2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Millet դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը («Երկիր/Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեց)։ Մայիսի 19-ին Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հրապարակեց վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ քվեներ՝ 50%+1։ Այդ ցուցանիշին ամենամոտը գտնվել է Էրդողանը՝ 49.52% (27.133.849 քվե)։ Քըլըչդարօղլուի ցուցանիշը կազմել է 44.88% և 24.595.178 քվե, իսկ Օղանինը՝ 5.17% և 2.831.239 քվե։
Էրդողանը հաղթել է Թուրքիայի 81 նահանգներից 51-ում, Քըլըչդարօղլուն՝ մնացյալ 30-ում։ Էրդողանն ավելի ուժեղ է գտնվել Թուրքիայի արևմտյան ոչ ծովափնյա նահանգներում, գրեթե ողջ կենտրոնական հատվածում (բացառությամբ Անկարայի ու Էսքիշեհիրի), ողջ սևծովյան հատվածում, արևելյան մի շարք նահանգներում։ Քըլըչդարօղլուն էլ հաղթել է Թուրքիայի պաշտոնական, ֆինանսական և զբոսաշրջային մայրաքաղաքներ Անկարայում, Ստամբուլում, Անթալիայում, քեմալական «միջնաբերդ» Իզմիրում, Էգեյան ու Միջերկրական ծովերին սահմանակից մնացյալ նահանգներում (ներառյալ Ադանան ու Մերսինը), իր հայրենի Թունջելիում (Դերսիմ), արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ 13 նահանգում, որոնք սահմանակից են Սիրիային, Իրաքին, Իրանին, Նախիջևանին, Հայաստանին, Վրաստանին։ Օղանը չի կարողացել հաղթել որևէ նահանգում, այդ թվում իր հայրենի Իգդիրում, ուր զիջել է թե՛ Քըլըչդարօղլուին, թե՛ Էրդողանին։
Այս պատկերը մեզ որոշակի հիշեցնում է 2019 թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքները, երբ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն պարտություն կրեց գրեթե բոլոր խոշոր քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, Մերսին)։ 2023 թ. մայիսի 17-ին Էրդողանը Ստամբուլում հայտարարեց, որ եթե Ստամբուլը սեփական քվեն տա իրեն, ապա դրանով հարցը կփակվի։ Սակայն Ստամբուլն իր քվեների մեծ մասը չտվեց նրան, ինչը նույնպես նպաստեց առաջին փուլում Էրդողանի չհաղթելուն։
Հատկանշական է, որ մայիսի 14-ի ուշ երեկոյան շատ արագ էր ընթանում քվեների հաշվարկը, սակայն երբ հաշվարկվել էր քվեների 90%-ը, գործընթացը զգալի դանդաղեց, ինչն իր գագաթնակետին հասավ վերջին 1%-ը (արտասահմանաբնակ թուրքերի քվեները) հաշվարկելիս։ Էրդողանն ու նրա թիմը, թերևս, մտորում էին, թե արժե՞ գործը հասցնել առաջին փուլում հաղթելուն, թե՞ ոչ։ Հայտնի է, որ Էրդողանի համար խիստ ցանկալի էր հենց մայիսի 14-ին հաղթելը[1]՝ կապված նրա հետ, որ 73 տարի առաջ այդ օրը բազմակուսակցական համակարգի պայմաններում պարտություն է կրել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ն, որով վերջակետ է դրվել այդ կուսակցության 27-ամյա միահեծան կառավարմանը։
Էրդողանի հաղթանակի դեպքում 2023 թ. մայիսի 14-ը կարող էր դառնալ նրա «Նոր Թուրքիայի» ծննդյան և հարյուրամյակի մեկնարկի օր։ Սակայն Էրդողանին չբավականացրեց ընդամենը 0.5%, ինչը մեզ համար որոշակիորեն անսպասելի էր՝ հաշվի առնելով մայիսի 14-ի խորհրդանշական կարևորությունը (ընտրություններից առաջ չէինք բացառել, որ Էրդողանը կհավաքի քվեների 50.14%-ը, ինչն ինքնին կխորհրդանշի 1950 թ. մայիսի 14-ը)։ Էրդողանի այս ձախողման հիմնական պատճառները հայտնի են՝ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ, երկրաշարժերի հետևանքներ, «մեկ մարդու» ռեժիմ, բռնաճնշումներ, իսլամակենտրոն քաղաքականություն և այլն։
Սակայն, չենք բացառում, որ 0.5% չբավականացնելը կարող է կապված լինել Էրդողանի թիմի նախընտրական թերացումներով ու գյուլենականնների գործոնով։ Էրդողանի թիմում՝ ընդհուպ մինչև ամենաստորին օղակներ, կարող են լինել բազմաթիվ քողարկված գյուլենականներ, որոնք թերացել/միտումնավոր խափանել են ընտրական (չարաշահումների) աշխատանքները՝ փոխարենն Էրդողանին ներշնչելով, որ ամեն ինչ կարգին է, և նա անպայմանորեն հաղթելու է առաջին փուլում։ Գյուլենականները կարող էին լայն աշխատանքներ իրականացնել նաև արտասահմանաբնակ թուրքերի շրջանում, ուր Էրդողանն այս անգամ ստացել է 3%-ով պակաս քվե՝ 2018 թ. ընտրությունների հետ համեմատ։ Էրդողանը կա՛մ թերագնահատեց արտասահմանաբնակ թուրքերին, կա՛մ առողջական վիճակի պատճառով չկարողացավ անձամբ նախընտրական արշավ իրականացնել նրանց շրջանում (2023 թ. Էրդողանը չի ունեցել որևէ արտասահմանյան այց)։
Ինչո՞ւ ամեն դեպքում Էրդողանը քվեների վերջին 10%-ի հաշվարկի ժամանակ չփորձեց 0.5%-ով ավելացնել սեփական ցուցանիշը և հաղթել առաջին փուլում։ Երբ մայիսի 15-ին YSK-ն հայտնեց մայիսի 28-ին երկրորդ փուլի անցկացման ահրաժեշտության մասին, Էրդողանը սկսեց շարունակ շեշտել, որ մայիսի 14-ին Թուրքիայում հաղթել է ժողովրդավարությունը (բռնապետները չեն գնում երկրորդ փուլի)։ Մեր կարծիքով՝ «ժողովրդավարի դիմակ» հագնելը չէր երկրորդ փուլի անցկացմանը համաձայնվելու հարցում Էրդողանի գլխավոր դրդապատճառը (թեև վերընտրման դեպքում նա սաստկացնելու է հալածանքները՝ հատկապես քեմալականների հանդեպ)։
Երկրորդ փուլին գնալու հարցում նրա գլխավոր մոտիվը, թերևս, կապված էր 2019 թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ։ Այն ժամանակ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում մոտ 13.000 քվեով պարտվեց ՀԺԿ-ական թեկնածու Էքրեմ Իմամօղլուին, և Էրդողանը որոշեց 2.5 ամիս անց Ստամբուլում անցկացնել կրկնական ընտրություններ (դրանցում Յըլդըրըմն Իմամօղլուին զիջեց ավելի քան 800.000 քվեով)։ Ներկայումս Էրդողանը, թերևս, չցանկացավ գրանցել 50.1%՝ առաջին փուլում հաղթել նվազագույն տարբերությամբ ու լինել որոշակիորեն խոցելի։ Նա, թերևս, գիտակցում էր, որ եթե գնա այդ քայլին, ապա ընդդիմությունը (նաև Արևմուտքը) անմիջապես կշեշտի առաջին փուլի արդյունքների կեղծված լինելը, ինչպես նաև կհիշեցնի 2019 թ. Ստամբուլի օրինակը՝ նվազագույն տարբերությամբ ընդդիմության հաղթանակի չեղարկումը։
Թեև Քըլըչդարօղլուն հաղթեց Թուրքիայի «3 մայրաքաղաքներում» և երրորդ խոշոր քաղաք Իզմիրում, նա չկարողացավ ո՛չ հաղթել առաջին փուլում, ո՛չ էլ պարզապես առաջ անցնել Էրդողանից։ Իրականում Քըլըչդարօղլուն նվազագույն տարբերությամբ է հաղթել Ստամբուլում (1.88%) ու Անկարայում (1.32%), ինչն էլ մեծապես կանխորոշել է նրա արդյունքները։ Իրավագիտության պրոֆեսոր Էրսան Շենը նշել է 3 պատճառ, թե ինչու Քըլըչդարօղլուն կարող էր կորցնել որոշ ընտրողների աջակցությունը. «1) Քըլըչդարօղլուն մոռացել է երկրաշարժից տուժած քաղաքացիների մասին, 2) Սոցցանցերի միջոցով Քըլըչդարօղլուի մեղադրանքները ընտրություններին Մոսկվայի իբր միջամտության մասին արվել են չափազանց պարզունակ ձևով՝ առանց ապացույցների, եղել են ժամանակավրեպ։ 3) Քըլըչդարօղլուն չկարողացավ համոզել ընտրողներին, որ միանշանակ և խստորեն դատապարտում է PKK-ի ահաբեկչությունը»։
