Ս.թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ ԱՄՆ տնտեսությունում առկա խնդիրներով, մասնավորապես 8%-ի հասնող ինֆլյացիայով և Ջոզեֆ Բայդենի վարկանիշի անկմամբ պայմանավորված՝ հանրապետականները հույս էին փայփայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում հասնել մեծ հաջողությունների։ Նկատի ունենալով դա՝ սոցիոլոգները զգուշացնում էին «կարմիր ալիքի» մասին։ Սակայն ընտրությունների ընթացքում պարզ դարձավ, որ ակնկալվող «հանրապետական փոթորիկը» տեղի չունեցավ։
Պատճառն այն է, որ թեև ԱՄՆ-ում առկա են տնտեսական դժվարություններ, այնուամենայնիվ՝ տնտեսությունը շարունակում է դանդաղ, բայց աճել։ IPSPS սոցիոլոգիական ծառայության տնօրեն Քրիս Ջեքսոնի կարծիքով՝ աճում են նաև գները, բայց գործազրկության մակարդակը շարունակում է մնալ ցածր, մարդիկ չեն զրկվում աշխատանքից, ուստի և առավելս կարևորվում են «երկրորդական նշանակության» այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ «հղիության արհեստական ընդհատման իրավունքը», «միգրացիան», «մեծ սուտը» աջերից։
Աջերի «մեծ սուտ» որակում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ 2020 թ. նախագահական ընտրություններից հետո նա հայտարարեց, որ ինքն է հաղթել ընտրություններում, որ «ստում են ամերիկյան հանրությանը», նաև՝ իր ելույթի ընթացքում ակնհայտ ապատեղեկատվություն տարածեց, սադրեց ամերիկացիներին և հրահրեց ապստամբությանը նմանվող անկարգություններ, որի պատճառով զոհվեցին մարդիկ։ Այդ ելույթը CNN-ը բնութագրեց որպես «նրա նախագահության ամենաանազնիվ ելույթ», CNN-ի լրագրող Կարլ Բերշտեյնն ասաց, որ «Դոնալդ Թրամփն ինքն է ամենամեծ սուտը», MSNBC-ի եթերում Ջոզեֆ Բայդենը կրկնեց նույն միտքը. «Հենց նա է մեծ սուտը։ Նրա նախագահությունն է մեծ սուտ. նա նման է Գեբելսին»։ Այդ իրողություններից հետո «մեծ սուտ» որակումն կպավ Թրամփի անվանը, իսկ նա՝ քաշվելով հետընտրական գործընթացների մեջ, Հանրապետական կուսակցության ծիրում ստեղծեց «թրամփիստական» ուղղվածություն “Make America Great Again, (MAGA)” գաղափարախոսությամբ։ Աշխարհաքաղաքական կերպափոխումներին զուգընթաց, ԱՄՆ տնտեսության վատթարացող իրավիճակով և գլոբալ սուր առճակատումների ռիսկերով պայմանավորված, հանրապետականների շրջանում մեծ տարածում ստացավ թրամփիզմի “MAGA” գաղափարախոսությունը, որը որոշ վերլուծաբաններ նմանեցնում էին քաղաքական աղանդի։ Սա դարձավ խթան, որ Հանրապետական կուսակցության ավանդական մոտեցումները դավանող կուսակցականները, ի հակակշիռ Թրամփի ամեն օր ավելացող ներկուսակցական ազդեցությանը, սկսեցին ձևավորել նոր առաջնորդի կերպար ի դեմս Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանտիսի։
Սակայն մինչ սույն թվականի ընտրությունները դեռևս պահպանվում էին թրամփիզմի հաղթանակի ռիսկերն այն աստիճանի, որ անգամ Դոնալդ Թրամփն անձամբ էր խոստացել, որ բարձրանալու է «կարմիր ալիք», և ընտրությունների վերջնարդյունքը դեմոկրատների համար կդառնա «նվաստացուցիչ քննադատություն»։ Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ։
Բոլոր հարցումները, սկսած այս տարվա ամռան երկրորդ կեսից, կանխատեսում էին, որ հանրապետականները կկարողանան կազմել Կոնգրեսի համեստ մեծամասնությունը, փոքր-ինչ առաջ անցնելով դեմոկրատներին։
Սակայն այս ընտրություններում հարցը չի սահմանափակվում միայն Կոնգրեսում մեծամասնություն կազմելու ընտրապայքարով, այս ընտրությունները պատասխանելու են նաև այն հարցին թե, ի վերջո, ո՞վ է վերահսկողություն հաստատելու Սենատում՝ ԱՄՆ օրենսդիր իշխանության վերին պալատում։
