Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցված են եւ դրանց հանդեպ հավատարմության դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա շատ իրատեսական՝ Հայաստանի խորհրդարանում օրերս հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա մատուցմամբ, համաձայնեցված սկզբունքները վերաբերում են 29,8 եւ 86,6 հայտնի հարաբերակցությամբ տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով իրականացնելուն, եւ այդ երկու սկզբունքից բխող տրամաբանությամբ՝ ինքնիշխանության փոխադարձ ճանաչմամբ հաղորդուղիների ապաշրջափակմանը:
«Ցավոք, այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան», -Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր անց Երեւանում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, երբ համատեղ ասուլիս էր տալիս Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ:
Բերբոքը խոսում էր խաղաղությունից, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Եվրամիության ու ԵԽ միջնորդությամբ բանակցային նոր փուլի անհրաժեշտությունից: Ստեղծվում է որոշակի շփոթ: Եթե կան համաձայնեցված հիմնական սկզբունքներ, ապա ինչու՞ չկա բանակցություն, ինչու՞ է, օրինակ, Բաքուն հրաժարվում մեկնել Գրանադա, հետո՝ Բրյուսել, իսկ Երեւանն էլ հրաժարվում է մեկնել Գրանադայի եւ սպասվող Բրյուսելի «արանքում»՝ Բիշքեկ, որտեղ ԱՊՀ պետությունների վեհաժողովն էր, եւ կարող էր տեղի ունենալ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Ռուսական կողմն, այդուհանդերձ, հայտնեց այդպիսի հանդիպում անցկացնելու իր պատրաստակամությունը, միաժամանակ նշելով, թե նախ, իհարկե, արժե կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Իր հերթին եռակողմ հանդիպման ջանքի մասին է հայտարարում Եվրամիությունը, որի՝ Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Կլաարը նշել է, որ Ալիեւը Բրյուսել չի մեկնել ժամանակի սղության պատճառով, բայց իրենք աշխատում են կողմերի հետ՝ ավելի ուշ բրյուսելյան եռակողմն, այդուհանդերձ, անցկացնելու համար:
Ի վերջո, մո՞տ է խաղաղության պայմանագիրը, թե՞ տեսողական խաբկանք, կամ խաղ, որի հետեւում իրականում ոչ թե խաղաղություն է, այլ առնվազն ռազմական էսկալացիա՝ եթե ոչ մասշտաբային պատերազմ: Այդ հարցի պատասխանը ո՞ր մայրաքաղաքում է: Համենայն դեպս, դա փորձում են հասկանալ բոլորը՝ շարքային քաղաքացիներից մինչեւ քաղաքականության տարբեր աստիճանի ուսումնասիրությամբ եւ դիտարկումով զբաղվող անձինք եւ ինստիտուտներ: Օրինակ, ցեղասպանության կանխարգելման հարցերի Լեմկինի անվան ինստիտուտը օրեր առաջ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին տեսնում է Ադրբեջանի ներխուժման վտանգ եւ հայտարարել է դրա ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: Պետքարտուղարությունը, մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Ամերիկայի ձայնի խնդրանքով, ասել է, որ պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը եւ դրանց հանդեպ ոտնձգությունը կունենա լուրջ հետեւանք:
Բայց, երբ, օրինակ, Գերմանիայի արտգործնախարարին Երեւանում հարցնում են, թե արդյո՞ք Բեռլինը պատժամիջոցի կենթարկի Ադրբեջանի նավթն ու գազը, նա տալիս է միանգամայն այլ պատասխան, ասելով, թե Եվրամիության համար կարեւոր է չեզոք դիտորդ լինելը, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը պետք է շահեկան լինի նաեւ Ադրբեջանի համար: Այդ ընթացքում ՌԴ արտգործնախարար Լավրովը չորս օրվա ընթացքում երկու անգամ՝ հոկտեմբերի 24-ին եւ 28-ին զանգահարում է Բաքու եւ հեռախոսազրույցներ ունենում Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ նոյեմբերի 3-ին էլ Աստանայում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության վեհաժողովում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորությունները»: Մնում է ենթադրել, թե ինչ նկատի ունի Էրդողանը, թեեւ ավելի վերեւում Արարատ Միրզոյանի խոսքի մեջբերումը՝ Բերբոքի հետ համատեղ ասուլիսից, թերեւս նաեւ հենց այդ՝ «ինչ նկատի ունի Էրդողանը» հարցի անուղղակը պատասխանն է: Մյուս կողմից էլ՝ իր հերթին հարց է, թե ինչ նկատի ունի Հայաստանի արտաքին գործերի նախարարը, երբ նույն օրը հայտարարում է, որ առաջիկայում կարող են լավ նորություններ լինել հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման ուղղությամբ, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:
