Ներածություն
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն ակնհայտորեն ուղղված էր ոչ միայն քաղաքացիական բնակչության վերացմանը, այլև այդ տարածքի մշակութային շարժական և անշարժ ժառանգության, մշակութային և կրթական հաստատությունների դեմ: Հարկ է նշել, որ մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը պատերազմական գործողությունների ժամանակ և հետո միջազգային մի շարք կոնվենցիաներով և հռչակագրերով որակվում է որպես պատերազմական հանցագործություն։
Արցախի մշակութային ժառանգությունը թիրախավորվել է ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում (օրինակ, Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի, Մարտունի քաղաքի մշակույթի պալատի, Հադրութի Ա․ Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի ռմբակոծումը և այլն), այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո։ Ամենավառ օրինակներից է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ադրբեջանցի օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ մասամբ ավերված վիճակում։ Հստակ է, որ գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։ Համացանցում տեղադրված մեկ այլ տեսանյութում հստակ երևում է, որ խոշտանգվել էր նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Ոչնչացվել են Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավար Սբ․ Աստվածածին եկեղեցին, նույն շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում տուֆե խաչային հորինվածքով հուշարձանը, Հադրութի Առաքել գյուղի խաչքարը և այլն։ Նման օրինակները բազմաթիվ են։
Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիներն առանձնակի վայրագություններ են կատարում Արցախյան ազատամարտին և դրա հերոսներին նվիրված հուշարձանների, հուշակոթողների և համալիրների նկատմամբ, օրինակ՝ Շուշիում քանդվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը տեղադրվել էր Արցախյան առաջին պատերազմից հետո և նվիրված էր նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին: Հադրութի Ազոխ գյուղում ադրբեջանցիներն ավերել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները, Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը, Որոտան (Կուբաթլու) քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, Շուշիում՝ ԽՍՀՄ պետական-քաղաքական գործիչ Հովհաննես (Իվան) Թևոսյանի կիսանդրին, ավերվել է Հադրութի շրջանի Տումի գյուղի «Սիսեռ» աղբյուրի մոտ գտնվող՝ հայ ազգային հերոս Թևան Ստեփանյանի կիսանդրին։
Ադրբեջանը՝ «շինարարական աշխատանքների» քողի տակ նպատակային վերացնում է ճանապարհի մոտ գտնվող հայկական պատմական հնավայրերը, որոնք տարածաշրջանում հայերի հազարամյա գոյության ապացույցն են։ Արբանյակային նկարների միջոցով հնարավոր եղավ փաստել Շուշիի պատմական գերեզմանոցի ոչնչացումը։ Ավերվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը, Ասկերանի Շոշ համայնքի Սղնախի գերեզմանոցը։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության «աղվանացման» մեխանիզմը շարունակում է գործել նաև այսօր։ Դրա վառ օրինակներից են Ծակուռի գյուղի եկեղեցու և Դադիվանքի համալիրն աղվանական հայտարարելն ու հայերեն արձանագրությունների ու խաչքարերի կեղծ հռչակելը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «ուղղափառացումը» և այդ կեղծ հիմքով անօրինական «վերականգնումները», «Թուխնակալ» ապարանքի համալիրի մոտակայքում «շինարարական» աշխատանքների կատարումը։ Նման օրինակները, ցավոք, բազմաթիվ են, և դրանց թիվն աճում է օր օրի։
Մասնավոր նախաձեռնություններ․ Monument Watch
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցավ արցախյան ժառանգության մի զգալի հատված, որի ճակատագիրը այսօր վտանգված է։ Ադրբեջանական հայահալած քաղաքականությունն ուղղված է ոչ միայն հայերի ֆիզիկական բնաջնջմանը, այլև նրանց թողած ժառանգության ոչնչացմանը (ամենավառ օրինակը Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումն է Նախիջևանում)։ Քաջածանոթ լինելով ադրբեջանական քաղաքականությանը և գիտակցելով Արցախում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները՝ Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) նախաձեռնեց «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է անկախ ակադեմիական հարթակ (www.monumentwatch.org), որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները:
Ծրագրի հիմնական նպատակն է Արցախի մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային կառույցների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), ինչպես նաև դրանք միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը: Ծրագրի նախապատրաստական աշխատանքները տևեցին շուրջ հինգ ամիս․ նյութերի հավաքում, ուսումնասիրություն, կայքի նախնական մակետի պատրաստում, գործընկերների հետ քննարկումներ և այլն։ Կայքը գործարկվել է 2021 թվականի մայիսի 15-ին։
● Կայքի գործունեությունը (https://monumentwatch.org/)
Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Բաղկացած է հինգ հիմնական բաժիններից և տասը ենթաբաժիններից։ «Մեր մասին» բաժինը բաղկացած է «Թիմ», «Գործընկերներ» և «Աջակիցներ» ենթաբաժիններից։ Կայքի աշխատանքային խմբում ներգրավված են շուրջ 15 մասնագետներ՝ պատմաբաններ, հնագետներ, ճարտարապետներ, մարդաբաններ, լուսանկարիչներ, թարգմանիչներ։ Սույն նախաձեռնության գործընկերներն են ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ), Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (ԻՆԱԼԿՈ), Փարիզ, «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման և պատմության ամբիոնը, Միջերկրական ծովի ավազանի միջնադարյան և ժամանակակից հնագիտության լաբորատորիան (LA3M, Aix-en-Provence) և այլն։
«Հնավայրեր և հուշարձաններ» բաժինը բաղկացած է երեք ենթաբաժիններից։ Նույնանուն ենթաբաժնում ներկայացված է 190 հուշարձան։ Հուշարձանների քննությունը հիմնված է գիտական փաստերի և սկզբնաղբյուրների վերլուծության վրա։ Իրականացվում է շաբաթական երկու հուշարձանի գիտական քննություն՝ համապատասխան քարտեզով, հատակագծով և նկարներով, ավելացվում է կայքի այս բաժնում։
«Փաստեր և մանրամասներ» բաժնում ներկայացված են մշակութային ժառանգության եզակի տարրեր, արձանագրություններ, ուշագրավ փաստեր և այլն։ Ուշագրավ է «Քարտեզ» ենթաբաժինը, որտեղ տեղադրված են Արցախի հուշարձանների կոորդինատները և համառոտ նկարագրությունը։
«Մշտադիտարկում, ահազանգ» բաժինը բաղկացած է երկու ենթաբաժիններից՝ «Ահազանգ» և «Արցախի հուշարձանների մշտադիտարկում»։ «Ահազանգ» բաժնում ներկայացվում են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, ադրբեջանական վանդալիզմի դեպքերը արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Ցավոք, մշակութային ժառանգության աղավաղման, պղծման և ոչնչացման դեպքերը շարունակական բնույթ են կրում։ Սույն նախաձեռնության հիմնական խնդիրներից է ներկայացնել մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը և արձագանքել՝ նշելով միջազգային այն բոլոր կոնվենցիաները և կարգավորումները, որոնք խախտվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Կայքում արդեն իսկ ներկայացված է նման 90 դեպք։ Մեդիամոնիթորինգի մասնագետները մշտադիտարկում են սոցիալական հարթակները, մեդիա դաշտը, որտեղ ադրբեջանական տարբեր օգտատերերի կողմից պարբերաբար տեղադրվում են տեսանյութեր կամ լուսանկարներ հայկական ժառանգության ոչնչացման մասին։ Նման նյութերը արխիվացվում են, և դրանց հիման վրա կազմվում է ահազանգ։
«Արցախի հուշարձանների մշտադիտարկում» ենթաբաժնում ներկայացված են այն հուշարձանները, որոնք մեր թիմի կողմից մշտադիտարկվում են, գտնվում են սահմանին, վտանգված են և առավել մեծ ուշադրության կարիք ունեն։ Նման հուշարձաններից ներկայացված են Ղայբալուշենը, Բռի Եղցի վանքը, Փիրումաշենի եկեղեցին, Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին և այլն։
«Աղբյուրներ» բաժնում ներկայացված են մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, իրավական կարգավորումները, ինչպես նաև առանձին հետազոտությունները և հրապարակումները, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին և դրանց մասնավոր դրսևորումներին։ Այս բաժնում կարելի է ծանոթանալ նաև մասնագիտական գրականության ցանկին։
«Նորություններ» բաժնում ներկայացվում են կայքի գործունեությանը վերաբերող, մշակութային ժառանգության պահպանության, հանրայնացման, տեղական և միջազգային իրադարձությունների մասին նորություններ։
2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայքի նոր՝ «Թանգարաններ և մասնավոր հավաքածուներ» բաժնի նախապատրաստական աշխատանքներն են սկսվել։ Այդ բաժինը մեկնարկեց 2023 թվականի մարտ ամսից։
Կայքի կարևորությունը և մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հարցում էական դերակատարումն այն է, որ ներկայացված բոլոր նյութերը գիտական, չեզոք նկարագրություններ են և արժանահավատ են բոլոր օգտվողների համար։ Այն հիմք է՝ միջազգային կառույցներին դիմելու, կոնկրետ թիրախային խնդիրներ բարձրացնելու և գիտականորեն խնդիրները ձևակերպելու համար։
Հայկուհի ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ․ գ․ թ
Երևան