«Հայաստանին աջակցելու փաստաթղթերի փաթեթը գրեթե պատրաստ է, բայց կա լրամշակման կարիք»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Սա նշանակում է, որ ռազմական դաշինքը Երևանի դիմումին ընթացք տալու որոշում փաստացի չկայացրեց։ Զասը նշել է, թե լրամշակումից հետո փաստաթուղթը ներկայացվելու է անդամ երկրների ղեկավարների ստորագրմանը։ Հստակ ժամկետներ, սակայն, պաշտոնավարումն ավարտող քարտուղարը չի նշել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆիասկո» է որակել ՀԱՊԿ-ի աշխատանքը։ Խոսքը գնում է Ադրբեջանի զավթած տարածությունների հարցով Երևանի դիմումի անպատասխան թողնելու մասին։ Փաշինյանի գնահատականը լրագրողներին հայտնել է ինքը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ «հայկական կողմի իրավունքն է այսպես դիտարկել իրավիճակը, սակայն, մյուս կողմից, ՀԱՊԿ-ի պահանջն այս իրավիճակում ակնհայտ է»:
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ փաստաթուղթը
Նեղ կազմով նիստի ավարտից հետո Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ քննարկել են 17 որոշման նախագծեր, համաձայնության են եկել միայն 15-ի շուրջ։ Բելառուսի նախագահի խոսքով՝ որոշել են հայկական կողմի առաջարկած «երկու կետը չընդունել, չխորանալ դրանց մեջ»։
Ավելի ուշ հաղորդվեց, որ վարչապետ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ փաստաթուղթը հենց այդ երկու կետերի բացակայության պատճառով: Հայկական կողմի առաջարկներն են եղել՝
- ՀԱՊԿ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված 2021 թվականի մայիսի 11-ից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
- Իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերոհիշյալ որոշման չընդունումը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորությունների մերժում, այլև Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։
ՀԱՊԿ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: ՀԱՊԿ նախագահությունը ռոտացիոն կարգով կփոխանցվի Բելառուսին։ Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը։
Նոյեմբերի 23-ին Երևանում կազմակերպված Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նախագահում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել կառույցին անդամակցող պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սա Ռուսաստանի նախագահի 8-րդ այցն էր Հայաստան, առաջինը՝ 44-օրյա պատերազմից հետո։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Պուտինը Երևան էր ժամանել 2019 թ․–ի հոկտեմբերի 1-ին՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։
Անդամ մյուս երկրների ղեկավարներին դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահն ու Հայաստանի վարչապետը նիստի անցկացման վայր գնացին միասին՝ Պուտինին սպասարկող մեքենայով։
Նախապես հայտարարվել էր, որ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկելու են՝
- միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները,
- ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները։
Նախատեսված էր նաև Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։ Այն նույնպես կստորագրվի լրամշակումից հետո։
«ՀԱՊԿ–ի գործը որևէ մեկին հետ պահելը չէ»
Բացման խոսքում Հայաստանի վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Փաշինյանի խոսքով՝ տխրեցնում է այն փաստը, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին «չզսպեց Ադրբեջանին»։
«Մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»։
Իր ելույթում Փաշինյանի խոսքը մեկնաբանել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի գործը «որևէ մեկին հետ պահելը չէ», այլ արձագանքելը, իսկ իրենք պատրաստ են արձագանքելու։
Որպես հաջող գործողության օրինակ վարչապետը հիշեցրել է տարեսկզբին ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու հարցում։
Անդրադառնալով հանդիպման «հագեցած» օրակարգին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ կհաջողվի «համաձայնեցնել դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»։
«Գրանցվել են նաև թերացումներ»․ Պուտինի ելույթի կարևոր թեզերը
- «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումն ու հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը շատ սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»։
- «Հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։
- «Միայն հետևողականորեն կատարելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»։
- «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներթափանցման վտանգը նախկինի պես մեծ է»։
- «ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնվում է։ Կարևոր եմ համարում ՀԱՊԿ ուժերի ապահովումը ժամանակակից պաշտպանական ու հատուկ միջոցներով»։
- «ՀԱՊԿ–ում դրական զարգացումներից բացի գրանցվել են նաև թերացումներ, որոնց մասին ավելի մանրամասն կխոսեմ մեր փակ հանդիպման ընթացքում»։
«Հայ–ադրբեջանական սահմանին ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում»
Նման տեսակետ է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ժամանակ։ Զասի փոխանցմամբ՝ սրա հիմքում ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացված տեղեկություններն են։
«Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարն անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի, խոսել նաև Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավոր որոշման մասին։
Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով Ռուսաստանին և ՀԱՊԿ–ին էր դիմել սեպտեմբերին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից անմիջապես հետո։ ՀԱՊԿ–ը օգնության տրամադրման վերաբերյալ որևէ որոշում չէր կայացրել, փոխարենը Հայաստան էր ուղարկել մոնիթորինգային առաքելություն։ Պաշտոնական Երևանը դաշինքից նաև հստակ քաղաքական գնահատական է ակնկալում։ Նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հույս էր հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում «ռազմական դաշինքը հստակ կաջակցի Հայաստանի այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից և զբաղեցնեն 2021 թվականի մայիսի դրությամբ ունեցած դիրքերը»։ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր՝ Հայաստանը «չի ուզում ՀԱՊԿ — Ադրբեջան պատերազմ հրահրել»։
«Ալիևը «մեր մարդն է»,- հոկտեմբերի վերջին անցկացված ՀԱՊԿ հեռավար նիստում ՀՀ վարչապետի բարձրացրած հարցերին այսպես էր արձագանքել Բելառուսի նախագահը։ Շատ փորձագետներ պնդում են՝ սա ոչ թե Լուկաշենկոյի, այլ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն է։ Օրերս ռազմական դաշինքին անդրադարձել է նաև Իլհամ Ալիևն ու պնդել, որ կառույցում «Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը»։ Հայ օգտատերերն իրենց տելեգրամյան ալիքներում կատակում են՝ ասելով՝ «մի՛ համեստացեք, Հայաստանը ՀԱՊԿ–ում ընդհանրապես բարեկամներ չունի»։