Եվրոպական քաղաքական համայնքի (ֆրանսիական դիվանագիտության ձեռնարկի) գագաթնաժողովի շրջանակներում Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի պատճառով ձախողվելուց հետո պաշտոնական Երևանը փորձեց ժամանակ չկորցնել և քառակողմ ձևաչափում՝ ԵՄ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ միասին համատեղ հայտարարությունում ամրապնդել այն կոնսենսուսային սկզբունքները, որոնց հիման վրա կարող են կարգավորվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Սակայն նաև Բրյուսելում Հայաստանի առաջնորդի հետ նախատեսված հանդիպմանը (ԵԽ նախագահի միջնորդությամբ) մասնակցելուց Բաքվի հրաժարումը, դրան զուգընթաց Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, այդ թվում՝ ԱՊՀ շրջանակներում անցկացվող հանդիպումներին մասնակցելուց պաշտոնական Երևանի հրաժարումը վկայում են այն մասին, որ գրանադյան քառակողմ հայտարարությունում նախանշված և ըստ էության համապիտանի սկզբունքները ո՜չ Մոսկվայի և ո՜չ էլ Բաքվի սրտով չեն։ Ավելի ճիշտ՝ այնտեղ չեն առարկում, բայց լրացուցիչ պայմաններ են առաջադրում, որոնք բացարձակապես ընդունելի չեն Հայաստանի համար, հետո էլ՝ ապօրինի են թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ։
Ակնհայտ է, որ Երևանը պետք է դիմակայի արդեն իսկ ձևավորված Մոսկվա-Բաքու տանդեմին, որն էլ իր հերթին «հեռավար» աջակցվում է Անկարայի կողմից։ Հայաստանի կառավարությունում ի գիտություն են ընդունել ստեղծված դասավորվածությունը, ուստի Երևանին այլ բան չի մնում, քան Մոսկվայից «հեռավորություն պահելը» և ընդհանուր նպատակների, շահերի ու արժեքների առումով համախոհ երկրների հետ նոր ալյանսների գնալը։ Նկատենք նաև, որ այս պահին նշյալ չափանիշներով ոչ մի ընդհանրություն չկա Երևանի ու Մոսկվայի միջև։
Դժվար չէ կանխատեսել, որ Հայաստանը ստիպված կլինի դիմակայել ալիևյան վարչակարգի միջոցով Ռուսաստանի կողմից ճնշման ևս մի ալիքի և պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը։ Սա էլ ենթադրում է Արևմուտքի երկրների հետ օրակարգի ընդլայնում և հարաբերությունների նոր մակարդակ, ինչը դեռ չկա, բայց այդ ճանապարհին արդեն իսկ արվել են առաջին լուրջ քայլերը։
Ինչպե՞ս պիտի Հայաստանը դիմակայի այս ժամանակահատվածում, և ի՞նչ կա մեր քաղաքական-դիվանագիտական զինանոցում՝ այս մասին է մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն