Հարաբերական հաղթանակ հանրապետականների և կատարյալ ձախողում Դոնալդ Թրամփի համար, այսպես է ամերիկյան մամուլը բնութագրում երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրությունների գլխավոր արդյունքը։
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատմամբ՝ նոյեմբերի 8-ի քվեարկության արդյունքները Հանրապետական կուսակցության համար կարող էին շատ ավելի հուսադրող լինել, եթե Դոնալդ Թրամփը չլիներ կուսակցության քարոզարշավի գլխավոր գործող անձը։ Թեև քվեարկության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ գրեթե բոլոր սոցիոլոգիական ծառայությունները պնդում էին, որ մոտենում է այսպես կոչված՝ «Կարմիր ալիքը»՝ հանրապետականների համոզիչ հաղթանակը, դա այդպես էլ իրականություն չդարձավ։ Այսօրվա դրությամբ հանրապետականները Սենատում 49 տեղ են վաստակել, դեմոկրատները մեկով պակաս՝ 48: Մեծամասնության համար այստեղ 51 մանդատ է հարկավոր։
Ներկայացուցիչների տանը պատկերը հանրապետականների համար փոքր-ինչ ավելի բարվոք է, բայց կրկին հեռու է համոզիչ հաղթանակ որակվելուց։ Հանրապետականներն այստեղ այս պահին 211 տեղ ունեն՝ Ներկայացուցիչների տանը բացարձակ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 218 քվեներից յոթով պակաս։
«Ընտրություններից հետո ստեղծված այս իրավիճակն է, որ ստիպել է մի շարք հայտնի հանրապետականների հրապարակային քննադատության ենթարկել Դոնալդ Թրամփին», – այսօր գրում է The New York Times-ը՝ նշելով նաև, որ քննադատության գլխավոր պատճառը Թրամփի կողմից ընտրած և նրա անվերապահ աջակցությունը վայելող թեկնածուների մի զգալի մասի պարտությունն էր։ Այս առումով առավել ցայտունն, իհարկե, Փենսիլվանիայում կայացած սենատորական ընտրություններն էին, որոնցում 224 հազար ձայնի տարբերությամբ պարտվեց Թրամփի պնդմամբ առաջադրված հայտնի բժիշկ և հաղորդավար, ծագումով թուրք Մեհմետ Օզը։
«Ես խորապես համոզված եմ, որ Թրամփն այլևս չպետք է մարմնավորի Հանրապետական կուսակցությունը, քանի որ այդ դեպքում քաղաքական այս ուժը վերածվում է անձի պաշտամունքի վրա հիմնված խմբի», – The New York Times-ի հետ զրույցում նշել է նախկին հանրապետական կոնգրեսական և Թրամփի երբեմնի մոլի աջակից Փիթեր Քինգը։
The Guardian-ի տեղեկություններով էլ՝ հետընտրական փուլում սուր հակասություններ են առաջ եկել Թրամփի մերձավոր թիմակիցների և Հանրապետական կուսակցության առաջատար մի շարք գործիչների միջև։ Պատճառը Դոնալդ Թրամփի կողմից դեռ մինչև քվեարկությունը տրված խոստումն էր։
Նախընտրական վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Թրամփը իր աջակիցներին խոստացել էր գալիք երեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին հանդես գալ կարևոր հայտարարությամբ։ Ամերիկյան լրատվամիջոցները գրեթե չեն կասկածում, որ Թրամփը պատրաստվում է հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։
«Հանրապետականների ոչ այնքան համոզիչ ընտրական արդյունքներից հետո կուսակցության մի շարք առաջատար գործիչներ կարծում են, որ Թրամփը պետք է հրաժարվի այս մտադրությունից՝ հետաձգելով այն գոնե մինչև դեկտեմբեր, երբ հայտնի կդառնան Ջորջիայում կայանալիք Սենատի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները», – գրում է պարբերականը՝ նշելով, սակայն, որ նախկին նախագահի մերձավոր շրջապատը այդ քայլին դիմել չի ցանկանում, քանի որ «այդ դեպքում Թրամփը հանրության աչքում կարող է թուլացած կամ նույնիսկ վիրավոր երևալ»։
Թրամփի շրջապատի գլխավոր մտավախությունը, մինչդեռ, ներքին մրցակցությունն է։ Ըստ ամերիկյան մամուլի տեղեկությունների՝ նախկին նախագահի աջակիցները ամենաշատը վախենում են նոյեմբերի 8-ի ընտրությունների գլխավոր հաղթողը համարվող Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսից։
«Պայքարը նոր է սկսվում», – Ֆլորիդայի նահանգապետ վերընտրվելուց անմիջապես հետո հայտարարել էր 44-ամյա Ռոն ԴեՍանտիսը՝ չհերքելով շրջանառվող լուրերը, որոնց համաձայն ինքը կարող է պայքարի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ՝ 2024 թվականին Հանրապետական կուսակցության միանձնյա թեկնածու հռչակվելու համար։
Դոնալդ Թրամփի պնդմամբ, սակայն, ԴեՍանտիսը ներկուսակցական ընտրություններում հաղթելու որևէ շանս չունի։
«Մենք հաղթում ենք մեծ առավելությամբ։ Վերջին հարցումները վկայում են, որ ներկուսակցական ընտրություններում ես ստանալու եմ 71 տոկոս, իսկ երեսպաշտ Ռոնը՝ ընդամենը 10», -օրերս ասել էր Դոնալդ Թրամփը՝ անցնելով իրեն բնորոշ ծաղրի ու վիրավորանքների լեզվին և անգամ աղավաղելով փրայմերիներում իր հնարավոր մրցակցի ազգանունը։
«Թրամփը պատերազմ է հայտարարում ԴեՍանտիսին», – այսօր գրել է Politico հանդեսը։ «Ֆլորիդայի նահանգապետը մի շարք ակնհայտ առավելություններ ունի», – իր հերթին ամփոփում է Reuters-ը՝ մանրամասնելով․ «Գլխավոր առավելությունը տարիքն է։ ԴեՍանտիսը ընդամենը 44 տարեկան է, այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփը 76-է, իսկ վերընտրության մտադրություններ ունեցող նախագահ Բայդենը գալիք կիրակի կդառնա 80», – գրում է Reuters-ի մեկնաբանը։
Բացի այդ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Ռոն ԴեՍանտիսը բավական լավ կազմակերպված դրամահավաք թիմ ունի, որին այս ընտրությունների ընթացքում հաջողվել էր ավելի քան 200 միլիոն դոլարի հանգանակություն կուտակել, ինչը բացարձակ ռեկորդ էր ԱՄՆ-ում անցկացված նահանգապետական ընտրությունների շարքում։
«Կարելի է եզրակացնել, որ Դոնալդ Թրամփն այժմ քաղաքականապես ամենախոցելի վիճակում է 2021 թվականի հունվարի 6-ի դեպքերից ի վեր», – եզրակացնում է The New York Times-ը։