Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին նոյեմբերի 8-ը Թբիլիսիում և Բրյուսելում շատերն անվանեցին «պատմական օր»։ Եվրոպական Հանձնաժողովը հրապարակեց Եվրամիության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ 2023 թվականի զեկույցը, որով Եվրոպական Խորհրդին առաջարկեց Վրաստանին տալ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Այժմ վերջին խոսքը ԵՄ խորհրդինն է, որն իր որոշումը կկայացնի այս տարվա դեկտեմբերին։
ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար Վրաստանը Մոլդովայի և Ուկրաինայի հետ դիմել էր դեռ 2022 թվականի մարտին։ Սակայն, Բրյուսելը որոշեց բաժանել «Ասոցացված տրիոն»․ Եվրոպական Հանձնաժողովը հունիսին որոշում ընդունեց Կիևին և Քիշնևին տալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի դեպքում՝ բավարարվեց միայն նրա եվրոպական հեռանկարի ճանաչմամբ։ Ցանկալի կարգավիճակը ստանալու համար հանձնաժողովը վրացական կողմին ներկայացրեց 12 հանձնարարական, որոնք ենթադրում էին խորքային բարեփոխումներ քաղաքական, դատական, իրավական, ընտրական և մի շարք այլ ոլորտներում։ Վրաստանի կառավարությունը բացահայտ դժգոհություն հայտնեց այդ որոշման կապակցությամբ՝ պնդելով, որ եվրաինտեգրման գործընթացի շրջանակում իրականացվող բարեփոխումների տեմպով Թբիլիսին ոչ միայն չի զիջում Կիևին և Քիշնևին, իսկ որոշ ուղղություններում՝ անգամ առաջ է նրանցից։ Վրաստանի քաղհասարակությունը և ընդդիմությունը, սակայն, այդ որոշումը մեկնաբանեցին որպես Բրյուսելի «քաղաքական ուղերձ»՝ Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի կառավարության ոչ կոշտ քաղաքականության հետ կապված։
Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված 12 հանձնարարականի կատարման գործընթացը ևս հարթ չանցավ և ուղեկցվեց տարբեր «բախումներով»՝ Թբիլիսի-Բրյուսել, կառավարություն-քաղհասարակություն, իշխանություն-ընդդիմություն, նախագահ-«Վրացական երազանք» մակարդակներում։
Ի վերջո՝ Թբիլիսիի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելուց 20 ամիս անց, Եվրահանձնաժողովը դրական որոշում կայացրեց։ Սակայն, հանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկեց Վրաստանին այդ կարգավիճակը տալ մեկ պայմանով՝ Թբիլիսին շարունակելու է հստակ քայլեր ձեռնարկել բարեփոխումների ուղղությամբ։
Չնայած այդ հանգամանքին՝ Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի դրական եզրակացությունը ցնծությամբ ընդունվեց, և բոլոր դերակատարները լծվեցին այդ «պատմական ձեռքբերման» դափնիներն իրենց վերագրելու գործին։
Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչների խոսքով՝ դա հնարավոր է դարձել իրենց հետևողական քաղաքականության շնորհիվ։ Վարչապետ Ղարիբաշվիլին անգամ հայտարարեց, որ ո՛չ երկրի նախագահը, ո՛չ ընդդիմությունը որևէ բան չեն արել եվրաինտեգրման գործընթացում, հակառակը՝ ստեղծել են մեծ թվով խոչընդոտներ, դիմել են սադրանքների և սաբոտաժի։
Վրացական արևմտամետ ընդդիմության կարծիքով, սակայն, Եվրահանձնաժողովի դրական որոշումը վրաց ժողովրդի վաստակն է, այլ ոչ թե կառավարության, որին նա մեղադրում է ռուսամետության մեջ։
ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցը բավական մեծ ներքաղաքական կարևորություն ունի Վրաստանի համար, որտեղ հիմնական քաղաքական ուժերը հանրության աչքում ավելի եվրոպամետ երևալու մշտական պայքարի մեջ են։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն՝ Վրաստանի բնակչության 86%-ը կողմ է Եվրամիությանը երկրի անդամակցությանը։ Ընդ որում, այդ գործընթացին լիարժեք աջակցում է հարցվածների 73%-ը, իսկ 13%-ը մասամբ։
2024 թվականին Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և եվրաինտեգրման գործընթացի ձախողումը լուրջ խնդիրներ կարող էր ստեղծել արդեն 12 տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար։ Այժմ այդ ուժն ընտրություններին ընդառաջ ստանում է լուրջ խաղաքարտ՝ եվրոպական կուրսին իր նվիրվածությունը «ապացուցելու» համար։ Ժամանակին իշխող կուսակցությունը բավական լուրջ քաղաքական դիվիդենտներ ստացավ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման շնորհիվ, և կարելի է ենթադրել, որ Վրաստանի ստացած նոր կարգավիճակը դառնալու է նրա առաջիկա նախընտրական քարոզարշավի հիմնական մեխերից։
Հատկանշական է, որ Բրյուսելը ևս շահագրգռվածությունն ունի այս հարցում։ Եվրոպական Հանձնաժողովն, ըստ էության, քաղաքական որոշում է կայացրել։ Այդ մասին է վկայում նրա զեկույցը, որի համաձայն՝ Վրաստանը լիարժեքորեն կատարել է 12 հանձնարարականից միայն 3-ը, որոնք վերաբերում են գենդերային հավասարությանը և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ջանքերի խթանմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հաշվի առնելուն և նոր օմբուդսմենի թափանցիկ և անկախ ընտրությանը։
Ինչու՞ Բրյուսելը որոշեց հնարավորություն տալ «տնային աշխատանքը» թերի կատարած Վրաստանին։ Եվրոպական կողմի դրդապատճառները տարբեր են, սակայն դրանցից ամենաառանցքայինը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն է։ Ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի հետ խորացող դիմակայությամբ պայմանավորված՝ Եվրամիությունն այսօր խնդիր ունի հնարավորինս թուլացնել Մոսկվայի դիրքերը հարևան տարածաշրջաններում՝ ամրապնդելով իր ազդեցության գործիքակազմը։ Թերևս պատահական չէ, որ պաշտոնական Բրյուսելը, որը մինչև վերջերս բավական մեծ թերահավատությամբ էր վերաբերվում միությանը նոր երկրների միանալու հեռանկարին, այսօր բացահայտ հայտարարում է, որ առաջ շարժվելու ժամանակն է, և որ Եվրամիությունը պետք է պատրաստվի ընդլայնմանը մինչև 2030 թվականը։
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը ևս պետք է դիտարկել Բրյուսելի ընդլայնման քաղաքականության շրջանակում տեղի ունեցող ռազմավարական վերանայումների համատեքստում։ Կարգավիճակի տրամադրման մերժումը կարող էր նպաստել Վրաստանում ռուսամետ տրամադրությունների տարածմանը, ինչի ուղղությամբ վերջին տարիներին բավական ակտիվ քայլեր են ձեռնարկում որոշ մարգինալ ուժեր։
Բրյուսելում գիտակցում են նաև, որ այս կարգավիճակն ավելի շատ քաղաքական կարևորություն ունի և գործնականում եվրոպական կողմի համար որևէ լուրջ պարտավորություն չի առաջացնում։ Այս առումով հատկանշական է Թուրքիայի օրինակը, որը ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել դեռ 1987 թվականին, սակայն մինչ օրս Բրյուսելը և Անկարան չեն կարողանում համաձայնության գալ մեծ թվով հարցերի շուրջ։
Ավելին, Վրաստանի վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովի եզրակացության մեջ մասամբ կատարված 9 հանձնարարականները վերախմբավորվել են, ավելացել են նոր պահանջներ, ինչը Թբիլիսիի վրա ազդեցության նոր լծակ է։ Վրաստանից, մասնավորապես, ակնկալվում է․
- Պայքարել ապատեղեկատվության և դրսից տեղեկատվական շահարկումների, ինչպես նաև Եվրամիության և նրա արժեքների հետ կապված միջամտությունների դեմ։
- Բարելավել Վրաստանի համապատասխանությունը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը։
- Լուծել քաղաքական բևեռացման խնդիրը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության հետ ներառական օրենսդրական աշխատանքի միջոցով։
- Ապահովել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ (մասնավորապես՝ 2024 թվականին), հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները և ավարտել ընտրական բարեփոխումները։
- Բարելավել խորհրդարանական վերահսկողությունը, հատկապես անվտանգության ծառայությունների նկատմամբ, ապահովել ԿԸՀ-ի, Ազգային բանկի և Հաղորդակցությունների հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախությունն ու անաչառությունը։
- Իրականացնել դատաիրավական համապարփակ և արդյունավետ բարեփոխումներ՝ հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։
- Ապահովել Հակակոռուպցիոն բյուրոյի, Հատուկ քննչական ծառայության և Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ինստիտուցիոնալ անկախությունն ու անաչառությունը։
- Բարելավել ապաօլիգարխացմանն ուղղված գործողությունների ծրագիրը՝ ներգրավելով ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը։
- Բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովել խոսքի ու հավաքների ազատությունը, նախաձեռնել անաչառ հետաքննություն խոցելի խմբերի, լրագրողների և ակտիվիստների թիրախավորման հետ կապված, պատասխանատվության ենթարկել բռնության հեղինակներին և կազմակերպիչներին:
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման վերջնական որոշումը կկայացվի հաջորդ ամիս․ Եվրոպական Խորհուրդը, վստահաբար, կբավարարի Եվրոպական Հանձնաժողովի առաջարկը, և Վրաստանը մեկ քայլ ավելի մոտ կլինի Եվրամիությանը։ Եվրաինտեգրման ճանապարհին Թբիլիսիի հաջորդ հանգրվանը պետք է դառնա ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը, ինչին հասնելը ժամանակ է պահանջում։ Ինչ վերաբերում է բուն անդամակցության բանակցություններին, ապա դրանք շատ ավելի ժամանակատար են և կարող են տևել երկար տարիներ։ Ընդ որում, այդ ճանապարհին խորքային բարեփոխումներից բացի առանցքային դերակատարում կարող են ունենալ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ Վրաստանում ընթացող քաղաքական զարգացումները։
Եվրահանձնաժովի դրական եզրակացությունը և Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը բավական դրական զարգացում է նաև Հայաստանի տեսանկյունից։ Իհարկե, այն ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա, սակայն Վրաստանում Եվրամիության առավել մեծ ներկայությունը և այդ երկրի եվրաինտեգրման քաղաքականության անշրջելիությունը կարող են որոշակիորեն հավասարակշռել նրա վրա Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը։ Ավելին՝ ԵՄ անդամակցության թեկնածու հարևան ունենալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման, Բրյուսելի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման տեսանկյունից։
Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան