«Հադրութի մենթալ քարտեզներ» նախագիծը լոկ տվյալ հետազոտական մեթոդը զարգացնելուն նպաստող ակադեմիական նախագիծ չէ, այլ կորսված տան մասին այն մարդկանց հիշողության վերականգնումն է, որոնց 44-օրյա պատերազմի օրերին՝ բռնի տեղահանության այստեղ և այժմ ունեցած փորձառությունը բացահայտում է հույժ մտերմիկ և տեղայնացված հայացք՝ տան, ինքնության և պատերազմի սոցիալական հետևանքների վրա։ Այս նախագծի կենտրոնական նպատակներից մեկն է արձանագրել Հադրութի շրջանի կորսված գյուղերի մասին անձնական հիշողությունն անհատական նկարչության միջոցով։
«Այստեղ և այժմ» բառակապակցությունը մեր պարագայում վերաբերում է յուրահատուկ համատեքստին, որում իրականացվում էր մեր հետազոտությունը (2022 թ․ մայիս-հունիս). նախ՝ Երևանում, ապա՝ Լեռնային Ղարաբաղում։ Մի կողմից՝ Ուկրաինայում ծավալված պատերազմը և Երևանի փողոցներում ռուսաստանցի գաղթյալների աննախադեպ քանակը, և, միաժամանակ՝ ամառ, գինու փառատոներ և զբոսաշրջիկներով լի փոքր սրճարաններն ու ռեստորանները․ մյուս կողմից՝ խաղաղության շուրջ հայ-ադրբեջանական հետպատերազմական բանակցությունները, Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման գործընթացը, սահմաններ և միջանցքներ բացելու մասին խոսակցությունները, ինչպես նաև՝ ընդդիմության և ներկայիս իշխանությունների քաղաքական օրակարգի հետ անհամաձայն այլ անձանց մասնակցությամբ տևական ցույցերը։ Եվրոպայում ամեն ինչ կլանող պատերազմի և հայոց մայրաքաղաքի ամառային եռացող կյանքի ու խաղաղության դարաշրջան սկզբնավորելու մասին իշխանությունների պաշտոնական հայտարարությունների ֆոնին հադրութցի փախստականների հետ շփումն ընկալվում է որպես կոգնիտիվ դիսոնանս։
Այս բազմաշերտ հասարակական տարածությունում ի՞նչ տեղ են զբաղեցնում վերջերս իրենց տները կորցրած մարդիկ և քաղաքային կյանքին նրանց ընտելանալու դժվար ընթացքը։ Չէ՞ որ այս քաղաքային կյանքում նրանք հաճախ բախվում են աշխարհի գլոբալ քաղաքացու՝ այլաբանական քոչվորին, որն այժմ արդեն որոշակի մելանխոլիայով ասում է, թե «Իմ տունը Երկիր մոլորակն է»։ Միայն այս այլաբանական քոչվորը, որին որոշ իմաստով ես ինձ էլ եմ դասում, այս ինքնությունը որպես մուշտակ է հագնում ու փոխում և դրանով ինքնավստահորեն Երևանի փողոցներով է զբոսնում։ Մեզ իրենց կորուսյալ տան մենթալ քարտեզներ նկարած Հադրութի մարդիկ, ընդհակառակը, կորուսյալ վայրերում իրենց անձի մեծ մասն են կորցրել․ Երևանն անգամ մեկ ու կես տարի անց նրանց ոչ միշտ է բարյացակամ թվում։ Հետազոտությանը մասնակցած հադրութցի կանանցից մեկը մի անգամ դժգոհությամբ նկատել է, թե ինչո՞ւ յուրաքանչյուր արտասահմանցի Երևանի կենտրոնում իրեն ավելի հարգված է զգում, քան ինքը։
Հադրութից այս կնոջ զգացմունքները բացատրել փորձելու համար պետք է հասկանալ, թե ինչպես է այս մարդկանց մոտ ձևավորվում կորսված տան զգացումը, թե ինչպես է տան բռնարար կորուստի փորձառությունն ազդում տեղահանված խմբի հետպատերազմական ինքնության ձևավորման վրա և, վերջապես, թե պատերազմի և կորստյան ամենաթափանց ցավով տառապող մարդկանց առօրյա կյանքում ինչ նոր իմաստներ և զգացմունքներ է ձեռք բերում իրենց կորուսյալ տունը։ Հետազոտության ընթացքում մենք փորձել ենք ըմբռնել տան այս տեղայնացված հայեցակարգը՝ խորացված հարցազրույցի մեթոդը համատեղելով մտավոր քարտեզների գործածության հետ։ Եվ այսպես՝ ի՞նչ է մտավոր (մենթալ) կամ հայեցակարգային քարտեզը։ Մտավոր քարտեզը՝ որոշակի տարածության ձեռքով նկարված պատկեր կամ գծագիր է, որն արտահայտում է նրանում մարդու կողմնորոշվելու կամ այն երևակայության միջոցով վերարտադրելու փորձառությունը։ Սոցիալական գիտություններում այս մեթոդը կիրառվում է տարբեր նպատակների համար՝ տեղահանության, ինքնության կառուցման, սոցիալական անարդարության, վտանգվածության/անվտանգության վերաբերյալ գործնական գիտելիքներն ուսումնասիրելու համար։
Մեր դեպքում շեշտադրվել է կորսված քաղաքի/գյուղի մասին հիշողության ուսումնասիրությունը՝ վերոնշյալ հարցերը պարզելու համար։ Այս մեթոդի առավելություններից է տարածության փորձառության՝ հիշողության բազմաշերտության բացահայտումը՝ պարբերաբար սրացումների և պատերազմի վերսկսման դրվագներով ուղեկցվող չկարգավորված հակամարտության համատեքստում (տրավմատիկ հիշողություն)։ Այս իմաստով քարտեզը բազմաչափ որոշակի գործիք է, որի օգնությամբ մեզ մատչելի է դառնում անձնական, զգացմունքային բնույթի տեղեկատվությունը։ Դիցուք, այժմ Երևանում բնակվող Թաղասեր գյուղից Ա-ի դեպքը։ Նկարելով իրենց գյուղի քարտեզը՝ նա վերհիշում է իր մանկությունը, երբ 90-ականների սկզբներին «Գրադի» արկը հարվածել է տանը՝ բակում խաղալու պահին, որի հետևանքով նրա եղբայրը մեջքից վիրավորում է ստացել, թե որքան դժբախտ էր նա, երբ անվտանգության նկատառումներով նրան Երևան են տարել։ Իր տան կողքով անցնող փողոցը նկարելիս նա ասում է․ «Ես հիշում եմ, թե ինչպես այս փողոցով քայլում և մտածում էի, որ ես աշխարհի ամենաերջանիկ երեխան եմ»։ Սա ասելով Ա-ն լալիս էր և ես իր հետ։
Քարտեզի նկարը, իհարկե, սոսկ գործիք չէ։ Այն ունի նաև սեփական տեղեկատվական արժեք։ Քարտեզ նկարելու գործընթացը ոչ միայն հավաքագրում է մասնակցի հիշողությունը, այլև վերջինիս շոշափելի բաղկացուցիչը, թե ինչպես է այն այստեղ և այժմ ի հայտ գալիս մասնակցի զգացմունքային փորձառության միջոցով։ Նկարում մարդն արտահայտում է այդ պահի իր ապրումները՝ ելնելով իր առջև դրված առաջադրանքի էության մասին իր իսկ պատկերացումներից։ Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունիում իր ընտանիքի հետ ապրող Ս-ն նկարում է իր հարազատ Ակնաղբյուր գյուղի յուրաքանչյուր ծառը՝ այն կանաչ և շագանակագույն գույներով ներկելով։ Նա շատ և արագ է խոսում, կակազելով, կարծես թե մոռանում է մի բան բաց թողնել։ Երբեմն նա հեռախոս է հանում և ցույց տալիս գյուղը պատկերող տեսագրություններ։ Տեսե՛ք ինչքան սիրուն է՝ բացականչում է նա։ Իր քարտեզը դիտելիս մենք զգում ենք, որ պատկերվող տեղը թաթախված է սիրով և այժմ կորսված տան հետ կապված զգացմունքները փոխանցելու ցանկությամբ։ «Հիմա ինձ համար արդեն միևնույն է, թե որտեղ ապրեմ»,- պնդում է 25-ամյա Ս-ն։
Շատ հադրութցիների համար շրջանի կորուստը նաև շրջանի պատմության, բնակչության և մշակութային ժառանգության տեսանկյունից սոսկալի իրադարձություն է։ Հադրութում մինչև 2020 թ․ հոկտեմբերը համարյա անընդհատ բնակվում էր մի քանի հինավուրց տեղական տոհմ, օրինակ, ի տարբերություն Շուշիի, որտեղ տարբեր պատճառներով չկար բնակչության այդպիսի արմատավորվածություն։ Հադրութը միշտ նկարագրվում էր որպես գերազանցապես հայաբնակ շրջան՝ նշանակալից միջնադարյան հուշարձաններով և առանձնահատուկ ենթաբարբառով։ Հադրութը միացման շարժման սկզբնավորման ակունքում էր։ Մեջբերեմ հետազոտության մասնակիցներից մեկի խոսքերը. «Հադրութցի փախստական՝ այդպիսի բան երբեք չի եղել պատմության մեջ»։ Երբ Ց-ն, փրկվելով Բաքվում հայկական ջարդերից, վերադարձել է Հադրութ՝ իր հայրենի տունը, նրան թվում էր, թե ոչ ոք չի կարողանա նրան այնտեղից հեռացնել։
Հետևաբար, հադրութցիների մտավոր քարտեզները նաև այն երևույթի հետազոտության պատուհանն են, թե ինչպես է տան՝ որպես խմբային ինքնության ձևավորման խորհրդանշական տարածության կորուստն ազդում այս մարդկանց ամենօրյա կյանքի վրա։ Մեր հետազոտության տեսանկյունից հետաքրքիր կլինի համեմատել Հադրութի և Շուշիի փախստականների հետպատերազմական հետագծերը։ Կարևոր է նաև Հադրութին ֆիզիկական մերձավորության գործոնը (Երևանում կամ Լեռնային Ղարաբաղում)։
Ի վերջո, կամենում ենք հուսալ, որ իր քաղաքի մասին մտավոր քարտեզի միջոցով պատմելը Հադրութից տեղահանված անձանց հնարավորություն կընձեռի վառ արտահայտել իրենց ապրումները և ստեղծագործականության իրացման միջոցով կարարի հոգեկան ապաքինման հնարավորության պահը՝ տրավմայի խորացման փոխարեն։
Անիտա ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ
Քաղաքագետ, Բրյուսելի ազատ համալսարան (Université libre de Bruxelles, ULB), Cevipol-ի անդամ, բելգիական FNRS/ FRESH հիմնադրամի թոշակակիր
Բրյուսել