Մի բան կասկածից վեր է՝ տարածաշրջանում ուժգնանում են աշխարհաքաղաքականության մաքոքի պտույտները, սակայն ոչ միայն ինքնին ռեգիոնալ գործոններով պայմանավորված, այլ շարունակվող եւ առավել թեժ փուլ թեւակոխած աշխարհաքաղաքական դիմակայության, որ ներկայումս նոր պատերազմի տեսքով արդեն գտնվում է աշխարհաքաղաքականության «հավերժական խառնարանում»՝ Մերձավոր Արեւելքում, Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի տեսքով, որի առնչությամբ, սակայն, առ այսօր օդից կախված է դրա ընդլայնման վտանգի հարցը: Սակայն, անկախ ընդլայնման անմիջական վտանգից, քաղաքական իմաստով վաղուց է առկա, որ այդ պատերազմը ընդլայնված է եւ անխուսափելիորեն բերելու է մերձավորարեւելյան տարածաշրջանի վերաձեւման, նաեւ անխուսափելի շղթայական տրամաբանությամբ:
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության վեհաժողովը նոյեմբերի 3-ին հյուրընկալած Աստանան դրանից ընդամենը երկու օր առաջ հյուրընկալել էր Եվրամիության առաջատար Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որը այց էր կատարել Ղազախստան եւ Ուզբեկստան՝ Ֆրանսիայի համար ռազմավարական նշանակության էներգակրի՝ ուրանի հետեւից, որի շոշափելի աղբյուրներ կորցրեց Աֆրիկայի իր ավանդական ազդեցության գոտիներում դիրքերի լուրջ կորստից հետո: Այդ կորստից հետո Ֆրանսիան փորձում է վերադիրքավորվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Մերձավոր Արեւելք վճռորոշ եռանկյունում: Մակրոնը Աստանայում խոսել էր էներգակիրների տեղափոխման երթուղիների, Միջին միջանցքի մասին, այդ շղթայում դիտարկելով նաեւ Կովկասը եւ խոսելով խաղաղության կարեւորության մասին:
Դրա մասին խոսում են բոլորը, բայց արդյո՞ք հնարավոր է խաղաղության պայմանագրային արձանագրում Կովկասում, եթե, օրինակ, մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ՝ «աշխարհաքաղաքականության հավերժական խառնարանում» եռում է նոր բռնկված պատերազմն իր ռազմական ու քաղաքական շերտերով: Ընդհանրապես, հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր Կովկասում՝ մոլորակում դե ֆակտո համաշխարհային պատերազմի ռեժիմի պարագայում, երբ կա կոշտ եւ դաժան պայքար համաշխարհային խաղատախտակի վրա վանդակների առավելագույն թիվ եւ առավելագույն ամրությամբ վերահսկելու համար: Եվ բանն ամենեւին այն չէ, որ հանդիպում չեղավ Գրանադայում, Բիշքեկում կամ Բրյուսելում: Վաղը կարող է որեւէ տեղ լինել հանդիպում, կամ հանդիպում լինել բոլոր տեղերում, եւ նույնիսկ այլ քաղաքներում, ընդհուպ Վաշինգտոնում, որտեղ անցնող տարվա մայիսին եւ հունիսին տեղի ունեցան աննախադեպ ձեւաչափի եռօրյա ու քառօրյա բանակցություններ:
Այդ ամենը, թերեւս, քիչ կապ ունի խաղաղության հարցի հետ, որովհետեւ այդ հարցը լուծվելու է ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի ներկայիս բալանսը բացարձակապես խաղաղության բալանս չէ: Բաքուն որեւէ կերպ մոտիվացված չէ այդ բալանսի պայմաններում գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ իր առավելությունը կորցնելու: Հետեւաբար, խաղաղության պայմանագիրը պահանջելու է բալանսավորում արդեն մակրոմակարդակում: Դա նշանակելու է՝ կամ մեկը վերցնում է բանալին եւ լուծում հարցերը, կամ դա անում են մի քանիսը՝ համաձայնեցված, լուծելով աշխարհաքաղաքական այլ մրցակիցների հակազդեցության հարցերը:
Իրավիճակը թե՜ տարածաշրջանում, թե՜ աշխարհում բավականին հեռու է այդ հեռանկարից: Աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարը, այդ թվում՝ կովկասյան գոտում, առայժմ աշխույժ փուլում է, այդ թվում առանցքային հարցերից եւ թիրախներից մեկի՝ տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների համար, որոնք Արեւելքը միացնելու են Արեւմուտքին: Խաղաղության եւ պատերազմի հարցերը եփվում են այդտեղ, եւ իրապես անկանխատեսելի է դարձել, թե կաթսայի եզրագծի հատկապես ո՞ր մասից դուրս կթափվի եռացող ջրի նոր փրփուրը:
Այս պարագայում, անգամ ստորագրություն կրող թղթի առկայությունը ոչնչի երաշխիք չէ, թուղթը «կթրջվի»՝ թանաքը կլղոզվի: Մի թուղթ, ըստ էության, արդեն իսկ դրա ցավագին ու վառ օրինակն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երեք ղեկավարների ստորագրությամբ: Հետեւաբար, խաղաղությունը պահանջում է գերկենտրոնացում ոչ թե պայմանագրի հեռանկարի, այլ ուժերի հավասարակշռությունը գործնականում երաշխավորող հանգամանքների եւ դրանց ապահովման ներքին ու արտաքին աշխատանքների ուղղությամբ:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան