44-օրյա պատերազմին հաջորդող երկամյա ժամանակաշրջանը՝ պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ համալրվեց հայ-ռուս-ադրբեջանական չորրորդ համատեղ հայտարարությամբ և նոր հարցադրումներ առաջացնող բազում անորոշություններով:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում: Հանդիպման «ոչ պաշտոնական նախաբան», սակայն, հնարավոր է դիտարկել դրանից օրեր առաջ «Վալդայ» ակումբում Պուտինի խոսքը, կապված արցախյան, հայ-ադրբեջանական կարգավորման տարբերակների հետ: Ըստ նրա, կա այսպես ասած «վաշինգտոնյան» տարբերակ, որը ենթադրում է Արցախի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանություն: Միաժամանակ, Պուտինը հայտարարում էր, թե կա նաև տարբերակ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր քննարկել և ստորագրել՝ ընդգծելով Արցախի առանձնահատկությունը: Ըստ նրա, դա հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշելիքն է: Հայաստանի վարչապետն արձագանքեց անմիջապես, ասելով, որ Երևանը դեռևս սեպտեմբերին ընդունել է ռուսական այդ առաջարկը: Փաշինյանը միաժամանակ հույս էր հայտնում, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինը կպաշտպանի այդ առաջարկը: Խոսքն, ըստ էության, վերաբերում է Արցախի կարգավիճակի հանդեպ ռուսական մոտեցմանը, որը Մոսկվան բարձրաձայնել է դեռևս 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային, նախընտրելով մինչ այդ զբաղվել հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորմամբ, ռեգիոնալ խաղաղ համակեցության ձևավորմամբ, որի միջոցով հնարավոր կլինի ստեղծել ապագայում կարգավիճակի հարց քննարկելու միջավայր:
Ադրբեջանի համար դա մերժելի տարբերակ է, ինչի մասին Բաքուն արտահայտվում է բարձրաձայն, ասելով, որ չկա ղարաբաղյան հարց, ինքը լուծել է այդ հարցը 2020 թվականի պատերազմով, ու եղածն այլևս Ադրբեջանի ներքին խնդիրն է: Բաքվի այդ դիրքորոշմանն անուղղակի նպաստում է այն, որ կա արևմտյան մոտեցումը՝ դիտարկել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում և այդ հարցի շուրջ ձևավորել Ստեփանակերտ-Բաքու խոսակցություն: Ասել, թե Ալիևի համար այդ տարբերակն է ընդունելի և ոգևորիչ, թերևս կլինի իրականությունից որոշակի հեռու: Բայց, «երկրորդ» տարբերակի առկայությունն Ադրբեջանին տալիս է «առաջին» տարբերակի հարցում դիմադրության, մանևրի մեծ հնարավորություն: Առավել ևս, որ այդ հնարավորությունը Բաքուն ինքնին ունի մեկ այլ գործոնի՝ Թուրքիայի առկայության շնորհիվ: Թեև, Թուրքիայի պարագայում պատկերը, թերևս, միարժեք չէ: Անկարայի համար հազիվ թե սկզբունքային է «Ստեփանակերտից անդին» Արցախի կարգավիճակի հարցը: Անկարան այդ առումով «իրենը» վերցրել է պատերազմով, ամրագրել «Շուշիի հռչակագրով» և հիմա, թերևս, զբաղված է շատ ավելի մեծ խաղով և այդ շրջանակում միանգամայն կարող է Մոսկվայի հետ պայմանավորվել Արցախի կարգավիճակի հարցում ռուսական մոտեցման, այսինքն՝ կարգավիճակի հետաձգման շուրջ: Այդուհանդերձ, Թուրքիան, իհարկե, չի էլ հրաժարվի դրա շուրջ ծավալվող գործընթացներին իր աշխույժ մասնակցությունից և «սակարկությունից», ինչի վառ դրսևորումն էր Սոչիին նախորդած Պրահան:
Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին Վեհաժողովը, որը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գաղափարն է և միտված է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը քննարկելուն: Այդ հավաքին հրավիրված էին նաև Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը: Պրահայի հավաքի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հանդիպում, ինչպես նաև քառակողմ՝ Մակրոն-Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպում: Հատկանշական է, որ այս վերջին հանդիպումից օրեր անց հաջորդեց Ֆրանսիայի նախագահի կոշտ հարցազրույցը, որտեղ նա սուր քննադատության էր ենթարկում թե՛ Ռուսաստանին, թե՛ Ադրբեջանին: Նշանակու՞մ էր դա, որ Մակրոնը դժգոհ է մնացել Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքից: Առավել ևս, որ Պրահայում նա արժանացավ անգամ Էրդողանի հեգնական «առաջարկին»՝ միանալ թյուրքալեզու պետություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի կազմալուծումն ամենից մեծ հարվածը հասցրել է հենց Ֆրանսիային, քանի որ Փարիզը կովկասյան տարածաշրջանում խաղի իր հնարավորությամբ էապես զիջում է գործնականում բոլոր շահագրգիռ «մասնակիցներին»: Իսկ այդ խաղը լոկ Կովկասի «մասին» չէ: Ի վերջո, թերևս բոլորի համար է պարզ, որ «հայ-ադրբեջանական կարգավորում» ասվածը գործիք է, միջոց է, ոչ թե նպատակ: Իսկ նպատակը ազդեցության համար այն գլոբալ պայքարի դաշտում է, որն առանձնակի սրություն ու թափ է ստացել ուկրաինական պատերազմի համատեքստում: Ավելին, վերը հիշատակածս «Վալդայի ելույթում» Պուտինն արեց մեկ այլ, լայն իմաստով առավել նշանակալի և ուշադրության արժանի հայտարարություն, նշելով, թե առաջիկա տասնամյակը լինելու է որոշիչ և աչքի է ընկնելու իր անկանխատեսելիությամբ: Այլ կերպ ասած, ՌԴ նախագահն «ազդարարում» է համաշխարհային տուրբուլենտության մի ամբողջ տասնամյակ, ինչն, իհարկե, բոլորովին պետք չէ դիտարկել «վերին ատյանի ճշմարտություն», բայց, միևնույն ժամանակ, նաև չարժե դիտարկել իբրև պարզապես հնչած խոսքեր:
Հայ-ադրբեջանական խնդիրը, Արցախի կարգավիճակի հարցն ու ընդհանրապես՝ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հեռանկարը ենթակա են այդ տուրբուլենտությանը՝ ամբողջ ճակատով: Այդ համատեքստում, Սոչիի հանդիպման առումով, օրինակ, ուշադրության է արժանի մի փոքրիկ, բայց գուցե խոսուն դետալ՝ ՌԴ նախագահ Պուտինը, ընդունելով Փաշինյանին և Ալիևին, եռակողմ հանդիպումը ներկայացնում էր իբրև նրանց «ցանկություն», որին ընդառաջել է ինքը: Պուտինը փորձում էր ստեղծել տպավորություն, որ Սոչիում տեղի ունեցած բազմաստիճան եռակողմ վեհաժողովն ամենևին էլ վերջին ամիսների և շաբաթների արևմտյան աշխուժության պատճառով Մոսկվայի մտահոգության արտահայտությունը չէ, այլ «մեծահոգության»՝ ընդառաջել իրավիճակը քննարկելու՝ Երևանի և Բաքվի ցանկությանը: Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում էլ ՌԴ նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանը խանդով չի վերաբերում արևմտյան ջանքին և ողջունում է տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու միտված ցանկացած նախաձեռնություն, եթե անգամ դրանում ներկա չէ Ռուսաստանը: Միաժամանակ, Պուտինը հայտարարեց, որ անհեռանկար է Ռուսաստանը խաղից դուրս դնելու որևէ փորձ: Սոչիի հանդիպումը Մոսկվայի համար, թերևս, ուներ հենց այդ հանգամանքը դրսևորելու նպատակ, թեև հայկական հանրության շատ շրջանակներում կային չփաստարկված սպասումներ, թե այնտեղ ստորագրվելու է բախտորոշ կամ վճռորոշ ինչ-որ համաձայնություն: Սոչին ցույց տվեց ընդամենը, թե իրավիճակը որքան հեռու է այդօրինակ համաձայնության միջավայրից:
Այդուհանդերձ, դրսևորեց նաև բավականին դինամիկ շարժերի առկայությունը, որտեղ նկատելի է ոչ միայն Արևմուտքի աշխուժությունը, այլ նաև՝ Իրանի: Իրանն, անշուշտ, միշտ է գերզգայուն եղել հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտության հանդեպ, սակայն Սոչիի հանդիպման համատեքստում դրսևորվեց, կարծես թե, աննախադեպ մի իրավիճակ, երբ ուրվագծվեց ռուս-իրանական համատեղ աշխատանք: Սոչիի հանդիպումից ժամեր առաջ Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որտեղ խոսել էր տարածաշրջանային հարցերում «օտար ուժերի ներգրավվածության» անցանկալիության մասին, ասելով, թե դա ավելի շատ խնդիր է առաջացնում, այլ ոչ թե օգնում լուծել խնդիրները: Թերևս, աներկբա է, որ Իրանի այդ հայտարարությունը վերաբերում է Միացյալ Նահանգներին:
Միաժամանակ, Սոչիի հանդիպմանը զուգահեռ իրանական մեդիան տարածեց տեղեկություն Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի մասին՝ նախագահ Ռեյիսիի հրավերով, իսկ Սոչիի եռակողմ վեհաժողովից ժամեր անց էլ Հայաստանի վարչապետի օդանավը վայրէջք կատարեց Թեհրանի օդանավակայանում: Փաշինյանի հետ հանդիպմանն Իրանի նախագահը կրկնեց իրանյան հայտարարությունը. «Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է»: Սոչիի հանդիպումը գործնականում նշանավորվում է ոչ թե հերթական՝ եռակողմ չորրորդ հայտարարությամբ, որն, անշուշտ, ունի ուշադրության արժանի տարրեր, այլ, թերևս, հենց Ռուսաստան-Իրան գործողությունների աննախադեպ համակարգվածությամբ, ինչը խոսում է առավել երկարաժամկետ մշակումների և համաձայնությունների մասին: Ընդ որում, այդ հանգամանքի լրջության մասին է խոսում դեռևս հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնից հնչած հայտարարությունը: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդենտ Պատելը ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող երկրներն ինչպես պետք է վերաբերեն ռուս-իրանական դաշինքին, արել է բավականին մտահոգիչ հայտարարություն. «Ես միայն կօգտվեմ այս առիթից՝ ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը՝ ներառյալ տարածաշրջանի երկրները, ներառյալ նշված որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք:
Իրավիճակը տարածաշրջանում մտնում է իրարամերժ ռազմավարությունների մրցակցության բավականին կոշտ փուլ, ինչի մասին վկայում են փոխադարձ հնչող հայտարարությունները: Այդ պարագայում դիտարկել, թե որ կողմից են հնչում հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հիմնախնդրի առավել շահեկան առաջարկներ և մտածել «ճիշտ ընտրության» մասին, թերևս կլինի քաղաքական անհամարժեքություն: Մեծ հաշվով, թեև ծանր պատերազմի հետևանքով փոխվել է ստատուս-քվոն, իրավիճակն իր քաղաքական, ռազմաքաղաքական խորքային տրամաբանությամբ, թերևս, չի փոխվել, և գոյություն ունի արդեն ավելի քան երեք տասնամյակ՝ մենք մեր խնդիրներով ու անվտանգությամբ գտնվում ենք գլոբալ պայքարի կիզակետերից մեկում, չունենալով այդ պայքարի ընթացք կամ տրամաբանություն փոխելու նշանակալի հնարավորություն: Այդ պարագայում անվտանգության առավել կառավարելի և տևական հուսալիությամբ միջավայրի հասնելու համար ամենագործուն միջոցը մեր որակների փոփոխությունն է, սկսած ներհանրային համակեցությունից մինչև քաղաքական և պետական ինստիտուտների գործունեություն:
Արցախի, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում որևէ շահեկան «առաջարկ» կարող է «սաղմնավորվել» նախ և առաջ այդ դաշտում, հետո նոր կապիտալիզացվել միջազգային ասպարեզում:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան