Բելառուսի նախագահն այսօր ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին և քննարկել Բելառուսի անվտանգության երաշխիքները։
«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում նշել ենք, որ Բելառուսի դեմ ագրեսիայի պարագայում Ռուսաստանն իր սեփական տարածքի նման պաշտպանելու է Բելառուսը։ Մեզ եղբայրական Ռուսաստանից անհրաժեշտ են անվտանգության լիարժեք երաշխիքներ», – Շոյգուին ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն շեշտել է, որ այսօր Բելառուսի տարածքում տեղակայված են տասնյակ հազար ռուսաստանցի զինծառայողներ։ Ավելին, անցած ամիս նախագահ Պուտինը հայտարարել էր, թե Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը Բելառուսի տարածքում տեղակայելու է տակտիկական միջուկային զենք։ Պուտինի խոսքով, արդեն հունիսին պետք է պատրաստ լինեն միջուկային զենքի պահեստները Բելառուսի տարածքում։
Մինչ այդ Ռուսաստանը շարունակում է սովորական հրթիռներով ռմբակոծել ուկրաինական քաղաքները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Զատիկի օրերին Զապորոժիեի վրա ռուսական հարվածը , որի հետևանքով զոհվել է տղամարդ և 11-ամյա երեխա. – «Ահաբեկչական պետությունն այսպես է անցկացնում այս Ծաղկազարդի կիրակին: Ահա թե ինչպես է Ռուսաստանը իրեն ավելի մեծ մեկուսացման մեջ դնում աշխարհից, մարդկությունից։ Յուրաքանչյուր քրիստոնեական տոն սովորեցնում է մեզ, որ գուցե մենք չգիտենք, թե ինչպես, բայց պետք է վստահ լինել, որ չարը կպարտվի»։
Ուկրաինական բնակավայրերը ռմբակոծելուն զուգահեռ ռուս զինվորականները Բախմուտում անցել են «հողին հավասարեցնելու» մարտավարությանը, ասել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ հավելելով, թե Ռուսաստանը Բախմուտում «ավերում է շենքերն ու դիրքերը օդային հարվածներով ու հրետանային կրակով»։
Ռուսական կողմն իր հերթին հայտարարում է, թե քաղաքը ոչնչացնում են ուկինական ուժերը։ Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը տեսանյութ է հրապարակել, որում պնդում է, թե Բախմուտում է, ռուսներն այդ քաղաքը Արտյոմովսկ են անվանում. – «Վագները ազատագրում է Արտյոմովսկը։ Հակառակորդը չի խնայում ո՛չ քաղաքը, ո՛չ իր սեփական զինծառայողներին, մսաղաց է»:
Պուշիլինի հրապարակած տեսանյութից նույնպես ակնհայտ է, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են :
Հակառակ Պուշիլինի պնդումներին, թե «Վագները» շուտով գրավելու է Բախմուտը, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, թե Ռուսաստանը ստիպված է «ներգրավել հատուկ նշանակության ուժեր և օդային հարձակման ստորաբաժանումներ» քաղաքի համար մղվող մարտերում:
Բախմուտը 2023 թվականի սկզբից դարձել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ամենաթեժ կետը։ Ռուսաստանն ու Ուկրաինան դաժան պայքար են մղում քաղաքի վերահսկողության համար: Մինչ օրս քաղաքը ռուսական զորքերն ամբողջությամբ չեն վերահսկում։
Ու մինչ կատաղի մարտերը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում շարունակվում են ՝ ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, թեև դրա հստակ ժամկետն ու ուղղությունը չեն հայտարարվել։
Ավելին, ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի պատճառով, Կիևը փոխել է որոշ ռազմական պլաններ, CNN-ին ասել է Ուկրաինայի նախագահի մոտ կանգնած աղբյուրը։
Թե որոնք են այդ ծրագրերը և ինչ փոփոխություններ են կատարվել դրանցում, արդյոք այդ փոփոխությունները վերաբերում են հակահարձակմանը , որի մասին Կիևը խոսում է տարվա սկզբից, CNN-ը չի հայտնում։
Արևմտյան լրատվամիջոցները, հիշեցնեմ, սկսել են հաղորդել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի մասին ապրիլի սկզբին։
Թեև դեռ հայտնի չէ, թե երբ է սկսվելու ուկրաինական հակահարձակումը, Ուկրաինային սահմանակից ռուսական երկու մարզերի՝ Բելգորոդի և Կուրսկի իշխանությունները չեղարկել են մայիսի 9-ի շքերթը։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, մասնավորապես ասել է, թե մայիսի 9-ին շքերթ չի լինի «թշնամուն չգրգռելու համար»։