Հոկտեմբերի 29-ին նախատեսված՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումը «ժամանակի սղության պատճառով» չեղարկելու մասին Բրյուսելի հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընկան հերթական վակուումի մեջ։ Եվ դատելով անձամբ Փաշինյանի և երկրի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետագա հայտարարություններից՝ «ժամանակը չհերիքեց» հենց Ալիևին, որը մինչ այդ էլ «ժամանակ չունեցավ» մասնակցելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած հնգակողմ գագաթնաժողովին։
«Ժամանակի սղության» պատճառները
Անմիջապես վերապահում անենք. Ալիևին իսկապես ժամանակը չի հերիքում։ Հարցն այն է, թե ինչու։ Ենթադրվում է, թե արևմտյան հարթակներում բանակցելուց Ալիևի հրաժարվելու իրական դրդապատճառները հենց այս հարցի պատասխանի որոնման մեջ են։ Իսկ պատասխանն անուղղակիորեն տվել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Նրա խոսքերով, Գրանադայի հանդիպման ողջ էությունը մի փաստաթղթի քննարկումն էր, որում, ի թիվս մի շարք այլ հարցերի, արձանագրվում էր Արցախում Բաքվի գործողությունների դատապարտումը, գերիների և անհետ կորածների հարցերը լուծելու անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական սկզբունքները. Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում, հաղորդակցության ուղիների ապաշրջափակում` ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Ըստ նույն Փաշինյանի՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությունը, եթե Ալիևը ստորագրեր Գրանադայի փաստաթղթերը, կգերազանցեր 70%-ը։ Միաժամանակ, Փաշինյանը համաձայնություն է հայտնել բրյուսելյան հանդիպմանը՝ ասելով, որ եթե այն կայանար, կնշանակեր, որ «կողմերն անկեղծորեն ուզում են գնալ խաղաղության, հակառակ դեպքում Հայաստանը մտածելու շատ բան կունենա»։ Եվ հիմա, ինչպես Գրանադային, այնպես էլ Բրյուսելին մասնակցելուց Ալիևի հրաժարումից հետո, Երևանն իսկապես մտածելու բան ունի։
Ալիևի նման վարքագծի պատճառների մի քանի վարկած կա, սկսած նրանից, ըստ որի՝ Ալիևը «Պուտինի մարդն է», իսկ վերջինս խամաճիկի պես խաղացնում է նրան՝ իր նպատակների և շահերի համար։ Իսկ վերջիններս, ինչպես հասկանալի է, ոչ մի կերպ չեն ենթադրում խաղաղության հաստատում բազմաչարչար Հարավային Կովկասում։ Առավել ևս, եթե այդ գործընթացը Արևմուտքի միջնորդությամբ իրականացվի։ Վերջացրած այն վարկածով, թե Հայաստանի հետ խաղաղություն հաստատելն, իրականում, Ալիևի պլաններում չկա։ Պարզապես այն պատճառով, որ նրա բռնապետական ռեժիմը պահպանվում և նոր «ձեռքբերումներ» է արձանագրում հիմնականում Ադրբեջանի թալանման երկարաժամկետ գործընթացում նորամուծություններով, առաջին հերթին՝ թշնամի հայի կերպար կերտելով։ Իսկ եթե Հայաստանի հետ խաղաղություն հաստատվի, Ալիևի համար գողանալն ու թալանելը, այսպես ասենք՝ ինչ-որ չափով կդժվարանա։
Ճշմարտությունը, ենթադրաբար, այդ երկուսի մեջտեղում է։ Կարելի է ենթադրել, որ Ալիևը չի ցանկանում խաղաղություն կնքել Հայաստանի հետ, քանզի դեռ չի ստացել այն ամենը, ինչ ուզում է ստանալ այդ «խաղաղությունից»։ Իհարկե, ոչ միայն իր սեփական պատկերացումներին, այլև՝ «եղբայր» Էրդողանի ու «բարեկամ» Պուտինի պատկերացումներին համապատասխան. Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք, այսպես կոչված անկլավներ և, ուշադրություն, ադրբեջանցիների Հայաստան «վերադառնալու» փաստագրված հնարավորություն։ Հենց այս երեք կետերն է Ալիևն ակտիվորեն փորձում մտցնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրում։
«Եղբայրական» և «բարեկամական» շահեր
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Ալիևին և նրա եղբայրներին ու բարեկամներին այդ ամենը անհրաժեշտ։
Միջանցք։ Թուրքիայի համար Հայաստանի միջով, բայց Հայաստանի կողմից չվերահսկվող միջանցքը նշանակում է ևս մեկ քայլ ցնորական «Մեծ Թուրանի» ճանապարհին։ Ռուսաստանի համար դա իր նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի պատժամիջոցները շրջանցելու հերթական սողանցքն է։ Ադրբեջանի համար դա Նախիջևանն իրեն ավելի մերձեցնելու հնարավորություն է։ Իսկ Նախիջևանում, ի դեպ, վերջին տարիներին հետևողականորեն աճում է Իրանի ազդեցությունը։ Երեքի համար, ընդհանուր առմամբ, միջանցքը Հայաստանի հաշվին ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և տարածաշրջանում սեփական ազդեցությունը ամրապնդելու հնարավորություն է։.
Անկլավներ։ Անկլավները նույնպես պետք են բոլորին։ Ադրբեջանին, քանի որ դա թույլ կտա վերահսկել հաղորդակցության կարևոր ռազմավարական ուղիները հյուսիսում՝ Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհի Տավուշի հատվածում, ինչպես նաև՝ Հայաստանն Իրանին կապող ճանապարհի Տիգրանաշենի հատվածը։ Ռուսաստանն այս բոլոր հատվածներում արդեն ունի ռազմական հենակետեր,որոնց տեղադրման նպատակը միայն առաջին հայացքից է անհասկանալի թվում։ Չէ՞ որ Տավուշի Վերին Ոսկեպարի տարածքում ծածանվող ռուսական դրոշը հնարավորության դեպքում կարելի է շահավետ վաճառել Ադրբեջանին։ Ինչպես վաճառվեց Սյունիքի Տեղ գյուղի մոտ գտնվող սահմանի մի հատվածը։ Այսպիսով, «անկլավներն» ի սկզբանե էլ եղել են ռուս-ադրբեջանական առևտրի, կներեք՝ եղբայրության մի մասը։ Անկարան էլ, կոնկրետ այս դեպքում, մեծահոգաբար աջակցում է Բաքվի և Մոսկվայի ծրագրերին՝ կրկին ելնելով տարածաշրջանային ընդհանուր առևտրական շահերից։
«Վերադարձ»: Առաջին անգամ ադրբեջանցիներին «իրենց նախնիների երկիր», այն է՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձնելու անհրաժեշտության մասին Բաքվում ելույթներ հնչել են դեռևս մինչիլհամյան Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի գահակալության փառավոր տարիներին։ 2003 թվականին հոր գահին բազմելով՝ Իլհամ Ալիևը շատ ավելի մեծ եռանդով շարունակեց այդ քաղաքականությունը։ Եվ մինչև 2023 թվականը նա զարգացրեց հոր գաղափարները՝ Բաքվին իրավունք վերապահելով պաշտոնապես դիմելու ՄԱԿ՝ պահանջելով, ուշադրությո՛ւն, ճանաչել 40-ական թվականների ստալինյան բռնաճնշումների ժամանակ Հայաստանը լքած ադրբեջանցիների իրավունքները: Իսկ նման գաղափարներն իրենց լսարանը գտնում են ՄԱԿ-ի առնվազն համապատասխան պրոֆիլային հանձնաժողովներում։
Իհարկե, թուրք եղբայրներն ու ռուս բարեկամներն ամենևին էլ դեմ չեն ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան», ներողություն՝ Հայաստան «վերադարձին»։ Պատճառը պարզ է. եթե Ալիևին, Ալիևի որդուն կամ Ալիևի թոռանը երբևէ հաջողվի հասնել այդ «վերադարձին», «հայրենադարձները» պարտադիր կհաստատվեն ոչ այլ տեղ, քան Սյունիքում։ Որից հետո տեղի անհանդուրժող «հայ ազգայնականները» նրանց դեմ անխուսափելիորեն «ագրեսիվ տրամադրություններ» կառաջացնեն։ «Խնդիրը» լուծելու միայն մեկ ճանապարհ կլինի՝ ռուս, սակայն առավել գերադասելի է՝ թուրք «խաղաղապահներ» բերել Սյունիք։ Թե ինչ ճակատագիր է սպասվելու Սյունիքի հայ բնակչությանը դրանից հետո՝ կարող եք հարցնել էթնիկ զտումների ենթարկված արցախցի մեր հայրենակիցներին։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ «վերադարձի» գաղափարը յուրօրինակ դանդաղ գործողության ռումբ է Ալիևի համար, որը նա արդեն փորձում է տեղադրել Հայաստանի տակ։
Իրականությունը թաքցնող չակերտներ
Այս բոլոր սցենարներում և կանխատեսումներում շատ չակերտներ կան: Շատերին դրանք կարող են անիրատեսական, իսկ շատերին էլ՝ նույնիսկ ծիծաղելի թվալ: Չփորձելով անգամ փարատել այդ կասկածները, ես ուղղակի կներկայացնեմ անձամբ ինձ հայտնի մեկ փաստ. դեռևս ԽՍՀՄ տարիներին ղարաբաղյան գյուղերից մեկում, ավելի ճիշտ՝ Ստեփանակերտի արվարձանում, եթե չեմ սխալվում՝ Կրկժանում, բավականին լավ ապրում էր միակ ադրբեջանական ընտանիքը՝ ծնողներ և հինգ-վեց երեխա: Երեխաների մայրն աշխատում էր որպես հավաքարար, ընտանիքն այլ եկամուտ չուներ։ Հարցին, թե ինչպես կարելի է նման եկամուտով գոյատևել, ընտանիքի գործազուրկ հայրը մի անգամ իր համագյուղացիներին ակամա խոստովանել էր. «Մեզ Բաքվից ամեն ամիս գումար են ուղարկում միայն այն բանի համար, որ մենք այստեղ ենք ապրում»:
Ինչպես տեսնում ենք, հայ-ադրբեջանական ներկայիս հակամարտության հիմքերը դրվել են դեռևս ԽՍՀՄ օրոք։ Եվ խորհրդային կայսրության քայքայման պահին դրանք ակտիվորեն գործի դրվեցին։ Հայ ժողովուրդը միասնաբար կարողացավ հաղթանակ տանել ղարաբաղյան առաջին պատերազմում։ Ադրբեջանը հաղթեց երկրորդում և այժմ ակտիվորեն փորձում է պայմանագրային այնպիսի պայմաններ առաջ քաշել, որոնք թույլ կտան ոչ միայն վերջ տալ հակամարտությանը, այլև դառնալ տարածաշրջանային հեգեմոն և ապագայում Թուրքիայի աջակցությամբ պայմաններ թելադրել բոլորին, այլ ոչ միայն Հայաստանին՝ դարձյալ, գրեթե անպատիժ, սպառնալով երրորդ պատերազմով։ Իսկ Հայաստանը, լավագույն դեպքում, վերածել Թուրքիայից ու իրենից կիսաանկախ պետության։ Այս ծրագրում ադրբեջանական ոճով Հայաստանին առաջարկվող խաղաղության ողջ էությունն է։ Եվ այստեղ գլխավորն այն է, որ «եղբայրների» և «բարեկամների» միջև բոլոր հարցերը ենթադրվում է լուծել բացառապես Հայաստանի հաշվին։
Հռետորական հարց և վերջաբան
Ադրբեջանական «խաղաղությունը», ինչպես տեսնում ենք, Հայաստանին քիչ լավ բան է խոստանում։ Բայց խաղաղության օրակարգից հրաժարվելն է՛լ ավելի քիչ է խոստանում, այն է՝ պատերազմ։ Արագ պատերազմ։ Ինչը պետք չէ Հայաստանին, բայց պետք է Ադրբեջանին։ Կասկածելի խաղաղության և անխուսափելի պատերազմի նման հեռանկարից Հայաստանի խուսափելու միակ ճանապարհը բանակցային գործընթացը Բաքվի շահերից բխող «եղբայրասիրական» տրամաբանության շրջանակներից վերջնականապես դուրս բերելն է։ Տրամաբանություն, որն արդեն հանգեցրել է Արցախում էթնիկ զտումների՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Որից հետո Ալիևը բառացիորեն փոխվեց և Գրանադա ու Բրյուսել չգնալու համար սկսեց Հայաստանին առաջարկել հանդիպումներ Թեհրանում, Թբիլիսիում, նույնիսկ երկկողմանի հանդիպում, ցանկացած վայրում, բայց ոչ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում։
Հայաստանի համար բոլոր իմաստներով թերի բանակցային տրամաբանության այս միտումը խախտելը մեզ թելադրում է խուսափել «3+3»-ի քողի տակ կարգավորման գործընթացի տարածաշրջանայնացումից, Մաշա Զախարովայի ջերմ մոսկովյան հրավերներից և նույնիսկ իվանիշվիլիական Վրաստանի բանակցություններից: Միակ հարթակը, համապատասխանաբար, բանակցությունների այն ձևաչափը, որը հնարավորություն է տալիս գոնե ինչ-որ կերպ պաշտպանել Հայաստանի շահերը, այսօր տրամադրում է միայն Արևմուտքը։ Եվրամիությունը և նրա հետևում կանգնած ԱՄՆ-ը նույնպես փորձում են խուսափել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի տարածաշրջանայնացումից։ Եվ ընդհանրապես, նրանք ջանքեր են գործադրում տարածաշրջանում ռուսական ազդեցությունը վերացնելու համար։ Բրյուսելի և Վաշինգտոնի շահերը համընկնո՞ւմ են Երևանի շահերին։ Հարց, որը հետարցախյան առկա իրողությունների պայմաններում իսկապես հռետորական է հնչում։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան