Նոյեմբերի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Միայն հաջորդ օրը հրապարակվեցին սակավ տեղեկություններ դրա արդյունքների մասին։
Հաղորդագրությունում գլխավորն այն է, որ «արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»։ Սրանից կարելի է հետևություն անել, որ կողմերին չի հաջողվում փոխզիջում գտնել մի շարք հարցերի շուրջ։ Այդուհանդերձ, բանակցողները «վերահաստատել են Պրահայում և Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները», ինչպես նաև «պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»։
ԱՄՆ դիրքորոշումը, բանակցությունների և իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ Երևանից և Բաքվից
Բլինքեն. «Երկխոսությունը ԼՂ–ի շուրջ հակամարտության կարգավորման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանալին է»
Արտգործնախարարների հանդիպման ժամանակ Էնթոնի Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, կանի հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու երկխոսությանը և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին.
«Ես կարծում եմ, որ սա ավելի լավ, պայծառ ապագայի խոստումն է: Եվ ես ողջունում եմ քաջությունն ու վճռականությունը՝ և՛ ձեր, և՛ ձեր կառավարություններին, որ դուք ցուցաբերում եք այս նպատակին հասնելու համար»:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը լավագույն միջոցն է իրապես կայուն խաղաղության հասնելու համար։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Անկախության վերականգնումը 1991 թվականին կենսական պահ էր երկու երկրների իրավունքների ապահովման գործում, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք։ Արդար եմ համարում նաև նշել, որ ավելի քան 30 տարի շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգեցրել է մարդկային և նյութական հսկայական կորուստների՝ կորսված կյանքերի և խորը վերքերի։ Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և համարձակ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը թիկունքում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Երկու երկրներն էլ աշխատում են հանուն Հարավային Կովկասի պայծառ ապագայի և աշխարհի ապագայի»,— ասել է Բլինքենը։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ եղած տեղեկատվության ֆոնին շատ բարդ է խոսել վաշինգտոնյան բանակցությունների արդյունավետության մասին։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։
«Սա խոսում է այն մասին, որ առանցքային հարցերում համաձայնություն չկա։ Ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է Արցախի կարգավիճակի խնդրին, Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հասցեագրմանը։ Վաշինգտոնում ևս պահպանվել է այս հարցի շուրջ անհամաձայնությունը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Բադալյանը։
Այն, որ արտգործնախարարները վերահաստատել են Պրահայի և Սոչիի հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները, ըստ նրա, խոսում է Հայաստան-Ադրբեջան սահմանի արձանագրման մասին։ Ասում է՝ թեև հուսալի խաղաղության համար դա բավարար չէ, բայց «կարելի է ողջունելի քայլ համարել»։
«Նահանգների համար այսօր առանցքային է Իրանի խնդիրը, նաև ՌԴ հետ դիմակայությունը։ Փորձ է արվում այդ հարցերում ԱՄՆ քաղաքականությունը առաջ տանելու համար ակտիվանալ նաև հայ–ադրբեջանական գործընթացի ուղղությամբ»,- շեշտել է նա։
Քաղաքական մեկնաբանը ներկա պահին չի տեսնում հնարավորություն, թե Մոսկվան կամ Վաշինգտոնը կարող են բեկում մտցնել ստեղծված իրավիճակում և ստեղծել հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման շեշտակի նախադրյալ․
«Նվազագույն ցանկալի արդյունք է դառնում այն, որ մրցակցության այս ակտիվ փուլը, դիմակայությունը չվերածվի ռազմական բախում բերող գործընթացի, չբերի մեծ ապակայունացումների»։
Բադալյանի խոսքով՝ եթե այս արդյունքը գրանցվել է Վաշինգտոնում, ապա դա արդեն իսկ նշանակալի արդյունք է։ Նկատում է՝ նույնը կարելի է ասել Պրահայի և Սոչիի հանդիպումների մասին։
Ընդգծում է՝ կայունության ապահովման գործում իրենց դերն ունեն ինչպես ԱՄՆ-ն և Ռուսաստանը, այնպես էլ Ֆրանսիան և Իրանը։ Այս դերակատարների ներգրավվածությունը, ըստ նրա, ռիսկեր պարունակում է, բայց նաև Հայաստանին մանևրելու հնարավորություն է տալիս։
«Բոլոր միջնորդների կամ միջնորդական հավակնություն ունեցող կողմերի առաջ պետք է դնել իրավիճակի կայունությանը նպաստելու պատասխանատվության հարցը, որպեսզի դիվանագիտական պրոցեսն էլ լինի ավելի կառուցողական»,— եզրափակել է փորձագետը։
Մեկնաբանություններ Բաքվից
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի խոսքով՝ թեև Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը լուրջ արդյունքներ չի տվել, Ռուսաստանից հեռու հանդիպումներն օգտակար են, քանի որ քննարկումների նկատմամբ Կրեմլի մենաշնորհը թուլանում է։
«Վաշինգտոնի հանդիպումը յուրօրինակ պատասխան էր Սոչիի հանդիպմանը, նոյեմբերին նախատեսված է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում։
Ինչպես միշտ, այդ հանդիպումները կհարուցեն Կրեմլի դժգոհությունը, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան թութակի նման կկրկնի ԱՄՆ-ի ու ԵՄ միջնորդության դեմ խոսքեր։
Բայց եթե Բաքուն և Երևանը չեն հրաժարվում Բրյուսելի և Վաշինգտոնի միջնորդական ծառայություններից, սա նշանակում է, որ Կրեմլի ուղերձներն անուշադրության են մատնվում»։
Միջազգային հարցերով փորձագետ Ռիզվան Քերիմովը կարծում է, որ բանակցային գործընթացը ինչ-որ փակուղի է մտել, և ընթանում է երկակի խաղ.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն այժմ ստացել է երկակի և ոչ լիովին հստակ բնույթ։ Մի կողմից, հակամարտող կողմերը Եվրամիության միջնորդությամբ պայմանավորվում են սահմանների ճանաչման, Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանի այդ հատվածի հայ բնակչության անվտանգության ապահովման մասին, մյուս կողմից՝ Մոսկվայի միջնորդությամբ խոսքը է գնում ինչ-որ քարտեզների մասին, որոնք միայն Մոսկվան ունի, ինչպես նաև Ղարաբաղի կարգավիճակի քննարկումն անորոշ ժամկետով հետաձգելու մասին։
Տպավորություն է ստեղծվում, որ բանակցողները փոխում են իրենց տոնայնությունը՝ կախված նրանից, թե որտեղ են տեղի ունենում հանդիպումները, քանի որ առանցքային հարցերի վերաբերյալ միջնորդների մոտեցումները երբեմն արմատապես տարբեր են:
Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա, իմ կարծիքով, հնարավոր է երկու տարբերակ.
Կամ Մոսկվան և Վաշինգտոնը (Եվրամիության դիրքորոշումը կրկնում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը) պետք է հակամարտության կարգավորման հարցում գործեն համակարգված, այսինքն՝ հնարավորինս մոտեցնեն իրենց մոտեցումները, կամ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հրաժարվեն միջնորդներից մեկի ծառայություններից։ Թեև այս երկու տարբերակներն էլ այսօր գրեթե անիրագործելի են։
Հակառակ դեպքում Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն երթուղին դժվար թե իրական լուծման հանգեցնի, և բանակցություններն այս կերպ կարող են շարունակվել անվերջ։
Կա ևս մեկ վտանգավոր հեռանկար. միջնորդներից մեկը, ավելի հավանական է սա որպես Մոսկվային բնորոշ վարքագիծ, կարող է «գետնի վրա» ռազմական հակամարտություն հրահրել՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցում իր գերիշխող դիրքը հաստատելու համար։ Եվ դա շատ վտանգավոր սցենար է, հնարավորության դեպքում պետք է խուսափել դրանից»։