Հետխորհրդային դիկտատուրաների թվում Լուկաշենկոյի ղեկավարած ռեժիմն ամենաերկարակյացը և, ըստ այդմ էլ, ամենակենսունակը դուրս եկավ: 2024 թ.-ին կլրանա ոչ միայն նրա 70-ամյակը, այլև իր միանձնյա կառավարման 30-ամյակը: Եթե, իհարկե, մինչ այդ Բելառուսի հարևանությամբ և պաշտոնական Մինսկի մասնակի ներգրավմամբ ծավալվող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրադարձություններն այլ ճակատագրի չարժանացնեն «Եվրոպայի վերջին բռնապետին»[1]: Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականին: Մինսկում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բացվել է 1993 թվականին, իսկ Երևանում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը՝ միայն 2001-ին:
Հայ-բելառուսական հարաբերությունների տնտեսական աննշան համատեքստը՝ դինամիկ աճող ադրբեջանա-բելառուսական տնտեսական համագործակցության խորապատկերին
2021 թ.-ի տվյալներով[2] Բելառուսի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Չինաստանը, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Լիտվան, Ղազախստանը, Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իտալիան, Ադրբեջանը։
Տարածաշրջանային առումով Բելառուսի ապրանքների արտահանման 43,8%-ն ուղղվում է ԵԱՏՄ երկրներ։ Բելառուսական արտադրանքի երկրորդ ամենամեծ շուկան Եվրամիությունն է՝ 23,9%:
2021 թվականին Բելառուսի ծառայությունների հիմնական սպառողները եղել են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Կիպրոսը, Լիտվան, Չինաստանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը և Լեհաստանը։
Ուկրաինայի հանդեպ 2022 թ. Ռուսաստանի ագրեսիայից հետո, որում պաշտոնական Մինսկը դիրքավորեց ինքն իրեն Ռուսաստանի հետ նույն խրամատում՝ Բելառուսի հանդեպ պատժամիջոցների կիրառումը բերեց Արևմուտքի երկրների հետ առևտրաշրջանառության և, ընդհանրապես, տնտեսական հարաբերությունների կտրուկ նվազման:
2022 թվականին Բելառուսի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 76,9 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 6 տոկոսով պակաս է 2021 թվականի համեմատ։ Ապրանքների արտահանումը կազմել է 38,3 մլրդ դոլար և նախորդ տարվա համեմատ նվազել է 4,2%-ով[3]։
2021 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 97,2 մլն դոլար (2020 թվականի հանդեպ 118,1 տոկոսով աճ), բելառուսական արտահանումը Հայաստան՝ 68,3 մլն դոլար (2020 թվականի հանդեպ 118,8% աճ), ներմուծումը Հայաստանից՝ 28,9 մլն դոլար (2020 թվականի հանդեպ 116,5% աճ)։ Հայաստանի հետ առևտրի հաշվեկշիռը Բելառուսի համար դրական է եղել՝ 39,4 մլն դոլարի չափով։ 2021 թվականին արտահանումն իրականացվել է 415 ապրանքատեսակներով։ Բելառուսից Հայաստան արտահանման մեջ 2021 թվականին գերակշռել են խտացրած և չոր կաթի ու սերուցքի ($13.0 մլն), կահույքի և դրա մասերի ($3.1 մլն), դեղամիջոցների ($2.3 մլն), էլեկտրական տրանսֆորմատորների ($2.3 մլն), համակարգիչների մատակարարումները։ Բելառուսը Հայաստան է արտահանել նաև հաշվիչ մեքենաներ (1,9 միլիոն դոլար), մեկուսացված լարեր, մալուխներ (1,7 միլիոն դոլար), փայտե մանրաթելային տախտակներ (1,6 միլիոն դոլար), ոչ-կավճապատ թուղթ և ստվարաթուղթ (1,4 միլիոն դոլար), ալյումինե ձողեր և պրոֆիլներ (1,3 միլիոն դոլար), կարագ (1,2 միլիոն դոլար): Հայաստանից Բելառուսի ներմուծման մեջ գերակշռել են թունդ ալկոհոլային խմիչքները ($17,7 մլն), պղնձի թափոնները և ջարդոնը ($1,8 մլն), չմշակված կապարը ($0,8 մլն), հիգիենայի պարագաները ($0,7 մլն), խաղալիքներն ու փազլները (0,5 մլն դոլար)[4]:
Հայաստանը Բելառուսի արտաքին առևտրում միշտ էլ չնչին տեղ է զբաղեցրել: Անգամ այդ ապրանքաշրջանառության 2022 թ.-ի 100 տոկոսանոց աճից հետո[5], որը հասցրեց այդ ցուցանիշը գրեթե 200 մլն դոլարի, Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի երկրների շարքում Բելառուսի հետ առևտրի ծավալներով վերջին տեղերում, զբաղեցնելով այդ երկրի ամբողջ արտաքին առևտրի միայն 0,26%-ը: Այս իրողությունն առանձնապես չի մեղմում նաև այն հանգամանքը, որ հայաստանյան բիզնեսները միայն 2021 թ.-ին Բելառուսում 15,5 մլն դոլարի ներդրումներ են կատարել, մինչդեռ հակառակ ուղղությամբ ներդրումները բացակայել են:
Ի տարբերութուն բելառուսա-հայկական տնտեսական հարաբերությունների՝ Բելառուսի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում։ Ակտիվ աշխատում է Առևտրատնտեսական համագործակցության բելառուսա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը։ Ադրբեջանը Բելառուսում ստեղծել է 5 սեփական ապրանքաբաշխիչ ցանց և 45 դիլեր, որոնք ներկայացնում են բելառուսական ավելի քան 50 ձեռնարկություններ։ 2017 թվականից Մինսկում գործում է Ադրբեջանի Առևտրի տունը, որին Բելառուսի Հանրապետության նախագահի որոշմամբ արտոնյալ ռեժիմ է տրվել բելառուսական շուկա պարենային ապրանքների մատակարարման համար[6]։ Բելառուսում ադրբեջանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացվել։ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանից 60,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են կատարվել։ Սա 4 անգամ ավելին է, քան հայաստանյան ներդրումները Բելառուսում:
Ադրբեջանում Գյանջայի ավտոմոբիլային գործարանի հիման վրա գործում է տրակտորային սարքավորումների համատեղ հավաքման արտադրություն։
2021 թվականին Բելառուսի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 885,5 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանումը կազմել է 478,0 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը` 407,5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ.-ին այդ ցուցանիշը մոտեցել է 1 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է Հայաստան-Բելառուս 2022 թ. ապրանքաշրջանառությունը 5 անգամ:
2021 թվականին Բելառուսի կողմից Ադրբեջան արտահանվող հիմնական ապրանքներն են եղել երկաթուղային կամ տրամվայի վագոնները, տրակտորները, մանրաթելային սալիկը, կարագը, դեղամիջոցները, կահույքը, տուրբոռեակտիվ և տուրբոպրոպային շարժիչները (սրանք, ամենայն հավանականությամբ, կիրառվելու են թուրք-ադրբեջանական բայրաքթարների արտադրության մեջ), գազային այլ տուրբինները, երկայնական սղոցված փայտանյութը, տավարի միսը:
2021 թվականին Ադրբեջանից ներմուծվել է նավթ, պրոպիլենային պոլիմերներ, լոլիկ, ալկոհոլային խմիչքներ, պատրաստի կամ պահածոյացված մրգեր և ընկույզներ, թարմ մրգեր և բանջարեղեն, մրգերի և բանջարեղենի հյութեր, կարտոֆիլ (վաղաժամ):
Լուկաշենկոյի սերտ կապերը Հայաստանի և Ադրբեջանի քրեաօլիգարխիկ շրջանակների հետ. ո՞ր ուղղությունն է ավելի արժեքավոր նրա համար
Մինչ հայաստանյան օլիգարխ, Լուկաշենկոյի «ընկեր» Գագիկ Ծառուկյանը Մինսկում հայկական կոնյակի շշալցման գործարան էր կառուցում, իսկ նրա որդուն նվիրում էր սպիտակ առյուծներ, ադրբեջանական թիվ մեկ օլիգարխ Իլհամ Ալիևը փրկում էր Լուկաշենկոյին Մոսկվայի ֆինանսական ճնշումներից: Այսպես, երբ Պուտինին իր կամակորությամբ «զզվեցրած» Լուկաշենկոյին 2010 թ.-ին «Գազպրոմ»-ը վերջնագիր ներկայացրեց մատակարարված գազի դիմաց գոյացած պարտքը անհապաղ մարելու պահանջով, Ալիևը «բատկային» շահավետ պայմաններով սեղմ ժամկետներում շուրջ 200 մլն դոլարի վարկ տրամադրեց՝ «Գազպրոմ»-ի հետ հաշվարկների իրականացման համար։
Թե որքան ավելի արժեքավոր էր «կարտոֆիլային ֆյուրերի» համար իր ապշերոնյան դաշնակիցը և նախընտրելի՝ հայաստանյան շատ ավելի նվազ կարողությունների և հնարավորությունների տեր ավտոկրատներից ու նրանց շրջապատող օլիգարխներից, երևաց արդեն 2016-ին, երբ, ինչպես պարզ դարձավ արտահոսած գաղտնի ձայնագրությունից, Լուկաշենկոն համոզում էր Սերժ Սարգսյանին հրաժարվել Արցախի 7 շրջաններից՝ հանձնելով դրանք Ալիևին 5 մլրդ դոլարի դիմաց և միաժամանակ՝ թույլ տալ ռուսական զորքերին մտնել այդ տարածաշրջան:
Երկու դիկտատորների սերտ համագործակցությունը վառ արտահայտվեց նաև Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցում: Դա տեղի ունեցավ 2017 թ. փետրվարի 7-ին։ Բաքու հարկադիր տեղափոխելուն պես նրան անմիջապես կալանավորել են։ Բաքուն մեղադրում էր բլոգերին ուկրաինական անձնագրով Ադրբեջան անօրինական մուտք գործելու մեջ։ 2013 թվականին բլոգերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի պատճառով մտել էր երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց սև ցուցակում, սակայն 2015 թվականի հունիսին այցելել էր Ադրբեջան։
Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Լուկաշենկոյին՝ «արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու համար», այդ քայլը համարելով «ադրբեջանա-բելառուսական բարեկամության դրսևորում» և «օրենքի գերակայության և միջազգային կոնվենցիաների պահպանում»[7]։
Լապշինը դարձավ երկու դիկտատորների համագործակցության հերթական զոհը, ում Ալիևի բանտերում անասելի չարչարանքների ենթարկեցին և անգան մահափորձ արեցին նրա հանդեպ: ԵՎ միայն միջազգային ճնշումների Իսրայելի միջնորդության արդյունքում Ալիևը նրան ազատ արձակեց:
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանը Լուկաշենկոյի համար շա՛տ ավելի նախընտրելի դարձավ Հայաստանից՝ առաջինի ղեկավար Ալիևը հետ քրեաօլիգարխիկ հոգեհարազատության, իսկ վերջինի առաջնորդ Փաշինյանի հետ՝ տիպաբանական խզվածքի հետևանքով:
Լուկաշենկոն դիվանագիտական ասպարեզում մշտական աջակցություն է ցուցաբերում Ալիևին՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում Մինսկի պաշտոնական դաշնակից Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ ունեցած բոլոր հակադրություններում: Հայտնի է իր իսկ ձայնագրած և, վստահաբար, իր ձեռքով էլ արտահոսած տեսանյութը, որտեղ 2022 թ. հոկտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ ղեկավարների առցանց խորհրդակցության ժամանակ նա մեղադրում է Փաշինյանին «սարերում որևէ բանի համար ոչ պիտանի հողակտորների համար Ադրբեջանի հետ պատերազմելու համար», նաև «տարօրինակ» բնութագրում ՀԱՊԿ-ի առջև Հայաստանի առաջ քաշած երկու հարցերը՝ արձագանքը Ադրբեջանի ագրեսիային և տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի տրամադրումը։ Ապա ավելացնում, որ ՀԱՊԿ-ն չի կարող վնասել Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ «Ալիևը մեր մարդն է»… Եվ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե կա մեկը ավտոկրատների և դիկտատորների ակումբ հանդիսացող ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, ով «իրենց մարդը» չէ, ապա դա թավշյա ժողովրդական հեղափոխության ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն է: Այդ առումով 2022 թ. նոյեմբերի 11-ին Ալիևի արած հայտարարությունը, թե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը, խիստ օրինաչափ էր:
Դա, սակայն, չխանգարեց այն բանին, որ երբ 2023 թ. հունվարին ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեց Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների համար միջազգային տրիբունալ ստեղծելու հարցը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի երկու ներկայացուցիչներ Էրկին Գադիրլին և Քենուլ Նուրուլլաևան «կողմ» քվեարկեն նման տրիբունալի ստեղծմանը (Հայաստանի պատվիրակության անդամները ձեռնպահ եղան)։ Հատկապես հատկանշական է, որ ո՛չ Ալիևի երախտավոր բարեկամ Լուկաշենկոն և իր ԱԳՆ-ն, և ո՛չ էլ Ալիևի ռազմավարական գործընկեր Պուտինը և ադրբեջանցի ու թուրք օլիգարխների ձեռքից սնվող Լավրովի ղեկավարած ՌԴ ԱԳՆ-ը որևէ կերպ չարձագանքեցին այս փաստին:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից» Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի գլխավոր զինողներից մեկը
2018 թվականից Լուկաշենկոն սկսեց Ադրբեջանին մատակարարել 301 մմ-ոց «Պոլոնեզ» (50-200 կմ հարվածող) նորագույն հեռահար-հրետանային համակարգեր: Ու թեև «Պոլոնեզների» մասին տեղեկատվության մեծ մասը դասակարգվում է որպես «գաղտնի», ըստ արտահոսած տեղեկատվության՝ խոսքը մեկ տասնյակ համակարգերի մասին է՝ իրենց հրթիռներով, բեռնատար մեքենաներով, հրամանատարական կետերով և ռադիոլոկացիոն կայաններով[8]։
Սակայն, երկու դիկտատորների ռազմական համագործակցությունը Հայաստանում հեղափոխությունից հետո չէ, որ սկսվել է: Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի՝ Բելառուսը 2005-2012 թվականներին Ադրբեջանին մատակարարել է 153 T-72 տանկ, 2009-2012-ին՝ տասնմեկ Սու-25 գրոհային ինքնաթիռ, 2008-2009-ին՝ 203 մմ տրամաչափի տասներկու «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանքներ, 2017.-ին՝ 26 հատ «Գիացինտ»-B 152 մմ տրամաչափի հաուբից, 2010-2011-ը՝ 120 միավոր D-30 122 մմ տրամաչափի հաուբից։
2007 թ.-ին պայմանագիր է կնքվել ադրբեջանական Osa-AKM հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման մասին մինչև Osa-1T մակարդակը։ Արդիականացումը ձեռնարկել է բելառուսական «Տետրահեդրոն» ընկերությունը։ Ընդհանուր առմամբ, արդիականացվել է հակաօդային պաշտպանության 36 համակարգ՝ մինչև Օսա-1Տ մակարդակ։
2013 թվականին Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համակարգերը, «Բուկ-Մ1» խորհրդային համալիրի բելառուսական արդիականացումը։ Խոսքը երկու դիվիզիոնի մասին է:
Բելառուս մասնագետները զբաղվել են հակաօդային պաշտպանության С-125 համակարգի արդիականացմամբ՝ մինչև «Պեչորա»-2T-ի մակարդակը։ Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով՝ 2014 թվականին Ադրբեջանը ստացել է դրա 9 դիվիզիա կամ 27 արձակման կայան։ Երկու պայմանագրերով, ընդհանուր առմամբ, արդիականացվել է 54 զենիթահրթիռային համալիր՝ S-125 «Պեչորա»-2T մակարդակի։
Հայտնի է նաև, որ 2014 թվականին Ադրբեջանը գնել է T38 «Ստիլետո» հակաօդային պաշտպանության համակարգի առնվազն երկու մարտկոց։ Միաժամանակ՝ «Տետրահեդրոն» մատակարար ընկերության բաժնի ղեկավար Իգոր Նովիկը հայտնել է, որ ավելի մեծ պատվեր է կատարվում նաև Ադրբեջանի համար։
Հայտնի է նաև «Սթրեյթ Գրուպ» ընկերության հետ համատեղ ստեղծված «Շերշեն-Դ» հակատանկային հրթիռային համալիրը (ATGM) գնելու Ադրբեջանի ծրագրերի մասին։ Այդ մասին 2013 թվականին հայտնել են Բելառուսի ներկայացուցիչներն Աբու Դաբիում (ԱՄԷ) IDEX-2013 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Մինչ այս ադրբեջանական բանակի հետ ծառայության մեջ էին նաև բելառուսական «Սկիֆ» հակատանկային համակարգերը։
Վերջապես, 2011 թվականին Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 60 BTR-70 (զրահամեքենա): 2018 թ.-ին ադրբեջանական բանակն ստացել է բելառուսական «Գրոզա-Ս» էլեկտրոնային պատերազմի կայանները, որոնք նախատեսված են հայտնաբերելու և որոշելու անօդաչու թռչող սարքերի ուղղությունը՝ խցանելով GPS և GLONASS արբանյակային նավիգացիոն համակարգերի բորտային սարքավորումները։ Հենց օդում գերակայության հետ են ասոցացվում Ադրբեջանի հաջողությունները Լեռնային Ղարաբաղի ներկայիս հակամարտությունում։
2019 թվականի մարտին կայացած ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ նկատվել են «Լեկտոր» շարժական կրակի կառավարման համակարգեր։ Դրանք արտադրվում են բելառուսական «AGAT – control systems» ընկերության կողմից։[9]
Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը՝ ապագայում երկու երկրների միջև փոխվստահելի հարաբերութունների հիմք
Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը սկիզբ է առել 2009 թ.-ին ԵՄ մի շարք երկրների՝ Շվեդիայի, Չեխիայի, Լիտվայի և այլ երկրների հիմնադրած Արևելյան գործընկերությամբ: Այս նախաձեռնության շրջանակներում հիմնադրվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որի անդամ 6 երկրների թվում էին նաև Հայաստանի և Բելառուսի հարյուրավոր հասարակական կազմակերպություններ: Ընդ որում, այն բանից հետո, երբ ԱլԳ 6 երկրներից 3-ը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան է՛լ ավելի սերտացրեցին ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը և դրա շրջանակներում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Հայաստանի և Բելառուսի քաղհասարակությունների խնդիրների նմանությունն էլ ավելի ցայտուն դարձավ. Պայքար՝ սեփական ավտոկրատիկ իշխանություններին փոխելու և Եվրամիությանը ինտեգրվելու համար:
Այդ համագործակցությունն արտահայտվում էր հենց ԱլԳ շրջանակներում Ալեքսանդր Լուկաշենկոյի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի ներդրած «ԳՈՆԳՈ»[10]-ներին չեզոքացնելու ուղղությամբ, անգամ այդ դիկտատորների ձեռնասուն դարձած արևելաեվրոպական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների հակաժողովրդավարական ջանքերի չեզոքացման գործում:
2018-ից հետո էլ, երբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը և անգամ 2020 թ.-ից հետո, երբ Բելառուսում Լուկաշենկոն արյան և հետապնդումների մեջ խեղդեց ժողովրդավարական շարժումը, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը շարունակվեց: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը մշտապես աջակցում է Լուկաշենկոյի դիկտատորական ռեժիմի զոհ դարձած քաղբանտարկյալներին և հալածյալներին՝ թե՛ խոսքով, հայտարարությունների տեսքով և թե՛ Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողոքի գործողություններով[11]:
Երկու երկրների քաղհասարակությունները շահագրգռված են ԱլԳ ձևաչափի պահպանմամբ և զարգացմամբ և, ըստ էության, հանդիսանում են այդ գործընթացի շարժիչ ուժը:
Այս համագործակցությունը լավ հիմք է ապահովում ապագա՝ հետռուսաստանյան աշխարհակարգում և հետլուկաշենկոյական տարածաշրջանում Հայաստանի ու Բելառուսի ժողովրդավարական հանրապետությունների՝ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների և համագործակցության համար:
Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Փորձագետ
Երևան
____________________
[1] https://www.economist.com/the-economist-explains/2021/05/25/why-belarus-is-called-europes-last-dictatorship
[2] https://president.gov.by/ru/belarus/economics/vneshnjaja-torgovlya/torgovye-partnjory#:~:text=%D0%A2%D0%BE%D1%80%D0%B3%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B5%20%D0%BE%D1%82%D0%BD%D0%BE%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F%20%D0%91%D0%B5%D0%BB%D0%B0%D1%80%D1%83%D1%81%D1%8C%20%D0%BF%D0%BE%D0%B4%D0%B4%D0%B5%D1%80%D0%B6%D0%B8%D0%B2%D0%B0%D0%B5%D1%82%20%D1%81%D0%BE,%D0%A8%D1%82%D0%B0%D1%82%D1%8B%20%D0%90%D0%BC%D0%B5%D1%80%D0%B8%D0%BA%D0%B8%2C%20%D0%98%D1%82%D0%B0%D0%BB%D0%B8%D1%8F%2C%20%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD.
[4] https://armenia.mfa.gov.by/ru/bilateral_relations/trade_economic/
[5] Ակնհայտ է, որ նման կտրում աճը տեղի է ունեցել արեւմտյան երկրների՝ Բելառուսի եւ Ռուսաստանի հոնդեպ պատժամիջողների կիրառման պատճառով եւ իր մեջ մեծ ռիսկ է պարունակում Հայաստանի համար՝ արեւմտյան երկրորդային պատժամիջոցների տակ ընկնելու հավանականության առումով:
[6] https://export.by/azerbaijan
[7] https://newsarmenia.am/news/politics/aliev-poblagodaril-lukashenko-za-ekstraditsiyu-blogera-lapshina-v-baku-/
[8] https://topwar.ru/142912-azerbaydzhan-zakupil-belorusskie-rszo-polonez.html
[9] https://euroradio.fm/ru/polonezy-dlya-druga-alieva-skolko-oruzhiya-belarus-prodala-azerbaydzhanu
[10] GONGO – governmental “non-governmental” organisations/կառավարական «ոչ-կառավարական» կազմակերպություններ
[11] https://eaparmenianews.wordpress.com/2020/09/14/%d5%a9%d5%b8%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-307/