Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախընտրական արշավի շրջանակում կրկին մեղադրանքներ է հնչեցրել նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հասցեին, մասնավորապես՝ Ռուսաստանի վերաբերյալ վերջինի հայտարարությունների հետ կապված։ Չավուշօղլուն նշել է, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունները վախեցրել են «ռուսական շուկան»։
«Ցավոք, այս ընտրությունների ժամանակ ես տեսնում եմ պարոն Քըլըչդարօղլուի չափազանց անպատասխանատու հայտարարությունները, հատկապես՝ «Մենք ներգրավվելու ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ»։ Նրա հայտարարությունը շատ է վախեցրել ռուսական շուկան»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ պոպուլիստական հռետորաբանությամբ կամ երկրին օգուտ չբերող հայտարարություններով ոչ մի տեղ չեն կարող հասնել։
«Մեզ համար ի՞նչ օգուտ է հավասարակշռության քաղաքականությունը խաթարելը։ Ի՞նչ օգուտ կբերի դա մեզ: Արդյո՞ք դա ձեռնտու է զբոսաշրջության համար։ Ո՛չ, այստեղ մենք տեսանք վնասը։ Մենք մեր բնական գազի մոտ 45 տոկոսը գնում ենք Ռուսաստանից։ Արդյո՞ք այն կտրելը մեզ օգուտ է տալիս»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Հավելենք, որ Քըլըչդարօղլուն ավելի վաղ ՌԴ-ին մեղադրել էր Թուրքիայի ընտրություններին միջամտելու մեջ։ Նա նաև նշել էր, որ նախագահ Էրդողանը ռուսական հսկողության տակ է։