Ադրբեջանական կողմը շարունակում է Արցախում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն փոխելու իր փորձերը՝ սրելով նաև իրավիճակը տեղում: Արդեն ավելի քան չորսուկես ամիս Լաչինի միջանցքը արգելափակված պահելուց և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներից բացի ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին դիմեց առավել սադրիչ քայլի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հագարի գետի կամրջի վրա, տեղադրելով հսկիչ անցագրային կետ:
Պաշտոնական Բաքուն այս ապօրինի քայլը պատճառաբանում է Հայաստանից «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաև ռազմական նշանակության այլ միջոցների անօրինական տեղափոխմամբ»՝ հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ:
Եթե մինչ ապրիլի 23-ը Լաչինի միջանցքը արգելափակված էր միայն այսպես կոչված էկոակտիվիստների կողմից, որոնց հետ բացահայտ կապը ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ փորձում էին հերքել, ապա այժմ Բաքուն գործում է բացահայտ՝ արհամարհելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այդ փաստաթղթի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ 6-րդ կետում սևով սպիտակի վրա գրված է, որ այն մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ադրբեջանն իր հերթին երաշխավորել է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
Նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ որևէ անցակետի մասին խոսք չկա, և Ադրբեջանի կողմից դրա տեղադրումը մի կողմից միջանցքով տեղաշարժը չխոչընդոտելու վերաբերյալ իր ստանձնած պարտավորության խախտում է, մյուս կողմից՝ ռուսական խաղաղապահների կողմից վերահսկողության ապահովման խոչընդոտում:
Բաքվի նպատակն առավել քան հստակ է՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում և ցեղասպանություն: Նման գործողություններով Ադրբեջանը փորձում է էլ ավելի խորացնել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Ստեփանակերտին վերջնագիր պարտադրելու համար: Այդ մասին է վկայում նաև անցակետի տեղադրումից ընդամենը օրեր առաջ Ալիևի կողմից արված հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան: Այս ամենը անվանել այլ կերպ, քան էթնիկ զտման նախապատրաստություն, հնարավոր չէ։
Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղադրումը բավական հասցեական արձագանք առաջացրեց նաև միջազգային հանրության շրջանում: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Կանադայի և այլ միջազգային դերակատարների հայտարարություններում առկա էին նաև կարևոր արձանագրումներ: Նախ՝ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը գնահատվում է խաղաղության գործընթացի խաթարում: Բացի դրանից, կա միանշանակ կոնսենսուս՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է լինի ազատ:
Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանին վերապահված դերակատարումը, այդ թվում Լաչինի միջանցքի մասով՝ Մոսկվայի արձագանքը դիտարկենք առանձին: Ռուսաստանի արտաքին-քաղաքական գերատեսչությունը հայտարարություն տարածեց անցակետի տեղադրումից միայն մեկ օր անց՝ ապրիլի 24-ին: Թեև հայտարարության մեջ նշված է, որ ցանկացած դեպքում ԼՂ բնակչությունը և նրա կենսագործունեությունը չպետք է տուժեն, այնուամենայնիվ՝ այն իր բնույթով հասցեական չէ: Ավելին՝ ստեղծված իրավիճակի մեղավորության առումով Ռուսաստանն անգամ հավասարության նշան է դնում հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Մասնավորապես, անընդունելի միակողմանի քայլեր են որակվում ինչպես Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունը, այնպես էլ խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակով դրա օգտագործումը։ Փաստացի ռուսական կողմն, առանց մասնավորեցնելու, երկրորդում է Բաքվից հնչող կեղծ մեղադրանքները, թե իբր հայկական կողմը ոչ նպատակային է օգտագործել հումանիտար միջանցքը՝ անտեսելով անգամ այն հանգամանքը, որ, դեկտեմբերի 12-ից մինչ օրս, ինչ փակ է միջանցքը, դրանով հայկական բեռները կա՛մ հենց խաղաղապահների բեռնատարներով, կա՛մ նրանց անմիջական ուղեկցությամբ են տեղափոխվում Արցախ, և վերջիններս քաջ տեղյակ են տեղափոխվող բեռների մասին։ Ուստի Մոսկվայի կողմից հայկական կողմին ուղղված նման անհիմն մեղադրանքները հարված են նաև սեփական խաղաղապահ զորակազմին։
Հատկանշական է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն անգամ հիմա խուսափում է արձանագրել, որ Ադրբեջանն ապօրինի անցակետի տեղադրմամբ խախտում է եռակողմ հայտարարությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ փետրվարի վերջին Բաքու այցի շրջանակում Սերգեյ Լավրովն անձամբ է հայտարարել, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ որևէ հսկիչ անցակետի ստեղծում։
Ստեղծված իրավիճակում բավական խնդրահարույց են նաև տեղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի գործողությունները։ Այդ կապակցությամբ մի շարք անպատասխան հարցեր կան: Օրինակ՝ ինչպե՞ս են Ադրբեջանի սահմանապահ զորքերը հայտնվել միջանցքի այդ հատվածում, ինչու՞ ռուս խաղաղապահները չեն կանխել ադրբեջանցի զինծառայողների տեղակայումը Հագարի գետի կամրջի վրա, ինչու՞ չեն միջամտել ապօրինի անցակետի տեղադրման աշխատանքներին, որն, ի դեպ, ռուս խաղաղապահների անցակետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։
Ցավոք, պետք է արձանագրել, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը հերթական անգամ չի կարողացել համարժեք արձագանքել ստեղծված ճգնաժամին։ Իսկ վերջին 3 տարվա փորձը ցույց է տալիս, որ խաղաղապահների կողմից Ադրբեջանի հետ պոստֆակտում բանակցությունները որպես կանոն շոշափելի արդյունքի այդպես էլ չեն բերում:
Դեռ 2020 թվականի դեկտեմբերին, երբ ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, բռնազավթեց Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակներն ահազանգում էին, որ անհրաժեշտ է հակազդել Բաքվի գործողություններին։ Սակայն, Լեռնային Ղարաբաղում ռուսական զորակազմի կողմից արձագանքի բացակայությունը միայն ոգևորեց ադրբեջանական կողմին, ինչից հետո տեղի ունեցան Փառուխի, Քարագլխի օկուպացիան, առանձին ռազմավարական բարձունքների գրավումը, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Անպատժելիության հենց այս շղթան հանգեցրեց Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների անցակետի կողքին, ադրբեջանական անցակետի տեղադրմանը։
Անդրադառնանք նաև ադրբեջանական կողմի կեղծ նարատիվներին։ Բաքուն պնդում է, թե հայկական կողմը Լաչինի միջանցքն օգտագործվում է ռազմական նշանակության բեռների, զենք-զինամթերքի տեղափոխման համար։ Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին ամիսներին պարբերաբար հրապարակում է անգամ տարբեր տեսանյութեր՝ որպես իր պնդման ապացույցներ: Դրանք, իրականում, ոչ այլ ինչ են, քան բեռնատարների տեղաշարժի արձանագրում, ընդ որում՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Բաքվի մեղադրանքների սին լինելը հրապարակայնորեն ապացուցվել է նաև Արդարադատության միջազգային դատարանում, երբ Հայաստանի դեմ քննվող հայցի շրջանակներում ադրբեջանական կողմն այդպես էլ չկարողացավ Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գեթ մեկ համոզիչ ապացույց ներկայացնել, ինչն արձանագրվեց նաև դատարանի կողմից։
Այս առումով հարկ է նշել, որ հայկական կողմը բազմիցս առաջարկել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խումբ գործուղել, որը տեղում կպարզի, թե ադրբեջանական կողմի մեղադրանքներն իրականության հետ ինչ աղերսներ ունեն, ինչպես նաև կծանոթանա Բաքվի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Ինչպես և կարելի է կանխատեսել՝ Բաքուն դեմ է և ամեն կերպ խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, անգամ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունները։
Խնդիրը դիտարկենք նաև այլ տեսանկյունից։ Եթե անգամ մի պահ ենթադրենք, թե ադրբեջանական կողմի մտահոգությունները լեգիտիմ են, և ողջ խնդիրը Լաչինի միջանցքով տեղաշարժի թափանցիկության ապահովումն է, ապա առաջանում է այլ հարց։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, որ դեմ չէ միջանցքում թափանցիկության ապահովման նպատակով խաղաղապահների կողմից տեխնիկական միջոցների տեղադրմանը, այդ դեպքում ինչու՞ Բաքուն չի համաձայնում: Պատճառը պարզ է. ադրբեջանական կողմի համար միջանցքի թափանցիկության հարցն ընդամենը քարոզչական նարատիվ է։ Նրա իրական խնդիրն Արցախի հայաթափումն է, և միջանցքում անցակետի տեղադրումը դրան հասնելու ռազմավարության հերթական քայլն է:
Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը սխալ է որպես հերթական սադրանք կամ միջադեպ որակելը: Այն Արցախում ստատուս քվոն փոխող և հետպատերազմյան շրջանում ձևավորված անվտանգային ճարտարապետությունը քանդող քայլ է, որի դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով:
Հատկանշական է, որ ռուսական կողմի մոտ ևս աստիճանաբար նկատվում է այն ընկալումը, որ ադրբեջանական կողմը կարմիր գծեր է հատում: Թերևս, դրանով կարելի է բացատրել նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարի փոփոխությունը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման գլխավոր պատասխանատուն և կարող ուժը ռուսական խաղաղապահ զորակազմն է։ Թե որքան արդյունավետ կլինեն ադրբեջանական կողմի հետ բանակցությունները՝ կապված է Մոսկվայի վճռականությունից և շահագրգռվածությունից։ Ստեղծված իրավիճակը յուրահատուկ է նաև այն առումով, որ չնայած Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական աննախադեպ հակասություններին՝ ադրբեջանական ապօրինի անցակետի նրանց մոտեցումները խոշոր հաշվով համընկնում են։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերջին երեք տարվա զարգացումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը բացառելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետպատերազմյան անվտանգային ճարտարապետության ամրապնդման համար։ Խնդրի հրատապությունը 2025 թվականին ընդառաջ ավելի է մեծանալու, ուստի անհրաժեշտ է արդեն այսօր աշխատանքներ տանել հնարավոր լուծումների ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ պետք է դիտարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայելու հեռանկարները, ինչպես նաև Արցախում միջազգային կառույցների ներկայացուցչությունների ստեղծման հնարավորությունները։
Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան