Հունաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Կոստաս Ռապտիսի հոդվածը՝ ինչպես է Ադրբեջանը «մշակութային ցեղասպանություն» իրականացնում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Կոստաս Ռապտիսի» հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Ի՞նչ տեսք ունի «մշակութային ցեղասպանությունը»։ Պատասխան տալու համար պետք չէ տարածության կամ ժամանակի մեջ հեռու գնալ: Ուստի դա, հավանաբար, հենց այն է, ինչ տեղի է ունենում, ըստ բազմաթիվ կողմերի բողոքների, Ադրբեջանի տարածքում՝ վերջերս Լեռնային Ղարաբաղի վերագրավումից հետո։
Սեպտեմբերի 19-ին բռնկված ռազմական գործողությունը, որը հանգեցրեց ադրբեջանական ուժերի կայծակնային հաղթանակին, ավարտեց 2020 թվականի «44-օրյա պատերազմով» սկսված գործընթացը։ Ավելի քան 100,000 բնիկ հայեր այս աշնանը բռնեցին գաղթի ուղին դեպի Հայաստան՝ որպեսզի չապրեն ադրբեջանական տիրապետության տակ՝ չվստահելով Բաքվի հավաստիացումներին, թե իրենց իրավունքները կհարգվեն։ Ի վերջո, ադրբեջանական կողմից եղել է Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակում («ադրբեջանցի բնապահպանների» հավակնոտ տեսքով, որոնք փակել էին դեպի արտաքին աշխարհ արցախահայության միակ ճանապարհը), որի դադարեցումը Միջազգային քրեական դատարանը պահանջել էր փետրվարին։
Հայ փախստականները հապճեպ իրենց հետևում թողեցին իրենց պատմական ներկայության նյութական արժեքները՝ տաճարները, վանքերը, իրենց մասունքներով, գերեզմանոցները, խաչքարները, կամուրջները և այլն։ Որոշ հուշարձաններ կարևորագույն նշանակություն ունեն ողջ հայ ժողովրդի համար, ինչպես օրինակ՝ Ամարասի վանքը, որտեղ բնակություն է հաստատել հայ գրերի գյուտարար Մեսրոպ Մաշտոցը (362-440 թթ.) և հիմնել դպրոց։ Եվ, իհարկե, հարկ է նշել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի ոչ նյութական ժառանգության մասին (բարբառը, երգերը, պարերը, ավանդույթները), որը նման պայմաններում վտանգված է։
Այն, որ Լեռնային Ղարաբաղի փոքրամասնություն կազմող բնակչության էթնիկ զտումը այժմ սպառնում է տեղի տալ ադրբեջանական տարածքի խորհրդանշական «մաքրմանը» նախկին հայկական ներկայության ապացույցներից, հիմնավոր մտավախություն է: Սա հիմնավորված է 16-րդ դարի հարյուրավոր խաչքարերի համակարգված ոչնչացման նախադեպով Նախիջևանում՝ Թուրքիային և Իրանին սահմանակից ադրբեջանական անկլավում։ Ջուղայի ընդարձակ հայկական գերեզմանոցը աստիճանաբար վերացվել է, իսկ Ջեբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը հանձնվել են բուլդոզերների։
Ըստ Caucasus Heritage Watch-ի զեկույցի՝ 1997-2011 թվականներին Նախիջևանում հիմնովին ավերվել են միջնադարյան և ժամանակակից հայկական 108 հուշարձաններ՝ ընդհանուր թվի 98%-ը՝ իրադարձություն «իր վիրաբուժական ճշգրտությամբ ու իր համապարփակ բնույթով աննախադեպ»։ Ողբերգական հեգնանք է սահմանի իրանական կողմից միաժամանակ տեսնել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս հայկական վանքերը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթողներ), որոնք պատշաճ կերպով պահպանվել են Իսլամական Հանրապետության կողմից:
Նմանապես, 2020 թվականի «44-օրյա պատերազմից» հետո, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին Շուշի քաղաքը, այնտեղ գտնվող Ամենափրկիչ տաճարը (Ղազանչեցոց), որը թիրախավորվել էր ռազմական գործողությունների ժամանակ, հետագայում «վերականգնվեց» առանց հայկական գմբեթի։
2021 թվականի մարտին BBC-ն հայտնել էր, որ Մեխակավանի Աստվածածին եկեղեցին (Զորավոր Սուրբ Աստվածածին) ամբողջությամբ ավերվել է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն արձանագրել էր, որ «Արցախի հայկական հուշարձաններն ենթարկվում են ԴԱԻՇ-ի ոճի վանդալիզմի»։
Տխուր վախճան է ունեցել նաև Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը քանդվել է 2022 թվականի հոկտեմբերին։
Դեռևս 2022 թվականի մարտին Եվրախորհրդարանն իր բանաձևով դատապարտել է «Հայկական մշակութային ժառանգության ժխտման և ոչնչացման շարունակական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում»՝ դա կապելով ադրբեջանական պաշտոնական պատմական ռևիզիոնիզմի, հայատյացության, բռնության աստվածացման և Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջատիրության քաղաքականության հետ»։
Պատմականորեն տեղեկացվածները դժվարություն չեն ունենա այս քաղաքականությունը կապելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական տարածքում մնացած հայկական հուշարձանների ճակատագրի հետ։
Երկու ամիս առաջ ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձած տարածաշրջանի համար Caucasus Heritage Watch-ը և Momument Watch-ը (նախաձեռնություններ ամերիկյան համալսարանների ներգրավմամբ, որոնք պարբերաբար զեկույցներ են հրապարակում հիմնականում արբանյակային լուսանկարների մշակման հիման վրա) զգուշացնում են, որ պատմական կեղծիքի փորձ է արվում…ալբանիզացիայի միջոցով։
Կովկասի ալբանացիները (պարզապես Բալկանների ալբանացիների հետ հոմանիշություն) գերիշխող տարր էին Ադրբեջանում՝ նախքան նրա թուրքացումը և իսլամացումը, և նրանց քրիստոնեական պատմությունն անքակտելիորեն միահյուսված է հայերի և վրացիների պատմության հետ: Այստեղից էլ Բաքվի համակարգված փորձը՝ հայկական հուշարձանները (նույնիսկ Ամարասի, Գանձասարի և Դադիվանքի նման հայտնի վանքերը) ներկայացնել որպես կովկասյան-ալբանական, այսինքն՝ սեփական ժառանգության մաս։ Այնուհետեւ կարող է հետեւել Ադրբեջանի «բազմամշակութային, բազմակրոն» պատմության մարքեթինգը միջազգային սպառման համար։
Այդ նպատակով կարևոր է /խմբ. ադրբեջանցի կեղծարարների տեսանկյունից/ հուշարձանների վրա փորագրված հայերեն արձանագրությունների վերացումը, որոնք ներկայացվում են որպես վերջին շրջանի «կեղծիքներ»։ Կարգախոսը հնչեցրել է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով 2021 թվականի մարտին Հադրութի Ծակուռի գյուղի եկեղեցում խոստացել էր հեռացնել «կեղծ գրությունը»։
Ֆրանսիայի մշակույթի նախարարը մի քանի օր առաջ արդեն հայտնել էր իր մտահոգությունները, ստանալով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի պատասխանը այն մասին, թե Ադրբեջանը պահպանում է ցանկացած ծագման հուշարձան, և Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին և չունի բարոյական հիմք խոսելու, երբ ինքն է թալանել տարբեր ազգերի մշակութային արժեքներ»։