Թեև ձայների ամփոփիչ հաշվարկները դեռ չեն ավարտվել, այնուամենայնիվ՝ Սենատի 100 տեղերից առնվազն 50-ը դեմոկրատներն արդեն ապահովել են։ Համաձայն օրենքի՝ երբ Սենատի տեղերը բաշխվում են 50/50, ապա վճռորոշ ձայնի՝ 101-րդ ձայնի, իրավունք է ստանում փոխնախագահը, որն ի պաշտոնե, ֆորմալ առումով նաև գլխավորում է Սենատը։ Այժմ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Քամալա Հարիսը։
Բացառված չէ, որ դեմոկրատները Սենատում կազմեն պարզ մեծամասնություն, քանի որ դեկտեմբերի 6-ին Ջորջիա նահանգում տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում միմյանց դեմ պայքարելու են այդ նահանգից այժմ գործող սենատոր, դեմոկրատ Ռաֆայել Ուորնոքը և հանրապետական Հեռշոլ Ուոքերը։ Առաջին փուլում նրանցից ոչ ոք չէր հաղթահարել 50%-ի շեմը, թեև դեմոկրատների թեկնածուն համարվում է հավանական ֆավորիտ։
Միով բանիվ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հանրապետականները չկարողացան շռնդալից հաղթանակ տանել, ինչպես որ ակնկալում էին։ Դեմոկրատները կարողացան իրենց գերակայությունը պահպանել Սենատում, իսկ Կոնգրեսում ակնկալվում է, որ հանրապետականները կկազմեն մեծամասնություն, սակայն տեղերի աննշան առավելությամբ։
Միջանկյալ ընտրությունների նմանօրինակ պատկերը ներքաղաքական բազմատեսակ խարդավանքների, փոխադարձ մեղադրանքների և այլ խմորումների առիթ է հանդիսացել։ Հանրապետական կուսակցության ավանդական թևը ներկայացնող գործիչները մեղադրում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և թրամփիստական համարվող այլ հանրապետականներին՝ ընտրությունների վրա բացասական ազդեցություն ունենալու, իրենց խիստ աջակողմյան, ծայրահեղական հայացքների և ամերիկացիներին վախեցնող այլ էքսցենտրիկ հայտարարությունների, օրինակ՝ դաշնային մակարդակով հղիության արհեստական ընդհատումը արգելելու խոստումների համար։
Էքզիթփոլերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտրությունների արդյունքի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ Բարձրագույն դատարանի կեսդարյա պատմություն ունեցող որոշման վերանայումը, որով դաշնային մակարդակում չեղարկվել է հղիության արհեստական ընդհատման՝ կանանց փաստացի ազատ իրավունքը, վերադարձնելով այդ հարցը յուրաքանչյուր նահանգի նահանգային իշխանության հայեցողությանը։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը, լինելով ԱՄՆ առաջին նախագահը, ով իր նախագահության ընթացքում երկու անգամ կանգնել է «իմպիչմենտի» առջև, նոյեմբերի 16-ին իր «Մար ա Լագո» հանգստի նստավայրում հանդես է եկել մեկ ժամից ավելի տևողությամբ ելույթով, որի ընթացքում հայտարարել է, թե պայքարելու է 2024 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու համար. «Նախկին նախագահը, ով մոտավորապես երկու տարի առաջ հրահրեց ԱՄՆ Կապիտոլիումի վրա կատարված մահաբեր հարձակումը, հակիրճ խոստացավ, որ միասնական կդարձնի երկիրը, զուգահեռ հանդես եկավ սադրիչ և հակասություններ բորբոքող հռետորաբանությամբ, համանման այն ոճին, որով աչքի էր ընկնում նախկին ընտրապայքարի և իր նախագահության տարիների ընթացքում»։
Սակայն մինչ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածու դառնալը՝ 76-ամյա Թրամփը պետք է կարողանա կուսակցության ներսում հաղթել այդ կուսակցությունում «ծագող աստղ», Ֆլորիդայի նահանգապետ 44-ամյա Ռոն Դեսանտիսին, ով վայելում է Հանրապետական կուսակցության ավանդական թևի աջակցությունը և ում հասցեին Թրամփն արդեն հանդես է եկել հեղինակազրկող և սպառնալից հայտարարություններով։ Նկատի ունենալով այս ընտրությունների վերջնարդյունքում թրամփիզմի, իմա՝ «MAGA» գաղափարախոսության ձախողումը, միանգամայն կանխատեսելի է, որ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուն կդառնա նահանգապետ Դեսանտիսը։
BBC News-ի փոխանցմամբ, սույն թվականի նոյեմբերի 10-ին Ջո Բայդենը հայտնել է իր գոհունակությունը տեղի ունեցած ընտրությունների վերջնարդյունքի կապակցությամբ, ընդգծել է, որ դեմոկրատներին հաջողվել է պահպանել օրենսդիրում իրենց տեղերի մեծամասնությունը։ Ոգեշնչված լինելով առկա արդյունքներով՝ 80-ամյա նախագահ Բայդենը վճռականությամբ կրկնել է իր պատրաստակամությունը առաջադրվելու 2024-ի ընտրություններում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունները կարևոր են ոչ միայն ներպետական քաղաքականության համատեքստում, այլև անմիջական ազդեցություն կունենան ԱՄՆ վարած միջազգային քաղաքականության վրա, որի հումանիտար հետևանքների ծավալները դժվար է կանխատեսել։ Ակնհայտ է, որ բեկումնային փոփոխության պարագայում աշխարհում տեղի կունենային աշխարհաքաղաքական «տեկտոնական» շարժումներ, որոնց հետևանքով կկերպափոխվեին համաշխարհային կարգի անվտանգային համակարգերը, գլոբալ և տարածաշրջանային անվտանգային հարաբերակցությունները։ Դա կարող էր անդառնալի և ողբերգական հետևանքներ ունենալ աշխարհի առանձին հատվածներում, օրինակ՝ Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածաշրջանում, Ուկրաինայում և Թայվանում։
Սովորաբար միջանկյալ ընտրությունների ընթացքում ԱՄՆ իշխող կուսակցությունը զիջում է մրցակիցներին օրենսդիրի նկատմամբ վերահսկողությունը, ինչը զգալիորեն բարդացնում է Սպիտակ տան կյանքը, քանի որ ծայրահեղ դժվար է դառնում գործող վարչակազմի բոլոր նախաձեռնությունների ընթացքն ու հավանությունը Կոնգրեսում։ Հաշվի առնելով ինֆլյացիայի մակարդակը, որը վերջին քառասուն տարիների ընթացքում վատթարագույն մակարդակի վրա է, և գործող նախագահի հարաբերական ցածր մակարդակի իջած վարկանիշը, ընտրությունների այսպիսի արդյունքը կարելի է բնութագրել որպես հանրապետականների նվազագույն հաղթանակ, դեմոկրատների անկանխատեսելի հաջողություն և Թրամփի լիակատար տապալում։
Ներկայիս Ներկայացուցիչների պալատը կգործի մինչև 2023 թ. փետրվարի 3-ը։ Մինչ այդ, The Hill-ի հաղորդմամբ, նոյեմբերի 15-ին Սպիտակ տունը խնդրել է Կոնգրեսին հատկացնել Ուկրաինային ևս 37,7 մլրդ. դոլարի հավելյալ օժանդակություն։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի միջազգային հարաբերություններում բեկումնային որևէ փոփոխություններ չեն լինի։ ԱՄՆ-ն կշարունակի իր ներգրավվածությունն ապահովել իր իսկ կողմից երկրի անմիջական հետաքրքրությունների գոտի հռչակված տարածաշրջաններում, որոնց շարքին են պատկանում նաև Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Այս առումով արժե հիշել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևանում հնչեցրած գլոբալ 4 ռազմավարական հանգույցները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում։ Այդ 4 ժողովրդավարական երկրներն են՝ ԱՄՆ, Ուկրաինա, Հայաստան, Թայվան։
Ուշագրավ է, որ ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ նախագահ Բայդենն անփոփոխ վճռականությամբ վերահաստատեց ԱՄՆ-ի հանձնառությունները Ինդոնեզիայում տեղի ունեցած G-20-ի գագաթնաժողովի ընթացքում, որի գլխավոր թեման Ուկրաինայում շարունակվող պատերազմն է։
Այդ հանդիպումների համապատկերում ուշագրավ էր այն, որ ներկա չէր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխարենը ներկայացել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի մասին առաջին իսկ օրից զավեշտալի, չճշտված և ռուսական կողմից հերքվող տեղեկություններ էին շրջանառվում։ Այն մասին, որ Լավրովն առողջական խնդրի պատճառով Բալիում տեղափոխվել է հիվանդանոց, կամ որ նրա հետ չեն ցանկացել լուսանկարվել, հետո տարածեցին հյուրանոցում նրա՝ ոչ դիվանագիտական համազգեստով և ամերիկյան հայտնի բրենդների սմարթֆոնով, համանուն ժամացույցով տեսանյութն ու լուսանկարները։ Կարճ ասած՝ ռուսական կողմը նախանձելի իրավիճակում չէր։
Փոխարենը շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ և ՉԺՀ նախագահների միջև։ Ջո Բայդենը և Սի Ցզինպինը պայմանավորվեցին առ այն, որ անթույլատրելի է այդ երկու գերտերությունների միջև մրցակցության վերաճումը ակնհայտ հակամարտության, ընդունեցին երկուստեք պատասխանատվությունն ընդհանուր խնդիրների շուրջ միասնական աշխատելու ուղիներ փնտելու համատեքստում։ Բայդենը հստակ ընդգծեց, որ Չինաստանի հետ սառը պատերազմ չի լինի, երկու երկրների առաջնորդները հավաստեցին, որ միջուկային զենքի կիրառությունն անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի է Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու սպառնալիքներ հնչեցնելը։
Սա նշանակում է, որ ՌԴ-ի ոչ կոնվենցիոնալ սպառազինության չօգտագործված խաղաքարտն արգելափակվում է գլոբալ առաջնային խաղացողների կողմից։ Եթե Պուտինը հանդգնի գնալ նմանօրինակ սադրանքի, որի արդյունավետությունը մարտի դաշտում իրավիճակի բեկումնային փոփոխություն իրագործելու համատեքստում խիստ կասկածելի է, ապա կստանա կոշտ արձագանք գլոբալ դերակատարների կողմից ու, հավանաբար, կստանա խոստացված դիպուկ, գերճշգրիտ պատասխան հարվածը, որի առնչությամբ առարկություններ չեն լինի Չինաստանի կողմից։ Այս առումով Ռուսաստանը հայտնվել է փակուղում. մարտի դաշտում պարտություն է կրում, իրավիճակը բեկելու նյութատեխնիկական, տեխնոլոգիական բոլոր կոնվենցիոնալ միջոցները սպառվել են։ Պուտինն այլևս չի կարող հղում կատարել ոչ կոնվենցիոնալ միջոցներին, մնում էր հուսալ Թրամփի վերադարձը, բայց արի ու տես, որ ամերիկյան ընտրությունների արդյունքներն այդ հույսը առնվազն երկու տարով սառեցրին, եթե չասենք կանխավ տապալեցին։
Ստացվում է, որ ժամանակն աշխատում է ՌԴ-ի դեմ, և որքան էլ ՌԴ-ն հակադրվի ու աննախադեպ հռթիռակոծությունների ենթարկի Ուկրաինայի ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտները, միևնույն է՝ կապիտուլացիայի պայմանները հանձնված են Կրեմլին։
Ինչ վերաբերվում է Թրամփին, ապա G-20-ի գագաթաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հույս է հայտնել, որ 2024-ին Թրամփը չի կարողանա հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում. «կարելի է հուսալ, որ այնպես, ինչպես վերջին ընտրություններում, որոշում կընդունվի ընդդեմ պոպուլիզմի»։
Նույն ակնկալիքով հույս են փայփայում նաև Հայաստանի Հանրապետությունում, քանի որ թարմ են 44-օրյա պատերազմի հիշողությունները և գիտակցումն այն բանի, որ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ-ի լիակատար չեզոքությունը տարածաշրջանում բերեց ռուս-թուրքական լատենտ պայմանավորվածությունների իրականացմանը և նոր պատերազմի հրահրման քաղաքականությանը, ինչի հետևանքով Հայաստանն ու Արցախը մնացին միայնակ վերահաս վտանգի առջև։
Այժմ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա վարել շատ ավելի գրագետ քաղաքականություն ԱՄՆ-ի հետ, փորձի կառուցողական հարաբերություններ հաստատել նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության ավանդական թևը ներկայացնող կոնգրեսականների հետ, որպեսզի հնարավորության դեպքում բարեկամ դեմոկրատներին միանան նաև որոշ բարեկամ հանրապետականներ՝ հայանպաստ օրինագծերը Կոնգրեսում առաջ մղելու նպատակով։
Ամփոփելով՝ ընդգծենք, որ նորագույն իրողությունները ԱՄՆ-ին հետ չեն պահի տարբեր տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությունից և ժողովրդավարական երկրներին օժանդակելու քաղաքականությունից՝ ի հեճուկս բռնատիրությունների ռազմաքաղաքական հանցավոր նկրտումների ընդդեմ ազատության և համամարդկային իրավունքների։
Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու,
ազգային շահերի փորձագետ
Երևան