Ս.թ. ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել ռուսաստանյան ռազմական հենակետից մի քանի մետր հեռավորության վրա, ինչի մասին, համաձայն դրանից հետո տարածած հաղորդագրության, տեղեկացրել են Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը (ՌԽԶ) և Լեռնային Ղարաբաղում մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը։
Պաշտոնական Բաքվի այս քայլը հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը, մասնավորապես՝ դրա 6-րդ կետին, որն, ի տարբերություն մյուս կետերի, առավելագույնս հստակորեն է սահմանում 5-կիլոմետրանոց լայնությամբ Լաչինի միջանցքի գործարկման կարգը։ Մեջբերենք այն լրիվությամբ.
«6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։
Հայաստանը փաստացի կատարել է այս կետով նախատեսված իր բոլոր պարտավորությունները (և ոչ միայն այս կետով նախատեսվածը), սակայն Եռակողմ հայտարարության նրա գործընկերները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները, այլև կոպտորեն խախտում են այն, անտանելի կենսապայմաններ ստեղծելով Արցախի 120 հազար բնակիչների համար։ Եվ արդեն բացարձակապես կարևոր չէ՝ դա Մոսկվայի ու Բաքվի միջև գործա՞րք է, թե՞ պարզապես շահերն են համընկել, ինչպես և կարևոր չէ՝ Մոսկվան իր ստանձնած պարտավորությունները չի՞ ուզում, թե՞ չի կարող կատարել։
Միջազգային հանրության հասցեական արձագանքը փաստացի կոնսենսուսային է՝ Ադրբեջանի միակողմանի գործողությունները խարխլում եմ խաղաղ գործընթացը և խաղաղության պայմանագրի ձեռքբերման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերը։ Այն դեպքում, երբ Մոսկվայի «աբստրակտ» արձագանքն ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է պարունակում, այն դեպքում, երբ Մոսկվան 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից է։
Անշուշտ, իրերի ներկայիս դրությունն արմատապես փոխում է 44-օրյա պատերազմի արդյունքներով ձևավորված ստատուս քվոն և նորն է հաստատում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս նոր իրավիճակը։ Այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում և արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն