Քնկոտ Ջոյի անսպասելի հաղթանակը
2022 թ․ նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնեց Ինդոնեզիայի Բալի կղզի՝ «Մեծ քսանյակի» գագաթաժողովին։ Հակառակ սպասումներին՝ Բայդենն այնտեղ մեկնեց որպես հաղթող։ Ճիշտ է, ձևական առումով, նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի ընտրությունների արդյունքը կարելի է բնորոշել իբրև «ոչ-ոքի»։ Նոյեմբերի 15-ի դրությամբ Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցությունների հարաբերակցությունը դեռևս միանշանակ պարզ չէր, քանի որ շարունակվում էր վերահաշվարկը որոշ ընտրատարածքներում, սակայն ոչ մեծ առավելություն ունեին հանրապետականները (217 հանրապետական և 208 դեմոկրատ)։ Սենատում դեմոկրատները պահպանեցին նվազագույն առավելություն՝ 51 դեմոկրատ և 49 հանրապետական (ավելի ճշգրիտ՝ 49 դեմոկրատ և 2 անկախ սենատոր, ովքեր քվեարկում են դեմոկրատների հետ)։ Մոտավորապես նման միտում արձանագրվեց նաև այն նահանգներում, որտեղ ընտրում էին նահանգապետերին։ Սակայն, բանն այն է, որ շատերը սպասում էին այսպես կոչված «կարմիր ալիքին»՝ հանրապետականների ջախջախիչ հաղթանակին, ընդ որում՝ ոչ թե պարզապես հանրապետականների, այլ «թրամպիստների», այսինքն՝ առավել արմատականների հաղթանակին։ Բանն այն է, որ սովորաբար այսպես «midterm election»-ում, այսինքն՝ գործող նախագահի ժամկետի կեսին անցկացվող ընտրություններում, հաղթում է ընդդիմությունը։
Այս ընտրություններին լրացուցիչ դրամատիզմ էր հաղորդում այսպես կոչված «ընտրություններ ժխտողների» (“election deniers”) գործոնը։ 2020-ին Բայդենը, ում Թրամպը անվանում էր «Քնկոտ Ջո» (Sleepy Joe), հաղթեց նախագահական ընտրություններում, սակայն Թրամպը և նրա կողմնակիցներից շատերը համարեցին, որ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Բանն այն էր, որ Բայդենի կողմնակիցներից շատերը, զգուշանալով քովիդից, քվեարկել էին փոստով, և նրանց ձայների հաշվարկը բավականին երկար տևեց։ Արդյունքում, երբ հրապարակվեցին ընտրությունների նախնական արդյունքները, տպավորություն ստեղծվեց, որ Թրամպը հաղթել է։ Շուտով այդ լուրը հերքվեց, բայց, ինչպես ասվում է մի հին անեկդոտի մեջ, նստվածքը մնաց։ Այսօր էլ Թրամպի կողմնակիցների մեջ շատ են «ընտրություններ ժխտողները», ովքեր որպես լուրջ վտանգ են ընկալվում ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի կողմից՝ ոչ միայն դեմոկրատների, այլև չափավոր հանրապետականների կողմից։
Եթե Թրամփի կողմնակիցներն այս ընտրություններում լավ արդյունք ցույց տային, ապա դա խնդիրներ կստեղծեր թե՛ Բայդենի վարչակազմի, թե՛ ամերիկյան ժողովրդավարության, թե՛ աշխարհում ԱՄՆ դաշնակիցների համար։ Սակայն, այն, ինչը ոմանց սարսափն էր, իսկ ոմանց՝ վերջին հույսը, տեղի չունեցավ։ Ոչ միայն հանրապետականներն ավելի քիչ թեկնածուներ անցկացրին, քան սպասվում էր, այլև հաղթած հանրապետականների մեծ մասը ոչ թե թրամպիստներն էին, այլ, այսպես ասած, մեյնսթրիմ հանրապետականներ, ովքեր չեն պատրաստվում կասկածի տակ դնել նախագահական ընտրությունների արդյունքները, կամ, օրինակ, դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային։
Ինչպես Օզը հիասթափեցրեց հանրապետականներին
Ամերիկահայերի համար ևս այս ընտրությունները հաճելի անակնկալ բերեցին։ Հակառակ սպասումներին՝ պարտվեց հանրապետական առանցքային թեկնածուներից մեկը՝ ծագումով թուրք Մեհմեդ Օզը, ով պայքարում էր Փենսիլվանիայից սենատորի տեղի համար։ Իհարկե, խնդիրը զուտ էթնիկ ծագումը չէ՝ Հայաստանում ոմանք կհիշեն Գերմանիայի Կանաչների կուսակցության անդամ Ջեմ Օզդեմիրին, ով Թուրքիայի պետական քաղաքականության հայտնի քննադատ է և Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունի։ Օզը մինագամայն այլ կերպար է․ նա ոչ միայն երկքաղաքացի է և ծառայել է թուրքական բանակում, այլև հայտնի է որպես Էրդողանի բարեկամ, ավելին՝ փորձում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը։ Ամերիկահայ կազմակերպությունները պայքարում էին Օզի դեմ՝ աջակցելով նրա հակառակորդ Ջոն Ֆեթերմանին։ Սակայն, Ֆեթերմանի շանսերը ցածր էին գնահատվում, առավել ևս, որ դեմոկրատները չէին հաղթել Փենսիլվանիայում 1962-ից։
Բացի այդ, Օզը ԱՄՆ-ում շատ հայտնի անձնավորություն է։ Թուրքիայից ԱՄՆ տեղափոխված բժիշկ Մուսթաֆա Օզի որդին՝ Մեհմեդ Ջենգիզ Օզը, հաջողակ բժիշկ լինելով, տարիների ընթացքում վարում էր առողջության մասին հեռուստատեսային ծրագիր՝ «Դոկտոր Օզի շոուն», որը հսկայական ժողովրդականություն էր վայելում ԱՄՆ-ում։ Շատերը սպասում էին, որ Օզը կարող է կրկնել Թրամփի հաջողությունը, ով կարողացավ շոու-բիզնեսի ամենահայտնի միլիոնատիրոջ կերպարը վերածել քաղաքական կապիտալի։ Սակայն, ընտրությունները Փենսիլվանիայում դարձան դառը հիասթափություն հանրապետականների համար․ Օզը պարտվեց՝ չնայած նախընտրական սոցհարցումներում ունեցած առավելությանը։
Հանրապետականների և հատկապես Թրամփի կողմնակիցների համեստ արդյունքների ֆոնին ավելի կասկածելի են դառնում Թրամփի շանսերը՝ վերադառնալու նախագահի աթոռին։ Իհարկե, Թրամփին այս ամենը չխանգարեց, որ նա արդեն ընտրություններից հետո հայտարարի գալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով, նրա շանսերը՝ առաջադրվելու որպես նախագահի հանրապետական թեկնածու, բարձր չեն։ Ավելի բարձր շանսեր ունի Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը, ում ոմանք անվանում են «ուղեղ ունեցող Թրամփ»։ Դե Սանտիսը, ով նոյեմբերի 8-ին նահանգապետ վերընտրվեց համոզիչ մեծամասնությամբ, արմատական պահպանողական հայացքների տեր է, բայց աչքի է ընկնում ավելի հավասարակշռված պահվածքով։
Որո՞նք էին հանրապետականների անհաջողության պատճառները։ Կարևոր նշանակություն ունեցավ մի քանի ամիս առաջ ԱՄՆ Գերագույն դատարանի ընդունած որոշումն աբորտների մասի։ Դրանով աբորտների վերաբերյալ օրենսդրությունը համարվեց նահանգների իրավասություն, ինչի հետևանքով առավել պահպանողական նահանգներում աբորտները կարող են արգելվել։ Պահպանողական հանրապետականները վաղուց էին երազում դրա մասին, սակայն այս որոշումն առաջացրեց առաջադեմ հայացքների տեր ամերիկացիների, հատկապես կանանց զայրույթը, ովքեր ընտրությունների ժամանակ պատժեցին հանրապետականներին։ Կարևոր են նաև ժողովրդագրական միտումները՝ ԱՄՆ-ում աստիճանաբար քչանում է «սպիտակ» բնակչության տոկոսը, և մեծանում էթնիկ փոքրամասնությունների տոկոսը, ովքեր, սովորաբար, քվեարկում են դեմոկրատների օգտին, թեև այս հարցում կախվածությունը միանշանակ չէ (օրինակ, Ֆլորիդայի՝ Կուբայից արտագաղթած լատինոները սովորաբար քվեարկում են հանրապետականների օգտին)։ Վերջապես, առկա է, հավանաբար, որոշակի հոգնածություն Թրամպի և թրամպիստների արմատական և ագրեսիվ պահվածքից, հանգիստ կյանքին վերադառնալու ցանկություն։
Ամերիկյան ընտրությունների համաշխարհային-պատմական նշանակությունը
Ինչևէ, ամերիկյան ներքին քաղաքական կյանքի իրադարձությունները մեզ այդքան չէին հետաքրքրի, եթե չունենային ազդեցություն համաշխարհային զարգացումների վրա։ Այսպես, ընտրություններն անմիջականորեն ազդեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների վրա։ Շատերի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարները սպասում էին ընտրությունների արդյունքներին, որպեսզի հայտարարեն Խերսոն քաղաքի հանձնման մասին։ Թեև Խերսոնի հանձնումը, հավանաբար, որոշված էր նախօրոք (Ուկրաինայում ռուսական ուժերի հրամանատար Սուրովիկինը դեռ մի քանի շաբաթ առաջ էր խոսում «Խերսոնի մասով դժվար որոշումների» անհրաժեշտության մասին), Կրեմլում հույս էին տածում, որ թրամպիստների հաղթանակը շանս կտա փոխել պատերազմի ընթացքը։ Բացի այդ, այստեղ չէին ուզում ընտրապայքարի ընթացքում դեմոկրատներին հնարավորություն տալ ցուցադրելու Ուկրաինային տրամադրվող օգնության արդյունքները։
Կրեմլի հույսերն ի սկզբանե չափազանցված էին։ Անգամ եթե ընտրությունների արդյունքն այլ լիներ, դա կբարդացներ Բայդենի վարչակազմի գործը, բայց չէր հանգեցնի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության։ Սակայն, իզոլացիոնիստների հաղթանակը բարոյական աջակցություն կլիներ Կրեմլի համար, ինչպես նաև Եվրոպայում այն ուժերի համար, որոնք համարում են, որ Արևմուտքը չպետք է ակտիվ մասնակցի Ուկրաինայի պատերազմին և կոչ են անում «ամեն գնով» դադարեցնել պատերազմը, ընդ որում՝ իրենց պատկերացրած «գինը» Ուկրաինայի կողմից զիջումներն են: ԱՄՆ-ում իզոլյացիոնիստների հաղթանակը կարող էր ոգևորել Եվրոպայում այդ գիծը տանող ուժերին, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ։ Ավելի երկարաժամկետ կտրվածքով Կրեմլում հույսեր են կապում 2024-ի ընտրություններին Թրամպի կամ թրամպիստների ռևանշի հետ, և այդ առումով ևս ընտրությունների արդյունքը հիասթափեցնող էր Կրեմլի համար։
Ավելի բարդ է ընտրությունների արդյունքների հանդեպ վերաբերմունքը Չինաստանում։ Մի կողմից՝ այստեղ, հավանաբար, ուրախ են, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այլևս մեծամասնություն չեն, հետևաբար՝ պալատի նախագահի աթոռն այլևս չի զբաղեցնի Նենսի Փելոսին, թեև իր ընտրատարածքում նա ջախջախիչ հաղթանակ տարավ։ Փելոսիի այցելությունը Թայվան 2022 թ․ oգոստոսին ապտակ էր Պեկինի համար, որը շատ դժվար կլինի ներել։ Ընդհանուր առմամբ, Չինաստանում ևս խանդավառված չեն Բայդենի արտաքին քաղաքականությամբ։ Այստեղ հարցեր է առաջացնում այսպես կոչված «Բայդենի դոկտրինը», ըստ որի ԱՄՆ-ն պետք է լինի ամբողջ աշխարհում բռնապետերից ժողովրդավարությունների պաշտպանը, ինչը, մասնավորապես, նշանակում է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում զիջումների գնալ Թայվանի հարցում։ Սակայն, մյուս կողմից, Պեկինում չեն կիսում Մոսկվայի հիացմունքը Թրամփով, ում համար Չինաստանը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է, իսկ ընտրությունների ժամանակ երկու կուսակցություններն էլ աչքի ընկան Չինաստանին ուղղված քննադատությամբ։ Այս առումով Սի Ծինպինի համար գուցե նույնիսկ նախընտրելի է Բայդենը, ով Չինաստանին քննադատելով հանդերձ՝ իր խոսույթում պահպանում է հարգալից և պրագմատիկ տոնայնությունը։ Բալի գնալիս Բայդենը հայտարարեց, որ Սի Ծինպինին ևս մեկ անգամ կասի, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Թայվանը, սակայն դա չխանգարեց, որ գագաթաժողովի ժամանակ Բայդենը և Սին ունենան երեք ժամանոց առանձնազրույց։ Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ երկու առաջնորդները խոսել են իրենց տարաձայնությունների մասին, բայց, միևնույն ժամանակ, որոշ հարցերում համաձայնվել են, այդ թվում ամենակարևոր հարցում՝ որ միջուկային պատերազմ չի կարելի թույլ տալ, և որ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն անընդունելի է։
Ընտրությունների արդյունքներին շատ ուշադիր հետևել են Իրանում։ Իրանի և ԱՄՆ-ի, ավելի լայն առումով Արևմուտքի հարաբերություններում օրակարգի հիմնական հարցն է այսպես կոչված «միջուկային համաձայնությունը», որը կայացել է Օբամայի օրոք և չեղյալ է հայտարարվել Թրամպի կողմից։ Բայդենի վարչակազմը ձգտում է վերադառնալ այդ համաձայնությանը, սակայն Թեհրանում վախենում են, որ պատմությունը կարող է կրկնվել, և ապագայում հանրապետականները դարձյալ կարող են այն չեղարկել։ Ընտրությունների արդյունքն ինչ-որ չափով կմեղմի այդ վախերը և կուժեղացնի Արևմուտքի հետ համաձայնության կողմնակիցների դիրքերը։ Նրանք համարում են, որ համաձայնությունը թույլ կտա Իրանին դուրս գալ միջազգային մեկուսացուից, և, հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, անգամ փոխարինել Ռուսաստանին որպես Եվրոպայի էներգետիկ գործընկեր։ Սակայն, այդ համաձայնությունը դիմադրում են ոչ միայն Իրանի պահպանողականները, ովքեր գերադասում են դաշինքը Մոսկվայի հետ, այլև ԱՄՆ հրեական լոբին և վերջերս կայացած ընտրությունների արդյունքում Իսրայելի կառավարություն վերադարձած Բենյամին Նեթանյահուն։ Հայաստանի տեսակետից Իրանի և Արևմուտքի մերձեցումը կլիներ երկնային պարգևի նման մի բան, որը կամրացներ մեր դիրքերը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, սակայն այսօր այդ հեռանկարը դեռևս մշուշտ է։
***
Բնականաբար, հայ ընթերցողին հետաքրքրում է, թե ինչ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքները Հայաստանի վրա։ Այս հարցի պատասխանն, իհարկե, կախված է նրանից, թե ինչպես ենք ձևակերպում Հայաստանի շահը և ինչպես ենք գնահատում Բայդենի վարչակազմի քաղաքականությունը։ Իմ կարծիքով, Բայդենի դոկտրինը՝ ԱՄՆ-ի վերադարձը գլոբալ ժողովրդավարության պաշտպանի դերին, կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար։ Ավելին, 2020-ին ականատես եղանք, թե ինչ ծանր հետևանքներով է հղի ԱՄՆ հեռացումը մեր տարածաշրջանից, և այդ առումով Բայդենի վճռականությունը՝ ակտիվ ներգրավվել հետխորհրդային տարածությունում և, մասնավորապես, Հարավային Կովկասում, նպաստավոր է մեզ համար։ Սակայն, պետք է իրատես լինել և հիշել, որ այսօր Հայաստանը, առնվազն ձևական առումով, դեռևս ԱՄՆ-ի հակառակորդ Ռուսաստանի դաշնակիցն է, ինչը չի կարող սահմանափակումներ չդնել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Եթե անգամ ազատվենք այդ սահմանափակումներից, պետք է գիտակցել, որ Ադրբեջանը և հատկապես Թուրքիան այսպես թե այնպես մնալու են ԱՄՆ գործընկերները, ուստի իրատեսական չէ Արևմուտքից սպասել միանշանակ և միակողմանի աջակցություն հայկական օրակարգերին։ Այլ բան է, որ այսօր Ռուսաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը դարձել են կենսական կարևորություն ունեցող գործընկերներ, թերևս՝ ավելի կարևոր, քան Արևմուտքի համար։ Այս տեսակետից ԱՄՆ-ի առավելությունն այն է, որ նրա արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե պետության ղեկավարի առանձնասենյակում՝ մեկ կամ մի քանի հոգու անձնական որոշմամբ, այլ համեմատաբար բաց և հասկանալի գործընթացի արդյունքում, որի մաս են, օրինակ, ընտրությունները։ Այսպիսով, ԱՄՆ-ի պարագայում խաղի կանոնները համեմատաբար պարզ են և հստակ, և մենք՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը, եթե բավականաչափ խելամիտ և ճկուն լինենք, կարող ենք մասնակցել այդ գործընթացին և առաջ տանել մեր օրակարգերը։
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան