Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան հիմնահարցը դարձել է միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը, ուր խաղարկվում են գերտերությունների շահերը։ Ուկրաինայի հարցում Ռուսաստան-Արևմուտք-ԱՄՆ փաստացի պատերազմի պայմաններում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը թիրախավորել է Ռուսաստանի Դաշնությանը բոլոր ուղղություններում։ Իսկ հետխորհրդային տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով ԱՄՆ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում՝ հեռանկարում Արցախյան հիմնահարցը իրեն ցանկալի տարբերակով մեկընդմիշտ լուծված տեսնելու հույսով, որի տրամաբանական շարունակությունը կլինի Արցախից, հետո նաև Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումը:
Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի միջնորդությամբ հակամարտությունը համապարփակ և վերջնական կարգավորում ստանա, ապա և՛ հակառուսական բլոկը, և՛ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող են սկսել մի գործընթաց, որում կփորձեն Ռուսաստանին ստիպել դուրս բերելու խաղաղապահ ուժերն Արցախից, որպես փաստարկ առաջ քաշելով այն թեզը, ըստ որի Արցախում այլևս չկա նոր պատերազմի վտանգ, արցախահայությանը չի սպառնում էթնիկ զտումների վտանգ, ուստի և ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում այլևս անելիք չունի։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն տարածաշրջանում սկսել է մի գործընթաց, որը միտված է խաղաղություն հաստատելուն Հայաստանի և նրա հարևանների միջև: Եթե Հայաստանը հստակ երաշխիքներով և երկարաժամկետ խաղաղության պայմանագրեր կնքի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ապա, ըստ ամերիկացիների, դա կհանգեցնի Ռուսաստանից Հայաստանի կախվածության թուլացմանը, որն էլ պարարտ հող կնախապատրաստի Արցախի կարգավիճակի մասին քննարկումները սկսելու համար: Այսինքն, ամերիկացիների համար երկու տարբերակներն էլ ձեռնտու են, և կապ չունի, թե որն է դրանցից առաջինը ստանում ցանկալի լուծում՝ Արցախյան հիմնահարցի վերջնական և համապարփակ կարգավորու՞մը, թե՞ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատող պայմանագրերի ընդունումը։ ԱՄՆ-ն նաև չի մոռանում հիշեցնել, որ հատկապես Ռուսաստանն է շահագրգռված անկայուն ստատուս քվոյի պահպանմամբ, որը շատ արագ կարող է վերաճել մի նոր աղետալի պատերազմի։
Իսկ Ռուսաստանում համոզված են, որ ԱՄՆ-ն նպատակ ունի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիա բեմադրելով սկզբում Արցախից, իսկ հետո նաև Հայաստանից դուրս մղել ռուսական խաղաղապահ և սահմանապահ ռազմական կոնտինգենտը: Ռուսական կողմն իր այս մոտեցումը վերահաստատեց ամենաբարձր մակարդակով, երբ 2022 թ․ հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամերիկյան առաջարկների մասին, նկատեց․ «Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար։ Սա բարդ, ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, անշուշտ, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք հենց Հայաստանի առաջարկով»:
Անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, իսկ կոնկրետ Արցախում հնարավորություն ստեղծեց տեղակայել ռուսական խաղաղապահ զորակազմը, որը թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով կարևորագույն գործոններից մեկն է և որի հետ ստիպված են հաշվի նստել աշխարհաքաղաքական բոլոր խաղացողները։ Կարևոր է նաև նշել, որ Ռուսաստանի նպատակն է հնարավորինս առկախել Արցախյան հիմնահարցի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական և ամբողջական համաձայնության ստորագրումը, քանզի Ռուսաստանին ձեռնտու է պահպանել ձևավորված նոր ստատուս քվոն այնքան ժամանակ, մինչև կձևավորվեն առավել բարենպաստ պայմաններ՝ հիմնահարցը բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով հանգուցալուծելու համար։
Բացի այդ, ներկայիս ստատուս քվոյի պայմաներում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը բանակցություններում ընդունում են Ռուսաստանին որպես գլխավոր միջնորդ և առաջնային դերակատար։ Ռուսաստանը ներկայումս տարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնում է, որ գոյություն ունի Արցախի չկարգավորված հիմնահարց, և եթե ստորագրվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, ապա դրանում, կամ մեկ այլ առանձին փաստաթղթում, պետք է արձանագրվի Արցախի խնդրի գոյությունը, հակառակ պարագայում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների երկարաժամկետ առկայությունը վտանգվում է։ Նախ և առաջ այս մոտեցմանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ադրբեջանը՝ շարունակելով ռազմական սպառնալիքների իր ընդգծված քաղաքականությունը։ Նրանք բավականին կոշտ և ռազմատենչ հայտարարություներ են անում և պարբերաբար իրականացնում են ռազմական սադրանքներ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմաններին:
Ուստի մեր ակնկալիքները, բնականաբար, ավելի շատ էին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիում կայացած հանդիպումից։ Դրանք հստակորեն ձևակերպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշյալ հանդիպումից անմիջապես հետո. ««Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ փակված չէ, և ռուս խաղաղապահները կշարունակեն խաղաղություն ապահովել՝ կողմերին հետ պահելով ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, մինչև քաղաքական լուծում չգտնվի։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներգրավված են բանակցություններում՝ միջազգային միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար»։ Նման պարբերությունը խիստ պակասում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մեջ։ Սրան մենք պետք է ձգտենք հասնել։ Իսկ առայժմ այն, ինչ առկա է փաստաթղթում, ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Արցախի ու Արցախի ժողովրդի համար»։
Հայաստանի և Արցախի համար բանակցային գործընթացներում կարևորագույն, այսպես ասած «point of support» կարող են դառնալ 2022 թ․ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի, ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունած բանաձևը, որի ցանկացած կետ հայկական դիվանագիտության կողմից ճկուն և տեղին օգտագործելու դեպքում գերազանց հաղթաթուղթ կարող է հանդիսանալ։ Արցախին առնչվող կարևորագույն դրույթ է նախավերջին՝ 26-րդ կետը, որում սենատորներն իրենց կառավարությանը կոչ են անում «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով, Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա:
Արցախի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման մասին իր հայտարարության մեջ հատկանշական է համարել որ Սենատը․ «Դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով»։ Արցախի ԱԳՆ-ն կարևորում է նաև Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը, ըստ որի կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը․ «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հույս հայտնելով, որ «Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում»։
Այս ամենի համապատկերում կարևոր է հասկանալ, թե մե՛նք ինչպես ենք պատկերացնում մեր անելիքը, եթե Հայաստանն ու Արցախը կողմնակից են ռուսաստանյան պլանին, բայց Ռուսաստանը չի կարողանում իրականացնել այդ պլանը, քանի որ, ինչպես Պուտինն է ասում, այն պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանն էլ չի ընդունում այն։ Ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ այս փակուղուց։ Ըստ երևույթին, հարկ կլինի լրջորեն մտածել մեր անվտանգության համակարգի հնարավորինս դիվերսիֆիկացման մասին, բայց դա անել առավելագույն զգուշությամբ։
Քանի որ աշխարհաքաղաքական նման պայմաններում, երբ հավաքական Արևմուտքն ու Ռուսաստանը գտնվում են խիստ հակառակ բևեռներում, դժվար է խոսել փոխզիջումային լուծման մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև բարդ հարաբերություները պատճառ են դարձել այդ մարմնի գործունեության փաստացի դադարեցման, ինչն, իհարկե, ձեռնտու է միմիայն ադրբեջանական կողմին։ Մինսկի խմբի շրջանակներում է արձանագրված ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը, որին այդքան դեմ է և որի դեմ գործուն քայլեր է իրականացնում ալիևյան ռեժիմը։ Իրարից առանձին ձևավորված բրյուսելյան և մոսկովյան հարթակների պատկերացումներն ևս իրենց հերթին ունեն հակամարտությունը սեփական սցենարով լուծելու կամ կառավարելի դարձնելու միտում։ Հայաստանի Հանրապետությունը նման իրավիճակներում զրկված է խուսանավելու, ճկուն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից և շատ դեպքերում ստիպված է ընտրություն կատարել եղած առաջարկների միջև։
Նման մի իրավիճակ էր ստեղծվել «Վալդայ»-ում Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի կողմից հայտնի «վաշինգտոնյան» տարբերակին արձագանքելուց և սեփականն առաջարկելուց հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայն է խաղաղության ռուսական առաջարկին, որն էլ իրենից ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի սառեցում, ձևավորված նոր ստատուս քվոյի պահպանում։ Հետագայում կարգավորման այս թեզը Հայաստանի Հանրապետության կողմից տարբեր մակարդակներով զարգացվեց, հայկական կողմն անգամ Սոչիում տեղի ունեցած բանակցություններում բարձրացրեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ժամկետների երկարաձգման հարցը։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, դեմ հանդես եկավ այս առաջարկին։
Արցախի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և Արտաքին գործերի նախարարությունը ևս հաստատեցին ռուսական առաջարկների ընդունելի լինելու գաղափարը։ Դեմ չլինելով Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությանը՝ արցախյան կողմը, որպես այդ երկխոսության պարտադիր պայման, ներկայացրեց միջազգայնորեն հաստատված ձևաչափով այն ծավալելու անհրաժեշտությունը։ Այս ամենի մեջ արցախյան կողմի համար առանձնակի կարևորություն ունի գործուն անվտանգային մեխանիզմների առկայությունը։
Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ստեփանակերտ