Մեր կողմից կարող ենք հավելել Քըլըչդարօղլուի կողմից փախստականների գործոնը ոչ անհրաժեշտ ձևով շահարկելը (առաջին փուլից հետո նա կոշտացրել է տոնը՝ հայտարարելով երկրում գտնվող բոլոր 10 միլիոն փախստականներին վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ վաղը նրանց թիվը կհասնի 30 միլիոնի)։ Թերևս, առավել կարևոր էր Քըլըչդարօղլուի այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Հայտնի է, որ տարեկան 5-7 միլիոն զբոսաշրջիկ է գալիս Ռուսաստանից, որ թուրքական գյուղմթերքը մեծ ծավալով արտահանվում է Ռուսաստան, և Քըլըչդարօղլուն տվյալ հայտարարությամբ կարող էր վանել հարյուր հազարավոր մարդկանց։
Էրդողանը երկրորդ փուլում նույնպես պարզապես «դատապարտված է» հաղթելու՝ բանտում չհայտնվելու, ողջ 2023 թ. (Թուրքիայի Հանրապետության 100-ամյակ) Թուրքիայի ղեկին լինելու, «Նոր Թուրքիայի» ծնունդն ազդարարելու, անավարտ երազանքները իրագործելու համար և այլն։ Նա արդեն հայտարարել է, որ ավելի համոզիչ հաղթանակ է տանելու երկրորդ փուլում։ Թեև երկրորդ փուլում հաղթելու է զուտ առավել շատ քվեներ հաղթած թեկնածուն (50%+1-ի կարիք չկա), կարծում ենք, որ Էրդողանը երկրորդ փուլում կհավաքի քվեների առնվազն 51-52%-ը (ինչպես 2014 թ. և 2018 թ.), միգուցե՝ ավելի շատ։ Երկրորդ փուլում Էրդողանի ու Քըլըչդարօղլուի գերխնդիրը մարդկանց (հատկապես ուսանողներին) վերստին ընտրատեղամաս բերելն է (օրինակ, Ստամբուլում ուսանող քուրդը քվեարկելու համար պետք է վերստին օդանավով վերադառնա, ասենք, Վան, ապա հետ վերադառնա Ստամբուլ)։
Նշենք, որ Սինան Օղանը և հատկապես Ata դաշինքի դե ֆակտո առաջնորդ, Zafer («Հաղթանակ») կուսակցության լիդեր Ումիթ Օզդաղը, կանոնավորապես հանդես գալով փախստականների թեմայով ավելի կոշտ հայտարարություններով, մասնակի թույլ չեն տվել, որ Քըլըչդարօղլուն հավաքի Էրդողանի «բաց դռների քաղաքականությունից» դժգոհ լայն ընտրազանգվածը։ Թե՛ Օզդաղը, թե՛ Օղանը, թերևս, իշխանությունների կողմից հենց այդ նպատակով են «քաղաքական դաշտ նետվել» վերջին շրջանում (ռուս փորձագետների կարծիքով՝ Օզդաղը կապված է թուրքական հետախուզության հետ)։ Այն, որ Օզդաղն ու Օղանն իրականում չունեն ավելի քան 5% քվե, վկայում է մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում Ata դաշինքի ցուցանիշը՝ 2.43%։ Դա նշանակում է, որ առաջին փուլում Օղանը ստացել է նաև ազգայանական/ազգայնամոլական այն զանգվածի քվեները, որը չի ցանկացել իր քվեն տալ ո՛չ քրդական HÜDA PAR-ի հետ դաշնակցող Էրդողանին, ո՛չ քրդամետ ԺԴԿ-ի աջակցությունը վայելող Քըլըչդարօղլուին (Թուրքիայում ազգայնականությունն ունի «50 երանգ»)։
Օղանն, այդպիսով, չունի կայուն ընտրազանգված և չի կարող իր 5%-անոց ընտրազանգվածն ուղղորդել այս կամ այն թեկնածուին աջակցելու․ առանց նրա ուղղորդման էլ՝ այդ ընտրազանգվածի մի մասը չի մասնակցելու երկրորդ փուլին, մի մասն ընտրելու է Էրդողանին, իսկ մյուս մասը՝ Քըլըչդարօղլուին։ Դա, թերևս, վկայում է, որ երկրորդ փուլում թեկնածուներից մեկին աջակցելու հարցում Օղանի հնարավորությունները գերագնահատված են։ Եվ, այնուամենայնիվ, Օղանը ձգտում է իրեն հնարավորինս թանկ «վաճառել» թեկնածուներից մեկին։
Օղանի ադրբեջանական ծագումը, Ադրբեջանում աշխատած լինելն ու այդ երկրի նախագահի կողմից պետական մեդալով պարգևատրվելը վկայում է Իլհամ Ալիևի հետ նրա կապերի մասին (ՌԴ-ում ուսանած Օղանը կապեր ունի նաև ռուսական քաղաքական վերնախավի հետ)։ Ալիևը նույնպես կարող է միջամտել, որպեսզի Օղանը երկրորդ փուլում աշխատի Էրդողանի համար։ Դրանով կաճի Էրդողանի վրա Ալիևի ազդեցությունը, Էրդողանը վերստին[2] պարտական կմնա Ալիևին, ով կարող էր միլիարդավոր դոլարներ տրամադրած լինել Էրդողանին՝ ընտրություններում հաղթելու համար։
Դա իր հերթին կազդի Էրդողանի «ադրբեջանական» ու «հայկական» (կովկասյան) քաղաքականության վրա, զգալի կբարդացնի ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Վերջինս բարդանալու է նաև նրա համար, որ մայիսի 28-ին հաղթելուց հետո 5 տարով ազատվելու են Էրդողանի ձեռքերը, ով աստիճանաբար շեշտակի կոշտացնելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը (արտաքին քաղաքական ոլորտում վճռորոշ են լինելու ուկրաինական պատերազմի արդյունքները (Պուտինի պաշտոնավարման հարցը), ինչպես նաև ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը)։ Մայիսի 28-ին Էրդողանի հավանական հաղթանակից ամիսներ անց Ալիևը, ըստ ամենայնի, կխնդրի[3] Էրդողանին 2024 թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ամեն կերպ աջակցել Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում իր նախընտրելի թեկնածուների (թերևս, հենց Իգդիրում ծնված, հայտնի հայատյաց Սինան Օղանի) հաղթանակին, որով Ալիևը կփորձի Հայաստանը «օղակել» նաև արևմուտքից։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
_______________________
[1] Երկրորդ փուլի համար Էրդողանը գտել է նոր սիմվոլիկա՝ ընդգծելով, որ այն կայանալու է մայիսի 27-ի հաջորդ օրը. 1960 թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել առաջին ռազմական հեղաշրջումը, որի հետևանքով կախաղան է բարձրացվել իսլամին մեծ տեղ տված և այդպիսով Էրդողանի համար կարևոր կերպար, Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը։
[2] 2018 թ. հունիսի 24-ի արտահերթ նախագահական ընտրություններից առաջ Էրդողանն Ալիևին խնդրեց արագացնել TANAP գազատարի կառուցումը և նրա բացումը կատարել ընտրություններից առաջ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար, 6.5 միլիարդ դոլար արժեցած գազատարի բացումը տեղի ունեցավ հունիսի 12-ին։
[3] 2018 թ. հունիսին TANAP-ի վերաբերյալ Էրդողանի խնդրանքը կատարելուց որոշ ժամանակ անց Ալիևը պատասխան խնդրանքով դիմեց Էրդողանին, որպեսզի նրա կուսակցությունը (ԱԶԿ) 2019 թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում չառաջադրի սեփական թեկնածուներ, փոխարենն առաջադրվեն ԱԶԿ-ի հետ դաշինքի մեջ գտնվող ԱՇԿ-ի ներկայացուցիչները («գորշ գայլեր»)։ Խնդրանքը բավարարվեց, սակայն թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում ԱՇԿ-ի թեկնածուները պարտվեցին քրդամետ ԺԴԿ-ի թեկնածուներին։ Վերջիններս հետագայում մեղադրվեցին «PKK-ի հետ կապերի» համար, պաշտոնանկ արվեցին և նրանց փոխարինեցին իշխանությունների նշանակած հոգաբարձուները։