Միջազգային բազմաթիվ դերակատարներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան, Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։
Հասկանալի է, որ հույս դնել այդ կոչերի վրա չե՛նք կարող։ Շատ ավելի մեծաթիվ ու ազդեցիկ էին այն միջազգային կառույցներն ու երկրները, որոնց ղեկավարները կոչ էին անում վերացնել իննամսյա շրջափակումը։ Նրանք կոչ էին անում, հորդորում, Միջազգային դատարանը վճիռ էր ընդունում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստեր էր հրավիրում, բայց այդ հորդորներին ու կոչերին լուրջ վերաբերվող չկա, քանի որ չկա նաև պատասխանատվության ենթարկվելու, պատժվելու երկյուղ։
Ադրբեջանն անելու է ամեն ինչ, ջնջելու է Արցախից հայկականության ամեն մի հետք։
Դադիվանք, Գանձասար, Ամարաս, Տիգրանակերտ․ սրանք այն չորս հանրահայտ պատմական հուշարձաններն են, որոնց մասին գիտի կամ լսել է ամեն հայ։ Իրականում մեծարժեք հուշարձանները հազարավոր են՝ եկեղեցիներ, խաչքարեր, կամուրջներ, աղբյուրներ, դամբարանադաշտեր, նախաքրիստոնեական շրջանի վիշապաքարեր։ Հասկանալի է՝ բոլորից ամենավտանգվածները նրանք են, որոնք ավելի անհերքելի հայկական են։ Այն, ինչ հնարավոր է ներկայացնել որպես աղվանական, պակաս վտանգված է։
2024 թվականի բյուջեով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար նախատեսում է շուրջ 6 միլիարդ դոլարի ներդրում։ Պարզ է, որ այդ գումարի մի մասը ծախսվելու է հայկական հուշարձանների կամ ոչնչացման և/կամ նոր տեսքի բերելու վրա։ Արդեն իսկ հայտարարել են, որ Գանձասարի վանական համալիրը պիտի վերականգնվի «նախնական աղվանական» տեսքով։
Ադրբեջանական կեղծ պատմագիտությունն արդեն իսկ Տիգրանակերտում պեղված փոքր եկեղեցու տակ հայտնաբերված մասունքարանը կոչել է մուսուլմանական բաղնիք, իսկ հնագույն քարե սարկոֆագները՝ բաղնիքի համար ջուր ամբարելու տակառներ։ Այդ կեղծ պատմագիտությունը թքած ունի, որ Աղվանքն ու աղվանական մշակույթը որևէ առնչություն Ադրբեջանի հետ չունեն։
Արցախի վտանգված մշակութային ժառանգությունը միայն պատմական հուշարձանները չեն, այլ նաև թանգարանների ցուցանմուշները, թանգարաններում ու տներում մնացած հնագույն գորգերը, Գանձասարի մատենադարանում պահվող ձեռագրերը, Հայաստանի ազգային գրադարանի տեղի մասնաճյուղի հազարավոր արժեքավոր գրքերը։
Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում դրանց մի մասը դուրս էր բերվել Արցախից, բայցև ինչպես մարդիկ, վստահելով ռուսական խաղաղապահների ներկայությանը, վերադարձան հայրենի շեներ, այնպես էլ այդ մշակութային ժառանգության մի մասը անխոհեմաբար վերադարձվեց բզկտված Արցախ։ Մինչդեռ կային անհատներ, որոնք խորհուրդ էին տալիս չշտապել։ Մշակութային ժառանգության այդ հատվածի պահպանության հարցը շատ ավելի անհեռանկար է, քան պատմական հուշարձաններինը։
1915 թվականին Էջմիածնի պատերի տակ հանգրվանած արևմտահայության հիվանդ ու սովահար բեկորներին օգնելու համար ստեղծվեց Եղբայրական օգնության կոմիտե, որի անդամ էր նաև Մայր Աթոռի արքեպիսկոպոս, հետագայում Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը։ Գաղթականների հետ ամենօրյա շփումների ու խնամքի ընթացքում հայ նշանավոր հոգևորականն ու գիտնականը այնքան հին իրեր է հավաքում, որ Էջմիածնում կենցաղային իրերի ցուցադրություն-թանգարան է բացում։ Բայց ավելի կարևոր ու զարմանալի է, որ բռնագաղթածների մոտ հայտնաբերում է Որոգինեսի, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու աշխատությունների ձեռագիր օրինակներ։ Դրանք հսկայական նշանակություն ստացան համաշխարհային գիտության ու աստվածաբանության համար, քանի որ այդ տեքստերի ոչ բնօրինակներն էին պահպանվել, ոչ էլ այլ լեզվով թարգմանված օրինակներ։
Ի՞նչ կարող էին իրենց հետ վերցրած լինել Արցախից բռնագաղթածները։ Գուցե տան մասունք համարված մի հին Ավետարան, Հայսմավուրք, Նարեկ կամ Մաշտոց։
Որքան էլ մեկ դար առաջվա և ներկայիս ողբերգական իրադարձությունները նմանությամբ ճնշում են մեր հոգին ու բանականությունը, այնուամենայնիվ, միտքը, որ Արցախն էլ Արևմտյան Հայաստանի ճակատագիրն է կրկնելու, վերջնականապես կարող է հուսահատության և դրանից բխող անգործության մղել մի ողջ ժողովրդի։
Պետք է ամեն գնով պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը՝ որպես երկրի իրական ու բնիկ տերերի վերադարձի գրավական։ Եվ հակառակը, Արցախում հնարավոր է պահպանել այդ ժառանգությունը, եթե դրա տերերն այնտեղ են։ Դրանք միմյանց հետ անխախտելի կապի մեջ են։ Հակառակ դեպքում Արցախը շատ մոտ ապագայում կկրկնի հայաթափված Նախիջևանի ճակատագիրը։ Ոչնչացված ամեն կոթողի համար մենք կբողոքենք, Մեհրիբան Ալիևայի հարուստ քսակից սնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ն սրտաճմլիկ հայտարարություն կանի ու վերջ։
Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ամբողջ հայության ջանքերի համախմբում։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք կրկնել Տիգրանակերտի պեղումների ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանի խոսքը, ըստ որի, թեև հայությունն իր պատմության ընթացքում արարելու համար քիչ խաղաղ ժամանակ է ունեցել, բայցևայնպես ստեղծել է այնքան մեծ մշակութային ժառանգություն, որի պահպանությունն այսօրվա հայ հանրույթի ուժերից վեր է։
Անհատներն ու մի քանի կազմակերպություններ արդեն իսկ լծվել են այդ գործին։ Կան մասնագիտական խմբեր, որոնք անշարժ մշակութային ժառանգության, այսինքն պատմաճարտարապետական հուշարձանների մշտադիտարկում են իրականացնում արբանյակային նկարահանումների շնորհիվ։
Մինչև տարեվերջ անգլերեն լեզվով կհրատարակվի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմը։ Այն հեղինակել են բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցն ու մանկավարժ, արցախյան պատերազմի մասնակից Զոհրաբ Ըռքոյանը։
Ուրախալի է, որ ալբոմը հրատարակվելու է ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով։ Ուրախալի է պետական գերատեսչության մասնակցությունը։ Ուրախալի է, բայց քիչ։
Բոլոր անհատների, կազմակերպությունների գործունեությունը հարկ է, որ համակարգվի և խրախուսվի պետության կողմից։ Իշխանությունն այդ գործը պիտի հռչակի որպես երկրի առաջիկա մշակութային ու գիտական գործունեության առաջնահերթություն։ Պիտի ստեղծի լայն լիազորություններով օժտված մի կառույց կամ օղակ, եթե վերջնականապես նշաձողը չի իջեցրել և չի համարում, որ գլուխն ազատել է Արցախից էլ, նրա մշակութային ժառանգությունից էլ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