գտնվում միայն պաշտոնապես հայտնի 1,496 քաղբանտարկյալներ, իսկ քաղաքական պատճառներով բանտարկված քաղաքացիների ընդհանուր թիվը կարող է ավելի քան երեք անգամ մեծ լինել։ Բելառուսը նման է վերակենդանացած հակաուտոպիաների երկրին, որտեղ դուք կարող եք դիտել գրքերի առգրավում, տեսախցիկների առջև ծեծված մարդկանց հրապարակային մեղայականներ, քաղաքացիական հասարակության ավելի քան հազար կազմակերպությունների լուծարում, շարքով քայլող դպրոցականների և անգամ «գաղափարապես մերժելի» բելառուսական լատինատառ այբուբենի գործածության նկատմամբ արգելք։
Բռնաճնշումները և ռուսական ԶԼՄ-ների քարոզչական խոսույթների համապարփակ պարտադրումը հանրային բևեռացման պատճառ են դառնում։ Պետական բռնաճնշումների մեքենան ազգային յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ ատելություն է սերմանում՝ պատմական պետական խորհրդանիշներից, բելառուսական գրականության դասականների ստեղծագործություններից՝ ներառյալ նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի գրքերից սկսած մինչև բելառուսերենի գործածությունը։ Լուկաշենկոյի անվերապահ կողմնակիցների քանակն այսօր հազիվ թե 30 տոկոսից շատ է, բայց երկրից դուրս գտնվող ժողովրդավարական վտարանդի առաջնորդները նույնպես աջակցության բարձր ցուցանիշ չունեն։ Իրավիճակի վրա փաստացի վերահսկողություն պահպանելու շնորհիվ ավտորիտարիզմը հետզհետե իրեն է վերադարձնում բնակչության կրավորական աջակցությունը, բայց հասարակության ակտիվ մասը շարունակում է հույս տածել փոփոխությունների հեռանկարի նկատմամբ։ Ոստիկանական բռնությունը կարող է հասարակությանն ապստամբությունից զերծ պահել, բայց այն ի վիճակի չէ սպանել ավելի լավ ապագա ունենալու միլիոնավոր մարդկանց հույսը։
Իշխանությունը պահպանելու նպատակով ուղիղ բռնության վրա հենվող Լուկաշենկոն ոտնահարում է բելառուսների մեծամասնության կարծիքը։ Բնակչության 85 տոկոսը դեմ է ուկրաինական պատերազմին Բելառուսի մասնակցությանը, 75 տոկոսը դեմ է Լուկաշենկոյի՝ Բելառուսում ռուսական միջուկային զենք տեղակայելու ծրագրերին։ Այսպիսի միահամուռ հասարակական համակարծությունը կարող է հակակառավարական նոր փողոցային բողոքների ծավալման պատճառ դառնալ, եթե Բելառուսի իշխանությունները համարձակվեն Ուկրաինայի դեմ ուղիղ ռազմական ներխուժում սկսել։ Ընդ որում, հաշվի առնելով հասարակական բևեռացման ներկայիս մակարդակը, դրանք 2020 թ. բողոքների պես խաղաղ չեն լինի։
Բելառուսի միջազգային մեկուսացումը և երկրի դեմ գործող պատժամիջոցները լուրջ տնտեսական ազդեցություն են գործում և երկարաժամկետ կտրվածքով կարող են հանգեցնել բելառուսական տնտեսության անսպասելի փլուզման։ Ի հեճուկս այն հանգամանքի, որ Բելառուսը կորցրել է եվրոպական և ուկրաինական շուկան, երկրի տնտեսությունը հետզհետե ընտելանում ու վարժվում է պատժամիջոցների հարվածին։ Պատժամիջոցների տակ հայտնված պետական ձեռնարկությունները և Լուկաշենկոյին մերձավոր գործարարները պատժամիջոցները շրջանցելու կամ դրանք մեղմելու ուղիներ են որոնում՝ օգտագործելով եվրասիական տնտեսական տարածության հնարավորությունները։ Շատ ձեռնարկություններ, այդ թվում և մասնավոր տնտեսվարող հատվածը, վերակողմնորոշվում են ռուսաստանյան շուկայի ուղղությամբ։ Ցավալի է, որ Լուկաշենկոյի ռեժիմի վարած քաղաքականության և Ուկրաինայի դեմ ագրեսիային մասնակցելու պատճառով հարվածի տակ են հայտնվել երկրի մասնավոր ձեռնարկությունները և անգամ սովորական քաղաքացիները, որոնք ոչ մի կերպ հաղորդակից չեն Լուկաշենկոյի ռեժիմի հանցագործություններին։ Պատժամիջոցների և պատերազմի պատճառով բելառուսական բիզնեսը սկսել է «թունավոր» դիտվել, այն դժվարությամբ է կարողանում արտաքին գործընկերների հետ աշխատել։ Բելառուսների համար զգալիորեն նվազել են տեղաշարժվելու հնարավորությունները՝ երկրից դուրս դեպի ԵՄ երկրներ մեկնելու համար անհրաժեշտ վիզաների տրամադրման նոր սահմանափակումների պատճառով։ Արտասահմանում բելառուսները բարդ վիճակում են հայտնվում՝ ագրեսոր երկրի քաղաքացի լինելու պատճառով։
Արտաքուստ կարող է թվալ, թե բելառուսական հասարակությունը սառել-պապանձվել է, հանձնվել, դադարելով դիմադրել։ Բայց սա բոլորովին այդպես չէ։ Անգամ ամենադաժան բռնաճնշումներով հնարավոր չէ ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը, անկախ հանրային և մշակութային կյանքը։ Բելառուսում շարունակում են գործել քաղաքացիական հասարակության հազարավոր կազմակերպություններ, տեղական ու արհեստավարժական ընկերակցություններ, ստորգետնյա «պարտիզանական» դիմադրության բջիջներ։ Երբեմն այդպիսի ակտիվությունը դրսևորվում է արմատական դիմադրության գործողություններով՝ «ռելսային պարտիզանների» հարձակումներ, բելառուսական «կիբեր-պարտիզանների» գործողություններ, անօդաչու թռչող սարքի միջոցով ռուսական ռազմական օդանավի վնասում և այլն։
Բելառուսական ընդդիմության առաջնորդները կա՛մ բանտում են, կա՛մ վտարանդիության մեջ, ինչը էապես սահմանափակում է երկրի ներսում առկա քաղաքական իրադրության վրա նրանց ազդեցության հնարավորությունները։ Բելառուսի վտարանդի քաղաքական ուժերը միասնություն են պահպանում, այսօր նրանք ներկայացված են ստվերային կառավարությունների կառուցվածքի նմանությամբ կազմակերպված եռյակով՝ Սվետլանա Տիխանովսկայան, որն ըստ անկախ տվյալների 2020 թ. ընտրություններում ստացել է քվեների մեծամասնությունը, և նրա ղեկավարած գրասենյակը, Միացյալ անցումային կաբինետը (գործադիր կառույց) և Համակարգող խորհուրդը, որը ձևավորվել է որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ժողովրդավարական ուժերի ներկայացուցչական մարմին։ Այսուհանդերձ, ժողովրդավարական ընդդիմության տարբեր միավորների միջև առկա հարաբերությունները երբեմն լարված են՝ առկա են ներքին մրցակցությունն ու Տիխանովսկայայի առաջնորդությունը վիճարկելու՝ այլ կենտրոնների ցանկությունը, մասնավորապես՝ ի դեմս Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցող «Կաստուս Կալինովսկու անվան» բելառուս կամավորականների գնդի։ Առկա են հռչակագրված նպատակներին հասնելու համար առաջարկվող ռազմավարությունների շուրջ տարակարծություններ։ Միևնույն ժամանակ, վերոնշյալ կառույցների առաջնորդներին հաջողվում է միմյանց հետ փոխհարաբերություններում համեմատական հավասարակշռություն պահպանել, և այս հանգամանքը դրականորեն է ազդում բելառուսական ընդդիմության միջազգային կշռի և վարկանիշի վրա։ Ժողովրդավարական ուժերին հաջողվում է պահպանել Բելառուսի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը և երկրի հանդեպ Ռուսաստանի համեմատ ավելի բարենպաստ վերաբերմունք ապահովել՝ տարանջատելով Բելառուսի քաղաքացիների և մեկուսացման ենթակա քաղաքական ռեժիմի նկատմամբ միջազգային հանրության կողմից տարվող քաղաքականությունը։
Բելառուսի ժողովրդավարական ընդդիմությունը նպատակ ունի վերականգնել իր ազդեցությունը բելառուսական հասարակության վրա, պահպանել երկրի անկախությունը, կանխել Ռուսաստանի կողմից Բելառուսի կլանումն ու ռուսաստանյան նոր «երկաթե վարագույրի» ետևում հայտնվելը։ Բայց բելառուսական ընդդիմության հնարավորություններն ու ուժերն առանձնապես մեծ չեն, հաշվի առնելով, որ նրան հակադրված է ոչ միայն Լուկաշենկոն, այլև Բելառուսում ազդեցության ահռելի լծակներ ունեցող պուտինյան Ռուսաստանը։ Բելառուս ժողովրդավարները դաշնակիցների կարիք ունեն և, հավանաբար, ժողովրդավարական Բելառուսի գլխավոր դաշնակիցն այսօր կարող է լինել Ուկրաինան։ Առանց Ուկրաինայի էական դերի Բելառուսի ճակատագրում դեպի ժողովրդավարական եվրոպամետ վերափոխումների ճանապարհն, անտարակույս, ավելի երկար և ավելի բարդ կլինի։ Ռուսաստանի հավանական պարտությունից հետո համատեղ անվտանգության նոր համակարգի կազմակերպման հարցում Ուկրաինայի և Բելառուսի դիրքորոշումը որոշիչ կլինի ողջ տարածաշրջանի համար։
Որքան էլ զարմանալի լինի, ի հեճուկս մեր երկրների միջև գոյություն ունեցող հեռավորության, Հայաստանում առկա իրավիճակը որոշ հարցերում շատ նման է Բելառուսում տիրող վիճակին։ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի առաջ է գնացել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, իսկ 2020 թ. բելառուսական հեղափոխությունը, թեև հաղթանակով չի պսակվել, իր ազգային֊ժողովրդավարական ոգով նման էր իրեն նախորդած հայկական հեղափոխությանը։ Բելառուսը Հայաստանի պես գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, իսկ մեր երկրներում հասարակական կարծիքն ունի նկատելի ռուսամետ բաղադրիչ։ Թե՛ Բելառուսում և թե՛ Հայաստանում փոփոխությունների գլխավոր առաջատարն ազգային քաղաքացիական հասարակությունն է։ Մեզ դժվար չէ միմյանց հասկանալ։ Այդ իսկ պատճառով մեր և մեր անկախ երկրների միջև հարաբերությունների հեռանկարը մեծ է և արագ զարգացման համար նպաստավոր։ Այժմ դրան խանգարում է երեք խոչընդոտ՝ ավտորիտար առաջնորդ, պատերազմներ և մեր ժողովուրդների անկախ զարգացումը կասեցնելուն ձգտող կայսրության ջանքեր։
Բայց մենք կարողացել ենք դիմակայել նախկինում, կկարողանանք նաև այժմ։ Մեր երկրների մարդկանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, եվրոպամետ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը կարևոր դեր է ունենալու։
Անդրեյ ԵԳՈՐՈՎ
Բելառուսի Համակարգող խորհրդի խոսնակ
Վարշավա