Կարպիս Փաշոյան | 24.11.2022
1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։
Առաջնային պլան է մղվել ռազմաքաղաքական այդ դաշինքի արհեստական ու անգործունյա բնույթը։ Անդամ պետություններն ու դրանց հասարակությունները անընդհատ ընդգծում են դրա անարդյունավետությունն ու ընդհանրապես գոյության անիմաստությունը։ Համանման գնահատականներ հնչում են նույնիսկ ռուսական իրականությունում, քանի որ Սառը պատերազմից հետո թերևս ամենալայնամասշտաբ ռազմական կամպանիայում (Ուկրաինական պատերազմ) ՀԱՊԿ անդամ երկրները ոչ մի կերպ չկարողացան միասնական դիրքորոշում հայտնել։
Դաշինքի անարդյունավետությունը հատկապես դրսևորվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, երբ Հայաստանի տարածքների օկուպացիան և բնակավայրերի հրթիռակոծությունը մնացին անարձագանք և անհետևանք։
Ակնհայտ այս փաստերի համատեքստում ՀԱՊԿ-ի դեմ ուղղված քննադատություններն իսկապես տրամաբանական են ու արդարացված։ Բայց ես առաջարկում եմ հարցը դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից՝ դնելով հետևյալ հարցադրումը․ ՀԱՊԿ անդամ երկրներն են դաշինքի զոհե՞րը, թե՞ ռազմաքաղաքական կառույցն է զոհը տարասեռ իր մասնակիցների՝ առաջին հերթին Ռուսաստանի։
Ինձ հավանական է թվում երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով դաշինքի ստեղծման պայմաններն ու անդամ երկրների առանձնահատկությունները։
Թերևս մեծ գյուտ արած չենք լինի, եթե պնդենք, որ կամայական ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման համար անհրաժեշտ է մեկ ընդհանուր հակառակորդի առկայություն։ ՆԱՏՕ-ի պարագայում թշնամու կերպարը սկզբում մարմնավորում էին կոմունիզմն ու Սովետական Միությունը, 2000-ականներին՝ միջազգային ահաբեկչությունը, իսկ հիմա՝ Ռուսաստանը։ Այս ցանկում կարող ենք ավելացնել նաև Չինաստանը և Իրանը։
Վարշավյան պայմանագրի հակառակորդը ՆԱՏՕ-ն էր և «Ազատ աշխարհը»։ Հստակ ու պարզ այս կառուցվածքով և էությամբ են գործել Անտանտը, Քառյակ դաշինքը և պատմության բոլոր ռազմաքաղաքական դաշինքները։ Իսկ հիմքում բնականաբար տնտեսական և քաղաքական շահերի համընկնումն է, առանց որի համագործակցությունը դառնում է անհնար։
ՀԱՊԿ-ի պարագան բացառություն է, քանի որ նրա անդամ երկրները գոնե 2008-ից այս կողմ չունեն ընդհանուր շահեր և հետաքրքրություններ, դաշինքն էլ իր հերթին չունի համընդհանուր թշնամու գաղափար։ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը չեն աջակցում Ռուսաստանի «Հատուկ գործողությանը» Ուկրաինայում, իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղիղ հայտարարում է, որ չի ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունը։
Նույն տրամաբանությամբ ՀԱՊԿ անդամ երկրները անմասն են Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներից՝ հստակ արձանագրելով, որ իրենք չեն պատրաստվում Բաքվի և Անկարայի հետ խնդիրներ ունենալու հանուն Երևանի։
Այս ամենով հանդերձ ՀԱՊԿ-ի անարդյունավետության ամենացցուն վկայությունը Տաջիկստանի և Ղրղզստանի ուղիղ դիմակայությունն է, որը հաճախ փոխակերպվում է զինված ընդհարման։
Բոլոր այս փաստերը գալիս են ապացուցելու, որ ռազմաքաղաքական դաշինքը օբյեկտիվորեն ի զորու չէ բավարարելու իր անդամների անվտանգային պահանջներն ու ակնկալիքները։ Եվ ոչ թե այն պատճառով, որ դրա անդամները հակահայկական դիրքորոշում ունեն կամ էլ չափից շատ են սիրում Ուկրաինային, այլ պարզապես պետություններն այդ չունեն ընդհանուր շահեր և պատկերացումներ, բացակայում է բոլորին միավորող մարտահրավերը և հակառակորդի գաղափարը։
Խնդրի էությունը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է ընդգծել, որ ի սկզբանե ՀԱՊԿ-ը ձևավորվել է արհեստական պայմաններում՝ հիմքում ունենալով կենտրոնի՝ Ռուսաստանի Դաշնության, ձգողականության ճնշող ուժը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան փորձում էր տարբեր դրսևորումներով նորանկախ հանրապետությունների հետ համագործակցության նոր միջավայրեր ձևավորել՝ զամբյուղների մեջ լցնելով տարասեռ և բազմաբնույթ միավորների։
ՀԱՊԿ-ը այդ զամբյուղներից ամենախնդրահարույցն էր, քանի որ ստիպված էր իր վրա վերցնել այդ միավորների անվտանգային հիմնախնդիրներն ու ռազմաքաղաքական ակնկալիքները, ինչը, ինչպես արդեն ցույց տվեցինք, անհնար և անհեռանկար ձեռնարկ է։ Այսպիսի անհուսալի իրավիճակում ՀԱՊԿ-ին մնում է միայն սահմանափակվել միջնորդի կամ էլ չեզոք արբիտրի համեստ առաքելությամբ, ինչը սակայն հակասում է դրա կանոնադրությանն ու ընդհանրապես բնույթին։
Շարադրանքի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու իմաստազրկումը ուղղակի սպառնալիք են Ռուսաստանի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի համար։ Ռուսաստանի դաշնակիցները, օգտվելով միջազգային նպաստավոր իրադրությունից, պարզ հասկացնում են, որ այլևս չեն պատրաստվում գործելու 1990-ականների և 2000-ականների խաղի կանոններով և անհրաժեշտության դեպքում կարող են վտանգավոր ականներ դառնալ Մոսկվայի համար։
Այս պայմաններում ճգնաժամից դուրս գալու երեք ճանապարհ է ուրվագծվում․
-Ռուսաստանը մուրճի և մահակի ներգործությամբ հնազանդեցնում է իր ստորակա դաշնակիցներին՝ բռնությամբ նրանց շահերն ու հետաքրքրությունները միահյուսելով իր քաղաքական կուրսին,
-ՀԱՊԿ-ը շարունակում է գոյություն ունենալ նույն տրամաբանությամբ՝ դրսևորվելով որպես խորհդակցական անդեմ ու անգործունյա մարմին,
-Ռուսաստանն առաջ է քաշում իր դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության բոլորովին նոր ու կենսունակ չափանիշներ՝ արդիականացնելով հին կապերն ու գործիքակազմերը։
Առաջին տարբերակը անհավական է թվում, քանի որ ժամանակակից Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ շարժվել Սովետական Միության կամ էլ Ռուսական կայսրության ճանապարհով։ Այս մասին մանրամասն խոսել ենք «Ռուսական կայսերականությունը 21-րդ դարում» հոդվածում, և կարիք չկա նույնը կրկնելու։
Երկրորդ տարբերակն իհարկե հավանական է, բայց ճանապարհն այդ կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Դաշինքի շարունակական անարդյունավետությունն ու անգործունյա դիրքավորումը հանգեցնելու են լավագույն դեպքում դրա ձևական և մոռացված գոյության ամրագրմանը, վատագույն դեպքում՝ խայտառակ կազմաքանդմանը։
Իրադարձությունների համանման ընթացքի պարագայում անխուսափելիրոն փլուզվելու են անվտանգային և ռազմական ավանդական կապերն ու համակարգերը, ինչը հանգեցնելու է էլ ավելի մեծ ճգնաժամի։
Երրորդ տարբերակը ամենաբարդն է, բայց թերևս ամենաարդյունավետը։ Նախ պետք է արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը Սառը պատերազմի և Վարշավյան պայմանագրի արհեստական վերապրուկն է 21-րդ դարում ու չի համապատասխանում դարաշրջանի մարտահրավերներին, ինչպես նաև չի սպասարկում անդամ երկրների շահերն ու հետաքրքրությունները։
Անհրաժեշտ է հրաժարվել տարասեռ և իրարամերժ խնդիրները մեկ զամբյուղում խցկելու մեթոդաբանությունից և հիմնախնդիրներն ու պետությունների հետ փոխհարաբերությունները դիտարկել իրարից անջատ տրամաբանությամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է կանգնեցնի ՀԱՊԿ-ի լիակատար արժեզրկումը, բայց ոչ թե հին ու արդյունավետ կապերի պայթեցման, այլ դրանց արդիականացման միջոցով։
Սխալվելու չնչին հավանականությամբ ապագայում նույն ճանապարհով է ընթանալու նաև ՆԱՏՕ-ն, որը նույնպես ներքաշված է խոր ճգնաժամի մեջ։ Ճգնաժամ, որը ստվերվեց Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ՝ ապահովելով կեղծ միասնության ցուցադրություն։