Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ալիևյան վարչակարգի իրականացրած էթնիկ զտումը հանգեցրել է, ինչպես սահմանված է Եվրախորհրդարանի ս.թ. հոկտեմբերի 6-ի բանաձևով, երկրամասի հայաթափմանը, ինչպես նաև հարվածի տակ է դրել հազարամյակների ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը։
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով հետամուտ է արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, և հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը դիտարկվում է կոպտորեն խախտված իրավունքների վերականգնման համատեքստում։
Միջազգային տարբեր հարթակներում քաղաքական սուր բանավեճերի համապատկերում և այնպիսի պայմաններում, երբ դեռ չի հաղթահարվել Արցախի հայաթափման հետ կապված համազգային տրավման, պատմամշակութային ժառանգության, մեծ և փոքր հայրենիքի հետ անմիջականորեն առնչվող ոչ նյութական մշակույթի պահպանման հարցը որոշակիորեն կարող է ստվերվել տարատեսակ այլ հարցերով, եթե այդ խնդրին պատշաճ ուշադրություն չդարձվի՝ հատկապես համապատասխան մասնագետների կողմից, որոնք ի զորու են առաջ մղել այդ հարցը ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության քաղաքական օրակարգում։
Հանրային դիսկուրսը լեցուն է քաղաքագետների, միջազգային հարաբերությունների և իրավունքի մասնագետների մեկնաբանություններով ու առաջարկություններով, որոնք առավելս կենտրոնացված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրների վրա։ Ուստի մշակութաբանների, պատմամշակութային ժառանգության հուշարձանների գծով մասնագետների կարծիքները նվազ կարևոր չեն, քանի որ անտեր մնացած հուշարձանները, ինչպես փորձն է ցույց տալիս, թշնամական վերաբերմունքի են արժանանում ադրբեջանական պետության կողմից զուտ այն պատճառով, որ դրանք հայկական են։ Ահա թե ինչու այդ ժառանգությանը կամ ոչնչացում է սպառնում, կամ էլ դրան համազոր «աղվանացում» և պատմության խեղաթյուրում ու պղծում։
Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումն արծարծում է այդ շատ զգայուն հարցը, որը շատ կարևոր է հասցնել ոչ միայն Հայաստանում քաղաքական որոշումներ ընդունող գործիչներին, այլև միջազգային կազմակերպություններին ու քաղաքակիրթ աշխարհի քաղաքական կենտրոններին։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն